ԿՀԸ-ն ներկայացրեց ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ, ՔՊ-ն ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների 49.74%-ը և կարող է միայնակ ձևավորել կառավարություն։ Նշենք, որ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների մոտ 59 տոկոսը։ Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել։
Ամենակարևորը, կարծում եմ, հետևյալն է․ չնայած Կրեմլի իրականացրած աննախադեպ ծավալի հիբրիդային սպառնալիքներին, հայ ժողովուրդը արտահայտել է իր կամքը, ձևավորել է իր իշխանությունը։ Ժողովրդի իշխանության իրացման արդյունքում ընտրվել է ժողովրդավարական բարեփոխումների խորացման, պետական ինստիտուտների վերափոխման և կայացման, խաղաղության ինստիտուցիոնալացման, նախկին ավտորիտար ռեժիմի մնացորդ երևույթների վերացման, տնտեսական դիվերսիֆիկացիայի, Եվրամիության անդամ դառնալու ճանապարհի ուղին, համապատասխան օրակարգը։ Հենց այդ ամենն էր խոստանում ՔՊ-ն իր քարոզարշավի ժամանակ։
Մինչ ընտրությունները հնչում էին տեսակետներ, թե խաղաղության օրակարգը առաջ տանելու համար ՔՊ-ն չունի մանդատ, քանի որ իրականում ժողովուրդը 2021-ին նրան օժտել է այլ մանդատով՝ հասնել նրան, որ, «անջատում հանուն փրկության» սկզբունքի համաձայն, Լեռնային Ղարաբաղն անկախություն ձեռք բերի։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն ստանում է այսօրվա խաղաղության օրակարգով առաջ գնալու մանդատ։ Բացի այդ, ընտրությունների արդյունքները նաև վկայեցին, որ մինչ այժմ էլ խաղաղության օրակարգի շրջանակներում իրականացված գործողությունները նույնպես լեգիտիմ են եղել, այլապես ժողովուրդն այլ որոշում կկայացներ։
Հարկ է նշել, որ չնայած՝ եղել են որոշակի խախտումներ, իսկ ԿԸՀ որոշումը՝ չանցկացնել վերաքվեարկություն երեք տեղամասում, շատերը խնդրահարույց համարեցին, սակայն, ըստ թե՛ միջազգային, թե՛ տեղական դիտորդական կազմակերպությունների, մի բան հստակ է՝ ընտրությունները առնվազն չեն կեղծվել և ՔՊ արձանագրված ձայները ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը։ Որևէ դիտորդական առաքելություն չի նշել, թե ՔՊ ստացած ձայներից գեթ մեկը ձայն է։ Բոլոր 2005 ընտրատեղամասի արձանագրություններն ստորագրված են հանձնաժողովների բոլոր (այդ թվում՝ երկու ընդդիմադիր) խմբակցությունների ներկայացուցիչ անդամների կողմից։
Սակայն հիմա էլ որոշ շրջանակներ նշում են, թե ՔՊ-ն, իբր, իրականում չի հաղթել, քանի որ չի ստացել ժողովրդի մեծամասնության քվեն։ Միանգամից ցանկանում ենք նշել, որ այս թեզը չունի որևէ հիմնավորում։ Նախ, ՔՊ-ն ստացել է 726․819 ձայն, մինչդեռ ընտրական շեմը հաղթահարած երկու ընդդիմադիր ուժերը միասին՝ 484․989 ձայն։ Այսինքն, ՔՊ-ն ստացել է 241․830 ձայն ավելի, քան ընտրական շեմը հաղթահարած երկու ընդդիմադիր ուժերը (ի դեպ, վերջիններս դաշինքներ են)՝ միասին վերցրած։ Այսինքն, ՔՊ-ն ոչ միայն հաղթել է ընտրությունները, այլև հաղթել է իր մրցակիցների նկատմամբ մեծ առավելությամբ, և, ինչպես նշեցինք, կարող է միանձնյա կառավարություն ձևավորել։ Ըստ ԿԸՀ հայտարարած վերջնական արդյունքների՝ ՔՊ-ն ստանում է 64 մանդատ, իսկ երկու ընդդիմադիր դաշինքը՝ միասին, 41 մանդատ։ Ոմանք ասում են, որ այդքան մանդատ ՔՊ-ն ստացել է այն բանի շնորհիվ, որ գոյություն ունի այնպիսի համակարգ, ըստ որի՝ ընտրական շեմը չհաղթահարած ուժերի ձայները բաշխվում են վերջինս հաղթահարածների միջև։ Իհարկե, այս համակարգը հաղթողի մանդատների քանակը ավելացնում է, սակայն, այն
ավելացնում է նաև շեմը հաղթահարած մյուս բոլոր ուժերի մանդատները։ Եվ ամենակարևորը․ եթե չլիներ նման համակարգ, ՔՊ-ն, միևնույն է, ստացել է քվեների մոտ 50%-ը, իսկ ընտրական շեմը հաղթահարած երկու ընդդիմադիր դաշինքները՝ միասին, ստացել են ընդամենը 33.19%։
Երբեմն հնչում է նաև տեսակետ, թե ընտրելու իրավունք ունեցողների մեծ մասը չի քվեարկել ՔՊ-ի օգտին, ինչը նշանակում է, որ ժողովուրդը մերժել է ՔՊ-ին, քանի որ մոտ 40 տոկոսը չի մասնակցել ընտրություններին, և միայն մասնակցած ընտրողների՝ 60 տոկոսի կեսն է քվեարկել ՔՊ-ի օգտին։
Նախ, մենք չենք կարող ասել, որ չմասնակցածները «մերժել են» ՔՊ-ին։ Չմասնակցելու տարբեր պատճառներ կարող են լինել, բայց մի բան հստակ է՝ եթե չմասնակցածները ցանկանային մերժել ՔՊ-ին, կգնային և դեմ կքվեարկեին, որպեսզի այն պարտվեր, հատկապես իմանալով, որ ընդդիմադիր ուժերը կարողանալու են պատկառելի թվով ձայն հավաքել, և նրանց մասնակցությունը կարող էր որոշիչ լինել։ Կարող ենք պնդել, որ նրանց համար առավելագույնը միևնույն է եղել, թե ով կընտրվի։ Բացի այդ, եթե ՔՊ-ն չի հաղթել, ապա, ըստ նման թեզ առաջ մղողների, ո՞վ է հաղթել։ Ինչպես արդեն նշեցինք, ՔՊ-ն 241․830 ձայն ավել է ստացել շեմը հաղթահարած երկու ընդդիմադիր դաշինքներից՝ միասին վերցրած։ Եթե նույնիսկ ընտրական շեմ ընդհանրապես չլիներ, և ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերը մտնեին խորհրդարան, վստահորեն կարող ենք ասել, որ նույնիսկ այդ դեպքում ՔՊ-ն, իր գրանցած արդյունքների վրա հիմնվելով, միևնույն է, կձևավորեր կառավարություն։ Դա կարող էր անգամ լինել կոալիցիոն կառավարություն, օրինակ , արևմտամետ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիայով։ Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, թե կաջակցի ՔՊ-ին, եթե դրա կարիքը լինի։ Բոլոր պարագաներում, ընտրությունների այսպիսի արդյունքները նշանակում են, որ կառավարություն ձևավորելու համար կա մեծամասնություն։ Ուստի չի կարելի ասել նաև, որ որևէ մեկը չի հաղթել, քանի որ կառավարություն ձևավորելու, վարչապետ ընտրելու համար կա անհրաժեշտ մեծամասնությունը։ Այսինքն, այսպես թե այնպես, անկախ ընտրակարգի տեսակից, ՔՊ-ն և իր օրակարգը հաղթել են ժողովրդի իշխանության, ժողովրդի կամքի ազատ արտահայտման արդյունքում։
Եվ վերջում մի հետաքրքիր փաստ՝ ՔՊ-ի ստացած մոտ 50 տոկոսն այն բացառիկ արդյունքներից է, ինչն արձանագրվել է եվրոպական երկրներում՝ առնվազն վերջին տարիներին։ Ընդհանրապես, եվրոպական պրակտիկան ցույց է տալիս, որ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում հաղթող ուժը սովորաբար ստանում է քվեների ընդամենը 20-30 տոկոսը, ինչի արդյունքում էլ ձևավորվում են կոալիցիոն կառավարություններ։ Օրինակ, Դանիայում հաղթանակի հասած «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը 2026թ․ ընտրություններում ստացել է 21.8%, Նիդեռլանդներում 2025թ․ ընտրությունների արդյունքներով հաղթող է եղել «Դեմոկրատներ 66» կուսակցությունն՝ իր 16.9%-ով, Գերմանիայում 2025թ․ ընտրությունների արդյունքներով հաղթող է եղել «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը», որն ստացել է քվեների 22.6%-ը։
Կարծում ենք՝ ապագայում Հայաստանում ևս կձևավորվեն կոալիցիոն կառավարություններ։ Ընդհանրապես, Հայաստանին խիստ անհրաժեշտ է այնպիսի կուսակցական համակարգ, որի առաջատար հնգյակում առնվազն չորս ուժ լինեն ժողովրդավարական, և որոնց համախառն ընտրական աջակցությունը կայուն կերպով գերազանցի 60 տոկոսը։ Միայն այդ դեպքում կառավարող ուժի պարտությունը կամ իշխող կոալիցիայի փլուզումը չի ստեղծի ժողովրդավարության, քաղաքական և քաղաքացիական ազատությունների կորստի վտանգ։
Էդգար Վարդանյան
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։