Սույն հոդվածում փորձ է արվում պարզելու Հարավային Կովկասում և, մասնավորապես, հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում ԱՄՆ ներգրավվածության դրդապատճառները։ Կարծիք է ներկայացվում այն մասին, որ դրա համար սկզբունքային նշանակություն ունեցավ արհեստական բանականության շուրջ ծավալվող սուր մրցակցությունը, որն ընթանում է ԱՄՆ և իր գլոբալ հակառակորդ Չինաստանի միջև։ Հոդվածում ներկայացվում է տվյալ ասպարեզում տեղի ունեցող զարգացումների հետ կապված որոշ մանրամասներ և Հարավային Կովկասում վերջին ժամանակներում ԱՄՆ ձեռնարկած քայլերի հետ դրանց ունեցած աղերսը։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու ԱՄՆ-ն կնքեցին Հայաստանի տարածքով անցնող TRIPP ճանապարհի շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այդ ծրագիրը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի անբաժան և գուցե կենտրոնական տարրն է։ Այն, որպես հիմնական գործառույթ, կոչված է ծառայելու տարածաշրջանում կայունության հաստատմանը և փոխշահավետ տնտեսական կապերի ստեղծմանը։ Դրա հետ մեկտեղ, այն նաև ԱՄՆ համար կարևոր այլ գործառույթների է ծառայում։ Այն կոչված է նաև ապահովելու ԱՄՆ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտին վերաբերող մատակարարման շղթաների անխափան գործունեության ապահովմանը։ Տվյալ հարցում բանալի բառը արհեստական բանականությունն է, քանզի հենց դրա առանցքի շուրջ է կառուցվում տարածաշրջանում ներկայությունն ամրապնդելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հարցում ամերիկյան կողմի հիմնական շարժառիթներից մեկը։ Թեև ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության համար ռազմավարական բնույթի այլ շարժառիթներ ևս կան, բայց սա թերևս ամենաակնհայտն է։ Արհեստական բանականության շուրջ աշխարհում ընթացող մրցակցությունն այն գործոնն է, որը լրացուցիչ խթան է հաղորդում տվյալ ուղղությամբ ամերիկյան գործողություններին։
Ներկայումս սուր մրցակցություն է ծավալվել արհեստական բանականության բնագավառում առաջատարության համար։ Այն ընթանում է ժամանակակից աշխարհի երկու գերտերությունների՝ ԱՄՆ և Չինաստանի միջև։ Տեխնոլոգիական այդ մրցակցությունն ունի հստակ աշխարհաքաղաքական համատեքստ։ Դա կարևորվում է այն պարզ պատճառով, որ հաղթողը կարող է հակառակորդի նկատմամբ տնտեսական և ռազմական բացարձակ առավելություն ձեռք բերել և այդպիսով ապահովել գլոբալ առաջատարությունը։
Ուշագրավ է նկատել, որ փորձագետները կարծում են, թե արհեստական բանականությունն իր զարգացման արդյունքում կարող է ստեղծել տեխնոլոգիական գերհզոր գործիք՝ գերբանականություն (superintelligence)։ Այն կարող է հանգեցնել գիտության և տեխնիկայի պայթյունակերպ զարգացմանն ու արտադրողականության սրընթաց աճին1։ Այն, ի վերջո, կարող է հասցնել մի հանգրվանի, որն անվանում են Մեծ փոխակերպում (Great Divergence)2։ Զուգահեռն այստեղ անցկացվում է արմատական այն փոփոխության հետ, որը տեղի էր ունեցել XIX դարում՝ ինդուստրիալ հեղափոխության հետևանքով։
Նշյալ մրցակցությունն այսօր ընթանում է մի քանի հիմնական ուղղությամբ։ Դրանցից մեկը հաշվողական հզորությունն է, մյուսը՝ արհեստական բանականության մոդուլները, երրորդը՝
արհեստական բանականության կիրառման գործիքները։ Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն շոշափելի առավելություն ունի, հատկապես՝ նշված բնագավառներից առաջինում։ Չինաստանը, սակայն, արագորեն կրճատում է երկրորդ և երրորդ բնագավառներում գոյություն ունեցող տարբերությունը3։
Միացյալ Նահանգները ձգտում է պահպանել առաջատարի իր դիրքերը։ Դրա համար նա ոչ միայն պետք է ապահովի իր տեխնոլոգիական գերակայությունը, այլև վերացնի այդ առումով գոյություն ունեցող խոցելիությունը։ Վերջինս սպառնում է հատկապես մատակարարման շղթաների անխափան գործունեությանը։ Բանն այն է, որ բարձր տեխնոլոգիաների և, հատկապես, արհեստական բանականության «hardware»-ի ու, մասնավորապես, կիսահաղորդիչների համար, որի վրա և հիմնված է հաշվողական հզորությունների աշխատանքը, անփոխարինելի է կենսական նշանակություն ունեցող որոշ հանքանյութերի դերը։ Դրանց շարքում ավելի մեծ է հազվագյուտ հողային մետաղների կարևորությունը։ Դա 17 էլեմենտից բաղկացած մետաղների խումբ է, որն առատորեն կիրառվում է ոչ միայն քաղաքացիական, այլ նաև՝ ռազմական կարիքների համար4։
Ճակատագրի հեգնանքով հենց Չինաստանն է, որ հարուստ է հազվագյուտ հողային մետաղների պաշարներով։ Որոշ տվյալներով՝ Չինաստանին բաժին է հասնում այդ մետաղների կորզման մոտ 60 տոկոսը: Սակայն անհամեմատ շատ ավելի մեծ է դրանց վերամշակման բնագավառում նրա տեսակարար կշիռը։ Որոշ գնահատականներով՝ երկիրը վերահսկում է այդ մետաղների մշակման 90 տոկոսը։ Այս իրողությունն, անշուշտ, սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար, քանզի խիստ խոցելի է դարձնում կարևորագույն ոլորտներում արտադրության մատակարարման շղթաները։ Ըստ էության, անկյունաքարային նշանակություն ունեցող մրցավազքում ԱՄՆ աքիլեսյան գարշապարը հենց սա է5։
Տվյալ իրավիճակում ԱՄՆ-ի համար կարևոր են դառնում այլընտրանքային մատակարարման աղբյուրները։ Այդպիսի այլընտրանքներից մեկը, բայց, թերևս, ոչ ամենակարևորը, Կենտրոնական Ասիան է։ Այն իր ընդերքի հարստությունների շնորհիվ ռազմավարական նշանակություն է ձեռք բերել և հետզհետե վերածվում է ԱՄՆ և Չինաստանի միջև մրցակցության թատերաբեմի6։
Այդ տարածաշրջանի հետ կապերն ամրապնդելու նպատակով 2025թ․ նոյեմբերին Վաշինգտոնում C5+1 ձևաչափով գագաթաժողով է անցկացվել։ Ձեռք բերված համաձայնությունները ընդգծում են տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը։ Գագաթաժողովը երբեմն նույնիսկ «կրիտիկական հանքանյութերի դիվանագիտություն» են անվանում։7
Քարտեզին նետած հպանցիկ հայացքն անգամ բավարար է՝ համոզվելու, որ Կենտրոնական Ասիայից դեպի Արևմուտքի երկրների շուկաներ տանող միակ վստահելի ճանապարհը, որ բավարարում է անվտանգության և հուսալիության ԱՄՆ պահանջներին, տվյալ պահին անցնում է Հարավային Կովկասով։ Խոսքն այնպիսի ճանապարհի մասին է, որը շրջանցում է Իրանը և Ռուսաստանը։ Եւ այստեղ է, որ ԱՄՆ համար կարևորվում է Հարավային Կովկասում կայունությունը, ինչպես նաև՝ հաղորդակցության հուսալի կերպով աշխատող տարանցիկ ուղիների գոյությունը։ TRIPP ճանապարհը տվյալ պատկերում կենտրոնական տեղ է զբաղեցնում։ Այն, հայ-ադրբեջանական խաղաղությանը նպաստելու բուն գործառույթներից զատ, կոչված է նաև ծառայելու Կենտրոնական Ասիայից կրիտիկական հանքանյութերի անխափան փոխադրմանը։
Ամփոփում
TRIPP ճանապարհի գործարկումն անկյունաքարային նշանակություն է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական հաստատման հարցում։ Վերջինս կնպաստի տարածաշրջանային կայունությանը և նախադրյալներ կստեղծի տարածաշրջանի երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության համար։ Շատ դժվար է պատկերացնել, որ այդ գործընթացները սկիզբ կառնեին և կընթանային նույն տրամաբանությամբ՝ առանց ԱՄՆ անմիջական ներգրավման։ Սակայն միջազգային ասպարեզում ԱՄՆ ներկա վարչակազմի գործելաոճը գործարքային է (transactional)։ Իսկ դա հուշում է, որ տվյալ հարցում ակտիվության համար այն, «այլասիրական» կամ Ռուսաստանի և Չինաստանի զսպմանը վերաբերող ընդհանուր բնույթի աշխարհաքաղաքական նպատակներից զատ, պետք է նաև հստակ ու կարճաժամկետ առումով տեսանելի շահ ունենա։ Կենտրոնական Ասիայի նկատմամբ հետաքրքրությունը, որը պայմանավորված է արհեստական բանականության ասպարեզում սկզբունքային մրցակցությամբ և այդ տարածաշրջանում իր հակառակորդների միանձնյա վերահսկողությունը բացառելու պահանջով, հանդիսացավ այն կատալիզատորը, որը խթանեց ԱՄՆ ներգրավումը Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին և նպաստեց նրա ակտիվությանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։
Հրաչյա Թաշչյան
1 Jake Sullivan and Tal Feldman, “Geopolitics in the Age of AI, Strategy and Power in an Uncertain AI Future” Foreign Affairs, January 27, 2026․
2 Artificial Intelligence and Great Divergence, The US Council of Economic Advisers, January 2026․
3 Colin H. Kahl, “The Myth of the AI Race: Neither America Nor China Can Achieve True Tech Dominance”, Foreign Affairs, January 12, 2026.
4 Jocelyn Hong, “Access to Critical Minerals is the Achilles’ Heel of Trump’s AI Ambitions”. Tech Policy, Sep. 5, 2025.
5 Ibid.
6 Anton Troianovski, Ana Swanson, Paul Sonne, “In Cozying Up to Trump, Leaders Hedge Their Reliance on Moscow and Beijing”, New York Times, Nov. 7, 2025.
7 Zeynep Gizem Özpinar, “Pipelines and rare elements: Central Asia as new US frontier”, Daily Sabah, Nov 11, 2025.