Նախաբան
Դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ընդունվեց Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգը: Այն լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին և լիարժեք ուժի մեջ մտել 2021 թվականի մարտին:
ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգն ուրվագծում է առաջիկա տարիների ընդհանուր տեսլականը և արձագանքում է Հայաստանի արտահայտած ձգտմանը՝ ամրապնդել կապերը Եվրոպական Միության հետ:
Առաջնահերթությունների վերանայում
Դեռ այս տարվա հուլիսին 1-ին, երբ հայտարարվեց Հայաստանի և Եվրամիության միջև նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտի մասին, պաշտոնական հաղորդագրության մեջ այն կոչվում էր «Գործընկերության նոր օրակարգ»[i]։ Դեկտեմբերին արդեն փաստաթուղթը հրապարակվեց «Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգ» անվանումով, ինչը բավական խորհրդանշական է և, փաստացի, ազդարարում է երկկողմ հարաբերությունները նոր՝ ռազմավարական մակարդակ տեղափոխելու մասին:
Նոր փաստաթուղթը փոխարինում է 2018 թվականի փետրվարին հաստատված երկկողմ գործընկերության առաջնահերթությունները[ii]՝ սահմանելով համատեղ գործողությունների ավելի հավակնոտ և համապարփակ շրջանակ։
Փաստաթղթում առանձնացված է գործակցության 6 հիմնական ուղղություն
1. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և լավ կառավարում,
2. ազատություն, շարժունակություն և անվտանգություն,
3. արտաքին և անվտանգության քաղաքականություն,
4. տնտեսական և ոլորտային համագործակցություն,
5. առևտուր և առևտրին վերաբերող հարցեր,
6. մարդկանց միջև կապեր:
Յուրաքանչյուր ուղղության շրջանակում կողմերն արձանագրել են կարճաժամկետ (3-4 տարի) և միջնաժամկետ (7 տարի) առաջնահերթություններ: Թեև նշված ուղղություններից որոշներին անդրադարձ կա նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, Ռազմավարական օրակարգը սահմանում է նոր՝ առավել հավակնոտ նպատակներ:
Փաստաթղթում կան նաև լիովին նոր ուղղություններ, որոնք նախկինում երկկողմ փաստաթղթերում արձանագրված չեն եղել: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:
Անվտանգության և պաշտպանության քաղաքականություն
Նոր փաստաթուղթը նախատեսում է համագործակցության ընդլայնում տարածաշրջանային անվտանգության, ճգնաժամերի կառավարման, անվտանգության ոլորտի բարեփոխումների, կիբեր-անվտանգության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ոլորտներում:
Հատկանշական է, որ այս ոլորտում գործակցության համար արդեն իսկ ձևավորվել են լավ հիմքեր: 2023 թվականից Հայաստանում գործում է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որի մանդատը երկու տարով երկարաձգվել է: 2025 թվականի հունիսին Հայաստանը և Եվրամիությունը մեկնարկել են անվտանգության և պաշտպանության խորհրդակցությունները, որոնք կրելու են պարբերական բնույթ: Հայաստանը Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում 2024 թվականին ստացել է օգնության առաջին փաթեթը (10 մլն եվրոյի չափով), և արդեն կա պայմանավորվածություն երկրորդ փաթեթի վերաբերյալ (20 մլն եվրոյի չափով)[iii]։
Անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման շրջանակում Եվրամիությունը նախատեսում է խաղաղության և դիմակայունության ամրապնդման համար[iv]Հայաստանին տրամադրել 15 միլիոն եվրո։ Այդ միջոցները կուղղվեն մի շարք նախաձեռնությունների ֆինանսավորմանը, այդ թվում՝ ականազերծման մասնագետների պատրաստում և սարքավորումների ձեռքբերում, տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցառումներ։
Հատկանշական է, որ եվրոպական կողմը դրական է արձագանքել նաև ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությանն ընդառաջ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում աջակցություն տրամադրելու՝ Հայաստանի խնդրանքին: Այդ նպատակով Եվրամիությունը 12 միլիոն եվրո կհատկացնի ապատեղեկատվական քարոզարշավներին, կիբեր-հարձակումներին, հանրային կարծիքի մանիպուլյացիային և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության խաթարման փորձերին հակազդելու համար[v]։
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ երկկողմ գործակցության շրջանակում Հայաստանը մտադիր չէ լինել միայն անվտանգության սպառողի դերում, այլ պատրաստ է դառնալ նաև անվտանգության մատակարար: Այս առումով կարևոր էր հունիսին «ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի ստորագրումը, որը Հայաստանի խորհրդարանը վավերացրեց նոյեմբերի վերջին:
Կապակցվածություն
Ռազմավարական օրակարգով արձանագրված գործակցության մյուս նոր ուղղությունը կապակցվածությունն է: Փաստաթղթում շեշտը դրվում է «Գլոբալ դարպասի» շրջանակներում ռազմավարական ներդրումների և այնպիսի նախաձեռնությունների աջակցության վրա, որոնք ուղղված են տարածաշրջանային փոխկապակցվածությունները բարելավելուն, տնտեսական դիմակայունությունը խթանելուն և առևտրի ու շարժունակության համար նոր հնարավորություններ բացելուն:
Այս ոլորտում գործակցությունը բխում է նաև եվրոպական կողմի տնտեսական շահերից՝ հաշվի առնելով վերջին շրջանում Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ Եվրամիության հետաքրքրության աճը և նրանց հետ անվտանգ ու կայուն հաղորդակցությունների ապահովման ձգտումը: Այս տարվա ապրիլին Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը կարող է փոխել խաղի կանոնները և էականորեն խթանել Եվրամիության ու Կենտրոնական Ասիայի միջև կապակցվածությունը[vi]։
Եվրոպական կողմը տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացի շրջանակում պատրաստ է ցուցաբերել քաղաքական, ֆինանսական, լոգիստիկ, փորձագիտական և ցանկացած այլ աջակցություն: Եվրահանձնաժողովն այդ հարցով ակտիվ երկխոսության մեջ է Երևանի և Բաքվի հետ: Ադրբեջանական կողմը, կարծես, արդեն կողմնորոշվել է և դիտարկում է Եվրամիության հետ գործակցության հնարավորությունը Նախիջևանի երկաթուղու վերակառուցման ֆինանսավորման հարցում:
Հայկական կողմն իր առաջնահերթությունների հստակեցման հարցում դեռ հապաղում է: ԵՄ հնարավոր ներգրավման կարևոր ուղղություններ կարող են լինել, օրինակ, Երասխ-Ադրբեջանի հետ սահման երկաթուղու կառուցումը, Երասխ-Ախուրիկ երկաթուղու արդիականացումը, Ֆիոլետովո-Վանաձոր երկաթուղու կառուցումը, սողանքից վնասված Դիլիջան-Իջևան-Ադրբեջանի հետ սահման երկաթուղու վերականգնումը և արդիականացումը:
Կարևոր է նաև, որ Հայաստան-Եվրամիություն գործակցության շրջանակում բավարար ուշադրություն դարձվի այս ոլորտում հայկական կողմի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցին: Տարիների ընթացքում Հայաստանում ենթակառուցվածքային ոլորտում մասնագետների պատրաստմանը բավարար ուշադրություն չի դարձվել: Հաշվի առնելով այժմ իրականացվող և առաջիկայում սպասվող խոշորածավալ ենթակառուցվածքային նախագծերը՝ ոչ բավարար կարողությունների խնդիրը տեսանելի ապագայում առավել սուր է արտահայտվելու:
Կապակցվածության ոլորտում Հայաստան-Եվրամիություն գործակցության առանցքային ուղղություններից է նաև էներգետիկան: Այս համատեքստում դիտարկվում է Հայաստանի, տարածաշրջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ կապերի բարելավմանն ուղղված համատեղ ջանքերը։ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակում ԵՄ-ը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգության և դիվերսիֆիկացման ամրապնդման համար, այդ թվում՝ Հայաստանի էլեկտրական ցանցը Վրաստանի և Թուրքիայի էլեկտրացանցերին միացնելու համար:
Առևտրատնտեսական հարաբերություններ
Երրորդ ուղղությունը, որը լիովին նոր լույսի ներքո է ներկայացված ռազմավարական օրակարգում, առևտրատնտեսական հարաբերություններն են: Կողմերը քննարկում են առանցքային ռազմավարական ոլորտներում ներդրումների ընդլայնման, տնտեսական դիվերսիֆիկացման և առևտրի, թվայնացման, կանաչ անցման, էներգետիկ անվտանգության և կլիմայի ոլորտում համագործակցության խթանման ուղիները:
Եվրոպական շուկա հայկական արտադրանքի մուտքի ապահովման տեսանկյունից հատկապես կարևոր է կարգավորող մարմինների գործունեության ներդաշնակեցումը, մաքսային ընթացակարգերի արդիականացումը, տեխնիկական չափանիշների և սննդի անվտանգության կարգավորումների վերանայումը: Արդեն այսօր նշված ուղղություններով համագործակցության խորացման էֆեկտը կարող է բազմապատկվել Հայաստան-Թուրքիա սահմանի բացման և Հայաստանի ու ԵՄ-ի միջև երկաթուղային կապի հաստատման դեպքում:
Ռազմավարական օրակարգի քաղաքական կարևորությունը
Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգի ընդունումն ունի քաղաքական մեծ կարևորություն և խորացնում է երկկողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացումը:
Եթե մինչ այժմ ԵՄ–ՀՀ հարաբերությունները հիմնականում կառուցված էին տեխնիկական բարեփոխումների, ֆինանսական աջակցության և ոլորտային համագործակցության վրա, նոր փաստաթղթով կողմերը ստանձնում են փոխադարձ քաղաքական պատասխանատվություն՝ ընդհանուր ռազմավարական տեսլականի շրջանակում։ Սա կարևոր է հատկապես այսօր, երբ տարբեր տարածաշրջաններում արտաքին դերակատարների ներգրավվածությունը հաճախ կրում է կարճաժամկետ կամ գործարքային բնույթ։
Եվրամիության հետ ռազմավարական հարաբերությունների հաստատումը նպաստում է Հայաստանի արտաքին քաղաքական սուբյեկտայնության ամրապնդմանը։ Այն նոր հնարավորություններ է բացում նաև ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների խորացման համար՝ թույլ տալով գործակցել անգամ այնպիսի ոլորտներում, որոնք նախկինում պարզապես հնարավոր չէր պատկերացնել:
Թեև ռազմական օրակարգը դեռևս չի ենթադրում Հայաստան-ԵՄ ֆորմալ ռազմավարական գործընկերություն, այն հստակորեն ընդլայնում է ԵՄ-ի քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում՝ Հայաստանի միջոցով։ Այդ համատեքստում փաստաթուղթը նաև կանխարգելիչ գործոն է՝ ուղղված հնարավոր ապակայունացնող զարգացումների զսպմանը։
Ադրբեջանական արձագանքներ
Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգի ընդունումը Բաքվում արժանացավ բավական կոշտ արձագանքի, այդ թվում՝ ԱԳՆ մակարդակով:
Ադրբեջանական կողմի քննադատության թիրախում են հայտնվել օրակարգի անվտանգության և արտաքին քաղաքականության բաղադրիչները, որոնք, Բաքվի ընկալմամբ, հակասում են ԵՄ-ի՝ որպես չեզոք միջնորդ հանդես գալու հավակնություններին։ Պաշտոնական Բաքուն ռազմավարական օրակարգը փորձում է կապել խաղաղության գործընթացի հետ՝ պնդելով, թե այն կարող է «խաթարել» հայ–ադրբեջանական բանակցությունների ընթացքը։ Ադրբեջանական կողմը դժգոհություն հայտնեց նաև փաստաթղթում «Թրամփի ուղու» չհիշատակման կապակցությամբ: Այս մեղադրանքը, մեղմ ասած, անտրամաբանական է՝ հաշվի առնելով, որ փաստաթղթի տեքստը վերջնականացվել է հուլիսի 1-ին, իսկ TRIPP-ի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել օգոստոսի 8-ին:
Ադրբեջանական կողմի քննադատությունը կարելի է պայմանավորել մի քանի գործոնով.
· Ադրբեջանը փորձում է դիրքավորվել որպես տարածաշրջանային հեգեմոն, որի հետ միջազգային դերակատարները պետք է համաձայնեցնեն իրենց տարածաշրջանային քաղաքականությունը: Այս մասին ամենաբարձր մակարդակով քանիցս հայտարարվել է, և այժմ Բաքուն փորձում է կյանքի կոչել իր այս մոտեցումը:
· Ադրբեջանը հետաքրքրված չէ տարածաշրջանում ԵՄ ներկայության ընդլայնմամբ, ուստի Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը դիտարկում է որպես մարտահրավեր իր ռազմավարական շահերին:
· ԵՄ-ին քննադատելով «կողմնակալության» համար՝ Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր դիրքերը եվրոպական կողմի հետ բանակցություններում, «լեգիտիմացնելով» նաև ֆինանսական ավելի մեծ աջակցության ակնկալիքները՝ ենթակառուցվածքային նախագծերի, ականազերծման գործընթացի և այլ ուղղությունների հետ կապված:
Ամփոփում
ԵՄ–ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգը որակապես նոր փուլ է բացում երկկողմ հարաբերություններում: Այն ոչ միայն արձանագրում է վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում ձևավորված աննախադեպ դինամիկան, այլև ստեղծում է երկարաժամկետ քաղաքական և ինստիտուցիոնալ հիմք՝ Հայաստանի եվրոպական ընտրության, արտաքին քաղաքական դիվերսիֆիկացման և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար։ Օրակարգի հաջողությունը կախված կլինի շարունակական քաղաքական կամքից, արդյունավետ համակարգումից և ԵՄ–Հայաստան գործընկերության զարգացման նկատմամբ փոխադարձ հանձնառությունից։
Նարեկ Մինասյան
[i] https://www.mfa.am/filemanager/%D5%80%D5%80-%D4%B5%D5%84/Strategic%20Agenda%20for%20the%20EU-Armenia%20Partnership.pdf
[ii] https://www.eeas.europa.eu/node/40181_en
[iii] https://armenpress.am/hy/article/1237886
[iv] https://armenpress.am/hy/article/1236591
[vi] https://www.azatutyun.am/a/33373893.html
Նկարի աղբյյուր՝ eu4armenia.eu
