Վերջին ամիսներին զգալի ակտիվություն է նկատվում Հայաստանի և Ուկրաինայի միջպետական շփումներում։ Առաջին ուշագրավ իրադարձությունը 2026թ. մայիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությունն էր Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում առանձին հանդիպում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ [1]։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո էլ երկկողմ հարաբերություններն ընթանում են աննախադեպ դինամիկայով. արդեն տեղի է ունեցել Փաշինյան-Զելենսկի հեռախոսազրույց [2], ինչպես նաև կապ են հաստատել խորհրդարանների նախագահներ Ռուբեն Ռուբինյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը [3] և արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Անդրիյ Սիբիհան [4]։ Ապա տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի այցը Կիև և հանդիպումներն Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի [5] և Գերագույն ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկի հետ [6]: Այս աննախադեպ ակտիվացումը վկայում է Երևանի և Կիևի հարաբերություններում որակապես նոր փուլի մասին, որի հիմքում ընկած են ինչպես աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային տեղաշարժերը, այնպես էլ առկա «կարմիր գծերը» շրջանցելու երկուստեք պատրաստակամությունը։
Քաղաքական երկխոսության ակտիվացումը
Հայաստանի և Ուկրաինայի համար քաղաքական երկխոսության «վերակենդանացման» հնարավորություն էր ստեղծվել դեռ 2018թ. Հայաստանի «թավշյա հեղափոխությունից» և Ուկրաինայում 2019թ. ընտրությունների արդյունքում Վոլոդիմիր Զելենսկու և նրա «Ժողովրդի ծառա» կուսակցության՝ իշխանության գալուց հետո։ Քաղաքական հարաբերությունների ակտիվացմանը նպաստող առանցքային գործոններից էին ներքաղաքական օրակարգերի նմանությունները, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների խոստումները, երկու երկրի նկատմամբ միջազգային հանրության դրական վերաբերմունքն ու հնարավոր արտաքին աջակցությունը և, իհարկե, Ուկրաինայում բավական մեծ ու ազդեցիկ հայ համայնքի առկայությունը՝ մի կողմ թողնելով պատմական կապերն ու հարաբերություններում չիրացված հսկայական ներուժը։ Բացի այդ, երկկողմ հարաբերություններում նախորդ տարիների պասիվությունը նպաստել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ Ուկրաինայի միանշանակ փոխշահավետ համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության հարցում Կիևի դիրքորոշման կոշտացմանը։ Իսկ արտաքին քաղաքական ուղղվածությունների տարբերությունը, Ռուսաստանի հետ երկու երկրի հարաբերությունների բնույթը ավելի էր բարդացրել Երևանի ու Կիևի միջև երկխոսությունը։
Սակայն այդ «հնարավորության պատուհանը» փակվեց, նախ, համավարակի տարածումից և, ապա, 2020թ. 44-օրյա պատերազմից և 2022թ. սկսված ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Կիևի ընկալմամբ՝՝ Հայաստանի չեզոքությունը կամ զգուշավոր դիրքորոշումը դիտարկվում էր որպես Մոսկվայի քաղաքականության անուղղակի աջակցություն, իսկ Երևանում ցավոտ էին ընդունում Ուկրաինայի մերձեցումն ու հայտարարությունները Բաքվի օգտին։
Վերջին շրջանում երկխոսության մեջ «բեկումը» տեղի ունեցավ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր իրողությունների բերումով։ Հայաստանի անվտանգային մարտահրավերներին ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի կողմից ոչ համարժեք արձագանքը Երևանին մղեց արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման և Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման ճանապարհ, այդ թվում՝ Եվրամիությանն անդամակցության ձգտման։ Սա Կիևի համար առաջին
ազդակներից էր։ «Սառույցը կոտրող» առաջին գործնական քայլերն էլ դարձան 2023թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետի տիկնոջ այցը Կիև [7] և Հայաստանի կողմից Ուկրաինային մի քանի անգամ հումանիտար օգնության ուղարկումը [8], ապա նաև՝ արևմտյան հարթակներում տարբեր միջոցառումների շրջանակներում Հայաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների շփումները։ Ուստի, այս փուլում հարաբերությունների ակնհայտ ակտիվացումը կարող ենք արձանագրել 2023թ. երկրորդ կեսից։ Այս քայլերը ցույց տվեցին, որ Երևանը պատրաստ է անցնել որոշակի «կարմիր գծեր», որոնք տասնամյակներ շարունակ գոյություն ունեին Մոսկվայի հետ դաշնակցային պարտավորությունների պատճառով։
Հարաբերությունների վերարժևորումը
Երևանի համար Կիևի հետ հարաբերությունների վերարժևորումն ունի հստակ ռազմավարական նշանակություն։ Առաջին հերթին, սա Արևմուտքի հետ հարաբերությունների ամրապնդման հերթական դրսևորում է։ Երկու երկիրն էլ հայտարարել են ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին, և միմյանց հետ շփումն ու փորձի փոխանակումը դրական ազդեցություն կունենան եվրոպական ձգտումների և, ընդհանուր առմամբ, Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման տեսանկյունից։ Ուկրաինայի հետ շփումները կարող են Երևանին հնարավորություն տալ ավելի սահուն տեղավորվել եվրոպական անվտանգային ու քաղաքական ճարտարապետության մեջ։ Երկրորդ, Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը աստիճանաբար նվազեցնում է «զրոյական գումարով խաղի» տրամաբանությունը, և Ուկրաինայի հետ ուղիղ երկխոսությունը Երևանին թույլ կտա քիչ-քիչ վերականգնել Կիևի հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում։ Երրորդ, Հայաստանի որդեգրած դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակում թերագնահատված, սակայն շատ կարևոր է Արևելյան Եվրոպայի երկրների հետ երկխոսության ու տնտեսական հարաբերությունների ակտիվացումը։ Այդ առումով ևս Ուկրաինան կարող է կարևոր գործընկեր լինել։
Ինչ վերաբերում է Կիևին, վերջինս աստիճանաբար խորացնում է հարաբերությունները մի շարք հետխորհրդային երկրների հետ, որոնք ավանդաբար դաշնակցային հարաբերություններ են ունեցել Մոսկվայի հետ։ Վերջերս նաև Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ կապերի ակտիվացման քաղաքականության մասին ոչ երկիմաստ հայտարարեց նաև Վոլոդիմիր Զելենսկին [9]։ Դա Կիևի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Մյուս կողմից, Ուկրաինան ևս կարիք ունի հավասարակշռել հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ։ Վրաստանի հետ հարաբերություններում նկատվող լարվածությունն ու քաղաքական տարաձայնությունները Կիևին ստիպում են վերանայել իր ավանդական մոտեցումները Հայաստանի նկատմամբ, և դրա վկայությունն են վերջին շրջանում հայ-ադրբեջանական համատեքստում Ուկրաինայից հնչող առավել հավասարակշռված հայտարարությունները։ Սա Ուկրաինային թույլ կտա պահպանել դիվանագիտական ներկայությունը Հարավային Կովկասում և ապագայում ներգրավվել տարածաշրջանային գործընթացներում։ Կիևի համար առանցքային է նաև եվրոպական և արևելաեվրոպական օրակարգերի առաջմղումը, ուստի այս առումով Հայաստանը կարող է դիտարկվել որպես «բնական գործընկեր»։
Ակնհայտ է, որ Հայաստանի համար կարևոր է պահպանել դիրքորոշումը Ուկրաինայի վերաբերյալ՝ միաժամանակ չվերածելով այդ հարաբերությունները Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականության։ Դեռ 2023թ. CNN Prima News-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք» [10]: Այդ մոտեցումը ոչ երկիմաստ կրկնվել է նաև դրանից հետո՝ այլ առիթներով։
Միևնույն ժամանակ, Հայաստանի դիվերսիֆիկացման քաղաքականությունը Մոսկվայում հաճախ դիտարկվում է որպես «հակառուսականություն»։ Երևանի և Կիևի ցանկացած մերձեցում Մոսկվայում ընկալվում է ծայրահեղ զգայուն, ինչը չի կարելի ասել, օրինակ, Ադրբեջան-Ուկրաինա հարաբերությունների մասին՝ հաշվի առնելով, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ընդամենը օրեր առաջ Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին Դաշնակցային փոխգործակցության հռչակագիր։ Հայաստան-Ուկրաինա հարաբերություններում մեկ այլ խոչընդոտ է Ուկրաինայի տնտեսապես խոր հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչպես Ադրբեջանական պետական նավթային ընկերության (SOCAR) ակտիվ ներկայությունը Ուկրաինայում և էներգետիկ համագործակցությունը։ Համադրելով մարտահրավերները՝ հարկ է ընդգծել, որ Երևանի զգուշավորությունը պայմանավորված է ինչպես Ռուսաստանի հնարավոր հակազդեցությամբ, այնպես էլ Ուկրաինա-Ադրբեջան հարաբերությունների խորքային բնույթով։ Ուստի կարևոր է վերլուծել և գնահատել՝ որքանով է Կիևը պատրաստ իրատեսորեն հավասարակշռել իր գործընկերությունը Հարավային Կովկասի երկրների հետ։
Ակնկալիքներ և հեռանկարներ
Որպեսզի Հայաստան-Ուկրաինա կապերի ակտիվացումն առաջ անցնի քաղաքական հայտարարությունների և դիվանագիտական շփումների մակարդակից, անհրաժեշտ է այն խորացնել ամուր տնտեսական և հումանիտար բաղադրիչներով:
Նախ, անհրաժեշտ է խթանել առևտրային բաղադրիչը. եթե դիտարկենք 2020թ.-ից հետո արտահանման և ներմուծման ծավալները, դրանցում զգալի անկում է նկատվում [11]: Պաշտոնական տվյալներով՝ 2025թ. երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 108,5 մլն դոլար, մինչդեռ 2021թ. այն մոտ 169 մլն դոլար էր [12]։ Վերջին շրջանում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող առևտրային սահմանափակումների պայմաններում որպես արտահանման այլընտրանքային ուղղություններից մեկը կարող է դիտարկվել Ուկրաինան: Բացի դրանից, Ուկրաինան կարող է դիտարկվել նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքատեսակների (օրինակ՝ հացահատիկի) ներմուծումը դիվերսիֆիկացնելու համար կարևոր երկիր: Հայտնի է, որ 2024թ. Ուկրաինայում հավաքվել է շուրջ 77 մլն տոննա հացահատիկ, և երկիրը հանդիսանում է հացահատիկի արտահանման առաջատարներից մեկը: Ուկրաինան նաև ձեթի առաջատար արտահանողներից է, ուստի կարող է կարևոր նշանակություն ունենալ Հայաստանի պարենային անվտանգության մակարդակի բարձրացման գործում:
Մեկ այլ առանցքային, սակայն երկարաժամկետ ուղղություններից է լոգիստիկան: Չնայած պատերազմական իրավիճակին՝ Ուկրաինան շարունակում է փնտրել ապրանքաշրջանառության և տարանցման այլընտրանքային ուղիներ դեպի Մերձավոր Արևելք և Ասիա։ Հարավային Կովկասում էլ, որոշակի խնդիրներով հանդերձ, առաջ է շարժվում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացը, և Հայաստանը նույնպես գնում է դիվերսիֆիկացման ճանապարհով: Ուստի, Սև ծովի նավահանգիստների և Վրաստանով անցնող երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհների միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ հանգույց դեպի Իրան, Հնդկաստան, Մերձավոր Արևելք և Ասիա: Սակայն այս տեսլականի իրագործման համար անհրաժեշտ է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն հաստատվի, ինչպես նաև բացվեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները:
Նոր ուղղություն է բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Երկու երկրում էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է տնտեսության ամենադինամիկ ճյուղերից մեկը, և այստեղ համատեղ նախագծերը կարող են ստեղծել տնտեսական հավելյալ արժեք՝ լինելով «քաղաքականապես չեզոք»:
Խոսելով քաղաքական հարաբերություններից՝ կարևոր է ընդգծել սկզբնական շրջանում «դրական օրակարգի» վրա հիմնվելը և հարաբերությունների ինստիտուցիոնալացումը՝ պարբերական քաղաքական խորհրդակցությունների, միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի «վերակենդանացման» և գործարար կապերի համար մշտական մեխանիզմների ստեղծման կամ վերականգնման միջոցով։ Քաղաքական հարաբերությունների համար կարևոր խթան է եվրոպական ինտեգրման փորձի փոխանակումը. Ուկրաինան ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և արդեն բանակցությունների փուլում է: Այստեղ, բացի փորձի փոխանակման պաշտոնական շփումները, կարող է դիտարկվել նաև փորձագիտական երկխոսության ձևաչափի ներդրումը, նաև՝ փորձի փոխանակումը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում:
Ի վերջո, կարևոր է նաև հումանիտար կապերի ամրապնդումը, այդ թվում՝ Ուկրաինայի հայ համայնքի միջոցով, որին անհրաժեշտ է բավարար աջակցություն նաև Երևանից:
Ամփոփում
Այսպիսով, Հայաստան-Ուկրաինա երկխոսությունը մտնում է որակապես նոր փուլ, որտեղ երկու պետությունն էլ պետք է վերանայեն իրենց ավանդական արտաքին քաղաքական պատկերացումները։ Հարաբերությունների զարգացման հարցում կտրուկ տեղաշարժեր պետք չէ ակնկալել, սակայն կարևոր է, որ դրանք առաջ գնան հաստատուն և պրագմատիկ քայլերով, և կառուցվի կանխատեսելի ու կառուցողական երկխոսություն։ Դրա համար անհրաժեշտ է այդ հարաբերություններն ամրապնդել շոշափելի նախագծերով ու նախաձեռնություններով, ինչպիսիք են պարենային անվտանգության դիվերսիֆիկացումը, ԵՄ ինտեգրման փորձի փոխանակումը և այլն։
Վարդուհի Հարությունյան
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։
Օգտագործված աղբյուրներ
[1]https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/05/04/Nikol-Pashinyan-President-of-Ukraine/ [2]https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/08/12/Nikol-Pashinyan-Telephone-Conversation/ [3]https://www.parliament.am/hy/news/news/24017/ [4]https://www.mfa.am/hy/press-releases/2026/08/11/Mirzoyan_Sybiha/14062 [5]https://www.mfa.am/hy/press-releases/2026/08/14/Kostanyan_Mischenko/14065 [6]https://www.mfa.am/hy/press-releases/2026/08/14/Kostanyan_Kondratiuk/14067 [7]https://www.facebook.com/anna.hakobyan.7965/posts/6827782643931953?ref=embed_post [8]https://www.facebook.com/armembukraine/posts/pfbid02ZjLqzBEy284sTWGFC1qRbhc2P33kgzBDheVhEifLLJy32NUvrgVoczNxQNWCscJEl [9]https://t.me/c/2319424644/2762 [10]https://www.primeminister.am/hy/interviews-and-press-conferences/item/2023/06/01/Nikol-Pashinyan-interview-CNN-primanews/ [11]https://statbank.armstat.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank__5%20Foreign%20trade/FT-5-2024.px/table/tableViewLayout1/?rxid=9ba7b0d1-2ff8-40fa-a309-fae01ea885bb [12] https://www.mfa.am/hy/bilateral-relations/ua