Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը վերջին շրջանում դարձել է հանրային և քաղաքական քննարկումների առարկա։ ԵՄ անդամակցության հայտը, սակայն, չպետք է դառնա եվրոպական ինտեգրման քաղաքականության ինքնանպատակ ցուցիչ։ Հայաստանի համար ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ պետք է անել այսօր՝ վաղվա հնարավոր անդամակցության համար ավելի պատրաստված լինելու և այդ գործընթացից առավելագույնս օգտվելու համար։
ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկան և ապագան
Հայաստան–Եվրամիություն հարաբերությունները վերջին տարիներին էապես փոխվել են։ Դրանք այլևս միայն արտաքին քաղաքականության առանձին ուղղություն չեն։ ԵՄ-ի հետ համագործակցությունն այսօր ներառում է իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, տնտեսական ինտեգրում, քաղաքացիների շարժունակություն, անվտանգություն, թվայնացում, էներգետիկա, տրանսպորտ և եվրոպական չափանիշների աստիճանական ներդրում։
2025 թվականին ՀՀ ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը, որն իր բնույթով ավելի շուտ քաղաքական հայտարարություն էր, քան գործընթացի պաշտոնական մեկնարկ: 2026 թվականի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել անդամակցության պաշտոնական հայտի ներկայացման գործընթացը։
Թեև այս հայտարարությունը դեռևս չի նշանակում, որ հայտ ներկայացնելու վերաբերյալ վերջնական քաղաքական որոշում է կայացվել, այն քաղաքական և հանրային շրջանակներում ակտիվացրեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ քննարկումները: Դրանք, սակայն, շատ հաճախ ստանում են ծայրահեղ դրսևորումներ՝ առանց անդամակցության գործընթացի համակողմանի ընկալման․ հայտի ներկայացումը շատ դեպքերում գերագնահատվում է, իսկ բարեփոխումների կարևորությունը՝ ստվերվում:
ԵՄ անդամակցության հայտը կարևոր քաղաքական քայլ է, բայց ինքնանպատակ չէ։ Ավելի կարևոր է հետևողականորեն հասնել այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են անդամակցության համար և միաժամանակ բարձրացնում են երկրի կառավարման ու տնտեսության արդյունավետությունը։
Երևանից հնչող հայտարարությունների առնչությամբ Բրյուսելի դիրքորոշումը կարելի է բնորոշել որպես դրական և զգուշավոր։ Եվրոպական հանձնաժողովից նշում են, որ Հայաստանն ավելի մոտ է ԵՄ-ին, քան երբևէ, միաժամանակ ընդգծում են՝ անդամակցությունը հստակ չափանիշների և արժանիքների վրա հիմնված գործընթաց է, որը սկսվում է պաշտոնական հայտից։
Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը սկսվել է անդամակցության հարցը ներկայիս քաղաքական օրակարգ մտնելուց շատ առաջ։ 2017 թվականին ստորագրված և 2021 թվականին ուժի մեջ մտած CEPA-ն ստեղծել էր եվրոպական չափանիշներին Հայաստանի աստիճանական մերձեցման լայն շրջանակ։ Վերջին տարիներին այդ գործընթացն արագացել է․ 2024 թվականին մեկնարկեց վիզաների ազատականացման երկխոսությունը, 2025 թվականի վերջին ընդունվեց Հայաստան–ԵՄ նոր ռազմավարական օրակարգը, իսկ 2026 թվականի մայիսին Երևանում անցկացվեց Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը։
Այս զարգացումները ցույց են տալիս մի կարևոր հանգամանք․ Հայաստանի եվրոպական ինտեգրումը պարտադիր չէ նույնացնել ԵՄ անդամակցության պաշտոնական գործընթացի հետ։ Հայաստանը կարող է և պետք է շարունակի խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ անկախ նրանից, թե երբ կներկայացվի անդամակցության հայտը։ Օրենսդրության և պետական կառավարման համակարգի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին, տնտեսական կապերի ընդլայնումը, էներգետիկ և տրանսպորտային դիվերսիֆիկացումը, քաղաքացիների շարժունակության մեծացումը և անվտանգային համագործակցության զարգացումը կարևոր են Հայաստանի համար՝ անկախ անդամակցության ժամկետից։
ԵՄ անդամակցության ճանապարհը ներառում է մի քանի հաջորդական փուլ՝ պաշտոնական հայտի ներկայացում, Եվրահանձնաժողովի գնահատում, անդամ պետությունների որոշմամբ թեկնածուի կարգավիճակի տրամադրում, բանակցությունների բացում, բանակցությունների ընթացքում օրենսդրության և ինստիտուտների համապատասխանեցում ԵՄ չափանիշներին, բանակցությունների ավարտ և անդամակցության պայմանագրի ստորագրում ու վավերացում։ Յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ է ինչպես Հայաստանի առաջընթացը, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների քաղաքական որոշումները։ Հետևաբար, հայտի ներկայացումը ոչ թե անդամակցության գործընթացի ավարտին մոտ քայլ է, այլ երկար գործընթացի մեկնարկային փուլերից մեկը։
ԵՄ անդամակցության ձգտող երկրների փորձը ևս դա է ցույց տալիս։ Ուկրաինան և Մոլդովան 2022 թվականի մարտին ներկայացրին անդամակցության հայտեր, նույն տարվա հունիսին ստացան թեկնածուի կարգավիճակ, սակայն բանակցությունները պաշտոնապես բացվեցին միայն 2024 թվականի հունիսին։ Վրաստանի փորձն էլ է ցույց տալիս, որ թեկնածուի կարգավիճակն ինքնաբերաբար չի երաշխավորում հետագա առաջընթացը։ Թե քանի տարի կտևեն անդամակցության բանակցությունները և դրանց հաջորդող փուլերը, կախված է ինչպես բարեփոխումների առաջընթացից, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների քաղաքական որոշումներից։
Այսինքն, հայտի ներկայացման արագությունը դեռ չի կանխորոշում անդամակցության գործընթացի արագությունը։ Ավելի կարևոր է, թե ինչպիսի ինստիտուտներով, տնտեսությամբ և պետական կարողություններով է երկիրը մտնում այդ գործընթաց։
Հայաստանի դեպքում դրան ավելանում է արտաքին քաղաքական ևս մեկ կարևոր հանգամանք։ Հայաստանը դեռ շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավորած տնտեսական և մի շարք այլ կառույցների անդամ (ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ): Մինչ այժմ Երևանին հաջողվել է զուգահեռ խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ՝ միաժամանակ փորձելով կառավարել Ռուսաստանից բխող ռիսկերը։
Անդամակցության պաշտոնական հայտը կարող է փոխել այդ հավասարակշռությունը։ Այն արդեն ոչ միայն համագործակցության խորացման, այլև Հայաստանի ռազմավարական կողմնորոշման ավելի հստակ քաղաքական արձանագրում կլինի։ Հետևաբար, այն կարող է մեծացնել Ռուսաստանի կողմից քաղաքական և տնտեսական ճնշումը և որոշ ուղղություններով նեղացնել Երևանի մանևրելու դաշտը։
Ստեղծված իրավիճակում ժամանակը Հայաստանի համար ամենակարևոր քաղաքական ռեսուրսներից է։ Այն պետք է օգտագործել արտաքին կախվածությունները նվազեցնելու, էներգետիկ և տրանսպորտային այլընտրանքներն ընդլայնելու, եվրոպական շուկաների հետ տնտեսական կապերը խորացնելու, պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և անվտանգության ոլորտում գործընկերության շրջանակը մեծացնելու համար։ Հատկանշական է, որ ռուսական կողմն արդեն այսօր փորձում է զրկել Հայաստանին այդ ժամանակից՝ պահանջելով հանրաքվե անցկացնել և ընտրել ԵԱՏՄ-ի և ԵՄ անդամակցության հեռանկարների միջև՝ բացահայտ ձևով սպառնալով նաև տարատեսակ հետևանքներով։
Հետևաբար, Հայաստանի եվրաինտեգրման առաջնահերթությունը չպետք է սահմանափակել «որքան հնարավոր է արագ անդամակցության հայտ ներկայացնելու» մոտեցմամբ։ Ավելի արդյունավետ է արագացնել ԵՄ-ի հետ գործնական ինտեգրումը՝ միաժամանակ պատրաստվելով անդամակցության հնարավոր գործընթացին։
Այս մոտեցումը չի նշանակում հրաժարվել անդամակցության հեռանկարից կամ անորոշ ժամանակով հետաձգել դրա վերաբերյալ որոշումը։ Այն նշանակում է տարբերակել երկարաժամկետ նպատակը և դրա ճանապարհին անհրաժեշտ քայլերը։
Ամփոփում
Հայաստանի համար եվրաինտեգրման շրջանակում առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե պարզապես ԵՄ անդամակցության գործընթացի մեջ հնարավորինս արագ մտնելը, այլ այդ գործընթացի մեջ հնարավորինս ուժեղ դիրքերից մտնելը։ Դրա համար անհրաժեշտ է արագացնել եվրոպական չափանիշների ներդրումը, նվազեցնել արտաքին կախվածությունները և ընդլայնել Հայաստանի տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և անվտանգային այլընտրանքները։ Այդ դեպքում անդամակցության հայտը կլինի ոչ թե քաղաքական ցանկության դրսևորում, այլ ավելի պատրաստված և դիմակայուն Հայաստանի կողմից կայացված ռազմավարական որոշում։
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։