2026 թվականի հունիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված հուշագիրը, որը նախատեսում է նավթային պատժամիջոցների մասնակի մեղմացում, սառեցված ակտիվների ապասառեցում, Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնում և 60-օրյա բանակցային գործընթաց՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով, կարող է վերափոխել ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարակից տարածաշրջանների աշխարհաքաղաքական և տնտեսական միջավայրը։
Թեև համաձայնության վերջնական պարամետրերը դեռևս հստակեցված չեն, արդեն իսկ նկատելի է, որ Իրանի միջազգային տնտեսական ինտեգրման հնարավոր ընդլայնումը կարող է ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի վրա, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և արտաքին քաղաքական միջավայրի տեսանկյունից։ Հայաստանի համար Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլև տարանցիկ ուղղություն, էներգետիկ գործընկեր և տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռության կարևոր դերակատար։
Տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ
Տասնամյակներ շարունակ միջազգային պատժամիջոցները զգալիորեն սահմանափակել են Իրանի տնտեսական ներուժը, արտաքին առևտուրը և միջազգային ֆինանսական համակարգին ինտեգրումը։ Նավթային սահմանափակումների մասնակի մեղմացումը, ակտիվների ապասառեցումը և ներդրումային միջավայրի հնարավոր բարելավումը կարող են ավելացնել Իրանի արտարժութային եկամուտները և խթանել տնտեսական ակտիվությունը։
Հայաստանի համար այս համատեքստում առաջին հերթին ընդլայնվում են երկկողմ տնտեսական համագործակցության հնարավորությունները։ Վերջին տարիներին, նույնիսկ պատժամիջոցների պայմաններում, հայ-իրանական առևտրաշրջանառությունը կայուն աճ է արձանագրել՝ շուրջ 400 միլիոն դոլարից հասնելով 768 միլիոն դոլարի։ Երկու երկրների ղեկավարությունները որպես նպատակ հայտարարել են առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու մասին, և եթե ֆինանսական ու բանկային սահմանափակումների մի մասը մեղմացվի, այդ ցուցանիշը կարող է դառնալ առավել իրատեսական։
Ֆինանսական գործարքների դյուրացումը կթեթևացնի նաև հայկական բիզնեսի գործունեությունը՝ նվազեցնելով վճարումների, ներմուծման և արտահանման հետ կապված խոչընդոտները։ Մեծ ներուժ կարող են ունենալ գյուղատնտեսությունը, սննդի
արդյունաբերությունը, դեղագործությունը, շինանյութերի արտադրությունը և թեթև արդյունաբերությունը։
Միաժամանակ, շուրջ 90 միլիոն բնակչություն ունեցող իրանական շուկան կարող է դառնալ հայկական արտադրանքի արտահանման ավելի գրավիչ ուղղություն, եթե միջազգային ֆինանսական սահմանափակումների թուլացումը բարելավի շուկայի հասանելիությունը։
Տրանսպորտային կապերի ռազմավարական նշանակությունը
Հուշագրի կարևոր բաղադրիչներից է նաև Հորմուզի նեղուցով միջազգային նավագնացության վերականգնումը, ինչը կարող է նպաստել Պարսից ծոցի տարածաշրջանի լոգիստիկ ակտիվության աճին։
Այս փոփոխությունը լրացուցիչ կարևորություն է հաղորդում այն նախագծերին, որոնք արդեն քննարկվում են Հայաստանի և Իրանի միջև՝ «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղին, «Պարսից ծոց–Սև ծով» միջանցքը, սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը և տարանցիկ փոխադրումների ընդլայնումը։
Եթե Իրանն աստիճանաբար վերաինտեգրվի միջազգային առևտրային ցանցերին, այն կարող է վերածվել Եվրոպան Հնդկաստանին և Չինաստանին կապող կարևոր տարանցիկ հանգույցի։ Այդ դեպքում Հայաստանը կարող է մեծացնել իր դերը որպես տրանսպորտային միջանցք, լոգիստիկ ծառայությունների, պահեստավորման և բեռնաբաշխման կենտրոն։
ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության թուլացումը նպաստավոր միջավայր է ստեղծում նաև «Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախագծի կյանքի կոչման համար։ Հայաստանը և Միացյալ Նահանգները հունիսի 4-ին ստորագրել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագիրը։ Այն դեռևս պետք է անցնի համապատասխան վավերացման գործընթաց, և այս տարվա երկրորդ կեսին նախատեսվում է շինարարական աշխատանքների մեկնարկը, ինչի համար տարածաշրջանային կայունությունն առավել քան կարևոր է։
ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչումը և տարածաշրջանային հաղորդակցությունների աստիճանական ապաշրջափակումը կարող են լրացուցիչ հնարավորություններ ստեղծել նաև Իրանի համար։ Ջուլֆայի միջոցով վերականգնելով երկաթուղային կապը Հայաստանի հետ և ընդլայնելով ելքը դեպի Սև ծովի նավահանգիստներ՝ Թեհրանը ևս կներգրավվի այս տարանցիկ ցանցում։ Սա կարող է էականորեն բարձրացնել նախագծի տարածաշրջանային տնտեսական գրավչությունը՝ մեղմելով Իրանի հնարավոր հակազդեցությունը։
Էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստան–Իրան համագործակցության առանցքային ուղղություններից է էներգետիկան։ Ներկայումս երկու երկրների միջև գործում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման սխեման, սակայն դրա ծավալները զգալիորեն սահմանափակված են պատժամիջոցների պատճառով։
Եթե Իրանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները մեղմացվեն, Հայաստանի համար կարող են ընդլայնվել իրանական բնական գազի ներմուծման հնարավորությունները, ինչը կնպաստի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանը։ Երկարաժամկետ հեռանկարում քննարկման առարկա կարող է դառնալ նաև գազատարի թողունակության մեծացումը (ինչը կպահանջի տեխնիկական վերազինում) կամ նոր ենթակառուցվածքների ստեղծումը, թեև նման նախագծերը կախված կլինեն ոչ միայն տնտեսական հաշվարկներից, այլև քաղաքական պայմաններից։
Էներգետիկ համագործակցության խորացման կարևոր բաղադրիչ է նաև Իրան–Հայաստան 400 կՎ լարման երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որի շինարարության ավարտը նախատեսվում է մինչև 2027 թվականը։ Այն հնարավորություն կտա էականորեն մեծացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը, ապահովել էներգահամակարգերի ավելի արդյունավետ համաժամեցումը և զարգացնել «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի տարանցիկ ներուժը։
Արտաքին քաղաքական և անվտանգային հետևանքները
ԱՄՆ–Իրան հարաբերությունների հնարավոր կարգավորումը կարող է ազդել նաև տարածաշրջանային ուժերի հարաբերակցության վրա։ Եթե տնտեսական ճնշման նվազումը Թեհրանին հնարավորություն տա ավելի մեծ ռեսուրսներ ուղղել արտաքին քաղաքականությանը, ապա Իրանը կարող է ակտիվացնել իր տնտեսական և քաղաքական ներգրավվածությունը Հարավային Կովկասում։
Հայաստանի համար սա կարևոր է նաև անվտանգության տեսանկյունից։ Իրանը հետևողականորեն հայտարարել է Հայաստանի տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների ուժային փոփոխության անընդունելիության մասին։
Միաժամանակ, Իրանի միջազգային տնտեսական ինտեգրման ընդլայնումը կարող է Հայաստանի համար ստեղծել արտաքին քաղաքականության և տնտեսական կապերի լրացուցիչ դիվերսիֆիկացման հնարավորություն՝ առանց գոյություն ունեցող գործընկերային ուղղություններից հրաժարվելու։
Սահմանափակումներ և անորոշություններ
Այնուամենայնիվ, գործընթացի հնարավոր ազդեցությունը չպետք է գերագնահատել։
Առաջին՝ ԱՄՆ-ն և Իրանը դեռևս ստորագրել են միայն հուշագիր, իսկ վերջնական համաձայնության հասնելը կախված է առաջիկա բանակցությունների արդյունքներից։
Երկրորդ՝ քննարկվող պայմանավորվածությունները չեն ենթադրում Իրանի նկատմամբ կիրառվող բոլոր պատժամիջոցների լիարժեք չեղարկում։ Խոսքը հիմնականում վերաբերում է նավթային ոլորտին և որոշ ֆինանսական սահմանափակումների մեղմացմանը, մինչդեռ բազմաթիվ երկրորդային պատժամիջոցներ կարող են պահպանվել։
Երրորդ՝ Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Տարածաշրջանային նոր ճգնաժամերը կամ բանակցությունների ձախողումը կարող են էականորեն սահմանափակել տնտեսական ակնկալիքների իրագործումը։
Ամփոփում
ԱՄՆ–Իրան հարաբերությունների հնարավոր կարգավորումը Հայաստանի համար ստեղծում է ոչ այնքան անմիջական արդյունքներ, որքան հնարավորությունների նոր պատուհան։ Տնտեսական համագործակցության ընդլայնումը, տրանսպորտային միջանցքների զարգացումը, էներգետիկ փոխկապակցվածության խորացումը և տարածաշրջանային լոգիստիկ դերակատարության մեծացումն այն հիմնական ուղղություններն են, որտեղ Հայաստանը կարող է շահել Իրանի միջազգային ինտեգրման գործընթացից։
Սակայն այդ հնարավորությունների իրացումը կախված կլինի միաժամանակ մի քանի գործոններից՝ ԱՄՆ–Իրան վերջնական համաձայնության բովանդակությունից, չեղարկվող պատժամիջոցների իրական ծավալից, տարածաշրջանային անվտանգային միջավայրից և, որ պակաս կարևոր չէ, Հայաստանի քաղաքականությունից։ Եթե Երևանը կարողանա արագացնել ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, բարելավել ներդրումային միջավայրը և ձևավորել ակտիվ տնտեսական դիվանագիտություն, ապա ստեղծվող աշխարհաքաղաքական փոփոխությունները կարող են վերածվել երկարաժամկետ տնտեսական և ռազմավարական առավելությունների։
Նարեկ Մինասյան
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։