«Խաղալ» քաղաքականություն՝ պաշտպանվելով վեղարի տակ

հեղ․ Armenian Council

Հայաստանում շարունակվում է կաթողիկոսի գլխավորությամբ որոշ հոգևորականների պայքարն ընդդիմադիր քաղաքական դաշտում՝ ընդդեմ լեգիտիմ իշխանությունների։ Ու թեև վերջին զարգացումները էականորեն թուլացրել են եկեղեցականների դիրքերը, սակայն, աջակցություն ստանալով արմատական ռուսամետ ընդդիմադիրներից և նրանց առաջարկների գայթակղությանը չդիմանալով, եկեղեցու պաշտոնյաներից ոմանք դեռևս հրաժարվում են ընդունել ակնհայտ իրողությունները։ Սա կարող էր համարվել ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացիկ դժվարություն, եթե չլինեին արտաքին ազդեցության հիմնավոր կասկածները։ Իսկ դրանք առավել քան հիմնավոր դարձան, երբ հրապարակվեց կաթողիկոսի հարազատ եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ՍՍՀՄ ՊԱԿ կողմից հավաքագրված լինելու փաստն ապացուցող փաստաթուղթը։

 Այնուամենայնիվ, Հայաստանը ժողովրդավարական պետություն է, ցանկացած անձ կարող է քաղաքական դաշտ մտնել և «խաղալ» այդ դաշտում, նույնիսկ՝ արտաքին ուժերի ազդեցություններն օգտագործելով։ Դա վերաբերվում է նաև հոգևորականներին։ Սակայն ինչպես աշխարհում ամեն ինչ, այնպես էլ այդ գործողությունն ունի իր «գինը»։ Քաղաքական գործընթացներին նույնիսկ մակերեսորեն ծանոթ ցանկացած մեկը կարող է կռահել, որ դրանք ներկայացնում են որոշակի տրամաբանություն, ունեն պատճառահետևանքային կապ, գրված և չգրված կանոններ։ Թեև տարբեր երկրներում՝ կախված ռեժիմից, ավանդույթներից, մշակույթից և այլն, դրանք կարող են տարբեր լինել, բայց բոլոր դեպքերում մեկ բան անփոփոխ է՝ քաղաքական պայքարը, ինչպես և այն, որ ցանկացած պայքար երկկողմանի է։ Այլ խոսքով, եթե որևէ դերակատար սկսում է պայքարել մեկ այլ դերակատարի դեմ քաղաքական դաշտում, ապա մեծ հավանականությամբ կստանա հակահարված։

Եվ ահա, որպես այս «հակահարվածից» պաշտպանվելու միջոց, հոգևորականներն ընտրել են իրենց համար գուցե ընդունելի, սակայն հայ հանրության համար և Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից եղկելի մի գործիք՝ ՀԱԵ սպասավորի կարգավիճակը։ Նման քայլը ոչ միայն բարոյական-արժեքային և քաղաքակրթական սնանկության հավաստում է, այլև ուղղակիորեն հակասում է սահմանադրությանը։ Սակայն սա դեռ խնդրի մի մասն է։ Որոշ եկեղեցականներ ավելի հեռուն են գնում՝ քաղաքական դաշտում իրենց գործողությունների հակազդեցությունը որակելով որպես «Հայ առաքելական եկեղեցու դեմ» գործողություն, այսպիսով իրենց նույնացնելով բազմադարյա հայ եկեղեցու հետ։

Հայ ժողովուրդը դարեր շարունակ եկեղեցու առաջնորդությամբ պահպանել է իր ինքնությունը և չի դադարել երազել պետականության մասին։ Եվ այսօր, երբ այդ պետականությունը, մեր արյան ու քրտինքի հաշվին, իրականություն է դարձել, եկեղեցին այն պաշտպանելու և փայփայելու ամենաշահագրգիռ կողմը պիտի լինի։ Իսկ աշխարհաքաղաքական այս անկայուն իրավիճակում ՀԱԵ որոշ հոգևորականների՝ «քաղաքականություն խաղալու» մոլուցքը և հակազդեցությունից «վեղարով պաշտպանվելու» փորձերը դավաճանություն են ոչ միայն Հայաստան պետության, այլև՝ հենց Հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Ժամանակն ամեն ինչին իր իրական գնահատականը կտա։

Ընթերցեք նաև