Հիբրիդային սպառնալիքները և Հայաստանը

հեղ․ Armenian Council

Մաս 1

2025-ի հունիսին Երևանում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց, որ «Հայաստանն ու Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա»։ Նա ընդգծեց նաև, որ ժողովրդավարական արժեքները, որոնք կիսում են ԵՄ-ն և Հայաստանը, պետք է պաշտպանվեն՝ «հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու պայմաններում»։ Կալլասը հավելեց, որ ԵՄ-ը կկանգնի Հայաստանի կողքին և կաջակցի նրան այդ արժեքները պաշտպանելու հարցում։

Դեկտեմբերին 2-ին Կալլասը հանդես եկավ նոր հայտարարությամբ՝ նշելով․

«Ռուսաստանը և իր պրոքսիները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, շատ ակտիվ աշխատել են: Այսինքն, սցենարը նույնն է: ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել արտասահմանյան ազդեցություններին»:

Իսկ դեկտեմբերի 15-ին նա վերահաստատեց իր նախկին հայտարարությունները՝ ընդգծելով, որ Հայաստանն ինքն է օգնություն խնդրել հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար․

«Հայաստանում ընտրություններ են սպասվում ի՞նչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար այնպիսի օգնություն են խնդրել, ինչպիսին մենք տրամադրեցինք Մոլդովային»։

Այս հայտարարություններին հաջորդեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արձագանքը, որը նշեց

«Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին՝ պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել են Մոլդովայում։ Սա անկեղծ խոստովանություն է, մեղքի խոստովանություն»։

Այսպիսով, ՌԴ ԱԳՆ նախարարը փաստացի պնդում է, թե ԵՄ-ը միջամտում է ՀՀ ներքին գործերին։ Սակայն իրականությունն այն է, որ ԵՄ-ն ընդամենը անհրաժեշտ օգնություն է տրամադրում՝ արձագանքելով ՀՀ-ի խնդրանքին։ Ստացվում է, որ ՌԴ-ն չի հարգում ՀՀ-ի սուվերեն իրավունքը՝ օգնություն խնդրել որևէ մեկից։ Ի վերջո, ի՞նչ գործ ունի մեկ սուվերեն պետությունը մյուս սուվերեն պետության արտաքին աջակցության աղբյուրների և ձևաչափերի հետ։ Հենց Լավրովի հայտարարությունն ինքնին կարելի է դիտարկել որպես անուղղակի խոստովանություն առ այն, որ Ռուսաստանն է միջամտում Հայաստանի ներքին գործերին։

Այսօր, երբ խոսք է բացվում պետությունների ներքին գործերին միջամտության մասին, այն առավել հաճախ բնորոշվում է «հիբրիդային սպառնալիք» կամ «հիբրիդային պատերազմ» եզրույթներով։

Հիբրիդային պատերազմի կամ սպառնալիքների համար տարբեր ազդեցիկ միջազգային կառույցներ առաջարկել են իրենց ձևակերպումները։ Օրինակ, ՆԱՏՕ-ն հիբրիդային պատերազմի վերաբերյալ նշում է․ «ՆԱՏՕ-ի դաշնակիցները բախվում են թե՛ պետական, թե՛ ոչ պետական դերակատարների կողմից իրականացվող սպառնալիքների և մարտահրավերների, որոնք հիբրիդային գործողությունների միջոցով թիրախավորում են քաղաքական ինստիտուտները, ազդում են հանրային կարծիքի վրա և խաթարում ՆԱՏՕ-ի քաղաքացիների անվտանգությունը։ Պատերազմի հիբրիդային մեթոդները, ինչպիսիք են քարոզչությունը, խաբեությունը, դիվերսիան և այլ ոչ ռազմական միջոցները, վաղուց կիրառվել են հակառակորդներին ապակայունացնելու նպատակով։ Վերջին տարիներին դիտարկվող հարձակումների նորույթը դրանց արագությունն է, ծավալը և ինտենսիվությունը, որոնք պայմանավորված են արագ տեխնոլոգիական փոփոխություններով և գլոբալ փոխկապակցվածությամբ[1]»։

Այսպիսով, ՆԱՏՕ-ն հիբրիդային հարձակումները դիտարկում է որպես պատերազմի հիբրիդային մեթոդներ, այսինքն, պատերազմական գործողությունների ոչ ռազմական ձևեր։

Մինչդեռ Եվրամիության քաղաքական շրջանակներում այսօր առավել ընդունված է «հիբրիդային սպառնալիքներ» եզրույթը։ Եվրամիությունը հիբրիդային սպառնալիքները սահմանում է հետևյալ կերպ.

«Հիբրիդային սպառնալիքներ հասկացությունը վերաբերում է այն դեպքերին, երբ պետական կամ ոչ պետական դերակատարները փորձում են իրենց շահերի համար շահագործել Եվրոպական միության խոցելիությունները՝ համակարգված ձևով կիրառելով միջոցների համակցություն (մասնավորապես, դիվանագիտական, ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական), միևնույն ժամանակ մնալով ձևական պատերազմի շեմից ներքև։ Դրա օրինակներն են ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացների խաթարումը զանգվածային ապատեղեկատվական արշավների միջոցով, սոցիալական մեդիայի օգտագործումը քաղաքական նարատիվի վերահսկման նպատակով կամ անհատների ռադիկալացման, հավաքագրման և պրոքսի դերակատարների ուղղորդման համար[2]»:

Ըստ էության, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մոտեցումները նկարագրում են նույն երևույթը, սակայն՝ տարբեր շեշտադրումներով։ Եթե ՆԱՏՕ-ն հիբրիդային գործողությունները դիտարկում է որպես պատերազմի ձև, ապա ԵՄ-ի սահմանման մեջ հստակ նշվում է, որ դրանք մնում են հայտարարված պատերազմի շեմից ներքև, այսինքն, ինքնին պատերազմ չեն։

Հարկ է նաև նշել, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ստեղծված և Հելսինկիում տեղակայված Հիբրիդային սպառնալիքներին հակազդման եվրոպական կենտրոնը (Hybrid CoE) առաջարկում է հետևյալ սահմանումը, որը կարելի է համարել առավել համապարփակ՝ հաշվի առնելով կենտրոնի մասնագիտական կշիռը և ինստիտուցիոնալ հիմքը.

«Հիբրիդային սպառնալիքները վնասակար գործողություններ են, որոնք ծրագրավորվում և իրականացվում են չարամիտ նպատակադրմամբ։ Դրանք ուղղված են որևէ թիրախի (օրինակ, պետության կամ ինստիտուտի) խաթարմանը՝ տարբեր, հաճախ համակցված միջոցների կիրառմամբ։ Այդ միջոցների թվում են տեղեկատվական մանիպուլյացիաները, կիբեր-հարձակումները, տնտեսական ազդեցությունը կամ հարկադրանքը, գաղտնի քաղաքական մանևրումները, հարկադրական դիվանագիտությունը կամ ռազմական ուժի կիրառման սպառնալիքները։ «Հիբրիդային սպառնալիքներ» հասկացությունը նկարագրում է վնասակար գործունեության լայն շրջանակ՝ տարբեր նպատակներով՝ ազդեցության գործողություններից և միջամտությունից մինչև հիբրիդային պատերազմ[3]»։

Այս սահմանման հիման վրա կարելի է անել մի շարք կարևոր եզրակացություններ։

Նախ, եթե արձանագրվում է ապատեղեկատվության տարածում, որը չի իրականացվում չարամիտ նպատակադրմամբ և չունի պետության կամ ինստիտուտների խաթարման նպատակ, այդ դեպքում մենք գործ չունենք հիբրիդային սպառնալիքի հետ։ Սա չեզոքացնում է այն թեզը, ըստ որի՝ ապատեղեկատվություն տարածող ցանկացած անձ կամ հարթակ ավտոմատ կերպով հանդիսանում է հիբրիդային հարձակման մասնակից։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ բազմաթիվ մարդիկ կարող են անգիտակցաբար դառնալ նման սպառնալիքների անուղղակի մասնակից՝ տարածելով հիբրիդային արշավների շրջանակում գեներացված բովանդակություն։

Երկրորդ, սահմանումից հետևում է, որ հիբրիդային սպառնալիքները հիմնականում համակցված միջոցների կիրառման արդյունք են։ Սակայն դա չի բացառում, որ որոշ դեպքերում նաև մեկ առանձին միջոց կարող է դիտարկվել որպես հիբրիդային սպառնալիք։

Երրորդ, հիբրիդային պատերազմն այս տրամաբանության մեջ հանդես է գալիս ոչ թե որպես հիբրիդային սպառնալիքների հոմանիշ, այլ որպես դրանց հնարավոր ձևերից մեկը։ Այլ կերպ ասած՝ ուժային գործողությունը նույնպես կարող է ներառվել հիբրիդային սպառնալիքների շրջանակում, սակայն ոչ բոլոր հիբրիդային սպառնալիքներն են ներառում ռազմական բաղադրիչ։ Ի դեպ, 2016 թվականին ընդունված ԵՄ փաստաթղթում հստակ նշվում է, որ ռազմական մեթոդները կարող են դիտարկվել որպես հիբրիդային սպառնալիք, եթե դրանք մնում են հայտարարված պատերազմի շեմից ներքև։ Համապատասխանաբար, կոնվենցիոնալ, լայնածավալ պատերազմը չի կարող բնութագրվել որպես հիբրիդային սպառնալիք։

Շարունակելի

Հեղինակ՝ Էդգար Վարդանյան, «Հայկական խորհրդի» ասոցացված փորձագետ


[1] Թարգմանությունը հեղինակինն է։

[2] Թարգմանությունը հեղինակինն է

[3] Թարգմանությունը հեղինակինն է

Ընթերցեք նաև