Ընտրական իրավունքի նոր կարգավորումը և հնարավոր ռիսկերը

հեղ․ Armenian Council

2026 թվականի հուլիսին փոփոխություն արվեց Հայաստանի ընտրական օրենսգրքում, որով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունքը պայմանավորվեց ոչ միայն ՀՀ քաղաքացիությամբ և չափահասությամբ, այլև երկրում փաստացի գտնվելու տևողությամբ։ Այսուհետ քաղաքացին ընտրելու իրավունք ունենալու համար պետք է ընտրություններին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն 366 օր գտնված լինի Հայաստանում՝ օրենքով նախատեսված որոշ բացառություններով։

Միաժամանակ, շրջանառության մեջ է դրվել քաղաքացիություն ձեռք բերելու պայմանների խստացման նախագիծը։ Դրանով, ի թիվս այլ փոփոխությունների, ընդհանուր կարգով քաղաքացիություն ստանալու համար առաջարկվում է հինգ տարվա օրինական բնակության և այդ ընթացքում առնվազն 915 օր Հայաստանում փաստացի գտնվելու պահանջ։ Ազգությամբ հայերի համար ևս նախատեսվում է վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 366 օրվա փաստացի ներկայություն։

Այս նախաձեռնությունները իրավական առումով տարբեր հարցեր են կարգավորում, սակայն քաղաքական իմաստով, կարծես, ավելի մեծ գործընթացի մաս են։ Դրանց հիմքում պետության և քաղաքացու փոխհարաբերությունների հիմնարար վերանայման հարցն է․ պետության հետ քաղաքացիության փաստացի կապով, հասարակական կյանքում դրա ներգրավվածությամբ և քաղաքական որոշումների հետևանքները կրելու հանգամանքով պայմանավորումը։

Հայաստանն իրեն ընկալո՞ւմ է որպես իր տարածքում բնակվողների քաղաքական պետություն, թե՞, նաև, որպես աշխարհասփյուռ հայության հայրենիք, որի հետ կապը կարող է պահպանվել՝ անկախ ֆիզիկական ներկայությունից․ այս հարցադրումը բնավ չի ենթադրում, թե երկրորդ մոտեցումը գերադասելի է առաջինից։ Սակայն կարևոր է գիտակցել, որ խոսքը ոչ միայն վարչարարական կարգավորումների, այլև պետության և քաղաքացու հարաբերությունների հնարավոր վերաիմաստավորման մասին է։

Միջազգային փորձն՝ առանց պատրաստ պատասխանների։

Քաղաքացիների ընտրական իրավունքը բնակության վայրով պայմանավորելը միջազգային պրակտիկայում աննախադեպ չէ։

Իռլանդիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար քաղաքացին, որպես կանոն, պետք է բնակվի երկրում։ Դանիայում ևս խորհրդարանական ընտրական իրավունքը կապված է մշտական բնակության հետ, թեև արտերկրում ժամանակավորապես գտնվող քաղաքացիների որոշ խմբերի համար բացառություններ կան։

Մյուս կողմից, Գերմանիան, Շվեդիան, Իտալիան, Ֆրանսիան, Կանադան, Միացյալ Թագավորությունը, Նոր Զելանդիան և բազմաթիվ այլ երկրներ արտերկրում բնակվող իրենց քաղաքացիների ընտրական իրավունքների նկատմամբ ավելի ճկուն մոտեցումներ ունեն։ Ավելին, որոշ երկրներում վերջին տարիներին նկատվում է ոչ թե այդ իրավունքների սահմանափակման, այլ ընդլայնման միտում։ Օրինակ, Կանադան վերացրել է արտերկրում հինգ տարուց ավել բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումը, իսկ Միացյալ Թագավորությունը 2024թ․ հրաժարվել է նախկին 15-ամյա սահմանափակումից։ Այս համատեքստում, Հայաստանի ընտրած կարգավորումը միջազգայինի համեմատությամբ բավական խիստ է։

Սակայն ժողովրդավարական այլ համակարգում ինչ-որ պրակտիկայի առկայությունը դեռ չի նշանակում, որ այն արդարացված է։ Ոչ էլ խիստ կարգավորումն է ինքնին բավարար այն հակաժողովրդավարական որակելու համար։ Կարևոր են կարգավորման նպատակը, համաչափությունը, ընդունման հանգամանքները և հնարավոր երկարաժամկետ հետևանքները։

Այս առումով ուշագրավ է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակված «Ընտրական հարցերում լավ պրակտիկայի կանոնագիրքը», որի համաձայն՝ քաղաքացիների համար բնակության նվազագույն տևողության պահանջ կարող է սահմանվել միայն տեղական կամ համայնքային ընտրությունների դեպքում։ Սա իրավաբանորեն պարտադրող նորմ չէ, սակայն ժողովրդավարական ընտրակարգերի գնահատման կարևոր մասնագիտական ուղենիշ է։

Նկատառումներ և ռիսկեր։  1․ Լուծման անհամաչափություն։ Օրենքի ընդունման քաղաքական համատեքստը հասկանալի է։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ տեղեկություններ էին շրջանառվում Ռուսաստանից ՀՀ քաղաքացիների՝ կազմակերպված ձևով Հայաստան ժամանելու և նրանց քվեարկության վրա հնարավոր արտաքին ազդեցության մասին։ Նման միջամտության վտանգն անտեսել չի կարելի։

Սակայն ուշագրավ են նաև փաստացի տվյալները։ ԱԱԾ-ից «Ինֆոկոմի» ստացած տեղեկությունների համաձայն՝ մայիսի 1-ից հունիսի 7-ը Ռուսաստանից ՀՀ անձնագրով Հայաստան է ժամանել 33․168 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 29․810-ի դիմաց։ Այսինքն, ընդամենը 3․358 մարդով ավել։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ ՌԴ անձնագրով ժամանածների մի մասը կարող էր ունենալ նաև ՀՀ քաղաքացիություն (այստեղ արդեն կարելի է մեջբերել երկքաղաքացիության հարցում ավելի խիստ կարգավորումների հարցը), իսկ փաստացի ժամանումների թիվը տեսականորեն կարող էր ավելի մեծ լինել, եթե համապատասխան կանխարգելիչ գործողություններ չիրականացվեին։

Եթե խնդիրը ընտրակաշառքն է, հարկադրանքը կամ օտարերկրյա կազմակերպված ապօրինի ազդեցությունը, ապա առաջնային լուծումները պետք է փնտրել հակահետախուզական կարողությունների ամրապնդման, քաղաքական ֆինանսավորման վերահսկողության և իրավապահ համակարգի աշխատանքի բարելավման մեջ։ Եթե կոնկրետ անձանց գործողություններում առկա է հանցակազմ, պետք է գործեն համապատասխան քրեաիրավական մեխանիզմները։ Մինչդեռ առանձին անձանց հնարավոր ապօրինի վարքագծին ի պատասխան քաղաքացիների լայն խմբի ընտրական իրավունքի սահմանափակումը լուրջ հարցեր է առաջացնում համաչափության տեսանկյունից։

2. Նեղ չափանիշ։ Օրենքը ընտրական իրավունքը պայմանավորում է երկու տարվա ընթացքում առնվազն 366 օր Հայաստանում փաստացի գտնվելու պահանջով։ Այսպես, օրինակ, Հայաստանում ծնված և 28 տարի ապրած մարդը կարող է մեկ տարով մեկնել արտերկիր՝ ճանապարհորդելու կամ աշխատելու, և, չբավարարելով օրենքով սահմանված շեմը, կորցնել հաջորդ ընտրություններին մասնակցելու իրավունքը։ Մինչդեռ ընտրություններից անմիջապես հետո նա կարող է վերադառնալ Հայաստան և ապրել արդեն ընտրված իշխանության որոշումների պայմաններում։

Բնակության պահանջի օգտին հաճախ բերվող փաստարկն այն է, որ իշխանությանը պետք է ընտրեն նրանք, ովքեր կրելու են նրա որոշումների հետևանքները։ Սա հասկանալի տրամաբանություն է, սակայն օրենքը քաղաքացու և պետության կապը գնահատում է անցյալի ֆիզիկական ներկայությամբ, մինչդեռ քաղաքական որոշումների հետևանքները վերաբերում են նաև ապագային։

Այս չափանիշը հետաքրքիր է դիտարկել նաև ժամանակակից, ավելի ու ավելի շարժուն, գլոբալացող աշխարհի համատեքստում, որտեղ տարածում են ստանում հեռավար աշխատանքը, թվային նոմադությունը և մի քանի երկրում հերթագայությամբ բնակվելու կենսակերպերը։ Ֆիզիկական ներկայությունն այլևս միշտ չէ, որ արտացոլում է մարդու սոցիալական, տնտեսական կամ քաղաքական կապվածությունը որևէ պետության հետ։ Մասամբ այս փոփոխվող իրողությունների համատեքստում է, որ որոշ ժողովրդավարություններ վերանայում և վերացնում են արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքի նախկին սահմանափակումները։

3. Ընտրազանգվածի հնարավոր ինժեներիա և իշխանության վերարտադրության ռիսկ։ Թերևս ամենամտահոգիչը կարգավորման կախվածությունն է քաղաքական համատեքստից։ Այն կարող է այսօր ծառայել ժողովրդավարական ընտրություններն արտաքին միջամտությունից պաշտպանելու նպատակին, սակայն իշխանափոխությունից հետո բոլորովին այլ նշանակություն ստանալ ։

Պատկերացնենք՝ Հայաստանում իշխանության են գալիս ավտորիտար, կոռումպացված կամ արտաքին ազդեցության տակ գտնվող ուժեր։ Քաղաքացիական հասարակության, անկախ լրագրողների, ակտիվիստների և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ սկսվում են ճնշումներ, և նրանց մի մասը ստիպված է լինում հեռանալ երկրից։ Հաջորդ ընտրություններին այդ մարդկանցից շատերն արդեն չեն բավարարում բնակության պահանջին։ Այսպիսով, իշխանությունը, ուղղակի կամ անուղղակի նպաստելով որոշ խմբերի արտագաղթին, կարող է ազդել նաև հաջորդ ընտրությունների ընտրազանգվածի կազմի վրա։

Այսպիսի հետևանքի համար պարտադիր չէ, որ օրենքն ի սկզբանե ընդունված լինի այդ նպատակով։ Հենց սա է քաղաքականապես պատեհապաշտական կարգավորումների վտանգը. այսօրվա պայմաններում օգտակար թվացող լուծումը վաղը կարող է դառնալ ավտորիտար իշխանության վերարտադրության գործիք։

4. Արտերկրում բնակվող քաղաքացիների քաղաքական դերի միակողմանի ընկալում։ Կարևոր է հաշվի առնել, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները քաղաքականապես միասեռ տարր չեն, և նրանց ազդեցության ձևը նույնպես կարող է փոխվել՝ կախված քաղաքական համատեքստից։ Այլ կերպ ասած, արտերկրում բնակվող քաղաքացիների մասնակցությունը միշտ չէ, որ ուղղորդված կամ ժողովրդավարության համար մտահոգիչ է լինելու։ Որոշ իրավիճակներում այն կարող է ունենալ ճիշտ հակառակ ազդեցությունը՝ հակակշիռ դառնալով արտաքին միջամտությանը կամ ավտորիտար միտումներին։ Մոլդովայի ընտրական փորձը դրա հետաքրքիր օրինակներից է. սփյուռքի մասնակցությունն այնտեղ կարևոր դեր է ունեցել եվրոպամետ քաղաքական ուժերի աջակցության գործում։

5. Բացառությունների առկայությունը։ Դրական է, որ օրենսդիրը փորձել է նախատեսել բացառություններ։ Դրանք վերաբերում են, մասնավորապես, արտերկրում բարձրագույն կրթություն ստացողներին, ծառայողական նպատակներով մեկնած հանրային ծառայողներին և դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց ընտանիքի անդամներին։ Դիտարկելի է, որ առողջական պատճառներով երկրից բացակայելու համար ընդհանուր բացառություն նախատեսված չէ։

Խնդիրն, իհարկե, միայն բացառությունների ցանկի ամբողջականությունը չէ։ Հատկապես հանգամանքավորված բացառությունների առկայությունը դրանց փաստաթղթավորման և կիրառման ընթացքում հնարավոր տարբերակված մոտեցման, կամայականության ինչպես նաև հետագայում այդ շրջանակը քաղաքական նպատակահարմարությամբ փոփոխելու հնարավոր հող է ստեղծում։ Քաղաքական իրավունքների իրացումը չպետք է աստիճանաբար կախված դառնա նրանից, թե պետությունը որքանով է ընդունելի համարում քաղաքացու բացակայության պատճառը։

Ամփոփում

Այս համատեքստում հետաքրքիր է նաև փոփոխության ընդունման հապճեպությունը դիտարկել նոր սահմանադրության ընդունման համար հնարավոր հանրաքվեի և վերջերս քննարկման առարկա դարձած հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։

Իհարկե, հիմնավորված չէ պնդել, թե ընտրական իրավունքի նոր սահմանափակումն ընդունվել է հենց այդ քաղաքական գործընթացների հաշվարկով։ Սակայն ընտրողների շրջանակի վրա անմիջական ազդեցություն ունեցող այս փոփոխության արագ ընդունումը և դրա հնարավոր կիրառումը առաջիկա ընտրական գործընթացներում լրացուցիչ հարցեր է առաջացնում կարգավորման քաղաքական նպատակահարմարության և երկարաժամկետ հիմնավորվածության վերաբերյալ։

Ի վերջո, կարելի է հասկանալ, թե ինչու է այս օրենքը ներկա քաղաքական պայմաններում որոշ շրջանակների համար ողջամիտ թվում։ Բայց կարևոր է հիշել, որ ժողովրդավարական ինստիտուտները չպետք է կառուցվեն միայն օրվա իշխանության, սպառնալիքների և քաղաքական նպատակահարմարության հաշվարկով։ Օրենքը պետք է գնահատել նաև այն տեսանկյունից, թե ինչպես այն կաշխատի այնպիսի իշխանության ձեռքին, որին չենք վստահում, և այնպիսի քաղաքական պայմաններում, որոնցում ինքներս չէինք ցանկանա հայտնվել։

Էլեոնորա Սարգսյան

Օգտագործված աղբյուրներ․

ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին սահմանադրական օրենք (03.07.2026)

«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ (2026)

Infocom — Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիների մասին հետաքննությունը

Իռլանդիայի ընտրական իրավունքը

Վենետիկի հանձնաժողովի կանոնագիրքը

Մոլդովայի 2014–2025 թվականների ընտրություններում սփյուռքի մասնակցության և քվեարկության արդյունքների համեմատական վերլուծություն

Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։

Ընթերցեք նաև