Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի՝ մարտի 11-ի Ադրբեջան այցով Հարավային Կովկասը կրկին հայտնվեց եվրոպական դիվանագիտության ուշադրության կենտրոնում։ Բանակցությունների օրակարգը բավական կանխատեսելի էր՝ էներգետիկ համագործակցություն և հաղորդակցությունների զարգացում:
Վերջին տարիներին Եվրամիությունը փնտրում է ռուսական գազին այլընտրանքներ և ամրապնդում կապերը այլ մատակարարների հետ։ Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի և շուկաների անկայունության պայմաններում Ադրբեջանի դերը Եվրոպայի համար կտրուկ աճել է։ Ուստի, Կոշտայի այցը միտված էր ամրապնդելու Ադրբեջանի, որպես ԵՄ առանցքային էներգետիկ գործընկերոջ, դերը։
Այցի մեկ այլ կարևոր ուղերձ էր աջակցությունը Հարավային Կովկասի կայունությանն ու անվտանգությանը, քանի որ Եվրամիության համար չափազանց կարևոր է ապահովել տրանսպորտային և էներգետիկ երթուղիների անվտանգությունը:
Ադրբեջանի նշանակությունը Եվրամիության համար
Թեպետ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները «թղթի վրա» ամրագրված չեն որպես ռազմավարական, իրենց բնույթով դրանք ռազմավարական են և էապես տարբերվում են Արևելյան գործընկերության մյուս երկրների հետ Բրյուսելի գործակցությունից: Կարելի է ասել, որ այդ հարաբերությունները ոչ թե «արժեքահեն» են, այլ «գործարքային»: Առաջին հերթին, ԵՄ-ն Ադրբեջանն արժևորում է որպես էներգետիկ ռեսուրսների մատակարար և կարևոր օղակ իր էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման ռազմավարության մեջ: 2022թ. ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Ադրբեջանը կտրուկ ավելացրել է գազի արտահանումը Եվրամիություն: Այսօր արդեն Եվրամիության 10 անդամ գազ է ստանում Ադրբեջանից: Եվրոպական շուկան կազմում է Ադրբեջանի գազի ընդհանուր արտահանման կեսը, Բաքուն նախատեսում է ավելացնել գազի արդյունահանումը և արտահանումը՝ մինչև 2027թ. «Հարավային գազային միջանցքի» թողունակությունը հասցնելով տարեկան 20 միլիարդ մ³: Բրյուսելում նույնիսկ քննարկում են գազի ներմուծման կանոնների մեղմացումը, ինչի արդյունքում Ադրբեջանից մատակարարումների պայմանները կարող են պարզեցվել։
Ադրբեջանը ԵՄ-ում դիտարկվում է նաև որպես այլընտրանքային էներգիայի մատակարարման աղբյուր. ուսումնասիրվում են վերականգնվող էներգետիկայի և «կանաչ տնտեսության» ոլորտում գործընկերության հնարավորությունները: 2022թ. Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր Սև ծովով ստորջրյա էլեկտրական մալուխ անցկացնելու մասին։ Ադրբեջանը ծրագրում է 5-6 տարում ունենալ 6-8 ԳՎտ վերականգնվող էներգիա՝ պատրաստ արտահանման, իսկ եվրոպական կողմն աջակցում է անհրաժեշտ ենթակառուցվածքի ձևավորման հարցում։
Մյուս առանցքային ոլորտը, որը մեծացնում է Ադրբեջանի կարևորությունը Բրյուսելի համար, հաղորդակցություններն են: Ադրբեջանը հանդիսանում է առանցքային օղակ «Միջին միջանցքում»՝ որպես Եվրոպան Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ կապող ճանապարհ: Ադրբեջանի դերը ու կարևորությունը հատկապես մեծանում է հյուսիսում և հարավում ճանապարհների անկայունության պայմաններում: Այս երթուղին մոտ 2500 կմ-ով ավելի կարճ է Հյուսիսային տրանսպորտային միջանցքից և Չինաստանից Եվրոպա բեռնատար գնացքների տեղափոխումը կարող է կրճատել 5-7 օրով:
2026թ. հունվարին Եվրամիությունը և Ադրբեջանը պայմանավորվել են ամրապնդել գործընկերությունը ԵՄ Global Gateway նախաձեռնության շրջանակում՝ համաձայնելով սկսել ուսումնասիրություն Նախիջևանի երկաթուղու նախագծի զարգացման իրագործելիության վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, ԵՄ-ի համար մեծանում է Կենտրոնական Ասիայի դերը, և Ադրբեջանը կարևորվում է որպես կապող օղակ՝ թե՛ աշխարհագրական, թե՛ քաղաքակրթական առումով: 2025թ. Ադրբեջանը դարձավ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպման ձևաչափի լիիրավ մասնակից: Եթե նախկինում Հարավային Կովկասը Եվրամիության կողմից չէր դիտարկվում որպես միասնական տարածաշրջան, ապա այժմ, հատկապես՝ հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո, Բրյուսելը պատրաստ է դիտարկել Հարավային Կովկասը ոչ միայն միասնական տարածաշրջան, այլև՝ Կենտրոնական Ասիայի հետ միասին, որպես ավելի լայն աշխարհաքաղաքական տարածք: Այս առումով հավասարապես կարևոր են ինչպես Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա սահմանների բացումն ու հաղորդուղիների ապաշրջափակումը, այնպես էլ՝ Բրյուսելի և Թբիլիսիի հարաբերությունների կարգավորումը:
Հաշվի առնելով ԵՄ-Ադրբեջան գործակցության ռազմավարական նշանակությունը՝ Բրյուսելը տարիներ շարունակ երկրորդական է համարել Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտները, որոնք առաջնային նշանակություն են ունեցել ԱլԳ այլ երկրների պարագայում:
Եվրամիության դերը Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ
ԵՄ-ն էլ իր հերթին է Ադրբեջանի առանցքային գործընկերներից մեկը: Նախ, այն Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերն է և ներդրումների հիմնական աղբյուրը։ Ադրբեջանի արտահանման, հատկապես՝ հում նավթի և բնական գազի զգալի մասն ուղղվում է եվրոպական շուկաներ: Այս տարվա հունվարին Ադրբեջանի առևտրաշրջանառության 50 տոկոսը բաժին է ընկել Եվրամիության հետ առևտրին: Էներգառեսուրսների՝ ԵՄ արտահանումը Բաքվի համար ապահովում է կայուն շուկա, երկարաժամկետ էներգետիկ պայմանագրեր և երկրի աշխարհաքաղաքական դերի ամրապնդում: ԵՄ-ի հետ տարանցման ոլորտում համագործակցությունն էլ Ադրբեջանի համար ապահովում է եկամուտների աճ և ամրապնդում է տարածաշրջանի տրանսպորտային հանգույցի դերակատարումը: Մեկ այլ կարևոր ուղղություն են ԵՄ ներդրումները Ադրբեջանի տրանսպորտային, էներգետիկ, թվային ենթակառուցվածքներում:
Ադրբեջանի համար ԵՄ-ը կարևոր գործընկեր է նաև ականազերծման ոլորտում: Team Europe Initiative-ի շրջանակներում ԵՄ-ը և նրա անդամ պետությունները հիմնական ներդրումն են ունենում այդ գործում՝ հատկացնելով, ընդհանուր առմամբ, 23 մլն եվրո: Սակայն, Բաքվի տեսանկյունից, այդ թվերը դեռ անբավարար են, և ֆինանսավորման ավելացումը Ադրբեջանի համար առաջնային կարևորություն ունի:
Չնայած տնտեսական սերտ գործակցությանը՝ Ադրբեջանը երբևէ լրջորեն չի դիտարկել ԵՄ անդամակցությունը կամ խոր ինտեգրումը, ի տարբերություն ԱլԳ մյուս երկրների (չհաշված՝ Բելառուսը), և փորձել է բալանսավորել մյուս ուժային կենտրոնների ազդեցությունը: Ադրբեջանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագիրը բավական «հին» է. «Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը» ստորագրվել է 1996թ., ուժի մեջ մտել 1999թ. և չի արտացոլում ներկայիս քաղաքական ու տնտեսական իրողությունները: Վերջին տարիներին կողմերը աշխատել են այդ շրջանակը թարմացնելու և գործընկերության ավելի ընդգրկուն համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ: Պաշտոնական բանակցությունները սկսվել են 2017թ.: Հավանաբար, այդ փաստաթուղթը կներառի նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության տարրեր: Ադրբեջանի հրաժարումը ԵՄ ինտեգրումից երևաց դեռ 2010-ականներին, երբ մյուս ԱլԳ երկրները (բացի Բելառուսից) շարժվեցին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերի ստորագրման ճանապարհով, Հայաստանն էլ, ի վերջո, 2017թ. ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սակայն Ադրբեջանում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը նման ճանապարհով դիտարկում էին որպես ասիմետրիկ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման կարևորությունը Եվրամիության տեսանկյունից
44-օրյա պատերազմից հետո Եվրամիությունը որոշակի ակտիվություն ցուցաբերեց Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու և միջնորդական որոշակի դեր ստանձնելու ուղղությամբ: Չնայած 2021-2023թթ. ԵՄ ջանքերին՝ դրանք շոշափելի առաջընթաց չունեցան: Այդ ընթացքում Ռուսաստանը ևս աստիճանաբար դուրս մղվեց բանակցային գործընթացից, և երկխոսությունը շարունակեց ընթանալ առավելապես երկկողմ ձևաչափով՝ ընդհուպ մինչև 2025թ. օգոստոսի 8-ը, երբ Վաշինգտոնում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը: Չնայած ԱՄՆ-ի և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի ներգրավվածությանը՝ գործընթացը շարունակում է մեծապես երկկողմ մնալ, ուստի դժվար է պատկերացնել ԵՄ միջնորդությունը խաղաղության ամրապնդման գործում: Միևնույն ժամանակ, Եվրամիությունը կարող է շատ կարևոր գործընկեր դառնալ սահմանազատման և սահմանագծման գործում, Հայաստանի հյուսիսով ավտոճանապարհների և երկաթուղու կառուցման, ինչպես նաև տարածաշրջանի ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման գործում:
Տարածաշրջանային կայուն իրավիճակը կհեշտացնի երկարաժամկետ էներգետիկ նախագծերը, որոնք կապված են Հարավային գազային միջանցքով դեպի Եվրոպա գազի մատակարարման հետ: Խաղաղ միջավայրը տարածաշրջանն ավելի գրավիչ է դարձնում ԵՄ ներդրումների համար։ Բացի այդ, խաղաղության ամրապնդման և տնտեսական նախագծերի միջոցով Եվրամիության ներգրավվածությունը Հարավային Կովկասում Բրյուսելին թույլ է տալիս «դուրս չմնալ խաղից» և մրցակցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Չինաստանի հետ:
Ամփոփում
Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումից, տնտեսական կապերի ձևավորումից ու հաղորդուղիների ապաշրջափակումից շահում են ինչպես Հայաստանը և Ադրբեջանը, այնպես էլ՝ Եվրամիությունը, քանի որ Բրյուսելի տնտեսական և ենթակառուցվածքային շահերն ուղղակիորեն կապված են Հարավային Կովկասում կայունության հետ: ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության հաստատումը ԵՄ-ի համար տարածաշրջանում նոր հնարավորություններ կբացեն: Ուստի, կողմերի համար կարևոր է գտնել համընկնող շահեր և կառուցել համագործակցությունը դրանց ուղղությամբ:
Վարդուհի Հարությունյան, միջազգայնագետ
Աղբյուրներ
https://www.europarl.europa.eu/RegData/etudes/BRIE/2025/779170/EPRS_BRI%282025%29779170_EN.pdf