Դեկտեմբերի 21–22-ին Ն. Փաշինյանի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին և Վ. Պուտինի հետ կայացած հանդիպումը անցել են արտաքուստ դրական մթնոլորտում՝ ուղեկցվելով հերթապահ հայտարարություններով, որոնցում ընդգծվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը, նշվել համատեղ նախագծերի քննարկումը (ներառյալ՝ ատոմային էներգետիկայի ոլորտում) և այլն։
Չնայած հանգամանքին, որ երկրների ղեկավարների գնահատականները դրական են, ռուսաստանյան զլմ-ների, ԱԳՆ ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հայտարարություններում աճում են քննադատական արտահայտությունները Հայաստանի ղեկավարության և Հայաստան–ԵՄ կապերի ամրապնդման հասցեին։ Միաժամանակ, ռուսական կողմը հետևողականորեն շեշտում է Ռուսաստանի մասնակցության կարևորությունը TRIPP-ին՝ նշելով, որ այդ նախագիծն առանց Ռուսաստանի չի կարող իրականացվել։
Իրանի իշխանությունների հոգևոր թևը նույնպես հանդես է գալիս TRIPP-ի հանդեպ խիստ բացասական գնահատականներով: Այդ ամենը տեղի է ունենում Իրանի և Ռուսաստանի միջև քաղաքական շփումների ակտիվացման ֆոնին, այդ թվում՝ տրանսպորտային ոլորտում (Ռեշտ–Աստարա երկաթուղու կառուցում, Կասպից ծովով տրանսպորտային հաղորդակցության զարգացում և այլն)՝ թույլ տալով եզրակացնել, որ այդ գործընթացների միջև կա պատճառահետևանքային կապ։ Ռուսաստանի ԱԳՆ-ից հնչող կոչերը «3+3» ձևաչափով հանդիպումների վերականգնման վերաբերյալ նույնպես արտացոլում են հետաքրքրությունը՝ օգտագործել տարածաշրջանային դերակատարներին՝ տարածաշրջանում այլ ուժերի, առաջին հերթին՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ազդեցության ուժեղացումը կանխելու նպատակով։
Հայաստանն, իր հերթին, շարունակում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, որի բնական հետևանքն է Ռուսաստանի նկատմամբ կախվածության թուլացումը։ ԵՄ-ի հետ կապերի ամրապնդումը, ներառյալ՝ վերջինիս կողմից հիբրիդային հարձակումներին դիմակայելու և երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման նպատակով ֆինանսական աջակցության տրամադրումը, ինչպես նաև՝ ԵՄ-ի և արևմտյան երկրների հետ փոխգործակցության քաղաքական ձևաչափի ուժեղացումը, անխուսափելիորեն հանգեցնում են նույն արդյունքին։ Եկեղեցու հետ հակամարտությունը և հիբրիդային հարձակումները, որոնք, ընտրություններին մոտենալուն զուգընթաց, հակված են ակտիվացման, հայկական իշխանություններին ստիպում են ավելի ուղիղ մատնանշել ռուսական կողմի ներգրավվածությունն այդ գործընթացներին։ Միաժամանակ, հայկական կողմը սկսել է 2026 թվականից երկրի մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին օրենքի նախապատրաստումը, ինչը վերաբերում է հենց ռուսական ալիքներին, որոնք 2020 թվականի դեկտեմբերի համաձայնագրի արդյունքում ստացել էին էական արտոնություններ։
Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի հայկական կողմը պատրաստ է ինքնուրույն վերականգնել Թուրքիայի և Նախիջևանի հետ սահմանին գտնվող երկաթուղային հատվածները, եթե Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ) դա չկարողանա անել կարճ ժամկետում, նույնպես կարող է ազդանշան լինել այն մասին, որ Երևանը դիտարկում է նաև երկրի երկաթուղիների նկատմամբ ՀԿԵ-ի կոնցեսիան վերադարձնելու ծրագիր։ Այս ամենը թույլ է տալիս պնդել, որ չնայած այն հանգամանքին, որ երկրների ղեկավարների պաշտոնական հանդիպումների մակարդակում, որպես կանոն, հնչում են հարաբերությունների զարգացման վերաբերյալ դեժուր դրական հայտարարություններ, իսկ Հայաստանը մասնակցում է ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակում հանդիպումների ձևաչափերին (միաժամանակ ամբողջությամբ սառեցնելով մասնակցությունը ՀԱՊԿ-ին), կողմերի գործնական շահերը շարունակում են հեռանալ միմյանցից։
Կարելի է սպասել, որ ռուսական կողմը հետագայում ևս կօգտագործի հիբրիդային հարձակումների գործիքակազմը, և այս գործընթացը հատկապես կուժեղանա ընտրություններից առաջ, իսկ հայկական կողմը, մի կողմից, կպահպանի պաշտոնական շփումները՝ փորձելով մասնակիորեն մեղմել ռուսական հարձակումները, սակայն միաժամանակ կձեռնարկի ավելի վճռական քայլեր, որոնք կսահմանափակեն ռուսական կողմի հնարավորությունները ազդելու երկրի ներքաղաքական գործընթացների վրա:
Սամվել Մելիքեթյան
