Հարավային Կովկասը շարունակում է գտնվել էական քաղաքական փոփոխությունների փուլում, որտեղ ներքաղաքական զարգացումները, երկկողմ դիվանագիտությունն ու ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացներն գնալով ավելի փոխկապակցված են դառնում։ Այս փոփոխությունները խորությամբ հասկանալու, հակամարտությունների նկատմամբ զգայուն մոտեցում ցուցաբերելու, փոխադարձ վստահությունն ու ըմբռնումը խթանելու համար կարևոր է շարունակական երկխոսությունը հայ, ադրբեջանցի և միջազգային փորձագետների միջև։
Անցած շաբաթ Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը մասնակցեց International Alert-ի և RUSI — Royal United Services Institute for Defence and Security Studies-ի համատեղ աշխատաժողովին, որը նվիրված էր տարածաշրջանում տեղի ունեցող առանցքային քաղաքական զարգացումների և իրավիճակի վերաբերյալ քննարկումներին։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ հակամարտության ռիսկերի նվազեցման, տարածաշրջանային կապերի ամրապնդման ու կայուն խաղաղության հեռանկարների ընդլայնման հնարավորություններին։
Աշխատաժողովին մասնակցում էին տարածաշրջանի առաջատար փորձագետներ, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, Մեծ Բրիտանիայի Արտաքին համագործակցության և զարգացման գրասենյակի Կենտրոնական Ասիայի և Արևելյան հարևանների հարցերով փոխտնօրեն Մարկ Քլեյթոնը, ինչպես նաև Միացյալ Թագավորության վերլուծաբաններ և քաղաքականություն մշակողներ։
Նման ձևաչափով շարունակական քննարկումները կարևոր հնարավորություն են ստեղծում տարածաշրջանի վերաբերյալ ընդհանուր պատկերացումների ձևավորման, ինչպես նաև քաղաքական որոշումների և հանրային քննարկումների համար անհրաժեշտ վերլուծությունների ու մոտեցումների մշակման համար։
Աշխատաժողովը International Alert-ի՝ Հարավային Կովկասում հակամարտության գծերից այն կողմ երկխոսությունն ու փոխըմբռնումը խթանելուն ուղղված շարունակական աշխատանքի մի մասն է, որն իրականացվում է Բաքվի մամուլի ակումբի և Երևանի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ։






