Հայաստանի կուսակցական համակարգն՝ ըստ 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունների տվյալների

հեղ․ Armenian Council

Ներածություն

         Հայաստանում սպասվելիք գլխավոր քաղաքական իրադարձությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն են, որոնց կարգավորումներին արդեն անդրադարձ կատարել ենք[i]։ Ըստ այդմ, այլ քաղաքական գործընթացները և ինստիտուտները խորհրդարանական ընտրությունների ածանցյալ են։ Հայաստանում բոլոր խոշոր ընտրությունների համար գործում է համամասնական ընտրական համակարգ։ Ինչը, չնայած հայաստանյան քաղաքական դաշտում անձերի մեծ կարևորությանը, կուսակցությունների դերը դարձնում է առանցքային։ Ընտրություններին մասնակցության ինստիտուցիոնալ հարթակը միայն կուսակցությունն է կամ կուսակցությունների դաշինքը։ Արդյունքում, քաղաքական դաշտում գործող մի շարք շարժումներ, նախաձեռնություններ, որոնք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, ստիպված են դառնալ կուսակցություն։ «Կուսակցություն դառնալու» այդ գործընթացի հնարավոր տարբերակներն են՝ նոր կուսակցության հիմնումը, փաստացի չգործող որևէ կուսակցության անվանափոխությունն ու նոր բրենդով ներկայանալը, ինչը բավական տարածված պրակտիկա է հայաստանյան քաղաքական դաշտում (օր՝ «Առաքելություն» կուսակցության վերանվանումը «Ապրելու երկիր» կուսակցության), կամ էլ՝ գործող կուսակցության շարքերում, ընտրական ցուցակում տարբեր շարժումների, նախաձեռնությունների ներկայացուցիչների ներգրավելը։

            Ելնելով վերոգրյալից՝ կարևոր է ուսումնասիրել և հասկանալ գործող կուսակցական համակարգը, առանձին կուսակցությունների գործունեությունն ու կառուցվածքը։ Նման տվյալներ կարելի է գտնել կուսակցությունների տարեկան հաշվետվություններում, որոնք հրապարակվում են ամեն տարվա փետրվարին։ Ներկայումս հասանելի են կուսակցությունների 2024թ․ գործունեության տվյալները։ Սույն՝ 2025 թվի համար կուսակցությունների գործունեության մասին տվյալները հայտնի կդառնան 2026-ին, ինչը ևս առանձին ուսումնասիրության կարժանանա։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը հրապարակել է ինֆոգրաֆիկների շարք, որոնք ամբողջական անդրադառնում են 2024 թվականի կուսակցությունների հաշվետվությունների տվյալներին[ii]։ Այս աշխատանքում հղում կկատարվի այդ, ինչպես նաև՝ այլ բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։

            Կուսակցական համակարգը 2024 թվականին

         Հայաստանում 2024 թվականին գործում էր 123 կուսակցություն։ Հատկանշական է, որ ներկայումս, նոր գրանցումներն ու լուծարումները հաշվի առնելով, կուսակցությունների թիվը 125 է։ Հետաքրքրական է, որ 2021-ից 2024 թվականները՝ ներառյալ, Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում կուսակցությունների գրանցման ամենաակտիվ շրջանն է։ Սա երկու հիմնական գործոնի հետևանք է։ Առաջին․ արդեն քննարկված համամասնական համակարգը, երբ քաղաքական և, մասնավորապես, ընտրական գործընթացներին մասնակցության համար կարևոր է կուսակցության առկայությունը։ Երկրորդ․ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդող բարձր անորոշության մակարդակը, երբ շատ սուբյեկտների մոտ քաղաքական հավակնություններ իրացնելու լավ հնարավորության ընկալում էր ստեղծվել։

            Կուսակցությունների՝ նման քանակը բավական շատ է Հայաստանի պես փոքրաթիվ բնակչությամբ երկրի համար։ Հարյուրից ավել կուսակցությունները քաղաքական դաշտում գաղափարական բազմազանություն չեն առաջարկում, չեն սպասարկում հանրային մտահոգություններն արտահայտելու խնդիրը։ Շատերն ստեղծվել են խիստ կարճաժամկետ օրակարգերով, և կարելի է նկատել, որ որևէ ընտրությունների չեն մասնակցում։ Ավելին, կուսակցությունների մեծամասնությունը որևէ գործունեություն չի ծավալում և լայն հանրությանն անծանոթ է։

            Վերոնշյալի մասին են վկայում հետևյալ փաստերը։ 2024թ․ 123 կուսակցությունից հինգը (շուրջ 4%) հաշվետվություն չեն ներկայացրել: Նախորդող 2023թ․ համար հաշվետվություններ չէին ներկայացրել 116-ից 33-ը (շուրջ 29%)։ Այս առումով դրական դինամիկա կա, ինչը, որոշակիորեն, վերահսկող մարմնի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) գործունեության արդյունավետության հետևանք է։ Ներկայացրած 2024թ․ հաշվետվություններից 83-ը (շուրջ 70%) զրոյական են, ինչը նշանակում է, որ կուսակցությունը ոչ մի տեսակի մուտք՝ նվիրատվություն, անդամավճար և այլն, չի ստացել, և ոչ մի տեսակի ծախս չի կատարել։ Այլ կերպ ասած՝ փաստացի գործունեություն չի ծավալել: 2023թ․ գործունեություն չծավալած՝ զրոյական հաշվետվություն ներկայացրած կուսակցությունների թիվը 57 էր (ընդհանուր ներկայացրածների մեջ՝ շուրջ 69%): Այստեղ պետք է կարևոր վերապահում անել և նշել, որ երբ կուսակցությունները ներկայացնում են զրոյական հաշվետվություն, չի նշանակում, որ կուսակցությունը գործունեություն չի ծավալել։ Հավանական են տարբերակները, որ կուսակցությունը թերլրացրել կամ միտումնավոր չի լրացրել հաշվետվությունը՝ թաքցնելով իր ֆինանսական գործունեությունը հանրությունից։ Սա, ընդհակառակն, հետևանք է ԿԿՀ ոչ լիարժեք գործունեության և այն բանի, որ վերահսկող կառույցն ստուգում է փոքրաթիվ կուսակցությունների հաշվետվությունները։ Սա էլ, իր հերթին, ստեղծում է անպատժելիության զգացում։

            Բացարձակ թվով 2023-ին ֆինանսական գործունեություն ծավալած կուսակցությունների թվի ոչ էական աճ կա 2024-ին՝ 26-ից 35: Մինչդեռ տոկոսային առումով իրենց ֆինանսական գործունեությունը ներկայացրած կուսակցությունների հարաբերակցությունը գրեթե անփոփոխ է՝ շուրջ 30%:

            Կուսակցությունների մեծամասնությունը չունի կայք, իսկ շուրջ կեսն՝ անգամ էջ Facebook-ում։ Այս հանգամանքները ժամանակակից իրականության մեջ վկայում են հանրային հաղորդակցության անարդյունավետության, հնարավոր աջակիցների և ընտրողների հետ կապի բացակայության մասին։

         Կուսակցությունների գույքային դրությունն ու դրամական միջոցները

            2024 թվականի հաշվետվությունների տվյալներով՝ երկրում ամենաշատ գրասենյակներ ունի Հանրապետական կուսակցությունը՝ 400, ինչը երկրորդ տեղում գտնվող Հայ ազգային կոնգրեսի 45 գրասենյակներից բազմապատիկ ավել է։ Սակայն այս գրասենյակները հիմնականում անհատույց օգտագործման են հանձնված կուսակցություններին և չեն հանդիսանում վերջիններիս սեփականությունը։

Սեփականության իրավունքով անշարժ գույքի ամենաշատը տիրապետում է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 72 միավոր, Հանրապետական կուսակցությունն ունի 64 միավոր անշարժ գույք, իսկ հաջորդիվ նույնիսկ 10 միավորի անշարժ գույքի տիրապետող կուսակցություն առկա չէ։ Դաշնակցությունն ամենաշատ անշարժ գույք ունեցող կուսակցությունն է և, 4 այլ կուսակցության հետ, համաձայն օրենսդրության չափանիշների, պետությունից նաև ֆինանսավորում է ստանում։ Հատկանշական է, որ Դաշնակցությունը պետությունից 2024-ին ստացել է ավելի քան 100 մլն դրամ, սակայն մասնավոր գործունեությունից ու աջակիցներից՝ 10 անգամ պակաս, շուրջ 9 մլն։ Այս հանգամանք չի համապատասխանում աջակիցներից ստացվող վճարների և նվիրատվությունների մասին պնդմանը, որը հնչել է հանրային դաշտում[iii]։ Պետք է ընդգծել, որ ֆինանսավորման նմանատիպ աղբյուրների խնդիրներ բնորոշ են նաև այլ կուսակցությունների։

            2024 թվականի դրությամբ ամենաշատ դրամական միջոցներ ունեցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ շուրջ կես մլրդ դրամ, որի 40%-ը՝ 200 մլն դրամը, պետական ֆինանսավորում է։ Հաջորդը Հանրապետական կուսակցությունն է, որն ամբողջովին մասնավոր աղբյուրներից (մեծամասամբ՝ անդամավճարներից) է ձևավորել տարեկան շուրջ 200 մլն դրամի ֆինանսավորումը։ Հրապարակված ինֆոգրաֆիկում ուշադրություն է գրավում Ռամկավար ազատական կուսակցության 100 մլն դրամի մուտքը, որը գոյացել է իրենց սեփական անշարժ գույքի վաճառքից։ Սրանից բխում է, որ կուսակցությունը պետք է պարտադիր աուդիտ անցներ, ինչը, սակայն, հավանաբար թերացման և բացթողման պատճառով, տեղի չի ունեցել։ Նշանակալի մուտքեր և ելքեր ունեցող այլ կուսակցությունների շարքերում են «Հայրենիքը», «Բարգավաճ Հայաստանը», «Հանրապետությունը» և «Ապրելու երկիրը»։ Հայաստանում կուսակցությունների պետական և մասնավոր ֆինանսավորման սկզբունքների և կանոնների մասին կարելի է ծանոթանալ հետևյալ աշխատանքներում[iv][v]։

            Եզրակացություն

         Փորձելով ամփոփել աշխատանքում ներկայացված տվյալներն ու պնդումները՝ պետք է ընդգծել հետևյալ մտքերը։ Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պատշաճ ստուգումն ու վերահսկողությունը առանցքային է ընտրական գործընթացները մաքուր, ապօրինի ֆինանսավորումից և միջամտությունից զերծ պահելու համար, ինչն էլ առանցքային է ժողովրդավարական ինստիտուտների կենսագործունեության և լեգիտիմության համար։

            Հայաստանում, չնայած բավական մեծաթիվ կուսակցությունների առկայությանը, փաստացի գործունեություն են ծավալում և ընտրական գործընթացներին մասնակցում էականորեն սակավաթիվ կուսակցություններ։ Ավելին, ոչ ընտրական գործընթացներում ակտիվ գործունեություն ծավալող կուսակցությունների թիվն ավելի սակավ է։ Սա մարտահրավեր է, քանի որ գոյություն ունի գործունեություն չծավալող քաղաքական միավորների՝ ընտրական գործընթացներում ներքին և արտաքին ազդեցության միջոցով միջամտության բարձր ռիսկայնություն։ Մասնավորապես, կուսակցական հարթակները կարող են գումարի կամ այլ գույքի դիմաց տրամադրվել քաղաքական հավակնություններ ունեցող այլ միավորների։ Վերոնկարագրյալը անհավասար մրցակցային դաշտ է ստեղծում և հանրային վերահսկողությունից դուրս թողնում շատ գործիչների։ Ուստի, կուսակցությունների և ընտրություններին մասնակցող ուժերի նկատմամբ կարևոր է ունենալ որոշակի զտման գործընթաց։

            2024 թվականի դրությամբ ֆինանսական ակտիվ գործունեություն ծավալող կուսակցությունները, հավանաբար, կմասնակցեն գալիք խորհրդարանական ընտրություններին։ Սակայն, բացի դրանց նկատմամբ ուշադրությունից, կարևոր է նաև ուշադրություն դարձնել այն քաղաքական ուժերին, որոնք ծավալում են գործունեություն, բայց, գուցե միտումնավոր, իրենց աղբյուրների, ծախսերի և գույքի մասին հաշվետվություններ չեն ներկայացնում, թեև գոյություն ունի օրենսդրական պահանջ։

Տիգրան Մուղնեցյան


[i] https://rcsp.am/entry/6009/2026-tvakani-yntrutyunneri-hastatvac-xaxi-kanonnery/

[ii] https://transparency.am/hy/media/infographics/article/5386

[iii] https://www.civilnet.am/news/987012/%d5%b8%d6%80%d5%bf%d5%a5%d5%9e%d5%b2-%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%b5%d5%a4-%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d6%80-%d5%ad%d5%a1%d5%b9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bf%d5%b6%d5%a1%d5%b6%d5%b7%d5%a1%d5%ae-%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b4%d5%a1%d5%be%d5%b3%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

[iv]https://council.am/?s=%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D6%86%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B6

[v] https://council.am/entry/5290/kusakcakan-hamakargi-yndhanur-nkaragiry/

Ընթերցեք նաև