Ադրբեջանի հանրակրթական համակարգում կրոնական հանդերձանքի, մասնավորապես՝ հիջաբի (գլխաշորի) կրման շուրջ ծավալված քննարկումներն ու բախումներն ունեն ավելի քան մեկուկես տասնամյակի պատմություն։ Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ աշխարհիկության պահպանումը հաճախ մեկնաբանվում է որպես պետական անվտանգության ապահովման և արտաքին, մասնավորապես՝ իրանական ազդեցության չեզոքացման անկյունաքար։ Սակայն վարչարարական կոշտ լծակներով իրականացվող այս քաղաքականությունը պարբերաբար բախվում է երկրի շիա մահմեդական պահպանողական զանգվածների դիմադրությանն՝ առաջացնելով իրավական, հասարակական և քաղաքական խոր ճգնաժամեր։
1. Հիջաբային ճգնաժամի բռնկումը և պատմական ենթատեքստը:
Դպրոցներում հիջաբի կրման շուրջ պետական մակարդակով սահմանափակումների առաջին խոշոր ալիքը բռնկվեց 2010 թվականի աշնանը։ Ադրբեջանի այն ժամանակվա կրթության նախարար Միսիր Մարդանովը հայտարարեց, որ երկրի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտները պարտավոր են կրել համազգեստ։ Այս որոշումը փաստացի արգելք դրեց դպրոցներում հիջաբի կրման վրա՝ առաջացնելով հավատացյալ քաղաքացիների զանգվածային դժգոհությունն, ու, ի պատասխան նախարարության որոշման, երկրի տարբեր շրջաններում բռնկվեցին բողոքի ցույցեր։ 2010 թվականի դեկտեմբերին և 2011 թվականի մայիսին Բաքվում՝ կրթության նախարարության շենքի առջև, տեղի ունեցան բազմահազարանոց և իրապես աննախադեպ բողոքի ակցիաներ։ «Ազատություն հիջաբին» կարգախոսով փողոց դուրս եկած ցուցարարները պահանջում էին վերացնել սահմանափակումները։ Ցույցերը վերածվեցին ոստիկանության հետ բախումների, որոնց ընթացքում ձերբակալվեցին տասնյակ ակտիվիստներ և կրոնական գործիչներ։
Ցույցերն արագորեն տարածվեցին նաև Գյանջայում, Մասալլիում, Աստարայում և իր խիստ պահպանողական հայացքներ կրող բնակչությամբ աչքի ընկնող Նարդարան ավանում։ Ուժային կառույցները կոշտ միջոցներով ցրեցին հավաքները՝ ձերբակալելով հարյուրավոր մասնակիցների։
2012 թվականի հոկտեմբերին Բաքվում տեղի ունեցած հերթական խոշոր բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվեց ավելի քան 6 տասնյակ ցուցարար։ Ձերբակալված կրոնական ակտիվիստներն ու հոգևորականները իրավապաշտպանների կողմից որակվեցին «հիջաբի բանտարկյալ»։ Զանգվածային ճնշումների և հանրային լայն ընդվզման արդյունքում իշխանությունները 2012 թվականին ստիպված եղան որոշ ժամանակով մեղմել վարչարարությունը, սակայն խնդիրը համակարգային լուծում չստացավ։
2. Նարդարանի գործոնը և շիայական դիմադրության քաղաքականացումը։ Հիջաբի արգելքի դեմ պայքարում և, ընդհանրապես, Ադրբեջանի շիայական ինքնության պահպանման գործում առանցքային դեր է խաղացել վերոնշյալ Նարդարան ավանը։ Այն հնագույն ուխտագնացության վայր է և ավանդաբար աչքի է ընկել բնակչության բարձր կրոնականությամբ ու իրանամետ տրամադրություններով։
Նարդարանը դարձավ իշխանությունների դեմ կրոնական ընդվզման խորհրդանիշ, ինչն իր գագաթնակետին հասավ 2015 թվականի նոյեմբերի 25-26-ին․ Ադրբեջանի ուժային կառույցները հատուկ գործողություն իրականացրին «Մուսուլմանական միասնություն» շարժման դեմ, որի հետևանքով զոհվեց 7 մարդ (այդ թվում՝ 2 ոստիկան), իսկ ավելի քան 70 մարդ ձերբակալվեց։
3. 2026 թվականի հիջաբային ճգնաժամի նոր ալիքը։
2010 թվականից սկիզբ առած հիջաբի սահմանափակումների քաղաքականությունը նոր թափ ստացավ 2026 թվականի սեպտեմբերին, թեև որոշումն ընդունվել է հուլիսին՝ առանց հանրային քննարկումների։ Ադրբեջանի կառավարության՝ սեպտեմբերի 21-ի թ․ 309 որոշմամբ սահմանվեցին հանրակրթական հաստատությունների սովորողների համազգեստի նոր պահանջներ։ Թեև փաստաթղթում «հիջաբ» բառը չի հիշատակվում, այն արգելում է համազգեստի միասնականությունը խախտող և «աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող» հագուստի տարրերը։
Այս որոշման ընդունումից հետո երկրի տարբեր շրջաններում արձանագրվեցին աշակերտուհիներին և ուսուցչուհիներին դպրոց չթողնելու մասսայական դեպքեր․
- Սումգայիթ, Գյանջա, Սաբիրաբադ, Իմիշլի․ Այս քաղաքների և շրջանների մի շարք դպրոցների տնօրեններ, հղում անելով «վերևից եկած հրահանգներին», աշակերտուհիներից պահանջել են հանել գլխաշորերը կամ հեռանալ դպրոցից։
- Իրավունքների սահմանափակում և ձերբակալություններ․ Բազմաթիվ աղջիկներ զրկվել են կրթություն ստանալու հնարավորությունից։ Հիջաբի սահմանափակումների դեմ հանդես եկած կրոնական գործիչները (օրինակ՝ աստվածաբան Աբգյուլ Սուլեյմանովը) ենթարկվել են վարչական կալանքի։
- Միջազգային արձագանք․ Դպրոցներում հիջաբի արգելքի թեման դուրս է եկել երկրի սահմաններից՝ առաջացնելով թուրքական կրոնական ու հասարակական կազմակերպությունների դժգոհությունը, Անկարայում և Ստամբուլում հակաադրբեջանական բովանդակությամբ բազում բողոքի ակցիաներ են անցկացվում։
Եզրակացություն
Ադրբեջանի սահմանադրությունը մի կողմից երաշխավորում է կրթության իրավունքը և խղճի ու կրոնի ազատությունը, մյուս կողմից ամրագրում է պետության աշխարհիկ բնույթը։ Գործնականում, աշխարհիկության պահպանման պատրվակով ձեռնարկվող վարչարարական քայլերը հանգեցնում են քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտման։ 2010 թվականից ի վեր ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ դպրոցներում հիջաբի արգելքը և, ընդհանուր առմամբ, արմատական իսլամի լռեցմանն ուղղված քայլերը մեկ միասնական պետական քաղաքականության մաս են։ Ադրբեջանական իշխանությունները ձգտում են բացառել ցանկացած կրոնական-հասարակական ինքնակազմակերպում, որը կարող է վերածվել քաղաքական ընդդիմության, քանի որ Ադրբեջանի համար արմատական իսլամի հետևորդները մշտապես ավելի մեծ վտանգ են ներկայացրել, քան դասական ընդդիմադիրները։ Այնուամենայնիվ, նմանատիպ կոշտ քաղաքականությունը ոչ թե լուծում է խնդիրը, այլ այն տեղափոխում լատենտ տիրույթ՝ պահպանելով սոցիալական լարվածությունն ու հետագա բախումների ռիսկերը։
Դիանա Կարապետյան
Օգտագործված աղբյուրներ
- Dövlət ümumi təhsil müəssisəsi təhsilalanlarının geyim formalarının təsvirləri https://e-qanun.az/framework/49312
- Azerbaijan: Torture and travesty of justice in Nardaran case https://www.amnesty.org/en/documents/eur55/5633/2017/en/
- Azerbaijan students launch school strike over hijab restrictions https://oc-media.org/azerbaijan-students-launch-school-strike-over-hijab-restrictions/
- Azerbaijan and Turkey spar over hijab ban https://eurasianet.org/azerbaijan-and-turkey-spar-over-hijab-ban
- Azerbaijan hijab ban: Can a Secular State Bar Girls From School? https://www.diplomacyandlaw.com/post/azerbaijan-hijab-ban
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։