«Հայկական խորհուրդ» հետազոտական կազմակերպության կոչը՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու վերաբերյալ
«Հայկական խորհուրդ» հետազոտական կազմակերպությունը մտահոգությամբ է հետևում քաղաքացիական ակտիվիստ Արթուր Օսիպյանի կալանավորման և արդեն 18 օր շարունակվող հացադուլի շուրջ զարգացումներին, որոնք կարող են անդառնալի վնաս հասցնել նրա առողջությանը և նույնիսկ հանգեցնել ողբերգական հետևանքների։
2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից մեկը խոսքի ազատության, քաղաքական բազմակարծության և հանրային քննադատության իրավունքի ամրագրումն է։ Չնայած Օսիպյանի մի շարք հայտարարություններ և հրապարակումներ առաջ են բերում հիմնավոր քննադատություն և անհամաձայնություն, տեղի ունեցած միջադեպի ամբողջ համատեքստը՝ հուզական բանավեճը և դրան հաջորդած կալանավորումը, լուրջ մտահոգություններ են առաջացնում Հայաստանում արդարադատության անկախության և ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ։
Այսօր՝ ընտրություններին նախորդող զգայուն ժամանակահատվածում, երբ Հայաստանը միաժամանակ ենթարկվում է արտաքին ճնշումների և հիբրիդային ազդեցությունների, մեր երկիրը կանգնած է պատմական ընտրության առաջ՝ ազատության և անազատության, ժողովրդավարության և ավտորիտարիզմի, ինքնիշխանության ամրապնդման և Հայաստանը արտաքին ուժերի հենակետի ու «գուբերնիայի» վերածելու միջև։ Այս պայմաններում չափազանց կարևոր է անել ամեն ինչ, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ իր կատարած ընտրությունը սկզբունքորեն տարբերվում է այն այլընտրանքից, որը Հայաստանին առաջարկում են արտաքին օրակարգեր սպասարկող ուժերը։ Որպեսզի այդ տարբերությունը մնա հստակ, համոզիչ և տեսանելի՝ ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանում չպետք է լինեն Օսիպյանի նման կալանավորված անձինք։
Ներքին համերաշխության ամրապնդումը, հասարակության մեջ խաղաղության և փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը ոչ միայն պետական իշխանության կարևոր գործառույթներից են, այլ նաև քրիստոնեական արժեհամակարգի հիմնասյուներից։ Այսպիսի իրավիճակներում իշխանությունը կրում է առավել մեծ պատասխանատվություն, քան առանձին քաղաքական ուժերը, խմբերը կամ անհատները։
Մենք համոզված ենք, որ Արթուր Օսիպյանի ազատ արձակումը կարևոր է իրավական, քաղաքական, բարոյական և մարդասիրական տեսանկյուններից, հետևաբար «Հայկական խորհուրդ» հետազոտական կազմակերպությունը կոչ է անում ազատ արձակել Արթուր Օսիպյանին։