Հիբրիդային հարձակման ինֆորմացիոն ուղղությունները՝ նարատիվների մակարդակում:
Ներկայումս ամենակիրառվող քարոզչական ռումբը Ռուսաստանի հետ հավանական տնտեսական պատերազմն է։ Այս սպառնալիքը մեդիայում լայնորեն տարածում են ընտրություններին մասնակցող ռուսամետ ուժերը։ Նպատակը վախի ներշնչումն է հայաստանցի ընտրողին, որ Մոսկվան պատժամիջոցներ կկիրառի Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում, և հանուն տնտեսական կայունության՝ անհրաժեշտ է ընտրել ռուսամետ ուժերին։ ՌԴ-ի նախագահ Պուտինը և փոխվարչապետ Օվերչուկը բաց ակնարկել են, որ եթե Երևանը շարունակի ԵՄ-ին մերձեցումը, բացասական տնտեսական հետևանքներ կլինեն։ Այս թեման լայնորեն շահարկում են պրոռուսական քաղաքական գործիչները և մեդիաները՝ թիրախավորելով ընտրողին։ Քարզոչությունը կիրառվում է ահուսարսափ տարածելու նպատակով։ Սա հիբրիդային հարձակման դասական օրինակ է՝ կազմակերպված Կրեմլից, որն սպասարկվում է հայաստանյան մեդիա-քաղաքական շրջանակների կողմից։
Զուգահեռաբար, տեղի է ունենում ԱՄՆ-ն և ԵՄ-ն անվանարկում, իբր նրանք, հանուն իրենց շահերի, Հայաստանն օգտագործում են Ռուսաստանի դեմ իբրև ֆորպոստ և դիմակայությունների վայր։ Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի եվրոպական խմբի գործուղումը Հայաստան լակմուսի թուղթ էր։ Այն ռուսամետ քաղաքական ուժերը, որոնք իրենց դեմքով և մեդիա-քարոզիչների միջոցով ներգրավված են Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների մեջ, ԵՄ-ին մեղադրեցին հայկական ներքին քաղաքականությանը միջամտելու մեջ։
Հիբրիդային գրոհների հարվածային նարատիվն, անշուշտ, Հայաստանի «թրքացման», «Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու» թեզերի պրոպագանդումն ու արմատավորումն է։ Այս նարատիվը լայնորեն օգտագործվում է պրոռուսական ուժերին առաջիկա ընտրություններին աջակցելու նպատակով:
Որպեսզի նրանք հաղթեն, հասարակական կարծիքը զոնդաժի է ենթարկվում՝ փորձելով ռուսամետ թեզերով «տեղավորվել» մարդկանց գիտակցության մեջ։ Ռուսամետ ուժերը ներկայանում են իբրև «ազգային» ու «հայրենասեր»: Հիմնական նպատակն է՝ քողարկել, որ նրանք կրեմլյան օրակարգն են սպասարկում։ Թվում է՝ նրանք պրոպագանդում են հայրենասիրական գաղափարներ, սակայն վերջնարդյունքում պարզ է դառնում, որ այդ «վեհ, ազգային» նպատակներն իրագործելու, զիջումներ չանելու համար անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի ազդեցությունը, հատկապես՝ հայ-ադրբեջանական խաղաղության և ապաշրջափակման գործընթացներում։
Քաղաքական ինժեներիայի այս աշխատանքը իրագործելիս օգտագործվում է Հայաստանի մեդիադաշտի պրոռուսական հատվածը, որը ֆինանսական ներարկումներ է ստանում ռուսամետ ուժերից։ Պարզունակ կեղծ լուրերից և ապատեղեկատվական օպերացիաներից բացի, առաջ են մղվում ռուսական ազդեցության վերադարձին և արմատավորմանը նպաստող նարատիվներ։ Մեկ ձևակերպմամբ, «որպեսզի ազգային, հայրենասեր ուժերը վերականգնեն հայի ոտնահարված արժանապատվությունը, անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ խաթարված հարաբերությունները, և դրա շնորհիվ կունենանք արժանապատիվ խաղաղություն՝ ճնշելով Ադրբեջանին և Թուրքիային»։ Հասկանալի է, որ սա ենթադրում է կոնֆլիկտի և պատերազմական տրամաբանության շարունակում։ Այս նարատիվների քարոզչությունը նպատակ ունի հայաստանյան ընտրողին ուղղորդել դեպի ռուսամետ ուժեր, այսինքն՝ Ռուսաստանի ազդեցության վերականգնման օրակարգ։ Մեդիադաշտն ու սոցցանցերը կարևորագույն գործիքներ են՝ այս ծրագիրն իրականացնելիս։ Արհեստական բանականության միջոցով ստեղծվում է կոնտենտ, որը վարկաբեկում է Հայաստանի կառավարությանը, կասկածի տակ է դնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ գործակցության ձեռքբերումները՝ առաջ մղելով ռուսական պետական շահերը։
Հիբրիդային սպառնալիքը մեդիայի ուղեկցությամբ՝ իրական կյանքում․ դասական օրինակ: 2020 թվականի 44-օրյա պատերազմից և ԼՂ-ի հայաթափումից հետո ռուսական հիբրիդային ազդեցության գործիքները դարձել են առավել ագրեսիվ։ Վախի և անկայունության մթնոլորտի ստեղծումը ևս առաջնային նպատակ է։ Թե՛ մեդիաներով, թե՛ պրոռուսական «խոսող գլուխների» միջոցով շարունակվում է այն թեզի տարածումը, թե իբր առանց Ռուսաստանի՝ Հայաստանը կդադարի գոյություն ունենալ որպես պետություն։
Հիբրիդային հարձակումների գործիքակազմը ակտիվորեն փորձարկվեց 2020-ի պատերազմից հետո։ Այն այսօր կատարելագործված տեսքով կիրառվում է նախընտրական շրջափուլում։ Ապատեղեկատվությունից բացի, հիբրիդային հարձակումները դրսևորվում են նաև իրական կյանքում։ 44-օրյա պատերազմում պարտության շոկը և սարսափն օգտագործելով՝ պրոռուսական ընդդիմությունը իշխանության հրաժարականի պահանջով փողոցային բողոքի բազմաթիվ գործողություններ է գեներացրել։ Հենց Ադրբեջանը ռազմական ագրեսիայի էր ենթարկում Հայաստանն ու Ղարաբաղը, պրոռուսական ընդդիմությունը դուրս էր գալիս փողոց և կառավարության հրաժարական պահանջում։ Ըստ էության, փորձ է արվել արտաքին անվտանգային վատթար իրավիճակն օգտագործել իշխանափոխության նպատակով։ 2023թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին Երևանի Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարները քարեր, շշեր և ձվեր նետեցին Կառավարության շենքի ուղղությամբ։ Որոշ ցուցարարներ նաև փորձեցին ներխուժել շենք, ինչը հանգեցրեց ոստիկանության հետ բախումների, որոնց ընթացքում կիրառվել են լուսաձայնային նռնակներ։ Բողոքի ակցիաների ընթացքում տրանսպորտային միջոցներ վնասվեցին, կոտրվեցին կառավարական շենքի լուսամուտները։
Այն պահին, երբ Լեռնային Ղարաբաղի հայությունը բռնի տեղահանվում էր, Երևանի կենտրոնում կոպիտ մեթոդներով պահանջում էին իշխանափոխություն։ Ցույցերի այդ օրերին ոստիկանությունը բերման է ենթարկել հարյուրավոր անձանց՝ զանգվածային անկարգությունների և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով։ Հայաստանում քաոս առաջացնելու այս գործողություններն ամբողջությամբ տեղավորվում են հիբրիդային գրոհների տրամաբանության մեջ։ Այս ցույցերն ուղիղ եթերով հեռարձակում էին ինչպես տեղի պրոռուսական, այնպես էլ ռուսական պետական լրատվամիջոցները, որոնցից Russia Today-ի եթերը վերահեռարձակվում էր Բաքվում։ Ընդդիմադիր-պրոռուսական մեդիաները լայնորեն լուսաբանում էին այս իրադարձությունները՝ ոչ որպես անկողմնակալ հետևող աչք, այլ որպես իրադարձությունների ուղղակի շահառու, երբեմն էլ՝ միջադեպեր հրահրող։
Հիբրիդային հարձակումներ ներսից՝ հայաստանյան մեդիայի և քաղաքական դերակատարների օգտագործումով: Կրեմլի հիբրիդային սպառնալիքների որոշ տարատեսակներ գրեթե անտեսանելի են, և դրանով իսկ՝ խիստ վտանգավոր։ Հայաստանցին ճանաչում է ռուսական քարոզիչներին և մեծամասամբ ունի իմունիտետ՝ հակահայաստանյան նարատիվները «կուլ չտալու» առումով։ Սակայն հանրությունն անպաշտպան է հայաստանյան մեդիա և քաղաքական դերակատարների միջոցով կեղծ, փաստազուրկ, պրոռուսական նարատիվների քարոզչության առաջ։
Մարդիկ, բնազդաբար, ավելի շատ վստահում են իրենց հայրենակցին, իրենց լեզվով խոսողին կամ իրենց սիրելի լրագրողին, քան՝ օտարերկրյա քարոզչին։ Կեղծիքի մատուցումը տեղական մեդիայի միջոցով առավել արդյունավետ օգտագործվող միջոցն է, քանի որ այն ընկալվում է ոչ թե որպես «թշնամական քարոզչություն», այլ՝ որպես «այլընտրանքային կարծիք» կամ «դառը ճշմարտություն»։ Ռուսական պրոպագանդիստները հաճախ թույլ են տալիս կոպիտ սխալներ՝ չհասկանալով հայաստանյան ներքին կոնտեքստը։ Իսկ ներքին ռուսամետ թեզեր քարոզող դերակատարները գիտեն պատերազմներ և աղետներ ապրած հայաստանյան հասարակության «ցավոտ կետերը» կամ պատմական վերքերը։ Վտանգն այն է, որ նրանք կարողանում են ապատեղեկատվությունը փաթեթավորել այնպիսի բառապաշարով, որն անմիջապես հուզական արձագանք է առաջացնում։ Օրինակ, Հայաստանի ղեկավարության և թուրք, ադրբեջանցի պաշտոնյաների շփումները ներկայացվում են իբրև «թրքացման», «զիջողականության» դրսևորումներ։ Օգոստոսի 8-ից մինչ օրս հայաստանյան ռուսամետ մեդիան ողողված է «ահազանգերով», թե «Թրամփի ուղին» կտրում է Իրանի հետ կապը և այն «թուրանական միջանցք է», թե Հայաստանը ԱՄՆ-ից գնած դրոններով լրտեսելու է Իրանին, որ Արևմուտքը գալիս է՝ Հայաստանն Իրանի և ՌԴ-ի դեմ օգտագործելու նպատակով և այլն։
2026-ի փետրվարի 3-ից 13-ն անցկացված հարցման համաձայն՝ Հայաստանի բնակչության 24%-ը լիովին աջակցում է «Թրամփի ուղի» նախագծին, իսկ 20%-ը՝ մասնակի: Հարցվածների 34%-ը կատեգորիկ դեմ է նախագծին, իսկ 13%-ը՝ մասնակի դեմ: Հարցվածների 7%-ը կարծում է, որ TRIPP-ի իրականացման հիմնական թերությունը կարող է լինել Սյունիքը կորցնելու վտանգը:
Նույն ինստիտուտի հարցման տվյալներով՝ Ռուսաստանն ընկալվում է Հայաստանի թիվ 1 քաղաքական գործընկերը (43%), և առաջ է նույնիսկ ԱՄՆ-ից (42%)։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Հայաստանն ԱՄՆ-ի միջնորդության շնորհիվ Ադրբեջանի հետ նախաստորագրեց խաղաղության համաձայնագիր, ԱՄՆ-ի հետ՝ «Թրամփի ուղի» նախագծի շնորհիվ, շանս է ստանում խուսափել սեփական ինքնիշխանության ոտնահարմամբ ապաշրջափակումից:
Ռուսաստանի՝ թիվ 1 քաղաքական գործընկեր ընկալվելու ֆենոմենը կարող է բացատրվել «հետգաղութային սինդրոմով», երբ գաղութը վախենում է իրեն լիակատար զգալ, հատկապես, երբ ներքին դերակատարներն ու մեդիան ամբողջ օրը վերարտադրում են ռուսամետ պատմույթներ։ Առկա են բազմաթիվ դրսևորումներ, երբ լրատվամիջոցները «սենսացիոն» վերնագրերով խուճապ են առաջացնում, օրինակ, հղում անելով ինչ-որ թուրքական լրատվամիջոցների, պնդելով, թե «Էրդողանի հրամանով Հայաստանում» մզկիթներ են կառուցվելու, «Ռուսաստանից հեռանալով՝ Հայաստանը թրքանում է» կամ «քննարկվում է 300 հզ․ ադրբեջանցու՝ Հայաստանում վերաբնակեցման հարցը»։
Տեղեկատվա-քարոզչական այս գրոհը նպատակ ունի արգելափակել Հայաստանի կողմից անկախ արտաքին քաղաքականության վարումը, հասարակության մոտ վախեր առաջացնել ԵՄ-ի հետ մերձեցման նկատմամբ՝ դա ներկայացնելով իբրև «արկածախնդիր հակառուսականություն», որը կբերի Հայաստանի «ուկրաինացման»։ Սա ոչ միայն ճնշում է հասարակության գիտակցության դեմ, այլև՝ իշխանության պրոեվրոպական քայլերը կաշկանդելու նպատակ ունի։
Անկախ մեդիան՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի առաջամարտիկ: Ռուսամետ մեդիայից դուրս են ոչ բազմաքանակ անկախ լրատվամիջոցներ, որոնք այսօր պետության դիմակայունության ամրապնդման հարցում լրջագույն դեր ունեն։ Եթե ռուսամետ օրակարգ սպասարկող մեդիամիջոցներով մանիպուլյացիա և մոլորեցնող տեղեկատվություն է հրապարակվում, ապա անկախ մեդիաները փորձում են բացահայտել կեղծ լուրերն ու նարատիվները, քանդել դրանց հիմքում դրված անիրական և մտացածին «փաստարկները»։
Հայաստանում գործող փաստերի ստուգման հարթակները կեղծ տեղեկատվությունը քանդող, կեղծիքը բացահայտող դեր ունեն․ բացատրում են դրանց ծագումն ու նպատակները։ Բախվելով ապատեղեկատվական գրոհների՝ հայաստանյան հանրությունն սկսել է տարբերել փաստը մանիպուլյացիայից։ Իհարկե, մեդիագրագիտությունը դեռևս բավարար մակարդակի վրա չէ, սակայն կարելի է նկատել, որ, անկախ լրատվամիջոցների և փորձագետների աշխատանքի շնորհիվ, հասարակությունը որոշակի «իմունային համակարգ» է ձևավորել տեղեկատվական վիրուսների դեմ։
Միաժամանակ, անկախ մեդիաները ռուսամետ կեղծ նարատիվներին հակադրում են ինքնիշխան պետականակենտրոն նարատիվներ, որոնք շեշտադրում են Արևմուտքի հետ գործընկերության հարցում Հայաստանի ունեցած հնարավորությունները, ժողովրդավարության և անվտանգության սինխրոն, ոչ հակադիր լինելը։
Հիբրիդային պատերազմի ժամանակ լրագրողական էթիկան դառնում է անվտանգության հարց։ Մեդիան պիտի մնա անկախ, սակայն ռազմավարական հաղորդակցության հարցում պետության հետ պետք է լինի որոշակի համակարգում, հատկապես՝ ճգնաժամային իրավիճակներում։ Սա չի նշանակում գրաքննություն, այլ ենթադրում է տեղեկատվության հավաստիության և ժամանակին տրամադրման ապահովում։ Ցավոք, այս հարցում անկանոնություն և քաոս է։
Ռուսական հիբրիդային հարձակումները նպատակ ունեն կոտրել հայ հասարակության կամքը և հավատը սեփական պետության ապագայի հանդեպ։ Մեդիան պայքարի առաջնագծում է։ Միայն ազատ, պրոֆեսիոնալ և մեդիագրագետ լրատվական դաշտը կարող է դիմակայել Հայաստանի պետականությունը գրոհող հարձակումներին։
Թե ինչպես կավարտվի Հայաստանի դեմ ռուսական հիբրիդային պատերազմը․ արդյունքները տեսանելի կլինեն հունիսի 8-ի վաղ առավոտյան։ Սակայն, հաշվի առնելով Ռուսաստանի ռազմավարական շահերի երկարաժամկետ լինելու գործոնն ու Հայաստանն իր ազդեցության գոտուց դուրս չթողնելու իդեա-ֆիքսը, սպառնալիքները, ամեն դեպքում, շարունակական կլինեն։
Արմեն Հարությունյան