Հոդվածի հեղինակները «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգողներ Արեգ Քոչինյանն ու Ֆարհադ Մամեդովն են։ «Խաղաղության կամուրջը» Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների նախաձեռնություն է, որն իրականացվում է երկու երկրների կառավարությունների աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է՝ ստեղծել պայմաններ Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների, ԶԼՄ ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների միջև ուղղակի երկկողմ երկխոսության համար։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության գործունեության ուղղություններից մեկը երկկողմ օրակարգի առանցքային թեմաների վերաբերյալ համատեղ հոդվածների և հետազոտությունների պատրաստումն է։ Հրապարակումը Հայաստանի տարածքում լույս է տեսնում հայերեն և ռուսերեն՝ Factor TV -ի կայքում, իսկ Ադրբեջանում՝ ադրբեջաներեն և ռուսերեն՝ 1news.az և milli.az տեղեկատվական կայքերում։ Սույն հոդվածի անգլերեն տարբերակը հրապարակվում է հակամարտությունների փոխակերպման վերաբերյալ «Caucasus Edition» հանդեսի կայքում։ Հոդվածում ներկայացված են հեղինակների գաղափարներն ու մոտեցումները։ Արտահայտված դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։
Երկար տարիներ հայ-ադրբեջանական հակամարտությունն ընկալվում էր որպես անհաշտ դիմակայության օրինակ, որի շուրջ շարունակաբար ձևավորվող փաստարկները խոսում էին դրա քաղաքական կարգավորման ենթադրյալ անհնարինության մասին: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և միջազգային հարաբերություններում դրան հաջորդած վայրիվերումները սոսկ ամրապնդեցին այդ հոռետեսությունը, իսկ միջազգային ներգրավվածությունը հիմնականում սահմանափակվեց հակամարտության կառավարման գործիքակազմով՝ չկենտրոնանալով կայուն խաղաղության հասնելու նպատակի վրա: Այնուամենայնիվ, վերջին տարիներին կողմերին հաջողվեց երկկողմ ձևաչափում դուրս գալ նախկին տրամաբանության շրջանակներից։ 2025 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Աբու Դաբիում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին ու դրան հաջորդած եռակողմ գագաթնաժողովը Վաշինգտոնում և ընդունված համատեղ հռչակագիրը կարևոր հանգրվաններ դարձան իրական խաղաղության օրակարգի ձևավորման գործընթացում։ Այս քայլերը ցույց տվեցին, որ նույնիսկ գլոբալ անկայունության պայմաններում հնարավոր են գործնական համաձայնություններ և համատեղ գործողություններ, որոնք բոլորովին վերջերս անհասանելի էին թվում, և որ կարգավորման գործընթացը նախ և առաջ կարող է հենվել Բաքվի և Երևանի քաղաքական կամքի վրա։
Հակամարտության ժառանգությունը
Միջազգային հանրության և փորձագետների աչքից հեռու, տասնամյակների հակամարտությունն իր բազմաշերտ ցնցումներով, պատմական դրվագներին արվող հղումներով, ծանր կորուստներով և երկու կողմից հարյուր հազարավոր մարդկանց տեղահանությամբ, անվստահություն է սերմանել հայկական և ադրբեջանական հասարակություններում՝ ստեղծելով փոխադարձ ընկալման կայուն կարծրատիպեր: Այս ընկալումը թափանցել է նաև երկու երկրների քաղաքական գործիչների, փորձագետների, պատմաբանների և մշակութային գործիչների գիտակցության մեջ: Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է իրատեսական եզրակացության գալ․ բուն հակամարտությունը հնարավոր է կարգավորել քաղաքական մակարդակում՝ երկու պետությունների միջև համաձայնեցված փաստաթղթերի ընդունման, համաձայնագրերի ստորագրման և փոխադարձ պարտավորությունների ստանձնման միջոցով։ Բայց ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար ժամանակ է պետք, խաղաղության օրակարգի հետևողական զարգացում և միմյանց ընդառաջ արվող շարունակական քայլեր։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ենթադրում է հրաժարում հակամարտության ընթացքում ձևավորված ինքնությունից, երբ յուրաքանչյուր կողմ հսկայական ջանքեր էր գործադրում մյուսին ապամարդկայնացված կերպարով ներկայացնելու համար: Այս դեհումանիզացիան և հակամարտության ընկալումը՝ որպես երկու ժողովուրդների միջև եղած պատմական հարաբերություններին ներհատուկ միակ դրսևորում, հանգեցրել են նրան, որ անտեսվել է այն ընդհանուր մշակութային շերտը, որը գոյություն ունի և պահպանվել է հայերի և ադրբեջանցիների մեջ՝ արտացոլելով դարավոր սերտ հարևանությունն ու փոխադարձ անխուսափելի ազդեցությունները։ Այս ամենը նույնպես սկսվել է մեկնաբանվել փոխադարձ մեղադրական բնորոշումներով՝ որպես մի կողմի ժառանգություն, որը «զավթվել» է մյուսի կողմից։ Այդ նույն ինքնության արտացոլումն է նաև մյուս կողմի նկատմամբ քրոնիկ անվստահությունը և այն համոզմունքը, թե հենց մյուս կողմը պատրաստ չէ խաղաղություն կնքելուն։ Հումանիտար և պատմական հարթությունում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ենթադրում է 20-րդ դարի սկզբից ի վեր ծավալված, բարդ նախապատմություն և դրսևորումներ ունեցող ամենաարյունալի տարածաշրջանային հակամարտության ավարտ: Այդ ընթացքում հակամարտության զոհ են դարձել տասնյակ հազարավոր հայեր և ադրբեջանցիներ, ավերվել են բազմաթիվ քաղաքներ և գյուղեր, հսկայական թվով մարդիկ են տեղահանվել։ Արդյունքում տեղի է ունեցել խորհրդային հանրապետություններից իրենց սահմանները ժառանգած ազգային պետություններում՝ Հայաստանում՝ հայերի, Ադրբեջանում՝ ադրբեջանցիների համընդհանուր կենտրոնացում։ Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը խորհրդային հանրապետությունների սահմաններում և ազգային պետություններով բաժանումը, որը վերջ է դրել ծանր և արյունալի հակամարտությանը, հարկադրված, բայց միակ գործող միջոցն է՝ աչքի առաջ ունենալով հակամարտությունների նմանատիպ օրինակները, որոնցում նույնպես առկա են դրանց նախապայման հանդիսացած բազմաթիվ բաղադրիչներ՝ էթնիկ, կրոնական, պատմական իրողություններ, կայսերական համատեքստ և աշխարհաքաղաքական բախումներ։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը ձևավորել է տարածաշրջանի յուրատեսակ «մտավոր աշխարհագրություն»։ Այդ իրողության պայմաններում Ադրբեջանի համար իր էքսկլավ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հասնելը հարյուրավոր կիլոմետրեր Իրանի տարածքով հաղթահարելով, փաստացի ավելի «կարճ» է ստացվել, քան Հայաստանի միջով անցնող ընդամենը 42 կիլոմետրը։ Իսկ Երևանից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թուրքական Իգդիր հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել առնվազն 480 կիլոմետր՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքներով։ Փակ սահմանները՝ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի և Թուրքիայի միջև, նույնպես այս հակամարտության անոմալ ժառանգությունն են, որոնք ստեղծել են մի իրավիճակ, երբ մարդկանց գիտակցության մեջ ձևավորված «մտավոր աշխարհագրությունը» տարբերվում է իրական աշխարհագրությունից։
Տարածաշրջանային պարագիծը
Աշխարհագրությունից բացի, հայ-ադրբեջանական հակամարտությունը ձևավորեց նաև Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական տրամաբանությունը․ հենց այդ շրջանակում հաստատվեցին տարածաշրջանի երկրների դաշինքներն արտաքին դերակատարների հետ։ Սա դարձավ տարածաշրջանի մասնատման, հակադիր առանցքների ձևավորման և առճակատման պարույրների կարծրացման պատճառ։ Հակամարտությունը նպաստում էր տարածաշրջանում Ռուսաստանի գերիշխող դիրքի պահպանմանը, նրա ռազմական ներկայությանը Հայաստանի տարածքում և Ռուսաստանից Հայաստանի կախվածության խորացմանը՝ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական և տնտեսական առումներով։ Նույն գործոնը՝ հայ-ռուսական սերտ հարաբերությունները, լարվածություն էր ստեղծում նաև Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում։ Միջազգային հաղորդակցությունների առումով, Վրաստանի հարավում՝ Ռուսաստանից կախվածության մեջ գտնվող Հայաստանի ներկայությունը գրեթե երաշխավորում էր Վրաստանի տարածքով անցնող միջազգային հաղորդակցության ցանկացած միջոցի խոցելիությունը, մինչդեռ այն կարող էր ծառայել որպես կամուրջ՝ էներգակիրներով հարուստ Կենտրոնական Ասիան կապելով Եվրոպայի հետ: Զրկված լինելով այլընտրանքներից՝ տարածաշրջանի երկրներն իրենց տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունները կառուցեցին մեն միակ երթուղով: Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը դրսևորվեց հումանիտար, պատմական, տնտեսական և աշխարհաքաղաքական հարթություններում՝ էականորեն ազդելով թե՛ Հայաստանում և Ադրբեջանում, թե՛ ամբողջ տարածաշրջանում կյանքի որակի և տարածաշրջանի ու դրանից դուրս գտնվող երկրների փոխհարաբերությունների վրա։
Փոխազդեցությունից դեպի համագործակցություն
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցության ուղիների բացումը փոխում են տարածաշրջանի գործառնական «կարգավորումները» և ընդհանուր դիմագիծը՝ մի կողմից նպաստելով արտաքին ազդեցության նվազեցմանը, մյուս կողմից բարձրացնելով տարածաշրջանի երկրների սուբյեկտայնությունն ու ինքնիշխանությունը։ Տնտեսական առումով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը մի ամբողջ շարք պրոբլեմներ է ստեղծել․ հակամարտության տարիներին երկու երկրներն էլ համաշխարհային առաջատարների թվում էին ՀՆԱ-ի նկատմամբ պաշտպանական ծախսերի հարաբերակցության ցուցանիշով, իսկ էսկալացիաներից հետո հսկայական միջոցներ էին ուղղվում վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը և տեղահանված բնակչության կենսապահովմանը։ Երկու երկրների սահմանամերձ շրջանների համար միմյանց հետ ավանդական կապերի խզումը, լինի դա սահմանային առևտուր, ջրային ռեսուրսների օգտագործում և այլն, հանգեցրել է տնտեսական վիճակի զգալի վատթարացման և խոցելիության աճի, չհաշված պարբերական էսկալացիաները, որոնք էապես նվազեցրել են կյանքի որակը՝ դառնալով նաև սահմանամերձ շրջանների բնակչության կրճատման հիմնական պատճառ։ Այս համատեքստում, հակամարտությունից ամենաշատը տուժած շրջանները (Հայաստանում Տավուշը կամ ադրբեջանական էքսկլավ Նախիջևանը) խաղաղության հիմնական շահառուներն են։ Մակրոտնտեսական մակարդակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նշանակում է երկկողմ և բազմակողմ տնտեսական կապեր զարգացնելու հնարավորություն՝ առաջարկելով այլընտրանքային տարբերակներ, ինչպիսիք են ապրանքների ավելի արագ և էժան տարանցումը երկու երկրների միջև: Այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն ցույց են տվել խաղաղության առավելությունները. Ադրբեջանից գնված բենզինի երրորդ խմբաքանակը և Հայաստանից հետադարձ բեռնափոխադրումների վերաբերյալ ընթացիկ քննարկումները ցույց են տալիս, որ բիզնեսը հետաքրքրված է նման համագործակցությամբ, և այս գործընթացը նոր թափ կստանա խաղաղության պաշտոնական կնքումից հետո: Ադրբեջանը, ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն (որպես Կենտրոնական Ասիայից տարանցիկ կետ), կարող է ածխաջրածինների՝ գազի և նավթամթերքի գնման կարևոր աղբյուր դառնալ Հայաստանի համար, ինչն իր հերթին կարող է նպաստել հայկական շուկայի դիվերսիֆիկացիային և բերել էներգակիրների գների նվազմանը վերջնական սպառողների համար: Հայաստանը, աշխարհագրորեն, Ադրբեջանից Նախիջևան գնացող, ինչպես նաև Ադրբեջանը Թուրքիային կապող ամենակարճ ճանապարհն է: Հենց այդ է պատճառը, որ տնտեսական ուղղությունը սերտորեն կապված է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գազա-նավթատարների, էլեկտրահաղորդման գծերի, օպտիկամանրաթելային մալուխների և այլ ենթակառուցվածքների գործարկման հարցի հետ։ Այս ուղղության կարևոր բաղադրիչ է TRIPP-ը՝ Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն ճանապարհը, որն անցնելու է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով և ԱՄՆ-ի ներգրավմամբ կարող է դառնալ եվրասիական հաղորդակցական գծի կարևոր բաղադրիչ՝ Կենտրոնական Ասիան և Չինաստանը Հարավային Կովկասով կապելով Թուրքիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերումը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանների հնարավոր բացման համար։ Դա, իր հերթին, կարող է ամբողջ տարածաշրջանի համար ներկայիս երթուղիների համեմատ ավելի հարմար, արագ և անվտանգ նոր տնտեսական և հաղորդակցային հնարավորություններ բացել։ Հայ-թուրքական կարգավորումը կդառնա նաև տարածաշրջանային կարևորագույն խորհրդանշական ակտ՝ ավարտին հասցնելով նորագույն պատմության ամենաերկար և ծանր հակամարտություններից մեկը։ Միաժամանակ, այն Հայաստանի համար կբացի զարգացման նոր ուղիներ, իսկ Թուրքիային, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում, հնարավորություն կտա բարելավել հարաբերություններն արևմտյան երկրների հետ և ձեռք բերել ավելի հուսալի ու կայուն կապ Կենտրոնական Ասիայի և Հնդկական օվկիանոսի ավազանի հետ։
Որպես ամփոփում
Տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը ենթադրում են, որ, բացի Հայաստանի և Ադրբեջանի կարողությունների աճից, տարածաշրջանը հատող միջազգային հաղորդակցությունները կդառնան ավելի հուսալի՝ հնարավորություն տալով միմյանց կապել ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև՝ Կենտրոնական Ասիան աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսություն ունեցող շուկայի՝ Եվրամիության հետ, որն էներգակիրների, տարբեր տեսակի հումքի և այլ ռեսուրսների կայուն ու վստահելի մատակարարումների կարիք ունի։ Աշխարհաքաղաքական առումով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կնշանակի տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ճարտարապետության վերափոխում։ Երկու երկրների համար դա ենթադրում է արտաքին երկարատև ազդեցությունների և հակամարտության ժառանգության պայմաններում ձևավորված տեսակետների վերանայում, լինի դա տարածաշրջանային անվտանգության ընկալումը, արտաքին դերակատարների դերի գնահատումը, թե՝ Հարավային Կովկասի պետությունների և հասարակությունների կայուն համակեցության հնարավորության վերաբերյալ պատկերացումները։ Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող են նպաստել տարածաշրջանում արտաքին ներկայության ռազմաքաղաքական գործիքների նշանակության նվազմանը և աստիճանաբար փոխել անվտանգային տրամաբանությունը՝ զսպման մոտեցումից տեղափոխելով դեպի փոխադարձ վստահության ամրապնդում, տնտեսական համագործակցություն, ենթակառուցվածքային կապակցվածության զարգացում և անվտանգության ապահովման հարցում համատեղ պատասխանատվության մեխանիզմների ստեղծում։ Այս համատեքստում արտաքին ռազմական ներկայության ձևերն ու մասշտաբները կարող են փոխակերպվել՝ կախված նոր պայմանավորվածություններից: Սա կարող է նաև նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և հարևան երկրների հետ Հայաստանի տնտեսական ու տրանսպորտային ինտեգրման խորացմանը: Ադրբեջանի համար խաղաղության օրակարգը նշանավորում է նոր պատմական ժամանակաշրջանի սկիզբ՝ վերականգնման և զարգացման որակապես նոր հնարավորություններով։ Ավելին, խաղաղության օրակարգը պայմաններ է ստեղծում Բաքվի համար՝ բարձրացնելու ինտեգրման մակարդակը այն կազմակերպություններում, որոնց անդամակցում է Ադրբեջանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը միտված է նպատակների իրագործմանը «win-win strategy»-ի տրամաբանության շրջանակում, որի դեպքում յուրաքանչյուր կողմ ստանում է որոշակի շահեր և լրացուցիչ հնարավորություններ։ Միաժամանակ ակնհայտ է, որ խաղաղության ճանապարհին առկա են և դեռևս կլինեն տարբեր խոչընդոտներ։ Դրանք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբյեկտիվ գործոններով։ Այդ խոչընդոտները հաղթահարելու և արտաքին ազդեցություններին դիմակայելու համար անհրաժեշտ գործոններ են կառավարությունների քաղաքական կամքը, փոխգործակցության և համագործակցության ընդլայնումն ու խորացումը, շարունակական երկխոսությունը, ինչպես նաև համբերությունը, զսպվածությունը և հասարակությունների աջակցությունը։ Այսօր փոխգործակցության գրեթե բոլոր ուղղություններով ձևավորվում են տարբեր ձևաչափեր, որոնց շրջանակում ընթանում են ծրագրվող քայլերի շուրջ խորքային և իրատեսական քննարկումներ, ինչպես նաև կատարվում է հնարավոր ռիսկերի և հնարավորությունների գնահատում։ Այդ քննարկումներին մասնակցում են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ իրենց ներդրումը բերելով խաղաղության օրակարգի առաջմղմանը և առաջարկելով մեր երկրների ու ամբողջ տարածաշրջանի ապագայի տարբեր մոդելներ ու զարգացման սցենարներ։ Արեգ Քոչինյան – «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող (Հայաստան), «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդով – «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող (Ադրբեջան), Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/993676.html
© factor.am