Հիբրիդային սպառնալիքները ենթադրում են միաժամանակ տարբեր գործիքների կիրառություն՝ տեղեկատվական, տնտեսական, կիբեր, քաղաքական և երբեմն նաև ուժային։ Եթե նախորդ հոդվածում անդրադարձ էր կատարվել Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական և քարոզչական արշավներին, ապա այստեղ հիմնականում կդիտարկվեն հիբրիդային ազդեցության մյուս կարևոր բաղադրիչները՝ կիբերհարձակումները և տնտեսական ճնշումները։ Կանդրադառնամ նաև Կրեմլյան մետանարատիվներին։
Կիբերհարձակումները՝ որպես հիբրիդային սպառնալիքների գործիք։ Կիբերհարձակումները հիբրիդային սպառնալիքների գրեթե անբաժան մասն են։ Հայաստանը նույնպես պարբերաբար ենթարկվել է և շարունակում է ենթարկվել նման հարձակումների։ Առկա տվյալները ցույց են տալիս, որ դրանց զգալի մասը իրականացվում է ռուսական շրջանակներից կամ Ռուսաստանի հետ ասոցացվող խմբերի կողմից։ Մասնավորապես, ըստ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի (CyberHUB-AM) «Հայաստան․ թվային սպառնալիքների համապատկերը» 2025-ին հրապարակված զեկույցի՝ կիբերհարձակումներ իրականացվել են ինչպես առանձին լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կառույցների, այնպես էլ պետական ինստիտուտների նկատմամբ։
Զեկույցում առանձնացվում են Հայաստանի առջև կանգնած հիմնական կիբերսպառնալիքները՝ վարձու լրտեսող ծրագրեր (mercenary spyware), ֆիշինգ, DDoS հարձակումներ, կայքերի կոտրում, հեռակառավարվող տրոյական ծրագրեր (Remote Access Trojans, RAT), ինսայդերական սպառնալիքներ։
Նույն զեկույցը մատնանշում է նաև կոնկրետ ռուսական կառույցների հետ կապվող կիբերխմբեր, որոնք թիրախավորել են հայկական պետական համակարգը։ Մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանի պետական կառույցների հովանավորությամբ գործող տարբեր խմբեր (այդ թվում՝ Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության հետ ասոցացվող APT28 (Fancy Bear) խումբը և Անվտանգության դաշնային ծառայության հետ ասոցացվող Turla խումբը) ակտիվություն են դրսևորել՝ կիրառելով թիրախավորված ֆիշինգ և այլ մարտավարություններ հայկական պետական կառույցների դեմ։
Այս տվյալները ցույց են տալիս, որ կիբերտարածքը դարձել է այն միջավայրը, որտեղ Հայաստանի դեմ իրականացվում են պետության ներքին գործերին միջամտության և ազդեցության գործողություններ։
Հայաստանի դեմ իրականացված մի շարք այլ կիբերհարձակումներ ընդգծում են այս վտանգի համակարգային բնույթը։ CyberHUB-AM-ի տվյալներով՝ 2024 թվականի հունվարին Anonymous Russia հաքերային խումբը իրականացրել է DDoS հարձակումներ Հայաստանի պետական կայքերի, բանկերի և հեռահաղորդակցության ընկերությունների վրա։ Նույն տարվա հունիսին Հայաստանի կառավարական կայքերի վրա DDoS հարձակում է իրականացրել People’s Cyber Army of Russia խումբը։
«Ռուսաստանի Ժողովրդական Կիբեր Բանակը» միջազգային կիբերտարածքում հայտնի խումբ է, որը հայտնի է իր լայնածավալ կիբերգործողություններով։ Նրանց վերագրվել են մի շարք աղմկահարույց կիբերհարձակումներ, որոնցից ամենանշանակալիներից մեկը եղել է հարձակումն Ուկրաինայի միջուկային գործակալության վրա։
Հարկ է նշել, որ «Ռուսաստանի Ժողովրդական Կիբեր Բանակը» ստանձնել է Հայաստանի կառավարական և իրավապահ մարմինների կայքերի նկատմամբ իրականացված մի շարք կիբերհարձակումների պատասխանատվությունը։ Այսինքն, տվյալ դեպքում հարձակումները կատարվել են բավական բաց կերպով։
Հաքերային խումբը իր գործողությունները հիմնավորել էր հայտարարությամբ, որը ամբողջությամբ համընկնում էր Կրեմլի որոշ քարոզչական նարատիվների և հայաստանյան ռուսամետ շրջանակների որոշ հայտարարությունների հետ։
Ուշագրավ է նաև, որ ռուսաստանցի հաքերները իրենց աջակցությունն էին հայտնել Հայաստանում այդ ժամանակ ընթացող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած ընդդիմադիր շարժմանը՝ նշելով, թե նման խնդրանք են ստացել Կրասնոդարի հայ համայնքից։
Տնտեսական ճնշումը՝ որպես հիբրիդային սպառնալիքների գործիք։
Հայաստանի դեմ կիրառվող հիբրիդային գործիքների կարևոր բաղադրիչ է նաև տնտեսական ճնշումը։
Օրինակ, ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Россельхознадзор) պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանից արտահանվող որոշ ապրանքներ չեն համապատասխանում սահմանված չափանիշներին։ Որպես կանոն, նման հայտարարությունները հաճախ համընկնում են Հայաստանի դեմ իրականացվող քարոզչական կամ ապատեղեկատվական կոնկրետ ալիքների հետ։
Հայաստանի փորձագիտական շրջանակներում, մեդիայում հաճախ քննարկվում է նաև, որ Լարսի անցակետի աշխատանքի խափանումները երբեմն կարող են ունենալ ոչ միայն տեխնիկական կամ եղանակային, այլև՝ քաղաքական ենթատեքստ։
Էներգետիկ ոլորտում ևս առկա են ազդեցության լուրջ լծակներ։ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազը հաճախ դիտարկվում է որպես քաղաքական ազդեցության կարևոր գործիք։
Միևնույն ժամանակ, ռուսական պաշտոնական դիսկուրսում ակտիվորեն շրջանառվում են տնտեսական շանտաժ հիշեցնող նարատիվներ, որոնց համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությամբ, և այդ համագործակցությանն այլընտրանք չկա։
Օրինակ, նման հայտարարություններից մեկում նշվում է. «Հայ ամենամեծ սփյուռքը Ռուսաստանի Դաշնությունում է, մեծ գումարներ են փոխանցվում Ռուսաստանից, առևտուրը հիմնականում մեր երկրի հետ է վարվում։ Այս ամենը այնքան էլ չի համապատասխանում ԵՄ ինտեգրմանը»։
Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ 2024-ին արված հայտարարությունները կարելի է դիտարկել որպես թաքնված տնտեսական շանտաժի լավագույն օրինակներից մեկը։ Լավրովը, մասնավորապես, նշել է․ «Գազպրոմ-Հայաստանը» հազար խորանարդ մետրի դիմաց 177 դոլարով բնական գազ է մատակարարում։ Արևմուտքում 2-3 անգամ ավելին են վճարում։ Եթե ցանկանում են Հայաստանն իրենց գազով ջեռուցել, չգիտեմ՝ դա ինչպես կլինի։ Եթե նրանք, ինչպես ամերիկացիներն են ցանկանում, փակեն ատոմակայանն ու այն փոխարինեն իրենց փոքր մոդուլային ռեակտորներով… Հարավկովկասյան երկաթուղին այս տարիների ընթացքում ուղևորափոխադրումների, ենթակառուցվածքային ներդրումների համար արտոնյալ գներ է սահմանել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը հանրապետության բյուջեի հիմնական ներդրողն է։ Հետևաբար, նրանք, ովքեր փորձում են Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ կողմից «փոքրիկ Հայաստանի» շահագործման «պատկեր» ստեղծել, պետք է դրա մասին մտածեն»։
Հայաստանի վերաբերյալ Կրեմլյան մետանարատիվները։
Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ ռուսական շրջանակներից եկող հիբրիդային սպառնալիքները, որոնք իրականացվում են հիմնականում մասշտաբային բազմաբնույթ ապատեղեկատվական արշավներով, կիբերհարձակումներով, տեղական պրոքսի ուժերի միջոցով երկիրը ապակայունացնող գործողություններով, տնտեսական շանտաժով, կառուցված են մի քանի նարատիվների վրա։ Կան, այսպես ասած, մետանարատիվներ, որոնց շրջանակներում ձևավորվում են իրավիճակային, միկրոնարատիվները։ Հիմնական մետանարատիվն այն է, որ գործող իշխանությունները Արևմուտքի գործիքն են, նրա կողմից են բերվել իշխանության՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և Հայաստանը գլոբալիստների համար պլացդարմ դարձնելու նպատակով։ Ըստ այդ մետանարատիվի, իշխանությունները Արևմուտքի աջակցությամբ քայքայում են հայ ինքնությունը, ավանդական արժեքները և այլասերում հայաստանցիներին։
Հարկ է նշել, որ եթե պաշտոնական Մոսկվան, որպես կանոն, զգուշորեն կամ քողարկված ձևով է առաջ քաշում իր նարատիվները, ապա նրա հիմնական պրոպագանդիստները չեն խորշում Հայաստանի իշխանություններին ուղղակի թիրախավորելուց՝ օգտագործելով բոլոր հնարավոր տեխնոլոգիաները։ Սրա մասին խոսել եմ առաջին և երկրորդ մասերում։ Այստեղ կբերեմ ևս մեկ նմանատիպ օրինակ։
2023-ի հոկտեմբերին ռուսական առաջին հեռուստաալիքը կեղծիքներով, ծայրահեղ բնույթի վիրավորանքներով և մանիպուլյացիաներով լի մի ամբողջ մեծ հաղորդում էր պատրաստել անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հաղորդմանն ուղեկցող տեքստից վերցված այս հատվածները, ըստ էության, ներկայացնում են Հայաստանի վերաբերյալ կրեմլյան պրոպագանդայի հիմնական նարատիվների զգալի մասը․ «Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրաժարվել է ռուսական կողմի առաջարկած Լեռնային Ղարաբաղի խաղաղության ծրագրերից՝ ասելով «կպատերազմենք», իսկ վերջում տարածքը հանձնել է առանց մարտի…», «շարժվում է դեպի Արևմուտք», «օգնել է ԱՄՆ-ին՝ բորբոքել հակամարտություններով լի տարածաշրջանը», «կամ փորձում է «երկու աթոռի վրա նստել», կամ էլ ցանկանում է նախկին դաշնակիցներից, որոնց արդեն դասել է ոչ բարեկամ հարևանների շարքը, անցնել նոր հովանավորների մոտ՝ արդեն պաշտոնապես․․․»։
Վերջաբան։ Նշեմ, որ հիբրիդային սպառնալիքների առկայության փաստն ամենևին չի նշանակում, որ այն իրականացնող պետությունը հրաժարվում է հարաբերություններ ունենալ թիրախ հանդիսացող երկրի հետ։ Դա նաև չի նշանակում, որ Հայաստանը չի կարող ունենալ հարաբերություններ հարձակումների աղբյուր հանդիսացող պետության հետ։
Սակայն նման գործիքների կիրառումը հիշեցնում է, որ միջազգային հարաբերություններում, հատկապես՝ խոշոր ավտորիտար պետությունները, հաճախ օգտագործում են ազդեցության և ճնշման բազմազան մեխանիզմներ։ Հիբրիդային ազդեցության այս մեխանիզմները հաճախ օգտագործվում են այն իրավիճակներում, երբ պետությունը ցանկանում է ազդեցություն գործադրել՝ խուսափելով բաց ռազմական հակամարտությունից։
Հետևաբար, Հայաստանի համար առաջնային է մնում պետական ինստիտուտների, տեղեկատվական միջավայրի և կիբեռանվտանգության համակարգերի դիմադրողականության ամրապնդումը, ինչպես նաև՝ արտաքին տնտեսական և քաղաքական կապերի դիվերսիֆիկացման քաղաքականության խորացումը։
Էդգար Վարդանյան