Ռուսական «հետընտրական պատժամիջոցների» նպատակները

հեղ․ Armenian Council

 Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, ընթանում է իշխանության ձևավորման գործընթաց։ Ընդդիմադիր հիմնական կուսակցությունները համակերպվել են իրենց դերակատարման հետ․ խորհրդարան անցած բոլոր ուժերը վերցնում են մանդատներն ու պատրաստվում են նոր խորհրդարանի առաջին նստաշրջանին։ Ըստ էության, քաղաքական կյանքը մտել է բնականոն հուն։ Սակայն նախընտրական ժամանակաշրջանում Ռուսաստանի սահմանած «պատժամիջոցները»՝ հայկական որոշ արտադրատեսակների ներմուծման արգելքները, դեռևս շարունակում են գործել։

Փաստ է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող քաղաքական ուժերից երկուսը կարողացան հաղթահարել խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը և կլինեն ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Միևնույն ժամանակ, նրանք չկարողացան իրական մրցակցություն առաջադրել հաղթող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Վերջինս ոչ միայն պահպանեց իշխանությունը, այլև կունենա որակյալ մեծամասնություն, ինչը թույլ կտա մի շարք հարցերում միանձնյա որոշումներ կայացնել։

 Բավարարվե՞ց Կրեմլն այս արդյունքով, թե ոչ։ Հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ կրեմլամերձ լրագրողների և փորձագետների՝ ոչ նորմատիվ լեքսիկոնով հարձակումները, կարելի է կարծել, որ Մոսկվայում դժգոհ են։ Նույնիսկ Փաշինյանի այցը Եկատերինբուրգ, ելույթը միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և հանդիպումը ՌԴ վարչապետ Միշուստինի հետ, իրավիճակի վրա մեծ ազդեցություն չունեցան։ Ռուսաստանը շարունակում է տնտեսական ճնշման քաղաքականությունը՝ զուգահեռելով այն Հայաստանի կողմից «ԵԱՏՄ և ԵՄ միջև շուտափույթ ընտրություն կատարելու» վերաբերյալ պահանջներով։

     Կարծել, թե Ռուսաստանը ցանկանում է այսպիսով հասկանալ Հայաստանի դիրքորոշումը, նշանակում է թերագնահատել Կրեմլի տերերին։ Հետընտրական ժամանակամիջոցում պատժամիջոցների շարունակականությունը և ճնշման քաղաքականության ընդլայնումը այլ հիմքեր և նպատակներ ունեն։

 Առաջին հերթին, հարկ է նկատել իներցիոն տրամաբանությունը։ Ռուսաստանի գործողություններին հակազդելու հարցում Հայաստանն անթաքույց օգնություն է ստանում Եվրոպական միությունից։ Եվ սա ոչ թե ՌԴ-ԵՄ աշխարհաքաղաքական հակադրության դրսևորում է, այլ Հայաստանի ինքնիշխանության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված հստակ քայլ։ Ակնհայտ է, որ Եվրոպական միության շահերից է բխում այս պահին Հայաստանի պետականության ամրապնդումը։ Եվ ընդհակառակն, դա որևէ կերպ չի կարող համապատասխանել ՌԴ շահերին։ Հետևաբար, Ռուսաստանը չի կարող անմիջապես ընտրություններից հետո վերադառնալ ազատ առևտրին։

 Բացի այդ, Հայաստանի տնտեսական հզորացումը ևս չի բխում Ռուսաստանի շահերից։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի դեմ հարուցված քրեական գործից կարելի է նկատել, որ իրանական ընկերություններն ակտիվորեն հետաքրքրված են Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու հնարավորությամբ։ Դա էական ազդեցություն կունենա Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցման հարցում։ Հետևաբար, Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումը կարող է նաև խորքում ունենալ շանտաժի տարրեր՝ հրաժարվելու իրանական առաջարկներից։

   «Հետընտրական պատժամիջոցների» մի շարք այլ նպատակներ ևս կարելի է նկատել։ Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ինչպես մինչև ընտրությունները, այնպես էլ դրանցից հետո, նման գործելաոճն արդյունավետ չէ։ Հայաստանը մինչ այս պահը հաջողությամբ դիմակայում է այս մարտահրավերին։

Ընթերցեք նաև