«Ուժեղ Հայաստա՞ն», թե՞ «ուժեղ Ռուսահայաստան»

հեղ․ Armenian Council

2026թ․ հունիսին նախատեսված հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում բազմաթիվ քաղաքական ուժեր և գործիչներ։ Նրանցից որոշները բացառապես մասնակցության, իրենց մասին հայտարարելու, քաղաքական դաշտ մուտք գործելու կամ խորհրդարանում նվազագույն մասնակցությամբ հայտնվելու նպատակ ունեն։ Սակայն, բացի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որի նպատակը մեծամասնության քվեները ստանալն է, դաշտում առկա է ևս մեկ քաղաքական ուժ, որը փորձելու է մրցակցություն առաջարկել։ Դա «Մեր ձևով» շարժման կողմից ձևավորված «Ուժեղ Հայաստան» անունը կրող կուսակցությունն է։ Այս ուժը ներկայումս հենվում է ռուսական կողմնորոշում ունեցող դերակատարների և նրանց ընտրազանգվածի վրա։ Եթե 2021թ․ նշված դերակատարների և ընտրողների հույսը «Հայաստան» դաշինքն էր, այս անգամ նրանց ճնշող մեծամասնությունը, որպես իշխանությունների քաղաքականությանը ռուսական շահերին համահունչ այլընտրանք, տեսնում է հայկական արմատներով ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի մեջ։

Մինչդեռ Կարապետյանն անձամբ չի կարող մասնակցել ընտրություններին՝ Հայաստանում մշտապես բնակվելու անհրաժեշտ պայմանին չհամապատասխանելու պատճառով, սակայն տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչներն ամենուր հենվում են նրա «հնարավորությունների», «ունակությունների» և «փորձի» վրա։ Անհասկանալի է, թե ի՞նչ կարգավորմամբ պիտի Կարապետյանի «հնարավորությունները», «ունակությունները» և «փորձը» կիրառվի ՀՀ կառավարելիս, եթե նա օրենքով չի կարող ընտրվել։ Ենթադրվում է, թե այս քաղաքական ուժը առաջարկում է կառավարում Վրաստանի նմանությամբ, որտեղ Ռուսաստանից գործուղված օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին փաստացի՝ ստվերային կառավարում է իրականացնում։ Թեև սա ՀՀ սահմանադրության խախտում կլինի, բայց այս փաստը տվյալ դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչներին կարծես այնքան էլ չի մտահոգում։

Եվ այսպես՝ ո՞րն է այս քաղաքական ուժի և նրա ներկայացուցիչների հիմնական գաղափարախոսական ուղղությունը։

Եթե փորձենք վերլուծել «Ուժեղ Հայաստան» խրոխտ անունը կրող քաղաքական ուժի ղեկավարների խոսքը, կարելի է նկատել, որ ներքին և արտաքին դաշտերում «ուժեղացնելու» մեկ ընդհանուր ճանապարհ է առաջարկվում։ Ըստ էության, արտաքին դաշտում դա հարաբերությունների վերբեռնումն է Ռուսաստանի հետ, իսկ ներքին դաշտում՝ Ռուսաստանի կամ ռուսական կապիտալի միջոցով տնտեսական նոր նախագծերի իրականացումը։

Արտաքին քաղաքականությունում առաջարկվող փոփոխություններում ուշադրություն է գրավում «մյուս կենտրոնների հետ համատեղ Ռուսաստանին մասնաբաժին տրամադրելու» առաջարկը։ Սա կարելի է այլ խոսքերով անվանել «վերադարձ Ռուսաստանի գիրկը»։ Զարմանալի չէ այս մոտեցումը, քանի որ հայ հասարակության մի փոքր հատված նման ցանկություններ է ներկայացնում, իսկ այս ուժի ներկայացուցիչները փորձում են ստանալ նրանց ձայները։ Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները նաև հույս ունեն ստանալ Ռուսաստանի որոշ շրջանակների աջակցությունը՝ ռեսուրսների տեսքով։

Ներքին դաշտում առաջարկը «համախմբումն է», ինչը ենթադրելու է կոշտ ավտորիտար մեթոդներով այլախոհության բացառում։ Սրան զուգահեռ, առաջարկվում են տնտեսական նախագծեր, որոնց «մեխը» 300․000 նոր աշխատատեղերի ստեղծումն է։ Անհասկանալի է, թե

այդ աշխատատեղերը ինչ մոդելով են ստեղծվելու։ Առաջին հայացքից, առաջարկը շատ նման է «պլանային տնտեսության» մոդելին, ինչը ժամանակին բերեց ԽՍՀՄ փլուզմանը։ Իսկ եթե խոսքը ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում ներդրումների ներգրավման մասին է, ապա ներկայումս Հայաստանը առաջ է շարժվում հենց այդ մոդելով, իսկ 2018-2025թթ․ այս կերպ արդեն աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 275․000-ով։ Հետևաբար, առաջարկը հանգում է ընդամենը ներդրվող կապիտալը ռուսականով «փոխարինելուն», ինչը, Ռուսաստանի ներկա իրավիճակից ելնելով, խիստ անհավանական է թվում։

Այսպիսով, այս քաղաքական ուժը, որն, ամենայն հավանականությամբ կլինի գլխավոր ինստիտուցիոնալ ընդդիմությունը նոր խորհրդարանում, ներկայացնելու է այնտեղ ՌԴ շահերը, ինչպես 2021-2026թթ․ փորձեց անել «Հայաստան» դաշինքը։ Հետևաբար, գուցե իմաստ ունի արդեն իսկ այսօր կուսակցության անվանումը համապատասխանեցնել գաղափարախոսությանը՝ պետական ռեգիստրի ծառայությունում փոփոխելով որպես «Ուժեղ Ռուսահայաստան»։ Այսպես գոնե ավելի ազնիվ կլինի։

Ընթերցեք նաև