Հայաստանում երիտասարդների քաղաքական մասնակցության մակարդակը շարունակում է մնալ մտահոգիչ ցածր։ Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) 2024 թ. տվյալների՝ 18-35 տարեկան երիտասարդների 76%-ը չի վստահում որևէ քաղաքական կամ հասարակական գործչի։ Քաղաքական ապատիան, ինստիտուցիոնալ վստահության ճգնաժամը, քաղաքականության նկատմամբ օտարացած վերաբերմունքը և տեղեկացվածության պակասը խոչընդոտում են երիտասարդների մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին։
Վերջին տարիների սոցիալ-քաղաքական և անվտանգային զարգացումները խորացրել են այդ տենդենցը՝ հանգեցնելով պասիվության, անտարբերության և հասարակական պատասխանատվության մերժման։ Այս համատեքստում, առաջիկա 2026թ․ խորհրդարանական ընտրությունները կարիք ունեն նոր ձևաչափերով ներգրավվածության խթանման, քաղաքական մշակույթի վերաիմաստավորման և վստահության վերականգնման։
Հենց այս նպատակով «Երիտասարդ քաղաքագետների ակումբ» նախաձեռնությունը, որ գործում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնին կից, հունիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ֆոկուս-խմբային քննարկումներ Հայաստանի 6 մարզերը ներկայացնող 29 երիտասարդի հետ, ուսումնասիրել է երիտասարդների քաղաքական ապատիան հաղթահարելու՝ միջազգային հաջողված փորձը և ներկայացրել է այն մեխանիզմները և գործիքակազմը, որոնք կարող են նպաստել Հայաստանում երիտասարդների քաղաքական և քաղաքացիական մասնակցայնությանը, այդպիսով խթանելով ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում։
Զեկույցը կազմելիս հիմք են ընդունվել ոչ միայն միջազգային փորձի ուսումնասիրությունը և բուն ֆոկուս-խմբային քննարկումների մասնակիցների արտահայտած կարծիքները, այլև՝ Երիտասարդ քաղաքագետների ակումբի այլ տեղեկատվական հանդիպումների ժամանակ երիտասարդների կողմից հնչեցրած մտքերը։
- Տեղական հետազոտության արդյունքներ
Երիտասարդ քաղաքագետների ակումբը 2025 թվականի հունիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ֆոկուս-խմբային քննարկումներ Հայաստանի 6 մարզերը ներկայացնող 29 երիտասարդի հետ։
Հարկ է նշել, որ երիտասարդների մի մասը անգամ տեղյակ չէր առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին, իսկ տեղյակ լինելու դեպքում այդքան էլ ճիշտ պատկերացումներ չունեին, թե ինչ է իրենից ենթադրելու այն։
Երիտասարդները հիմնականում նշում էին, որ կմասնակցեն ընտրություններին, քանի որ այն պետության հանդեպ պատասխանատվություն է, իրենց իրավունքն է, որ ցանկանում են իրացնել, այդպիսով ներդրում ունենալով որոշումների կայացման գործընթացում։ Ովքեր նշում էին, որ չեն ցանկանա կամ չեն մասնակցի ընտրություններին, որոշումը հիմնականում կապում էին իրենց սկզբունքներին ու արժեքներին համապատասխանող քաղաքական ուժի բացակայությամբ։ Այս առումով հետաքրքիր է, որ կային մարդիկ, որոնք նշում էին, թե իրենց ձայնը ոչինչ չի փոխի կամ «արդեն ամեն ինչ որոշված է»։
Երբ խոսքը գնում է քաղաքական ուժերին վստահելու մասին, այստեղ շատ ավելի պարզ պատկեր ունենք։ Քննարկման մասնակիցների մոտ 80%-ը չեն վստահում որևէ քաղաքական ուժի։ Անվստահության պատճառների շարքում կրկնվում էին «բոլորը նույն են», «ինչ-որ կոնկրետ բան չեն ասում» և նմանատիպ այլ մեկնաբանություններ։ Երիտասարդները որոշակիություն ու համակարգայնություն են փնտրում այսօրվա քաղաքական դաշտում։ Քաղաքական ուժերը չեն առաջարկում որոշակիություն, իսկ եթե նույնիսկ փորձում են առաջարկել, այդ որոշակիությունը արժանահավատ չի թվում։ Բացի դա, երիտասարդները ակնկալում են համակարգայնություն։ Նրանք ցանկանում են, որ քաղաքական ուժերը ընտրվելուց հետո չփոխեն այն հիմնական թեզերը, որոնք իրենք առաջ էին տանում ընտրություններից առաջ։
Ըստ էության, երիտասարդների մի շրջանակի համար անհասկանալի է այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտի խոսույթը, ինչը կարելի է համարել քաղաքական ապատիայի պատճառներից մեկը։ Երբ խոսք էր գնում այսօրվա քաղաքական խոսույթում դոմինանտ թեմաների մասին, երիտասարդները հիմնականում դրանց մասին լսել են շատ ընդհանրական։
Երիտասարդները քաղաքական իրադարձությունների մասին տեղեկանում են Instagram և TikTok հարթակներում տեղադրված կարճ հոլովակների միջոցով, ինչը բավարար չէ իրադարձության մասին անհրաժեշտ պատկերացում կազմելու համար։ Ֆոկուս-խմբային քննարկման մասնակիցների մի մասը նշում էր, որ մեդիամանիպուլյացիաների զոհ չի դարձել։ Մյուս մասը նշում էր, որ անհնար է գոնե մեկ անգամ մեդիամանիպուլյացիաների չենթարկվել։
Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ երիտասարդների մի մասը, որոնք ընդհանրապես գաղափար չունեն քաղաքական այսօրեական իրադարձությունների վերաբերյալ, իրենց կարծիքը ձևավորում են սոցիալական ցանցերի միջոցով։ Ֆոկուսխմբային քննարկման բոլոր մասնակիցները նշեցին, որ նորությունների մասին հիմնականում տեղեկանում են սոցիալական ցանցերից, բայց սովորություն չունեն ստուգել ստացված լուրի իսկությունը, աղբյուրները և ճշմարտացիությունը։
Քննարկումների արդյունքում պարզ է դառնում, որ երիտասարդների քաղաքական ապատիայի պատճառներից են նաև վերջին տարիների իրադարձությունները։ 2020 թվականի պատերազմի, 2021 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման, 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումների և 2023 թվականին Արցախի էթնիկ զտման արդյունքում երիտասարդների մոտ առաջացել է քաղաքական ապատիա։ Երիտասարդները նշում էին, որ չեն ցանկանում անընդհատ լսել ռազմական գործողությունների կամ կրակոցների արդյունքում զոհվածների ու վիրավորների, բանակցային գործընթացում «անընդհատ» զիջումների մասին։
Բացի դա, կա նաև պատասխանատվությունից խուսափելու խնդիր։ Չի կարելի չնշել, որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ երիտասարդները, հատկապես՝ ուսանողները, մեծ ներգրավվածություն են ունեցել։ Երբ հեղափոխության արդյունքում այդ նույն երիտասարդների ոչ բոլոր սպասելիքներն ու ակնկալիքներն են կյանքի կոչվում, առաջանում է ապատիա։ 2019 թվականին ժողովրդավարության հանդեպ ավելի դրական վերաբերմունք ունեին հարցվածների մոտ 63%-ը, մինչդեռ 2024-ին այն նվազել է և հասել 35%-ի։
Ապատիայի խորքային պատճառները պետք է փնտրել նաև ընտանիքում և կրթական ոլորտում։ Ֆոկուսխմբային քննարկումները ցույց տվեցին, որ դեռ մանկուց երեխաները մեծահասակներից լսում են, որ քաղաքականությունը «վատ բան է», և հնարավորինս պետք է հեռու մնալ քաղաքականությունից։ Սա նաև հրամցվում է ֆիլմերի, սերիալների, պատմվածքների և այլ ինֆորմացիոն աղբյուրների տեսքով։ Երեիտասարդները դեռ մանկուց լսում են այն մասին, որ քաղաքական գործիչները խաբեբաներ են, ովքեր միայն սեփական շահի մասին են մտածում, մինչդեռ պետք է ուսուցանել հակառակը։
Ցանկացած երկրի քաղաքական էլիտան ձևավորվում է այդ նույն երկրի հասարակությունից, իսկ երբ դու կրթում ես հասարակությանն այդպիսի տրամաբանությամբ, ձևավորվելիք քաղաքական էլիտան նույնպես կշարունակի առաջնորդվել այդ սկզբունքներով։
Ֆոկուս-խմբային քննարկումների մասնակից երիտասարդների բացարձակ մեծամասնության համար առաջնայինը կրթական ոլորտում բարեփոխումներն են ու հնարավորինս հավասար հնարավորություններ ստեղծելը։ Երիտասարդները ցանկանում են, որ հստակ ծրագրեր կազմվեն հենց երիտասարդների կայացման և դրսևորման համար։ Եթե այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունները խնդիր ունեն իրենց ծրագրերով գրավելու երիտասարդներին, ապա արտախորհրդարանական ուժերը խնդիր ունեն նախ և առաջ իրազեկելու երիտասարդներին իրենց քաղաքական ուժերի մասին։ Քննարկումների մասնակից երիտասարդները դժվարությամբ էին մտաբերում որևէ արտախորհրդարանական ուժ։ Երբեմն մասնակիցները նշում էին «Եվրաքվե» նախաձեռնության կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունները, բայց անգամ նշված ուժերի մասին շատ սահմանափակ տեղեկատվություն ունեին։ Այս առումով կարևոր է, որ քաղաքական ուժերը իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ փորձեն նաև հասնել ավելի երիտասարդ լսարանի։ Կարևոր է, որ իրենց ծրագրերում նաև երիտասարդներին հուզող խնդիրներին լուծման առաջարկներ նշվեն։
- Միջազգային փորձի ուսումնասիրություն
Քաղաքական ու քաղաքացիական մասնակցայնության խթանման անհրաժեշտությանը հայաստանը առաջին երկիրը չէ, որ բախվել է։ Մեր ուսումնասիրությունների նպատակներից է ցույց տալ, որ մեր առաջարկները հիմնված են ոչ միայն տեղական խնդիրների վերլուծության, այլև՝ աշխարհում հաջողությամբ կիրառված մոդելների վրա։
Երիտասարդների ապատիան, քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահության անկումը և թվային դարաշրջանի մարտահրավերները գլոբալ միտումներ են, որոնց հետ առնչվում են նաև ժողովրդավարությունները։ Այս համատեքստում կարևոր է ուսումնասիրել և տեղայնացնել այն հաջողված մեխանիզմները, որոնք արդեն իսկ ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Այդ փորձը կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի հիմնական ուղղության՝ օրենսդրական բարեփոխումներ, կրթական նորարարություններ և մասնակցության գործնական հարթակների ստեղծում։
Ընտրական իրավունքի տարիքի իջեցում
Մի շարք երկրներում, ինչպիսիք են Արգենտինան, Ավստրիան, Բրազիլիան, Էկվադորը, Հունաստանը, Ինդոնեզիան, 16 և/կամ 17 տարեկան երիտասարդները կարող են քվեարկել ընտրություններում։
Ավստրիան 2007 թվականին դարձավ Եվրոպական միության առաջին երկիրը, որտեղ քվեարկության տարիքը բոլոր ընտրությունների համար իջեցվեց մինչև 16 տարեկան։ Տարածված մտահոգություններից մեկն այն է, որ 16 տարեկանները կարող են բավարար հասունություն չունենալ քաղաքական որոշումներ կայացնելու համար։ Սակայն, վերոնշյալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 16-17 տարեկան ավստրիացի ընտրողների որոշումների որակը (օրինակ, իրենց քաղաքական հայացքներին համապատասխան թեկնածու ընտրելը) չի զիջում ավելի բարձր տարիքի ընտրողների որոշումներին։
Որոշ երկրներ թույլ են տալիս 16 կամ 17 տարեկաններին՝ քվեարկել առնվազն որոշ ընտրություններում, ինչպիսիք են տեղական կամ նահանգային ընտրությունները։ Այդպես է, օրինակ, Էստոնիայում, Գերմանիայում, Իսրայելում, Պուերտո Ռիկոյում, Շոտլանդիայում և Ուելսում:
Բելգիայում, Ավստրիայում, Գերմանիայում և Մալթայում 16 տարեկան երիտասարդները, իսկ Հունաստանում՝ 17 տարեկանները, կարող են քվեարկել եվրոպական ընտրություններում:
Ընտրելու իրավունքի իջեցումը կարող է խթան հանդիսանալ քաղաքական ուժերի համար՝ իրենց ծրագիրը կազմելիս հաշվի առնել նաև երիտասարդների խնդիրները և կարիքները։ Սա թույլ կտա նաև քարոզարշավի ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել երիտասարդներին՝ խթանելով մասնակցայնությունը առնվազն տեղական ինքնակառավարման մարմիններում։
Եթե քաղաքացին քվեարկում է իր առաջին ընտրությանը, մեծանում է հավանականությունը, որ նա կդառնա ակտիվ ընտրող ողջ կյանքի ընթացքում։ Ընտրելու իրավունքի տարիքի իջեցումը օգնում է այս սովորությունը ձևավորել ավելի վաղ տարիքում և ձևավորել ընտրություններին մասնակցելու սովորություն։¹
Երիտասարդական խորհուրդներ և խորհրդարաններ
Հայաստանում վերջին երկու տարում արդեն իսկ իրականացվում է «Երիտասարդական խորհրդարան» ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդները կարողանում են մշակել օրենքի նախագծեր։ Այն նախագծերը, որոնք երիտխորհրդարանի լիագումար նիստում ընդունվում են, հետագայում քննարկում են ՀՀ ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովում։ «Երիտասարդական խորհրդարան» ծրագիրը առկա ձևաչափով տևում է 5 օր։
Ուելսի երիտասարդական խորհրդարանը (Welsh Youth Parliament) հիմնադրվել է 2018 թվականին՝ Ուելսի Սենետի նախաձեռնությամբ։ Այն պաշտոնապես մեկնարկեց նույն տարվա նոյեմբերին։ Խորհրդարանը սերտ կապ ունի Ուելսի Սենետի հետ, բայց ունի ինքնուրույն մանդատ՝ ներկայացնելու երիտասարդների տեսակետները։
Այն բաղկացած է 60 երիտասարդից։ Նրանցից 40-ը ընտրվում են 11-18 տարեկան երիտասարդների կողմից՝ Ուելսի տարբեր ընտրական տարածքներում։ Մյուս 20 ներկայացուցիչներն ընտրվում են տարբեր կազմակերպությունների կողմից և ներկայացնում են հատուկ խմբերի շահերը, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, փախստականներ, փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
Վերջին տարիներին նաև ձևավորվել են մի շարք նախարարություններին կից երիտասարդական խորհուրդներ, ինչը նույնպես շատ կարևոր է մասնակցայնության խթանման տեսանկյունից։ Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի նախագծի ընդունումից հետո էլ ակտիվ սկսեցին ստեղծվել և ինստիտուցիոնալացվել տեղական ինքնակառավարման մարմիններին կից երիտասարդական խորհուրդները։ Այս առումով, այդ երիտասարդական խորհուրդների նախագծերի ֆինանսական աջակցության խնդիր կա։ Այս առումով հաջողված օրինակ է Ալավերդին, որտեղ համայնքի բյուջեից որոշ գումար է հատկացվում երիտասարդական խորհրդին՝ ծրագրեր իրականացնելու համար և այն ամրագրված է Ալավերդի համայնքի երիտասարդական քաղաքականության մեջ։
Տեղական ինքնակառավարման մարմիններին կից երիտասարդական խորհուրդներ ստեղծելու առումով լավ օրինակ է Գերմանիան, որտեղ նման խորհուրդները կոչվում են Jugendparlamente (Երիտասարդական խորհրդարաններ)։
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ
I. Կրթական բարեփոխումներ և քաղաքացիական գիտակցության բարձրացում
- Հասարակագիտության դասավանդման մեթոդաբանության արդիականացում (բանավեճերի, սիմուլյացիոն խաղերի ներդրում)։ Սա կմեծացնի երիտասարդների հետաքրքրությունը քաղաքականության և քաղաքացիական մեխանիզմների հանդեպ։
- «Գործնական քաղաքացիություն» մոդուլի ներդրում. աշակերտների պարտադիր մասնակցություն ավագանու նիստերին և օրակարգային հարցի ներկայացում։ Տեղական ինքնակառավարման մարմիններն ու դպրոցները պետք է պարբերաբար խթանեն երիտասարդների կողմից ավագանու նիստերին մասնակցելը։ Բացի դա, նախագծային աշխատանքների շրջանակներում անհրաժեշտ է առնվազն մեկ անգամ ավագանու նիստի օրակարգում հարց ներառել։
- ՔՀԿ-ների և դպրոցների համագործակցության խթանում՝ մեդիագրագիտության և մասնակցային մեխանիզմների վերաբերյալ դասընթացների համար։ Երիտասարդների մի մասը չեն իրացնում իրենց մասնակցայնությանը իրավունքը՝ դրա մասին տեղյակ չլինելու պատճառով։
II. Օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ
- ՏԻՄ ընտրություններին մասնակցության տարիքի իջեցում մինչև 16 տարեկան։
- Երիտասարդական խորհուրդների ինստիտուցիոնալ ամրապնդում (համայնքային բյուջեներում պարտադիր ֆինանսավորման տողի սահմանում՝ Ալավերդու օրինակով)։
- «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի վերաֆորմատավորում՝ կանոնադրության մշակմամբ և մասնակիցների ընտրության թափանցիկ մեխանիզմի սահմանմամբ։ Կանոնադրությունը հստակ պետք է սահմանի երիտխորհրդարանի գործունեության շրջանակները։
- «Երիտասարդական կառավարություն» նախաձեռնության խթանում (սկզբնական փուլում՝ թեկուզ սիմուլյացիոն ձևաչափով)։
- Կուսակցություններին ուղղված կոչ՝ ստեղծելու և զարգացնելու իրական գործունեություն ծավալող երիտասարդական կառույցներ։
Սույն զեկույցում ներկայացված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապատիայի շղթան հնարավոր է կոտրել կրթության, օրենսդրության և մասնակցության գործնական մեխանիզմների համալիր բարեփոխումների միջոցով։ Առաջարկվող քայլերն ուղղված են ոչ միայն ներգրավվածության բարձրացմանը, այլև՝ քաղաքական մշակույթի փոփոխությանը, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ իրեն կզգա ոչ թե պասիվ դիտորդ, այլ իր երկրի ապագան կերտող լիիրավ քաղաքացի, և չի վախենա հայտարարել՝ #ԵսՔաղաքականԵմ։
Հեղինակներ՝ Արփի Պետրոսյան, Տիգրան Թորոսյան
Սույն աշխատությունը լույս է տեսել ԺԶՀ-ի դրամաշնորհային աջակցությամբ։