ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ. ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԴԻԼԵՄԱՆ

հեղ․ Armenian Council

Նախաբան

Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում տեղի ունեցող զարգացումների ֆոնին հայաստանյան քաղաքական, հանրային և փորձագիտական դաշտում ակտիվացել են քննարկումները երկու երկրի քաղհասարակությունների ներկայացուցիչների միջև շփումների, երկխոսության նպատակահարմարության վերաբերյալ: Հոկտեմբերին ադրբեջանցի փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Երևան, նոյեմբերին հայկական կողմի պատասխան այցը Բաքու, ինչպես նաև «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ինստիտուցիոնալացումը էլ ավելի մեծ ուշադրություն սևեռեցին այս թեմային: Սույն հոդվածի նպատակն է վերլուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանրային դիվանագիտության ակտիվացման անհրաժեշտությունը և առանձնացնել դրա հետ կապված հայկական կողմում առկա մտահոգությունները:

Հանրային դիվանագիտություն

Ժամանակակից հակամարտությունների կարգավորման գործընթացում դիվանագիտական ջանքերն իրականացվում են մի քանի մակարդակով: Մասնագիտական գրականության մեջ պաշտոնական դիվանագիտությունը հաճախ կոչում են նաև «track 1» դիվանագիտություն: Դրա շրջանակում բանակցությունները և շփումներն անմիջականորեն տեղի են ունենում իշխանությունների ներկայացուցիչների մակարդակով: Այն վարում են պետությունների ղեկավարները, դիվանագետները և այլ պաշտոնատար անձինք։

Սակայն հակամարտությունների կարգավորման գործընթացում միայն պաշտոնական շփումները բավարար չեն: Այդ նպատակով արդեն վաղուց մշակվել և գործում են նաև այլ, ոչ պաշտոնական ձևաչափեր`«track 1.5»-ը և «track 2»-ը: Դրանց նպատակն է աջակցել պաշտոնական բանակցությունների համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, թուլացնել կողմերի միջև լարվածությունը, մեղմել թշնամական ընկալումները, ստեղծել փոխվստահություն, ինչպես նաև գեներացնել նոր գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել կարավորման գործընթացում: 

«Track 2» դիվանագիտությունն իրականացվում է քաղաքացիական հասարակությունների, ակադեմիական շրջանակների, փորձագիտական համայնքի, մեդիայի ներկայացուցիչների կողմից՝ առանց  կառավարությունների  անմիջական մասնակցության ու միջամտության։ Օրինակ՝ Իսրայելի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության ներկայացուցիչների միջև 1993 թվականի Օսլոյի համաձայնագրերը նախապես մշակվել են հենց «track 2»-ի շրջանակում, այնուհետև փոխանցվել  պաշտոնական շրջանակներին:

Դիվանագիտության նշված երկու մակարդակի միջև գոյություն ունի ևս մեկը՝ «track 1.5»-ը, որն, ըստ էության, դրանց խառնուրդն է: Ի տարբերություն «track 2»-ի՝ այս ձևաչափը կարող է վայելել կառավարության աջակցությունը, իսկ որոշ դեպքերում, երկու կողմի քաղաքացիական հասարակության և փորձագետների կարող են ներգրավվել նաև տարբեր մակարդակի պաշտոնյաներ: Օրինակ ՝ 2004-ից մինչև 2019 թվականներին Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային հարցերով երկխոսությունն ընթանում էր հենց այս ձևաչափով:

Ի տարբերություն պետական մակարդակով դիվանագիտությանը՝ «track 1.5»-ը և «track 2»-ը պաշտոնական չեն, ինչը մասնակիցներին տալիս է առավել մեծ ճկունություն, անկաշկանդ միջավայր և քննարկումների ավելի մեծ ազատություն:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հանրային դիվանագիտության ծրագրերն ունեն տասնամյակների պատմություն: Այդ ընթացքում եղել են վերելքներ և վայրէջքներ, գործընթացն իր վրա կրել է ռազմական էսկալացիաների, հանրային ընկալումների փոփոխությունների, ինչպես նաև սահմանափակումների ազդեցությունը: Հարկ է նշել, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ու դոնորների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվել և իրականացվում են երկխոսության ամենատարբեր ծրագրեր՝ փորձագիտական շփումներից մինչև լրագրողական համատեղ նախագծեր, արվեստագետներին միավորող ծրագրերից մինչև իրավապաշտպանների համագործակցություն: Դրանք հիմնականում կազմակերպվել են երրորդ երկրներում, սակայն եղել են նաև փոքրաթիվ փոխայցեր՝ Երևան և Բաքու:

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումը քաղաքական, տնտեսական, սոցիալական և, իհարկե,  հոգեբանական հետևանքներ ունեցավ հայկական կողմի համար՝ էլ ավելի խորացնելով տասնամյակների կոլեկտիվ տրավմաները: 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 240կմ2–ի օկուպացիան, Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդիրը, անհետ կորած անձանց հարցը, ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և նմանատիպ այլ հարցեր շարունակում են բավական զգայուն լինել հայաստանյան հանրության համար՝ իրենց ազդեցությունը թողնելով ինչպես Հայաստան-Ադրբեջան կարգավորման, այնպես էլ երկու հասարակությունների միջև երկխոսության կառուցման ցանկացած գործընթացի վրա: Թերևս հենց այս գործոններով էր պայմանավորված նաև, որ վերջին 2-3 տարվա ընթացքում նմանատիպ ծրագրերի թիվը էականորեն նվազել էր:

Քաղաքական նոր միջավայր, նոր հնարավորություններ

2025 թվականի հուլիսին Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության երկկողմ ձևաչափով հանդիպումը, ինչպես նաև օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովը և ձեռք բերված պայմանավորվածությունները էականորեն փոխեցին երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական միջավայրը: Թե՛ Երևանից, թե՛ Բաքվից ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ խաղաղությունն արդեն հաստատված իրողություն է, և այժմ անհրաժեշտ է աշխատել դրա ինստիտուցիոնալացման ուղղությամբ: Շուրջ կես տարի հայ-ադրբեջանական սահմանին չի հնչել որևէ կրակոց: Երկու երկրի տարբեր գերատեսչությունների միջև ձևավորվում և զարգանում են ինստիտուցիոնալ շփումներ: Ուշագրավ է նաև այն, որ Վաշինգտոնյան հանդիպումից հետո ևս կարգավորման գործընթացում դրական դինամիկան պահպանվում է: Դրա դրսևորումներից դարձան Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների չեղարկումը, սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը Գաբալայում և այլն:

Track 1-ում առկա այս դրական միտումների ֆոնին հանրային դիվանագիտության պասիվությունն ակնհայտ է: Եվ հենց այդ բացի լրացմանն է ուղղված «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, որն իրականացվում է պետությունների աջակցությամբ և տեղավորվում է «track 1.5»-ի շրջանակում:

Չնայած այս ամենին թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հանրությունների միջև լայն երկխոսության հաստատման հարցը շարունակում է ոչ միանշանակ ընկալվել:  Տարիներ շարունակվող երկկողմ թշնամանքը, ատելությունը, ապամարդկայնացման քաղաքականությունը և քարոզչությունը երկու հասարակությունների միջև ձևավորել են «երկաթե վարագույր», որը ճեղքելու ցանկացած փորձ դատապարտված է կոշտ քննադատության:

Անդրադառնանք այս կապակցությամբ հայաստանյան քաղաքական և հանրային դաշտում շրջանառվող մի շարք թեզերի:

Առաջին և հիմնական հարցադրումը վերաբերում է Ադրբեջանում իրական քաղհասարակության առկայությանը: Իրավական առումով, անշուշտ, Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունների վիճակը էականորեն տարբերվում է: Սակայն խնդրին պետք է մոտենալ պրագմատիզմով: Ադրբեջանում առաջիկա տարիների մարդու իրավունքների, ժողովրդավարության տեսանկյունից իրավիճակի փոփոխությունն իրատեսական չէ: Միևնույն ժամանակ, հանրային դիվանագիտության շրջանակում հայաստանյան քաղահասարակությունը խնդիր չունի միջամտելու Ադրբեջանի ներքին գործերին, բարեփոխելու այդ երկրի պետական համակարգը կամ տալու ժողովրդավարության դասեր: Հայկական կողմի առաջնահերթությունը երկու հանրությունների միջև երկխոսության կամուրջների կառուցումն է, հուզող հարցերի բարձրաձայնումը, տարբեր խնդիրների վերաբերյալ լուծումների առաջարկումը և, իհարկե, փոխվստահության ձևավորումը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հանրային դիվանագիտության հետ կապված խոշոր հաշվով կա ընտրության երեք տարբերակ: Առաջինը ընդհանրապես որևէ երկխոսության մեջ չմտնելն է: Սա բնավ նորմալ չէ կառուցողական քաղաքական գործընթացի առկայության պարագայում, ավելին՝ երկխոսության բացակայությունը մեծացնում է անվստահությունն ու կարող է ստեղծել երկարաժամկետ ռիսկեր՝ բացասաբար ազդելով նաև պաշտոնական բանակցությունների վրա:

Երկրորդ տարբերակը ենթադրում է ընտրողական մոտեցում, երբ, օրինակ, երկխոսությունը կառուցվում է ադրբեջանցի այլախոհների, արտերկրում ապաստանած գործիչների հետ: Նման երկխոսության ծրագրեր այսօր էլ կան, սակայն տարիների փորձը ցույց է տվել, որ դրանց արդյունավետությունը շատ ցածր է, իսկ այդ անձինք ունեն գրեթե զրոյական ազդեցություն ադրբեջանական հասարակության վրա:

Երրորդ տարբերակը երկխոսության հաստատումն է Ադրբեջանում գործող ակտիվ կազմակերպությունների և փորձագետների հետ, որոնք թեև գտնվում են վերահսկողության տակ, սակայն հասանելիություն ունեն թե՛ որոշումներ կայացնողներին, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցներին, ինչպես նաև զգալի դերակատարում ունեն այդ երկրում հանրային դիսկուրսի ձևավորման վրա:

Հաշվի առնելով ներկայիս իրողությունները՝ վերջին տարբերակը թերևս ամենաիրատեսականը և հեռանկարային է:

Ադրբեջանի հետ հանրային երկխոսության նպատակահարմարության հարցը հայկական կողմում բարձրաձայնվում է նաև առանձին հարցերի հետ կապված Բաքվի կողմից շարունակվող խնդրահարույց քաղաքականության համատեքստում: Ցավոք, խնդրահարույց թեմաները բավական շատ են՝ հայ ռազմագերիներ, անհետ կորածներ, ռազմատենչ հռետորաբանություն, օկուպացված տարածքներ, տեղանունների նենգափոխություն, ադրբեջանական դասագրքեր, պատմամշակութային ժառանգության ոչնչացում և այլն: Չնայած բոլոր այս հարցերի զգայունությանը՝ բավական կարևոր է գիտակցել, որ դրանցից ցանկացածի հետ կապված որևէ դրական տեղաշարժ շատ ավելի հավանական և իրատեսական է հենց երկխոսության առկայության պարագայում, իսկ երկխոսության բացակայությունը ոչ միայն կարող է խորացնել այդ խնդիրները, այլևս ստեղծել նոր ռիսկեր:

Անշուշտ, վերոնշյալ խնդիրների մասին կարելի է շարունակել բարձրաձայնել նաև բոլոր հասանելի միջազգային հարթակներում՝ միջազգային հանրության ներգրավվածության ապահովման և մեր շահերի նկատմամբ զգայունության ապահովման նպատակով: Միևնույն ժամանակ պետք է գիտակցել նաև, որ միջազգային դերակատարների կողմից տվյալ խնդիրների լուծման կարողությունները և հնարավորությունները բավական փոքր են, ինչը մի կողմից  պայմանավորված է տարածաշրջանում Ադրբեջանի դերակատարման զգալի աճով, մյուս կողմից աշխարհաքաղաքական փոփոխությունների այս փուլում միջազգային իրավունքի ու սկզբունքների  երկրորդ պլան մղմամբ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հանրային երկխոսությունն այլընտրանք չունի: Անշուշտ այդ գործընթացը բավական բարդ և ռեսուրսատար է, ավելին՝ չկան երաշխիքներ, որ այն կլինի արդյունավետ և կայուն: Այնուամենայնիվ ներկայումս «track 1.5» և «track 2» մակարդակներով ցանկացած նախաձեռնություն ունի առավել նպաստավոր մեկնարկային պայմաններ, քան դրանց նախորդները և նման հնարավորությունը չպետք է բաց թողնել:  

Չպետք է անտեսել նաև հնարավոր ռիսկերը՝ փորձելով հնարավորինս արդյունավետ կառավարել դրանք: Հայ-ադրբեջանական հանրային դիվանագիտության ակտիվացումը կարող է դառնալ (և արդեն կան նման փորձեր) շահարկումների առարկա և առանձին ուժերի կողմից հանրությանը մատուցվել որպես պարտադրվող հաշտեցում կամ զիջում: Կարևոր է նաև երկխոսության գործընթացի վերաբերյալ ճիշտ հանրային ակնկալիքների ձևավորումը՝ բացառելով ցանկացած ծայրահեղություն: Բացի այդ, հետևողական հակաքարոզչությունը և ապատեղեկատվությունը կարող են խաթարել վստահությունը երկխոսության գործընթացի նկատմամբ, ինչը կազդի նաև նրա արդյունավետության վրա: Մյուս կողմից՝ գործընթացի ձախողումը կամ ոչ սահուն ընթացքը կարող են անգամ խորացնել հիասթափությունը հանրության շրջանում ու նպաստել նարատիվների կոշտացմանը։  

Ամփոփում

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «track 1»-ում արձանագրված դրական տեղաշարժերը ստեղծել են նոր հնարավորություններ հանրային դիվանագիտության համար։ Այդ գործընթացի արդյունավետությունն ամբողջությամբ կախված է քաղաքական կամքից, հանրային սպասումների ճիշտ կառավարման ունակությունից և շփումների շարունակականությունից։ Քննադատությունները բնական են, էմոցիաները՝ հասկանալի, սակայն երկարաժամկետ տեսանկյունից երկխոսությունը մնում է ոչ միայն նպատակ, այլև անհրաժեշտություն՝ տարածաշրջանում կայուն և կանխատեսելի խաղաղություն կառուցելու համար։

 Նարեկ Մինասյան

______________________________________________________________________________________________________________________________________

trendsresearch.org

Ընթերցեք նաև