Արդեն մի քանի ամիս ռուս-ուկրաինական ճակատում կողմերից որևէ մեկը էական առաջընթաց գրանցել չի կարողանում։ Ռուսական զորքերը ժամանակ առ ժամանակ հայտարարում են այս կամ այն բնակավայրը վերցնելու մասին, սակայն ուկրաինացիները կարճ ժամանակ անց հրապարակում են հերքող տվյալներ։ Այս իրավիճակը բերել է պատերազմի որոշակի «լճացման»։ Սակայն ժամանակակից պատերազմները ներառում են նաև պատերազմի այլ թիրախներ, որոնք գտնվում են ռազմական գործողությունների ծավալման վայրերից հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր հեռու՝ պետությունների խոր թիկունքում։
Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ի սկզբանե թիրախավորել են միմյանց տարածքի հասանելի այն ենթակառուցվածքները, որոնք կարևոր են համարել պատերազմի պայմաններում։ Մինչև վերջերս ուկրաինական ուժերը հարվածներ էին հասցնում և ոչնչացնում ՌԴ նավթամշակման գործարանները։ Սա, ի վերջո, բերեց վառելիքի ճգնաժամի։ Հատկապես ծանր է բենզինի հետ կապված իրավիճակը։ Սակայն ռուսական հասարակությունը, թեև որոշ դժգոհություններին, առանձնապես չանհանգստացավ վառելիքի սակավության համար։
Եվ ահա, Ուկրաինայում գտան այն կենսական ենթակառուցվածքը, որի նկատմամբ հարվածն արմատապես կարող է փոխել հասարակության վերաբերմունքը։ Որքան էլ զարմանալի է, նման թիրախ դարձան Ռուսաստանում տեղակայված մեծածախ և մանրածախ էլեկտրոնային առևտրի օնլայն պորտալների պահեստները։ Առաջին հերթին թիրախավորվեցին «Վայլդբերիզ» ռուսական էլեկտրոնային առևտրի ցանցի պահեստները, որտեղ գտնվում են ողջ հետխորհրդային տարածությունից հավաքագրված և իրենց գնորդներին սպասող մեծաքանակ ապրանքներ։
Ընթացիկ իրադարձությունները վկայում են, որ ուկրաինացիները գտել են Ռուսաստանի առավել խոցելի և առավել ցավոտ ենթակառուցվածքը։ Առաջին հայացքից՝ նավթավերամշակման գործարաններին կամ ճանապարհներին հարվածները շատ ավելի կարևոր պետք է լինեին ռուս հասարակության համար, սակայն «Վայլդբերիզ» ցանցի պահեստների ոչնչացումը էականորեն ավելի մեծ արձագանք և հուզումներ է առաջացրել։ Սա ունի հոգեբանական խոր արմատներ, որոնց բացահայտումը ցույց է տալիս տեղի ունեցողի ամբողջական համապատասխանությունը տրամաբանության հետ։
Հարկ է նկատել, որ, ինչպես Խորհրդային միությունում, այնպես էլ հետխորհրդային տարածության մի շարք երկրներում, հետխորհրդային ժամանակաշրջանում հասարակության սեփականության զգացումը չի տարածվում պետության նկատմամբ։ Հայտնի է, որ ԽՍՀՄ բնակչության ամենահարուստ շերտի ներկայացուցիչներից էին պահեստապետները, ովքեր «հասանելիություն ունեին» լայն շրջանակի ապրանքների նկատմամբ, իսկ եթե ավելի անկեղծ՝ զբաղված էին գողությամբ։ Համարվում էր, որ պետական ապրանքը «ուրիշինն է», որը կարելի է սեփականացնել՝ ապօրինաբար յուրացնելով։ Նման գիտակցությունը, ցավոք, շարունակում է գերակայել նաև այսօր։ Հետևաբար, նավթավերամշակման գործարանը կամ ճանապարհը համարվում է պետության սեփականությունը, ու հասարակության համար դա «ուրիշինն է»։ Այլ բան է «Վայլդբերիզ» ցանցի ապրանքը, որն ունի հստակ հասցեատեր, վաճառող կամ գնորդ՝ սովորական քաղաքացի։ Ըստ այդմ, նրան հասցված վնասը «ուրիշի» վնասը չէ, այլ՝ «մեզնից մեկինը»։
Ըստ էության, ուկրաինական հարվածները «Վայլդբերիզ» ցանցի պահեստներին սկսել են փոխել մարդկանց մտածելակերպը, քանի որ Ռուսաստանի նման հասարակություններում կենսական ենթակառուցվածքները ոչ թե «պետությանը պատկանող» ճանապարհները, երկաթգծերն ու գործարաններն են, այլ «սովորական մարդկանց» սեփականություն հանդիսացող «Վայլդբերիզի» ապրանքները։
Ինչևէ, պատերազմի 5-րդ տարում, վերջապես, ՌԴ լայն հասարակությունը սկսեց զգալ դրա հետևանքները։ Կհանգեցնի՞ դա ներքին փոփոխությունների՝ կտեսնենք առաջիկայում։