Հուլիսի 27-ին Հայաստանի վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց տեղի ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի հետ, որի առնչությամբ երկու երկրները պաշտոնապես տարածեցին հաղորդագրություններ։ Թեև այդ հաղորդագրությունները տարբեր տրամաբանություն ունեին և տարբեր գերակայություններ էին ընդգծում, բայց երկու դեպքում էլ խնդրո առարկան ԵԱՏՄ-Հայաստան փոխհարաբերություններն էին։
Հայկական կողմը ներկայացնում է Փաշինյանի բարձրացրած հարցերը, մասնավորապես, Հայաստանից արտահանվող գյուղմթերքի, ծաղկի, կոնյակի որոշ տեսակների և կաթնամթերքի նկատմամբ ՌԴ արգելքների խնդիրը, ինչը հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին և ՀՀ-ՌԴ իրավապայմանագրային բազային։ Ի պատասխան, ռուսական կողմը հայտարարում է, որ ՌԴ նախագահը զրույցի ընթացքում հավատարիմ է մնացել մայիսի 29-ին ԵԱՏՄ 4 պետությունների ղեկավարների կողմից տարածված հայտարարությանը, որտեղ Հայաստանին կոչ էր արվում շուտափույթ հանրաքվե անցկացնել և պարզել ՀՀ ժողովրդի որոշումը ԵՄ անդամակցության ճանապարհը շարունակելու վերաբերյալ։
Եթե Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի նախընտրական ճնշումները պայմանավորված էին հիմնականում ռուսամետ քաղաքական ուժերին աջակցություն տրամադրելու միտումներով, ապա ճնշումների արդի խորացումն արդեն առավելապես թիրախավորում է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունն ու դիվերսիֆիկացման գործընթացը։ Այդ մասին թափանցիկ ակնարկեց նաև Փաշինյանը՝ իր ճեպազրույցում հայտարարելով, որ Հայաստանը չի կարող հրաժարվել այլընտրանքներ ունենալու իրավունքից։ Ավելին, ՀՀ վարչապետը նկատեց, որ Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշումների շարունակականությունը կարող է սկիզբ դնել «ԵԱՏՄ փլուզմանը»։ Հենց այս բազմակողմ ձևաչափում է առավելագույն խնդիրներ տեսնում Հայաստանի Հանրապետությունը և այս ձևաչափում էլ հակաքայլեր է իրականացնում։ Մասնավորապես, հուլիսի 30-ին Հայաստանը 6 ամսով արգելել է ոչ թե միայն Ռուսաստանից, այլև ԵԱՏՄ բոլոր պետություններից տոմատի մածուկի ներմուծումը։ Սա, անշուշտ, հստակ ուղերձ է գործընկերներին՝ Հայաստանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի անթույլատրելիության մասին։
Իրավիճակը շատ նման է 2022թ․ աշնանը տեղի ունեցած իրադարձություններին, երբ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների վրա հարձակման ընթացքում և դրանց օկուպացումից հետո ռուսական ինտեգրացիոն մեկ այլ նախագծի՝ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը պահանջում էր կանոնակարգային պարտավորություններից բխող գործողություններ սկսել, սակայն մերժում ստացավ։ Այդ մերժումը հանգեցրեց Հայաստանի դե ֆակտո օտարմանը ՀԱՊԿ-ից։ 4 տարի անց, Հայաստանը, փաստացի, որևէ հարաբերություն չունի ՀԱՊԿ կառույցի հետ, չի մասնակցում աշխատանքներին, ֆինանսավորմանը, հանդիպումներին և այլն։ Իրավիճակն այլ կերպ կարելի է անվանել «ՀԱՊԿ-Հայաստան փաստացի ամուսնալուծություն»։
Նկատի ունենալով ԵԱՏՄ աշխատանքի մեխանիզմներն ու փոխկապակցվածությունը՝ դժվար է պատկերացնել նմանատիպ իրավիճակ։ ԵԱՏՄ շրջանակներում գործում է ընդհանուր մաքսային ռեժիմ, գոյություն ունի փոխանցումների ընդհանուր «կաթսա», ՀՀ տնտեսությունը վերաուղղվել է 10 տարիների ընթացքում՝ համաձայն ԵԱՏՄ տրամաբանության և այլն։ Հետևաբար, ՀՀ-ԵԱՏՄ «ամուսնալուծությունը» կարող է լինել միանգամից և ամբողջական։ Իսկ «ամուսնալուծությանը» սովորաբար նախորդող՝ փոխադարձ հիասթափվածության առաջին նախանշաններն արդեն պարզորոշ երևում են