2026 թվականի տեղական ինքնակառավարման ընտրությունների մեծ շրջանին ընդառաջ․հիմնական դրույթներն ու կարգավորումները

հեղ․ Armenian Council

Ընդհանուր տեղեկատվություն։ Հայաստանում համայքների խոշորացման երկարատև և ծավալուն գործընթացի արդյունքում համայնքների թիվը շուրջ 900-ից ներկայումս 64-ն է[i]:Կառավարության Ազգային ժողով ներկայացված նախագծերով առաջարկում է համայքների խոշորացման հաջորդ փուլը՝ Արարատի և Վանաձորի համայքների շուրջ (ընդգրկելով Վեդի և Փամբակ համայնքները համապատասխանաբար), այդպիսով համայնքերի թիվը դարձնելով 62[ii]:Ըստ ամենայնի, նախագծերի փաթեթի ընդունման դեպքում նոր ձևավորված համայքներում կանցակացվեն ավագանու ընտրություններ։ Նախագծի հիմնավորման մեջ՝ որպես փաստարկներ, նշվում են կառավարման արդյունավետության բարձրացումը, տնտեսական զարգացման խթանումը, սոցիալական համախմբվածության ամրապնդումը, մարդկային կապիտալի զարգացումը և մասնակցային կառավարումն ու տարածքային պլանավորման արդյունավետության բարձրացումը[iii]։ Կարևոր է նշել, որ ըստ էության խոշորացման բոլոր նախագծերում նշվում են վերոնշյալ փաստարկները։

Ներկայում խոշորացված համայնքներ չեն հանդիսանում յոթը՝ ազգային փոքրամասնությունների հինգ համայնքները, Երևանն ու Գյումրին։ Ինչպես նշվեց, երկու համայնքների տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2027 համապատասխան օրենդրական նախագծի ընդունումից հետո։ Այս տարի լրանում է մի շարք համայնքերի ՏԻՄ-երի լիազորությունները։ Եվ, ինչպես 2021 թվականին, այս տարի ևս խորհրդարանական ընտրություններին հաջորդելու են համայնքային մեծ ծավալով ընտրություններ։ Արդեն նշանակված են սեպտեմբերի 27-ին 4 համայնքներում՝ Ֆերիկ, Թումանյան, Լերմոնտովա, Արզնի, հոկտեմբերի 25-ին 21 համայնքներում՝ Արտաշատ, Արաքս, Արմավիր, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ստեփանավան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Ախուրյան, Արթիկ, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Դիլիջան, Իջևան, նոյեմբերի 29-ին 12 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք, Կապան, Նոյեմբերյան, Արևուտ, Մեծաձոր, դեկտեմբերի 13-ին 4 համայնքներում՝ Մասիս, Աբովյան, Նոր Հաճն և Նաիրի, ՏԻՄ-երի ընտրությունները։ Փաստացի ստացվում է, որ 64 համայնքից 2-ը խոշորանում են և ընտրություններ կլինեն մյուս տարի, իսկ մինչև տարեվերջ նշանակված են 41 համայնքներում։ Սա նշանակում է, որ համայնքների կեսից ավելիում ձևավորվելու են նոր տեղային իշխանություններ և որ տարեվերջը քաղաքական առումով նշանակալից է լինելու տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման հետագա հինգ տարիների համար։

Նախորդող 2021 թվականի ցիկլին քաղաքական հետարքրությունը ՏԻՄ ընտրությունների նկատմամբ էականորեն նվազ էր։ Քաղաքական ուժերը իրենց զգալի ռեսուրսները կենտրոնացրել էին խորհրդարանական ընտրությունների վրա։ Այդպիսով քաղաքական պասիվությունը նաև արտահայտվեց ընտրություններին ցածր մասնակցությամբ։ ՏԻՄ ընտրությունները ավանդաբար այլ տրամաբանությամբ են գործում քան համապետական ընտրությունները։ Ասել է թե, հաջողությունը կամ ձախողումը համապետական ընտրություններում չի նշանակում նույնական արդյունքում ՏԻՄ ընտրություններում։ Ներկայից շրջանից առաջ որոշակի ակտիվություն և հետաքրքրություն կա։ Սակայն քաղաքական ուժերին էականորեն բարդ կլինի համայնքների մեծամասնությունում մասնակցել ընտրություններին՝ համապատասխան թեկնածուների առաջարդել, կազմակերպել քարոզարշավը։ Այդ իսկ պատճառով բավական տարածված է այն պրակտիկան, երբ կուսակցությունները պարզապես հարթակ են դառնում տեղային քաղաքական գործիչներին, առանց որևէ օրգանական կապի իրենց թեկնածուների հետ։

Կարգավորումներ, փոփոխություններ և ակնկալիքներ։ Առաջնահերթ պետք է անդրադառնալ ՏԻՄ ընտրությունների համատեքստում ընտրելու և ընտրվելու իրավունքին։ ՏԻՄ-ի դեպքում երկու կատեգորիաները նույնական են՝ թե ընտրելու, թե ընտրվելու համար սահմանված են նույն պահանջները։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրելու և ընտրվելու իրավունքը պայմանավորվում է երեք բաղադրիչի համակցությամբ՝ տարիքային ցենզ, հաշվառման տևողություն և երկրում փաստացի գտնվելու պահանջ։ Ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած և ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված բնակիչները՝ անկախ Հայաստանի քաղաքացի լինելուց։

ՏԻՄ ընտրություններումը ընտրելու և ընտրվելու համար ՀՀ քաղաքացիներին հարկավոր է առնվազն վեց ամսվա հաշվառում համայնքում։ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, եթե նրանք մինչև քվեարկության օրը տվյալ համայնքում ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում կարող են նույնպես ընտրել և ընտրվել։

Վերջին փոփոխությունները։ Հուլիսին, արդեն, նախորդ գումարման Ազգային Ժողովն ընդունեց Ընտրական օրեսնգրքում փոփոխությունները, ըստ որի ընտրական իրավունքը սահմանափակվեց Հայաստանում գտնվելու պահանջով։ Համաձայն վերջինիս ընտրելու իրավունք կարող են ունենալ նրանք, ովքեր ընտրություններին նախորդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում պետք է փաստացի գտնված լինեն 366 և ավելի օր։ Այս փոփոխությունը հարուցեց մի շարք քննարկումներ և քննադատություն փոփոխությունների իրավաչափության և սահմանադրականության վերաբերյալ[iv]։

Ավելին վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ է մտնում արդեն այս ՏԻՄ ընտրությունների ցիկլի համար։ Ինչը փաստացի հետադարձ ուժի կիրառությամբ սահմանափակում է մինչ փոփոխությունները այդ իրավունքով օժտվածներին։ Ազգային Ժողովի պատգամավորների մեկ հինգերորդը դիմել են Սահմանադրական դատարան նտրական իրավունքը սահմանափակող դրույթի սահմանադրականությունը վճռելու համար։ Հատկանշական է, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել դիմումը և սահմանել դատաքննության մեկնարկը դեկտեմբերի 22։ Արդյունքում այս տարվա ՏԻՄ ընտրությունները արդեն կանցկացվեն Հայաստանում գտնվելու պահանջի դրույթի կիրառությամբ։

Ընտրակարգ։ Հայաստանում ՏԻՄ ընտրությունները անց են կացվում թե մեծամասնական, թե համամասնական ընտրական համակարգերով։ Սակայն մեծամասնական համակարգի կիրառությունը խիստ սահմանափակ է։ Այն միայն կիրառվում է մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում, որոնք ազգային փոքրամասնությունների համայնքներն են և ենթակա չեն եղել խոշորացման։

Մնացած՝ համայնքների գերակշիռ մասում, ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Այսինքն՝ ընտրում են կուսակցությունների ցուցակներ և, ըստ ստացած տոկոսի համամասնության, հայտնվում են ավագանու կազմում, ինչպես որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դեպքում։ Կարևոր տարբերություն է անցողիկ շեմը։ Եթե ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների համար սահմանված է նույն՝ 4%-ի արգելապատնեշը, ապա դաշինքների համար՝ 6%-ի։

Առավել մանրամասն ՏԻՄ ընտրությունների կարգավորումներին ծանոթանալու համար կարելի է տեսնել այս հոդվածը։[v]

Համայնքում ընտրողների թվով նաև պայմանավորված է ավագանու անդամների թիվը, ընտրագրավի չափը, քարոզարշավի ընթացքում հավաքվող և ծախելու ենթակա գումարի առավելագույն չափը։ Մինչև 25 հազար ընտրողներով համայնքներում քարոզարշավի ֆինանսավորման առավելագույն շեմը 40 մլն դրամ է, իսկ 25 հազարից ավելի դեպքում՝ 60 մլն դրամ; միայն Երևանի դեպքում՝ 300 մլն դրամ։ Ստորև ներկայացված աղյուսակում գրավի և ավագանու անդամների թիվը հրապարակված ԿԸՀ կողմից[vi]։

Եզրակացություն։ Այսպիսով, 2026 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ցիկլը՝ 41 համայնքում մինչև տարեվերջ, քաղաքական առումով որոշիչ է լինելու տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման հաջորդ հինգ տարիների համար։ 

Առանձնահատուկ ուշադրության է արժանի ՀՀ-ում փաստացի գտնվելու պահանջի ներդրումը, որը, փաստաց,ի հետադարձ ուժով սահմանափակում է մինչ այդ ընտրական իրավունքով օժտված անձանց։ Ինչպես նշվեց, դրույթի սահմանադրականությունը կքննվի Սահմանադրական դատարանում դեկտեմբերի 22-ին, սակայն ընթացիկ ընտրություններն արդեն կանցկացվեն դրա կիրառությամբ։ 

ՏԻՄ ընտրությունները քաղաքական ուժերի համար հերթական հնարավորությունն է՝ իրենց կշիռը չափելու և քաղաքական հարթությունում դիրքավորվելու։ Վերջինիս իմաստով, ընտրությունները նաև էական նշանակություն կունենան հետագա քաղաքական զարգացումների վրա՝ լինի դա քննարկվող տարբեր օրակարգերով հանրաքվե, կառավարության բարեփոխումներ կամ հաջորդ խորհրդարանական ընտրություններ։ Ի տարբերություն 2021 թվականի ցիկլի, երբ քաղաքական ուժերի ռեսուրսներն ամբողջությամբ կենտրոնացած էին խորհրդարանական ընտրությունների վրա, այս անգամ նկատելի է որոշակի ակտիվություն։ Այդուհանդերձ, ուժերին էականորեն բարդ կլինի համայնքների մեծամասնությունում լիարժեք ներկայացվածություն ապահովել՝ թեկնածուներ առաջադրել և քարոզարշավ կազմակերպել, ինչն ամրապնդելու է կուսակցությունների՝ որպես տեղային քաղաքական գործիչների հարթակ հանդես գալու պրակտիկան։ Հատկանշական է, որ փորձը ցույց է տալիս, որ ընտրություններից հետո նույնպես քաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում տեղային մակարդակում։ Նախորդող հինգ տարիներին կարելի էր տեսնել թե՛ պետական իշխանության կողմից կոոպտացիայի, համագործակցության գործընթացներ տեղում հաղթած ուժերի հետ, թե՛ ընդդիմադիր ուժերի համագործակցություն՝ տեղում իշխանություն ստանձնելու նպատակով։ 

Տիգրան Մուղնեցյան

Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։


[i] https://www.mtad.am/pages/armenian-communities

[ii] https://www.parliament.am/hy/blueprints/inner-history/75/inner-code/codeForWbsite0/?code=%D4%BF-10-24.08.2026-%D5%8F%D5%87-011%2F0

[iii]https://www.parliament.am/diskStorage/Drafts/K-10/cb7165cd-0ed2-4657-a726-ca95818d0001.pdf  

[iv] https://hcav.am/announcement-02-09-26/

[v] https://civilnet.am/hy/news/1013871

[vi] https://res.elections.am/images/TIM/2021/grav2021.pdf

Ընթերցեք նաև