Ռուս սահմանապահների խնդիրը հայ-իրանական սահմանին TRIPP-ի համատեքստում

հեղ․ Armenian Council

Ամերիկյան լուրերի երեկոյան թողարկման՝ PBS News Hour-ի եթերում ցուցադրվել է TRIPP-ի մասին ռեպորտաժ, որը նկարահանվել է ամերիկյան լրագրողների կողմից՝ 2025թ. նոյեմբերին Մեղրի կատարած այցի ընթացքում: TRIPP-ի երթուղու երկայնքով՝ հայ–իրանական սահմանով, անցնող մայրուղով երթևեկելիս լրագրողները կանգնեցվել են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության պարեկի կողմից։ Սահմանապահները նախազգուշացում են տվել ամերիկացի լրագրողներին՝ հայտարարելով սահմանամերձ գոտում նկարահանումների արգելքի մասին։ Այս դրվագը ներառվել է PBS News Hour-ով ցուցադրված նյութում1։

Պաշտոնական Մոսկվան TRIPP-ի համատեքստում մի քանի անգամ նշել է, որ այն տարածքներում, «որտեղ, ենթադրաբար, պետք է անցնի նշված երթուղին», ռուս սահմանապահների ներկայությունը ենթադրում է Մոսկվայի շահերի հաշվառում տվյալ հարցում։ Այս մասին 2025թ. սեպտեմբերի 12-ին բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, իսկ դեկտեմբերին նույն թեզերը կրկնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության պետ Միխայիլ Կալուգինը։

Մոսկվան օգտագործում է այս փաստը որպես քաղաքական գործիք՝ իր շահերի մասին հիշեցնելու համար, և, հաշվի առնելով, որ այս փաստարկը որոշակի պարբերականությամբ հնչեցվել է ՌԴ ԱԳՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, կարելի է ենթադրել, որ այն կշարունակի օգտագործվել նաև հետագայում։

Տարածաշրջանային կարևոր տրանսպորտային մայրուղու անցումը Արաքս սահմանային գետի և Մեղրիի լեռների միջև գտնվող նեղ հողաշերտով, որտեղ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերը անմիջականորեն շփման մեջ են գտնվում TRIPP-ի հնարավոր հաղորդակցությունների հետ, հայկական կողմի համար ստեղծում է մի շարք ռիսկեր։

Ամենաարմատական սցենարը տարբեր խոչընդոտների ստեղծումն ու դիվերսիաներն են՝ TRIPP-ի երկայնքով անվտանգության ճգնաժամ ձևավորելու և դրա գործարկմանը խոչընդոտելու նպատակով։ Կարևոր է հիշեցնել, որ Մեղրիով տարանցման անվտանգության հարցը այն հիմնական թեմաներից է, որը բարձրացնում է ադրբեջանական կողմը, և այս համատեքստում ծագող խնդիրները կարող են ինչպես սրել հայ–ադրբեջանական հարաբերությունները, այնպես էլ խաթարել միջազգային ներդրողների հետաքրքրությունը նախագծի նկատմամբ։

Մյուս կողմից, TRIPP-ի կառուցումը գրավում է միջազգային մեդիայի, ներդրողների և քաղաքական գործիչների ուշադրությունը։ Միջազգային լրատվամիջոցների թղթակիցների սպասվելիք ակտիվությունը TRIPP-ի շինարարության գոտում կհանգեցնի բազմաթիվ միջադեպերի՝ նման PBS News-ի թղթակիցների հետ տեղի ունեցած դեպքին, ինչն, ակնհայտորեն, բացասաբար է ազդում նախագծի ընկալման վրա և հարվածում է Հայաստանի հեղինակությանը։ Այն պայմաններում, երբ ռուսական ուժային կառույցները ասոցացվում են Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ, մի քանի նմանատիպ միջադեպերի՝ միջազգային մեդիայում լուսաբանումից հետո, բացի ռեպուտացիոն կորուստները, լրջագույն հարված է նաև միջազգային ներդրումներ ներգրավելու հարցում:

Բացի այդ, հայ–իրանական սահմանը Հայաստանի համար ամենակարճն է (44 կմ) և, միաժամանակ, անվտանգ՝ աշխարհագրական, տեխնիկական և քաղաքական

տեսանկյուններից։ Նշված հատվածում սահմանային Արաքսի արագ հոսանքը ու լայնությունը, նեղ լեռնային հովիտը, որն ամբողջովին տեսանելի է լանջերից, էապես դժվարացնում են սահմանի ապօրինի հատումը։ Երևան–Թեհրան քաղաքական հարաբերությունները նույնպես կանխատեսելիորեն լավ են, անգամ եթե Իրանում արմատական ներքաղաքական փոփոխություններ ենթադրվեն։ Ռուսական կողմի ներկայությունը հայ-իրանական սահմանին պատմական անախրոնիզմ է, որը չունի որևէ տրամաբանական հիմք, բայց կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծել: Միևնույն ժամանակ, տեխնիկական վերահսկողության միջոցների կիրառումը կարող է զգալիորեն դյուրացնել սահմանի պահպանությունն ու պարեկությունը՝ նվազեցնելով մեծաթիվ անձնակազմ ներգրավելու անհրաժեշտությունը։ Նշվածը հաշվի առնելով՝ չափազանց կարևոր է, որպեսզի TRIPP-ի գործնական իրականացման փուլին անցնելուց առաջ հայ սահմանապահները լիովին վերահսկողության տակ վերցնեն Իրանի հետ սահմանի պահպանությունը:

—————
1 https://youtu.be/Um9GWdRcgpg?t=183

———————————————
Սամվել Մելիքսեթյան

Ընթերցեք նաև