Հայաստանը «բացում է» տարածաշրջանը

հեղ․ Armenian Council

Հրապարակվեց Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև համաձայնեցված գործողությունների ծրագիրը, որի միջոցով ամբողջանում է օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից ամենակարևորը: Այն վերաբերում է Հայաստանի ինտեգրմանը տարածաշրջանային ծրագրերում: Սա զարգացման կարևորագույն ուղղությունն է: Մի ուղղություն, որ պարունակում էր ամենամեծ ռիսկերը, և որի շուրջ տեղի էին ունենում ամենաշատ շահարկումներն ու հավակնությունները:

Եվ այսպես, ՀՀ և ԱՄՆ համատեղ հայտարարությամբ արձանագրված գլխավոր կետը ամրագրում է Հայաստանի ինքնիշխան իրավունքների անփոփոխելիությունը սեփական տարածքներում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Ուշադրության է արժանի այն, որ ներկայացվում են ոչ միայն իրավունքների վերաբերյալ ընդհանուր ձևակերպումներ, այլև հստակ կերպով ներկայացված են բոլոր հնարավոր իրավիճակները, որոնք կարող են առընչություն ունենալ ՀՀ ինքնիշխանության հետ: Ըստ այդմ, համաձայնությունը ամրագրում է, որ ԹՐԻՓՓ գործունեության ամբողջ ծավալով ՀՀ իրավազորության ներքո և ՀՀ օրենսդրությանը համապատասխան են լինելու օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը, ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը, մաքսային և սահմանային վերահսկողությունը, պարտադիր վճարների նկատմամբ վերահսկողությունը և այլն: Ամրագրվում է նաև ՀՀ անօտարելի իրավունքը՝ հասանելիություն ունենալ ՀՀ ինքնիշխան տարածքի բոլոր հատվածներ, այդ թվում՝ մաքսային ձևակերպումների և տարանցիկ փոխադրման համար նախատեսված, ինչպես նաև՝ կիրառել ՀՀ օրենքները:

Փաստորեն, Հայաստանին հաջողվում է, պահպանելով իր ինքնիշխանությունը և տարածքների նկատմամբ ամբողջական վերահսկողությունը, դառնալ նոր ենթակառուցվածքային համակարգի ներառական հանգույց: Սա ոչ միայն ՀՀ և ԱՄՆ միջև համաձայնություն է, այլ առանցքային քայլ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման ուղղությամբ: Եթե ԹՐԻՓՓ նախագիծը ֆիզիկապես գոյություն ունենա, և ենթակառուցվածքները սկսեն աշխատել, «Խաղաղության խաչմերուկի» մյուս ուղղությունների վերաբերյալ միջազգային հետաքրքրությունը կավելանա մի քանի անգամ, ինչը կտրուկ կավելացնի ծրագրի կյանքի կոչման հնարավորությունները:

Հրապարակված փաստաթուղթը պարունակում է կարգավորումներ կարևորագույն հարցերի վերաբերյալ, սակայն փաստաթղթի հիմնական ուղերձը վերաբերում է տարածաշրջանի բացմանը: Նկատենք, որ Հայաստանին հաջողվում է 44-օրյա պատերազմից հետո պահպանել իր ինքնիշխան իրավունքներն ու միջազգային սուբյեկտայնությունը ամենազգայուն հարցի՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման տրամաբանությունում: Ավելին, Հայաստանը տնտեսական և քաղաքական նոր դիվիդենտներ է շահում: Այլ խոսքով, Հայաստանը հաղթահարում է խնդիրները և «բացում է» տարածաշրջանը՝ հիմքեր ստեղծելով առավելագույն շահավետությամբ այդ գործընթացում

ներգրավվելու համար, թեև միջազգային հարաբերությունների անկայուն դրությունը առավել անորոշ կանխատեսումներ էին ենթադրում:

Ռոբերտ Ղևոնդյան

Ընթերցեք նաև