«Թրամփի ուղի»-ն մտնում է գործնական փուլ 

հեղ․ Armenian Council

Հունվարի 14-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումը, որից հետո հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը: 

Ընդունված համատեղ հայտարարությունն ունի մեծ կարևորություն և փաստացի արձանագրում է նախագծի կյանքի կոչման բոլոր մանրամասները և կարգավորումները:  

Հոդվածում կանդրադառնանք հայտարարության կարևորությանը և հետագա քայլերին: 

ԹՐԻՓՓ-ի մասին հայտարարության կարևորությունը 

Հայաստանի ԱԳՆ-ի և ԱՄՆ պետքարտուղարության կողմից ընդունված հայտարարությունը կարևոր է մի քանի առումով:  

  • Հայտարարության ընդունումը գործնական փուլ է տեղափոխում ԹՐԻՓՓ-ի կյանքի կոչման գործընթացը: Վերջին ամիսներին Ադրբեջանի քաղաքական և փորձագիտական շրջանակներից հնչում էին շահարկումներ և մտահոգություններ, իբր հայկական կողմն արհեստականորեն ձգձգում է գործընթացը:  

Իրականում բանակցությունների տևողությունը գլխավորապես պայմանավորված էր երկու հիմնական գործոնով՝ ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար shutdown-ով (43 օր), երբ պարալիզացված էր ամերիկյան գրեթե ամբողջ պետական համակարգը, ինչպես նաև մի շարք հակամարտությունների կարգավորման գործընթացներում (Գազա, Ուկրաինա և այլն) Սթիվ Ուիտկոֆի գրասենյակի և ԱՄՆ պետքարտուղարության ներգրավվածությամբ:  

Փաստաթղթի վերջնականացումը և հրապարակումը նոր փուլ է տեղափոխում ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման գործընթացը՝ փարատելով հնարավոր բոլոր մտահոգությունները: Պաշտոնական Երևանն արդեն հայտարարել է, որ փաստաթղթային և իրավաբանական բոլոր գործընթացները նախատեսվում է ավարտել 2026 թվականի առաջին կեսին և տարվա երկրորդ կեսին տալ շինարարական աշխատանքների մեկնարկը:  

  • Թեև փաստաթուղթը  իրավական պարտավորություններ չի առաջացնում, այն ուղենշային է լինելու առաջիկա ամիսներին նախագծի հետ կապված իրավական ուժ ունեցող կանոնադրական և հիմնադիր այլ փաստաթղթերի ձևակերպման համար:  

Հայտարարությունը հիմնված է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Խաղաղության հռչակագրի սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և իրավազորություն: Այն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը, կապելով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ և ստեղծելով տրանս-կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ, միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի համար։ 

  • Քաղաքական առումով, ընդունված հայտարարությունը հստակ ազդակ է, որ ԱՄՆ-ն հետևողական է  Հարավային Կովկասում առավել ակտիվ դերակատարում ստանձնելու հարցում և հանձնառու է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Միևնույն ժամանակ, այն վերահաստատում է Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ դառնալով տարածաշրջանային երկարաժամկետ կայունության ապահովման կարևոր հիմք: Տնտեսական առումով, ԹՐԻՓՓ-ը Վաշինգտոնի ու Երևանի միջև փոխշահավետ գործարք է: Այն նոր շուկաներ է բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար, մեծացնում է հասանելիությունը տարածաշրջանի ռեսուրսներին, ինչպես նաև ապահովում ԱՄՆ, Եվրոպայի և Ասիայի միջև այլընտրանքային առևտրային ուղիներ: Հայաստանի համար էլ այն տալիս է ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ինչպես նաև՝ ներդրումային աննախադեպ հնարավորություններ: 
  • Կարևոր է փաստաթղթում ԹՐԻՓՓ-ի տարածաշրջանային կոնտեքստի արձանագրումը՝ որպես տրանս-կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ: Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է վերջերս Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՆ-կենտրոնասիական երկրներ գագաթնաժողովի ֆոնին, որի շրջանակում կողմերը պայմանավորվել են առավել սերտացնել համագործակցությունը: 

ԹՐԻՓՓ նախագծի առաջմղումը ուղերձ է նաև ԱՄՆ-ի տարածաշրջանային և միջազգային գործընկերներին՝ այն դիտարկելու որպես Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող նախընտրելի ուղղություն: 

  • Ուշագրավ են նաև ԹՐԻՓՓ-ի շրջանակում համագործակցության ժամկետները: Նախագծի կյանքի կոչման նպատակով, Հայաստանի օրենսդրության համաձայն, ստեղծվելու է ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն։ Հայաստանն այդ ընկերությանը 49 տարի նախնական ժամկետով կառուցապատման իրավունք կտրամադրի։ Ընկերության մասնաբաժինների 74%-ը կպատկանի Միացյալ նահանգներին, իսկ 26%-ը՝ Հայաստանին: 

49 տարի ժամկետն ինքնին արտառոց չէ նման միջազգային ենթակառուցվածքային նախագծերի համար: Դա անհրաժեշտ է խոշոր ներդրումների վերադարձելիությունն ապահովելու տեսանկյունից։  

Ինչ վերաբերում է բաժնեմասերի հարաբերակցությանը, այն պայմանավորված է Միացյալ Նահանգների և Հայաստանի կողմից նախատեսվող ներդրումների հարաբերակցությամբ: Նախագծում որպես հայկական կողմի ներդրում են համարվում կառուցապատման իրավունքների տրամադրումը տարանցիկ երթուղիների շրջանակներում, գոյություն ունեցող ենթակառուցվածքային ակտիվները, կարգավորիչ աջակցությունը և թույլտվությունների արագ ընթացակարգերը, սահմանային և մաքսային ենթակառուցվածքների հետ կապված ներդրումները, ինչպես նաև՝ հնարավոր կանխիկ ներդրումներն, ըստ անհրաժեշտության։  

Ամերիկյան կողմն արդեն հայտարարել է Հայաստանի ենթակառուցվածքային, սահմանային և մաքսային կարողությունների զարգացման գործում մի քանի հարյուր միլիոն դոլար ներդնելու պատրաստակամության մասին: Հայաստանին որպես առաջին տրանշ արդեն տրամադրվել է 145 միլիոն դոլար աջակցություն:  

Հայտարարության համաձայն՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում համագործակցությունը կարող է երկարաձգվել ևս 50 տարով, և այդ ժամանակ Հայաստանի կառավարության սեփականության մասնաբաժինը կդառնա 49%։  

Չնայած մասնաբաժինների հարաբերակցությանը՝ կարևոր է այն հանգամանքը, որ  ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ կապված բոլոր հարցերը ենթակա են համաձայնեցման Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից, իսկ սկզբունքային հարցերում Հայաստանը կունենա որոշիչ ձայն: Բացի համատեղ ընկերությունում իր մասնաբաժնի չափով եկամուտներից, նախագծի շրջանակում Հայաստանը ստանալու է հարկեր, մաքսատուրքեր և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարներ: 

Ինքնիշխանության հարցը 

Օգոստոսին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո հայաստանյան հանրային և քաղաքական շրջանակներում կային օբյեկտիվ և սուբյեկտիվ մտահոգություններ՝ կապված ԹՐԻՓՓ-ի հնարավոր կարգավորումների հետ: Հայ-ամերիկյան համատեղ հայտարարությունը տալիս է շատ հարցերի պատասխաններ:  

Փաստաթղթում բավական հստակ և միանշանակ արձանագրված է՝ ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունը պահպանվում է, ինչը հայկական կողմի գլխավոր կարմիր գծերից էր: Փաստաթուղթը բավական մանրամասն է անդրադառնում իրավազորության հետ կապված տարբեր հարցերի՝ ընդգծելով, որ Հայաստանի պետական մարմինների ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվելու։  

Ինքնիշխանության և իրավազորության հետ կապված նման մանրակրկիտ շեշտադրումները, նախագծի կյանքի կոչման գործընթացում հնարավոր խնդրահարույց իրավիճակներից խուսափելու տեսանկյունից, բավական կարևոր են: 

Այս հայտարարությունը, փաստացի, մեկընդմիշտ փակում է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի վերաբերյալ շահարկումների դաշտը: Նախկինում Ադրբեջանի կողմից շրջանառվել են ամենատարբեր պահանջներ, օրինակ, Ադրբեջանի քաղաքացիները և բեռները պետք է անցնեն առանց կանգառի, անցման համար որևէ տուրք չպետք է վճարեն, իսկ հայկական կողմի ներկայություն անցակետերում չպետք է լինի: ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան հայտարարության մեջ արտատարածքային տրամաբանության որևէ նման տարր չկա: Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապն ապահովվելու է «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» մեխանիզմով, և անցման դյուրացումն ապահովվում է տեխնիկապես արդիականացված ընթացակարգերի հաշվին, ոչ թե՝ Հայաստանի իրավազորության:  

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ԹՐԻՓՓ-ի իրագործման շրջանակների համաձայնեցումից հետո կարևոր է նաև այն, թե ինչպես այն կընդունվի Ադրբեջանում: Պաշտոնական Բաքուն դեռևս սահմանափակվել է կարճ հայտարարությամբ: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, որ հայտարարության ընդունումը կարևոր է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործնական աշխատանքների մեկնարկի համար, ինչպես նաև՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով։ 

Առաջիկայում, ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգավորումների հաստատմանը զուգահեռ, Վաշինգտոնը և Երևանը Բաքվի հետ ակտիվ քննարկումներ պետք է սկսեն գործնական հարցերի քննարկման և պայմանավորվածությունների ձեռքբերման համար: 

Ամփոփում 

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը նախագծի կյանքի կոչման գործընթացը տեղափոխում է գործնական փուլ: Այն կարող է զգալիորեն ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը, երկիրը դուրս բերել շուրջ 30 տարի շարունակվող շրջափակումից և ստեղծել աննախադեպ տնտեսական հնարավորություններ: Դա Հայաստանին կտա նաև լրացուցիչ քաղաքական կշիռ և բանակցային ռեսուրս թե՛ տարածաշրջանային, թե՛ լայն միջազգային հարթակներում։ 

Նարեկ Մինասյան 

Ընթերցեք նաև