Հունվարի երեքի առավոտյան բոլոր լրատվականներին ցնցեց նորությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածել է Վենեսուելային։ Մինչ աշխարհի առաջատար վերլուծական կենտրոններում փորձագետները ցանկանում էին վերլուծել իրավիճակն ու կանխատեսումներ անել, ընդամենը 1-2 ժամ անց ամեն ինչ վերջացավ։ Վերջացավ շատերի համար անկանխատեսելի կերպով։ Պատերազմի նախկին էության և ընկալման հետ որևէ առընչություն չունեցող և նոր գիտատեսական մշակումներ ենթադրող գործողության արդյունքում ԱՄՆ-ն ընդամենը 1-2 ժամում կարողացավ գլխատել Վենեսուելայի ավտորիտար իշխանությունը։ Նախագահ Մադուրոն և նրա կինը ձերբակալվեցին և տեղափոխվեցին Նյու Յորք, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, կկանգնեն դատարանի առաջ՝ թմրանյութերի արտադրության և տարածման կարտել ստեղծելու և ղեկավարելու մեղադրանքով։
Թեև Վենեսուելայում իշխանության փոփոխության մասին տեղեկություններ դեռևս չկան, սակայն տեղի ունեցածը ուշագրավ է մի քանի առումով։
Նախ, հարկ է ընդգծել, որ Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից իրականացված «վիրահատական» ռազմական օպերացիան եզակի էր իր բնույթով։ Բացի այն, որ միլիարդների ռուսական ռազմական տեխնիկան կամ չհասցրեց կրակոց արձակել, կամ ոչնչացվեց առաջին իսկ րոպեներին, հետաքրքիր է, որ այս օպերացիան մշակված և հաջողված առաջին նմանատիպ գործողությունն էր, որի արդյունքում հաշված ժամերի ընթացքում մի կողմը կարողանում է ուժի միջոցով իր նպատակն իրացնել՝ առանց տարածքային, ենթակառուցվածքային կամ վիրտուալ լայնածավալ էքսպանսիա իրականացնելու և հարյուրավոր զոհերի։ Ընդ որում, այդ նպատակը ոչ թե պետության զավթումը կամ իշխանություն ունեցող ուժն ավելի ցանկալի դերակատարներով պարզ փոխարինումն է, այլ պետության փաստացի ղեկավարին կալանավորելն ու երկրից դուրս բերելը։ Նման գործելաոճն, անշուշտ, նորություն է միջազգային հարաբերությունների պատմության մեջ։ Մյուս կողմից, սա հոգեբանական ապտակ է միջազգային այլ դերակատարներին, որոնք թեև իրենց ենթադրյալ ռազմական ներուժի մասին բարձր կարծիքի են, սակայն տարիներ շարունակ ահռելի ռեսուրսներ ծախսելով՝ նմանատիպ արդյունք չեն կարողանում ստանալ։
Վենեսուելայի գործողությունը մի քանի առումով կարևոր է նաև աշխարհաքաղաքական համատեքստում։ Զարմանալի չէ, որ, օրինակ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին, հաջողված գործողության առթիվ շնորհավորելով ԱՄՆ նախագահ Թրամփին, ակնարկել է, որ եթե միջազգային հարաբերություններում անձամբ ավտորիտար լիդերների նկատմամբ ուժի կիրառումն արդեն թույլատրելի է, ապա կա ևս մեկ լիդեր, ով արժանի է նման վերաբերմունքի։
Բայց աշխարհաքաղաքական գլխավոր նշանակությունը վերաբերում է ԱՄՆ-Չինաստան մրցակցությանը։ Ըստ հավաստի տվյալների՝ Վենեսուելայում են գտնվում մոլորակում նավթի ամենամեծ պաշարները։ Դրանց նկատմամբ Չինաստանի տնտեսական հետաքրքրությունները, որոնք առարկայանում էին Ռուսաստանի ձեռքերով Մադուրոյի ավտորիտար իշխանությունը պահելու միջոցով, այժմ էական վտանգի տակ են։ Ավելին, կարելի է կանխատեսել, որ կարճ ժամանակ անց Միացյալ Նահանգները կկարողանա կառավարել Վենեսուելայում նավթի արդյունահանման և արտահանման գործընթացը, ինչը էական նշանակություն կունենա նավթի համաշխարհային գների անկման վրա։ Սա, իր հերթին, կնշանակի Ռուսաստանի ռեսուրսների կտրուկ նվազում և, որպես հետևանք, Չինաստանի նկատմամբ ԱՄՆ ևս մեկ մրցակցային առավելություն։
Ամենևին ոչ ամբողջական վերլուծությունը կցանկանայի եզրափակել հետևյալ եզրահանգմամբ․ ներկա միջազգային քաղաքական գործընթացներում գլխավոր հարցը այն է, թե համաշխարհային հեգեմոնի կարգավիճակը վերահաստատելիս որն է լինելու «վիրաբույժ» Թրամփի հաջորդ թիրախը։
——————————————————
Ռոբերտ Ղևոնդյան