Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքները, ինչը նշանակում է, որ նոր խորհրդարանում կլինի երկու ընդդիմադիր խմբակցություն, ինչպես և նախորդում էր։ Խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչպես և կանխատեսվում էր շատերի, այդ թվում՝ անձամբ իմ կողմից, հայտարարեցին, որ կվերցնեն պատգամավորական մանդատները։ Պատճառաբանությունն այն է, որ դրանք «զենք» են իշխանափոխության համար պայքարում, և որ իրենք համադրելու են մանդատի օգտագործումը փողոցային գործունեության հետ՝ իշխանափոխության հասնելու համար։ Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ այդ ուժերը համարում են, թե ընտրությունները կեղծված են, ուստի, ըստ այդ տրամաբանության, խորհրդարանը չի կարող լեգիտիմ լինել։
Այսինքն՝ ի սկզբանե հայտարարվում է, որ այդ մանդատները ոչ թե խորհրդարանական դասական ընդդիմադիր գործունեություն իրականացնելու համար են օգտագործվելու, այլ՝ իշխանության գալու։ Այլ կերպ ասած՝ իրենք փաստացի հետևյալն են նշում. «Ընտրությունների միջոցով չկարողացանք գալ իշխանության, քանի որ ընտրությունները կեղծվեցին, ուստի կփորձենք իշխանության գալ այլ ճանապարհով, և մանդատներն այդ այլ ճանապարհի համար ենք օգտագործելու»։
Մինչդեռ ժողովուրդն իր կամքն արտահայտել է՝ ըստ Սահմանադրական դատարանի վճռի և ըստ միջազգային ու տեղական դիտորդական կազմակերպությունների գնահատականների, իրական, լեգիտիմ ընտրությունների միջոցով։ Այդ ընտրությունների արդյունքում ձևավորվել է մեծամասնություն, որը պետք է կազմի կառավարություն, և ձևավորվել է փոքրամասնություն, որը պետք է լինի ընդդիմություն։ «Ընդդիմություն» բառը զուտ քաղաքական ուժի՝ իշխանության հանդեպ ունեցած փաստացի դիրքորոշումն արձանագրող ձևակերպում չէ. խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական ինստիտուտ է, որն ունի օրենքով ամրագրված իրավունքներ և համապատասխան գործառույթներ։
Սակայն, ըստ խորհրդարան անցած ուժերի հայտարարությունների, ստացվում է, որ ընդդիմադիր խմբակցությունները դասական ընդդիմադիր գործունեություն չեն իրականացնելու. նրանք ժողովրդավարական ինստիտուտներից մեկը՝ խորհրդարանը, օգտագործելու են սեփական օրակարգին՝ իշխանափոխությանը ծառայեցնելու համար։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում առաջիկայում նույնպես փաստացի չի լինելու խորհրդարանական ընդդիմություն, սակայն իրավական տեսանկյունից այն գոյություն կունենա, և հարկատուները վճարելու են նրանց՝ այդ ոչ խորհրդարանական գործունեության համար։
Իհարկե, նրանք կարող են ասել, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որոշակի թվով պատգամավորներ հանկարծ դուրս գան և միանան ընդդիմադիրներին, ապա դրա արդյունքում՝ օրինական ճանապարհով, առանց նոր ընտրությունների կարող է նոր կառավարություն ձևավորվել։ Այո՛, տեսականորեն այդպիսի բան հնարավոր է, և դա օրինական, խորհրդարանական պետությանը բնորոշ մեխանիզմ է։ Բայց եթե դու համարում ես, որ խորհրդարանն ինքնին անօրինական է, ապա ինչպե՞ս ես պատրաստվում այդ նույն «անօրինական» խորհրդարանի միջոցով նոր կառավարություն ձևավորել։ Էլ չխոսենք այն մասին, որ պատգամավորներ «փախցնելու» վրա հույս դնելն արդեն իսկ ցույց է տվել իր անպտղությունը:
Օրենքի տեսանկյունից, կարծես, խնդիր չկա նրանում, որ քաղաքական ուժը, մտնելով խորհրդարան, չի իրականացնում իր գործառույթները, անգործություն է դրսևորում և այլն. դրա համար, օրինակ, պատգամավորները մանդատներից չեն զրկվում։ Բայց որքանո՞վ է արդար, որ հարկատուները ստիպված են վճարել նրանց անգործության համար և դրանով անուղղակիորեն նպաստել առանց ընտրությունների իշխանության գալու նրանց օրակարգին։ Ի դեպ, նման օրակարգ իրենք բացառել էին ընտրությունների ժամանակ. առաջարկվում էր միմիայն հաղթելու օրակարգ։ Ավելին՝ ընդդիմադիրները պնդում էին, որ այս ընտրությունները Հայաստանը կործանումից, «վիլայեթացումից» ու «թրքացումից» փրկելու վերջին շանսն են։ Նրանք հայտարարում էին, որ եթե ՔՊ-ն հաղթի, դա կնշանակի Հայաստանի կործանում։ Մի՞թե նրանք մոլորեցնում էին սեփական ընտրողներին, և արդյո՞ք իրենց ընտրողները հիմա հաշտ են այս իրողության հետ։
Մեկ այլ հարց է այն, թե ինչպես են այդ ընդդիմադիր ուժերը ստացել իրենց ձայները։ Ըստ էության, ընտրություններից քիչ առաջ ձևավորված քաղաքական ուժը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, ստացավ շուրջ 340 հազար ձայն (ձայների մոտ 23,3%-ը) և դարձավ Հայաստանում երկրորդ ուժը։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Ովքե՞ր են այդ ուժի առանցքային դեմքերը։ Նրանցից շատերը մինչ այդ քաղաքական ակտիվություն չցուցաբերած մարդիկ են. ընտրական ցուցակի մեծ մասի անունները հայտնի չեն նույնիսկ քաղաքացիական կամ հասարակական կյանքով հետաքրքրվող ակտիվ մարդկանց գերակշիռ մասին։ Այդ քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն` Սամվել Կարապետյանը, նույնիսկ չի համապատասխանում վարչապետի թեկնածուին ներկայացվող չափանիշներին։ Գուցե առանձնահատուկ, փաստարկված, հետազոտությունների վրա հիմնված, Նոբելյան մրցանակի արժանի հրաշալի ծրագի՞ր են ներկայացրել. սակայն ծրագիրն ուսումնասիրելիս, մեղմ ասած, նման տպավորություն չես կարող կազմել։
Ուրեմն՝ ինչպե՞ս ստացվեց, որ այդ նորաստեղծ քաղաքական միավորը դարձավ երկրորդ քաղաքական ուժը։ Կարծում եմ՝ պատասխանը մակերեսին է. այս ամենը հնարավոր դարձավ, առաջին հերթին, ռուսաստանյան մեծահարուստ Սամվել Կարապետյանի անձի և նրա մեծ գումարների շնորհիվ։ Մեծ գումարներ՝ նշանակում են մեծաքանակ շտաբներ, առատ գովազդ, բազմաթիվ ակտիվիստներ ներգրավելու հնարավորություն, մեդիա տեսանելիություն, թանկարժեք քաղտեխնոլոգներ վարձելու հնարավորություն և այլն։ Սա չի նշանակում, իհարկե, որ այդ ուժի օգտին քվեարկած բոլոր քաղաքացիներն հենց փողի գործոնի ազդեցությամբ են քվեարկել, սակայն ակնհայտ է, որ անձը և նրա ֆինանսական ահռելի ռեսուրսները եղել են «Ուժեղ Հայաստանի» էլեկտորալ արդյունքի ձևավորման կարևորագույն, եթե ոչ՝ ամենակարևոր գործոններից մեկը։
Պետք է նշել նաև, որ գրեթե ամեն օր իրավապահները հրապարակում էին ձայնագրություններ, որտեղ ընդդիմադիր, պրոռուսական ուժերի անունից հանդես եկող կամ հենց այդ ուժերի ներկայացուցիչներն առերևույթ խոսում էին ընտրակաշառք բաժանելու մասին։ Արդյո՞ք դա ազդել է ընտրողների վարքագծի վրա, և որքանո՞վ. սա լայնածավալ ու խորքային հետազոտության արդյունքում կպարզվի։ Իմ կարծիքով՝ դա կարող էր էապես ազդել ընտրողների վարքի վրա։ Սահմանադրական դատարանն, ըստ էության, չպատասխանեց այն հարցին, թե որքանով է ընտրակաշառքն ազդել ընտրողների կամքի վրա և խաթարել ընտրական գործընթացը։ Բարձր դատարանը եզրակացրեց, որ հրապարակված ձայնագրությունների և առկա քրեական գործերի հիման վրա չի կարող դա գնահատել։ Ահա նրա եզրակացությունն այս թեմայով.
«Թեև ընտրական գործընթացի շրջանակներում մի շարք կոռուպցիոն հանցագործությունների առնչությամբ իրավապահ մարմինների հաղորդագրությունների, դրանցում հիշատակված վարույթների, վերջիններում ներգրավված սուբյեկտների մեծաթվությունը (ընտրակաշառքների մասով) առաջին հայացքից կարող է վկայել ընտրողի կամքի ազատ ձևավորման վրա էական ազդեցության մասին, այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալը բավարար հիմք չէ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 14-րդ մասի իրավակարգավորման համատեքստում ընտրությունների վերջնարդյունքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ վերջնական եզրահանգում անելու համար»։
Ըստ էության, ՍԴ-ն ընդունել է, որ ընտրակաշառքներ բաժանող սուբյեկտները մեծաթիվ են եղել։ Սակայն ինքնին այդ փաստը, ըստ ՍԴ-ի, դեռ բավարար չէ պնդելու, որ դրանք ազդել են ընտրությունների վերջնարդյունքի վրա։ Բայց պետք է նկատել, որ ՍԴ-ն նաև չի պնդում, թե դրանք չեն ազդել ընտրությունների վրա. բարձր դատարանն ընդամենն ասում է, որ եղած փաստերի հիման վրա չի կարող գնահատական տալ։ Սակայն այստեղ էլ հարց է առաջանում․ իսկ ի՞նչը բավարար հիմք կստեղծի, որպեսզի արձանագրենք, որ ընտրակաշառքները կամ ընտրողների վրա այլ անօրինական միջամտությունները ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Ակնհայտ է, որ դատական վճիռներ ունենալու համար ժամանակ է անհրաժեշտ, և վճիռներին կարող ենք սպասել միայն ընտրություններից հետո։ Ստացվում է, որ իքս քաղաքական ուժի օգտին քվեարկելու համար կարող են մեծածավալ կաշառքներ բաժանվել, և, այդ թվում դրանց շնորհիվ, քաղաքական ուժը կարող է բարձր էլեկտորալ արդյունք գրանցել, սակայն եթե չկան դատական վճիռներ, ուրեմն այդ արդյունքը հնարավոր չէ վիճարկել։ Իսկ եթե հետագայում լինեն վճիռներ, որոնք հաստատելու են ընտրակաշառքների ծավալուն լինելու փաստը, այս դեպքում էլ, փաստորեն, քաղաքական ուժի արդյունքները մնալու են անփոփո՞խ։ Կարծում եմ, որ այս հարցերի շուրջ անհրաժեշտ է ծավալել հանրային դիսկուրս, իրականացնել համապատասխան փորձագիտական հետազոտություններ և վերլուծություններ։
Եվ, վերջապես, ընտրողների վարքագծի վրա կարող էին ազդեցություն ունենալ նաև Կրեմլի կողմից իրականացվող հիբրիդային սպառնալիքները, որոնց մասին գրել եմ իմ մի քանի հոդվածներում։ Ի դեպ, միջազգային լրատվամիջոցները, հղում անելով արևմտյան հետախուզական աղբյուրներին և փաստաթղթերին, նշում են, որ ընտրություններն ուղեկցվել են Ռուսաստանի կողմից Փաշինյանին թուլացնելու և ռուսամետ թեկնածուներին աջակցելու ակտիվ, գաղտնի ջանքերով, այդ թվում՝ ապատեղեկատվական արշավներով։
Հաջորդ ընտրություններին այլ պատկեր ստանալու համար, կարծում եմ, նախ և առաջ հարկավոր է.
1. Ապահովել կուսակցությունների և դաշինքների ֆինանսավորման լիարժեք թափանցիկություն՝ նախընտրական շտաբների, գովազդային բյուջեների և հնարավոր արտասահմանյան աղբյուրների հստակ ու ժամանակին հրապարակմամբ։
2. Ուժեղացնել իրավապահ և դատական մարմինների աշխատանքը ընտրակաշառքի դեպքերի բացահայտման ու պատասխանատվության ենթարկելու հարցում։
3. Ստեղծել դիմակայունության մեխանիզմներ արտաքին հիբրիդային ազդեցության և ապատեղեկատվության դեմ։
4. Վերանայել դատարանների կողմից ընտրական բողոքների քննության չափանիշները, որպեսզի նրանք ունենան իրական գործիքակազմ՝ գնահատելու ընտրակաշառքի և
վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման ազդեցությունը ընտրական արդյունքի վրա։
5. Խրախուսել այնպիսի քաղաքական մշակույթ, որտեղ խորհրդարանական մանդատը դիտարկվում է որպես օրենսդրական ու վերահսկողական աշխատանքի գործիք, այլ ոչ թե բացառապես փողոցային պայքարի միջոցով իշխանափոխության հասնելու հավելյալ ռեսուրս։
Առանց այս քայլերի՝ յուրաքանչյուր հաջորդ ընտրություն, մեծ հավանականությամբ, կրկնելու է նույն սցենարը։ Պետությունը պետք է ստեղծի այնպիսի մեխանիզմներ, որ հակաժողովրդավարական ուժերը երբևէ չկարողանան խաթարել ժողովրդավարական գործընթացները։
Էդգար Վարդանյան
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։