Ռուսաստանում հաստատել են աշխատանքային և մշտական հիմունքներով ներգաղթյալների վերաբերյալ նոր օրենսդրական պահանջները։ Ըստ այդմ, ընտանիքի հետ Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները նախ պարտավոր են ստանալ այնքան օրինական եկամուտ, որը բավարար լինի՝ ծածկելու իրենց բնակության վայրի նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերը՝ հաշվարկված ընտանիքի բոլոր անդամների համար։ Հարկային մարմինները եռամսյակը մեկ ամեն ներգաղթյալի վերաբերյալ տվյալները փոխանցելու են ներքին գործերի նախարարություն, որտեղ գնահատելու են եկամուտները։ Եթե դրանք, ընտանիքի ամեն անդամի հաշվարկով, ավելի քիչ լինեն, քան տվյալ մարզի նվազագույն սպառողական զամբյուղը, ընտանիքը 15 օրվա ընթացքում կարտաքսվի Ռուսաստանից։
Հաշվի առնելով Ռուսաստանում «սև» փողերի շրջանառության ահռելի ծավալն ու առանց գրանցման աշխատողների քանակը, կարելի է ենթադրել, որ բավական բարդ է լինելու հատկապես հարավկովկասյան և միջինասիական երկրների աշխատանքային ներգաղթյալների համար։ Այս մարդիկ հիմնականում մեկնում են սեզոնային աշխատանքի, շատ դեպքերում առանց գրանցման՝ ֆիզիկական աշխատանք են կատարում և որոշ ժամանակ անց վերադառնում։ Նոր օրենքով նրանք ստիպված են լինելու ոչ միայն գրանցումով աշխատանք փնտրել, այլև իրանց հասանելիք գումարը ամբողջապես գրանցել, ինչը ձեռնտու չի լինելու գործատուին։
Բայց սա դեռ ամենը չէ։ Նոր օրենքը պահանջում է անմիջապես երկիր ժամանելիս ձեռք բերել «հատուկ» բջջային հեռախոս, որն ունի վերահսկման համապատասխան հավելված։ Ըստ այդմ, ստեղծվում է «ներգաղթյալի թվային պրոֆիլ», որտեղ ներգաղթյալը նաև գրանցվում է իր կենսաչափական տվյալներով՝ նկարում է դեմքը և թողնում է մատնահետքերը։ Ընդ որում, ներգաղթյալը պարտավոր է լինելու օգտագործել այդ հեռախոսը և չանջատել այն Ռուսաստանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում։ Այս ամենի միջոցով, փաստորեն, պետությունը կկարողանա ամբողջությամբ վերահսկել օտարերկրացու տեղաշարժը, աշխատանքային պատմությունը, ակտիվությունը և այլն։
Կարգավորումները, սակայն, այս ամենով չեն ավարտվում։ Մի շարք այլ հարցերում ևս կան խստացումներ, այդ թվում՝ տարբեր ծառայությունների համար վճարի ավելացում, պետական մարմինների կողմից վերահսկողական գործառույթների ընդլայնում և այլն։
Ըստ էության, Ռուսաստանը, որն անցում է կատարում կիսաավտորիտար պետությունից դեպի ամբողջությամբ տոտալիտար ռեժիմ, սկսում է պայքար՝ իր երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին ևս, իր քաղաքացիների պես, ամբողջությամբ վերահսկողության տակ առնելու համար։ Նոր օրենսդրական կարգավորումները ոչ միայն պետական վերահսկողության մեքենան ավելի կոշտ են դարձնում, այլև կոռուպցիայի ահռելի դաշտ բացում։ Առանց այն էլ «կոռուպցիայի հայրենիք» համարվող Ռուսաստանում բյուրոկրատիայի ներկայացուցիչները լրացուցիչ հնարավորություններ են ստանում՝ թվեր նկարելու միջոցով մեծ գումարներ յուրացնել։
Ինչևէ, Ռուսաստանի խնդիրները իրենց ներքին գործն են։ Մեզ այս ամենում անհանգստացնում է Հայաստանի քաղաքացիների հարցը։ Հավանաբար, ժամանակն է, որ տնտեսական դիվերսիֆիկացման օրինակով լուրջ ուշադրություն դարձվի նաև աշխատանքային միգրացիայի դիվերսիֆիկացման հարցին։ Հայաստանից Ռուսաստան հատկապես սեզոնային աշխատանքային արտագաղթը ավանդաբար մեծ ծավալներ ունի։ Նոր պայմաններում «թվային միգրանտ» դառնալու հեռանկարը կարող է, ի վերջո, ոչ միայն սեզոնային, այլև երկարատև աշխատանքի համար Ռուսաստանում հաստատված Հայաստանի քաղաքացիներին սթափեցնել և վերադարձնել հայրենիք։ Ի վերջո, նոր պայմաններում Հայաստանը որակյալ աշխատուժի կարիք ունի, իսկ աշխատատեղերը միայն ավելանում են։