Ներածություն․ ընտրությունների համատեքստն ու նախորդող դեպքերը
Նոյեմբերի 16-ին տեղի ունեցան Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները։ Այս ընտրությունները հանրային և քաղաքական նշանակությամբ կարևոր էին մի շարք իմաստներով։
Նախ և առաջ, այս ընտրությունների արդյունքում ձևավորվեց Վաղարշապատ խոշորացված համայնքը, որը հանդիսանում է նախկին Վաղարշապատ համայնքի՝ Էջմիածին քաղաքի ու Ոսկեհատ գյուղի և Խոյ խոշորացված համայնքի (17 բնակավայր) միավորում։ Երկու համայնքների միացման և այժմյան Վաղարշապատ համայնքի ձևավորման պայմանական մեկնարկ կարելի է համարել այս տարվա մայիսը, երբ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարեց պաշտոնից հրաժարվելու մասինi։ Չնայած՝ հրաժարականի պատճառ մատնանշվեցին անձնական և ընտանեկան հարցերը, սակայն մինչև հրաժարականը մամուլում տևական ժամանակ խոսվում էր կոռուպցիոն թեմաներում Դիանա Գասպարյանի և նրա մտերիմների ներգրավվածության մասին։ Հատկանշական է, որ հրաժարականից շուրջ մեկ ամիս անց Գասպարյանին մեղադրանք առաջադրվեցii։ Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի ավագանում մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հնարավորություն ուներ սեփական ավագանու կազմից ընտրել համայնքի ղեկավար, սակայն այդ ճանապարհը չընտրվեց, իսկ ավագանու՝ համայնքի ղեկավար ընտրելու նիստերը տապալվեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից։ Նման պայմաններում իրավական շրջանակը վարչապետին թույլ է տալիս նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այդ պաշտոնում նշանակվեց Արգիշտի Մեխակյանը, ով եղել էր Արմավիրի մարզպետ ու Խոյ համայնքի ղեկավար։ Նա դարձավ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ համայնքի ղեկավարի թեկնածունiii։
Զուգահեռ վերոնշյալ գործընթացներին, շրջանառության մեջ դրվեց վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր միավորել Խոյն ու Վաղարշապատը և միավորման գործընթացն ամփոփել ավագանու առաջին հերթական ընտրություններով: Այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում էր համայնքների կառավարման արդյունավետության բարձրացման, տնտեսական զարգացման խթանման, մարդկային կապիտալի զարգացման հրամայականներովiv։ Այս պնդումներին հակառակ, շրջանառվում էին դիտարկումներ առ այն, որ համայնքների միացումը նեղ քաղաքական հաշվարկներից ելնելով էր արվում, որը պետք է իշխանության դիրքերն ամրապնդեր Վաղարշապատում, նոր լեգիտիմություն հաղորդեր, հատկապես հաշվի առնելով նախորդող կոռուպցիոն սկանդալները և ընթացող իշխանություններ-եկեղեցի կոնֆլիկտը։ Այս խոշորացման պատճառների վերաբերյալպնդումների համապատասխանությունն իրականության հետ մանրամասն կքննարկենք աշխատանքում։
Մեկ այլ հանգամանք, որ նշանակալի էր դարձնում այս ընտրությունները, այն էր, որ ընտրական օրենսդրական շրջանակի փոփոխությունից հետո այս ընտրություններն առաջինն էին, երբ կիրառվելու էին նոր կարգավորումները։ Փոփոխված կարգավորումներին անդրադարձել ենք նախորդող հոդվածներից մեկումv։ Այս աշխատանքում կքննարկվի նաև ընտրություններին իրավակիրառ պրակտիկայի արդյունավետությունը։
Եվս մեկ հանգամանք, որն էական նշանակություն է հաղորդում Վաղարշապատի ավագանու ընտրություններին, այն է, որ սրանք մյուս տարվա խորհրդարանական ընտրություններին նախորդող վերջին ՏԻՄ ընտրություններն էին։ Եթե քիչ հավանական համարվող՝ չնախատեսված քաղաքական իրադարձություններ տեղի չունենան (օրինակ, Վանաձորում), հաջորդ ընտրությունները կլինեն հերթական խորհրդարանական ընտրություններ՝ 2026թ. հունիսինvi։ Այսպիսով, կարելի է ասել, որ Վաղարշապատի ընտրությունները նախապատրաստական էին քաղաքական ուժերի, հանրային իշխանության մարմինների, քաղհասարակության և այլ շահագրգիռ կողմերի համար։ Քաղաքական ուժերին, համապետականի շրջանակի համեմատ, փոքր, բայց պրակտիկ դաշտ էր ընձեռվել՝ կիրառել մոտեցումներ, նարատիվներ, տեխնոլոգիաներ և համագործակցության մոդելներ փորձարկել խորհրդարանական ընտրություններից առաջ։
Նախընտրական քարոզչությունն ու ընտրությունների արդյունքները
Նախընտրական քարոզչությունը մեկնարկեց հոկտեմբերի 22-ին և տևեց, ինչպես նախատեսված է օրենքով, 24 օր։ Ընդհանուր առմամբ, քարոզարշավն անցավ հանգիստ մթնոլորտում։ Առանձին դեպքեր, սակայն, առանձնացան ընդհանուր մթնոլորտից։ Ըստ որոշ գնահատականների, նախընտրական քարոզչությունն ուղեկցվեց վարչական ռեսուրսի չարաշահմամբvii։ Եղավ բարեգործության արգելքի խախտում, որի դեպքով ձերբակալվեց դպրոցի՝ իշխանության աջակից մի տնօրեն, որը, միաժամանակ, տեղամասային հանձնաժողովի նախագահն էրviii։ Քվեարկության օրվանից հետո էլ տեղի ունեցան ձերբակալություններ՝ արդեն ընդդիմության թևի ներկայացուցիչների շրջանակումix։ Ընդհանուր առմամբ խաղաղ քարոզարշավում մեկ այլ լարվածության դեպք էր Ոսկեհատում քարոզչության խոչընդոտման հիմքով կաթողիկոսի եղբոր և եղբորորդու ձերբակալություններըx։
Ընտրություններին մասնակցության համար գրանցում էր ստացել 8 ուժ՝ 7 կուսակցություն և 1 դաշինք, մեկ կուսակցություն էլ գրանցման գործընթացում ինքնաբացարկ էր ներկայացրել։ Մասնակից ուժերը հետևյալն էին․
· «Հաղթանակ» դաշինք՝ կազմված «Առաջ» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություններից․ ցուցակը գլխավորում էր Սևակ Խաչատրյանը։
· «Համահայկական ճակատ»․ ցուցակը գլխավորում էր նախկին զինվորական Արտյոմ Սիմոնյանը:
· «Հանրապետություն» կուսակցություն․ ցուցակը գլխավորում էր քաղաքագետ Հարություն Մկրտչյանը:
· «Մայր Հայաստան» կուսակցություն․ ցուցակը գլխավորում էր Դողս համայնքի նախկին ղեկավար Գրիշա Հարությունյանը:
· «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն․ ցուցակի առաջին համար՝ Վահրամ Ազատյան։
· «Ժառանգություն» կուսակցություն․ ցուցակը գլխավորում էր նախկին զինվորական Արկադի Փայտյանը:
· «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
· «Հայրենիք» կուսակցություն․ ցուցակը գլխավորում էր գրող Խաչիկ Մանուկյանը: Ընտրական օրենսդրության փոփոխությունների արդյունքում պարտադիր դարձած քաղաքական բանավեճը Հանրային հ/ը եթերում կայացավ, բայց արդեն՝ կազմակերպչի կամավոր նախաձեռնությամբ։ Բանավեճին մասնակցեցին վեց ուժերի առաջին համարները։ Հետաքրքրական է, որ երկու բացակայող ուժերը կարողացան հաղթահարել անցողիկ շեմը և մանդատներ ստանալ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ բանավեճը վնասել է մասնակիցներին, այլ այն, որ չմասնակցածները գնահատել են, որ իրենց շանսերը բանավեճին մասնակցելով չեն ավելանա, ինչը և, գուցե, ընտրությունների արդյունքներով ապացուցվեց։
Ընտրությունների անցողիկ շեմը կուսակցությունների համար 4% էր, իսկ դաշինքների համար՝ 6%։ Քվեարկության արդյունքում երեք ուժ կարողացան հաղթահարել անցողիկ շեմը․
«Քաղաքացիական պայմանագիր» – 15․298 քվե (48.5%)
«Հաղթանակ» դաշինք – 10․051 քվե (31.8%)
«Մայր Հայաստան» – 1․692 քվե (5.3%)
Արդյունքում, ուժերն ստացան, համապատասխանաբար, 19, 12 և 2 մանդատ։ Հատկանշական է, որ համայնքների խոշորացման արդյունքում Վաղարշապատ համայնքի 27 անդամ ունեցող ավագանու կազմը դարձավ 33 անդամից բաղկացած։
Նախընտրական քարոզչության շրջանում, համաձայն ներկայացված փաստաթղթերի, ամենաշատ գումար է ծախսել ՔՊ-ն՝ շուրջ 55 մլն դրամ, «Հաղթանակ» դաշինքը՝ 30 մլն, իսկ «Մայր Հայաստանը»՝ շուրջ 13 մլն։ Հետաքրքական է, որ մասնակից ուժերի ծախսած գումարները բավական համաչափ են քվեարկության արդյունքներին։
Իրավական շրջանակի փոփոխությամբ պայմանավորված, հանրային իշխանության մարմինները որոշակի խնդիրների բախվեցին։ Եթե ընտրությունների կազմակերպման
փոփոխությունների մասն իրականացվեց հիմնականում առանց խնդիրների, ապա վերահսկողության, մասնավորապես, ֆինանսական վերահսկողության, ժամանակին ֆինանսական տեղեկանքների տրամադրման մասով մարմինները թերացան։
Եզրակացություն
Ամփոփելով վերոնկարագրյալ խնդիրներն ու դիտարկումները՝ պետք է անդրադառնալ հետևյալին։ Իշխանությունը, ինչպես Գյումրիում, չնայած նրան, որ կարող էր ավագանու կազմից ընտրել համայնքի ղեկավար, գնաց նոր ավագանու ձևավորման ընտրությունների ճանապարհովxi։ Եվ, ի տարբերություն Գյումրիի, քվեարկության արդյունքներով կարողացավ ավագանում մանդատների բացարձակ մեծամասնություն ստանալ և ինքնուրույն ստանձնել համայնքի կառավարումը։ Այս առումով, ընտրությունները իշխանությունների վարկանիշի, սեփական մոտեցումների և մեթոդների նկատմամբ ինքնավստահության դրական ֆոն կստեղծեն։ Մինչդեռ ընդդիմությունն, ի տարբերություն Գյումրիի սցենարի, ինքնահայեցման առավել մեծ կարիք ունի։
Միևնույն ժամանակ պետք է անդրադառնալ այն հանգամանքին, թե որքանով համայնքների խոշորացումը նպաստեց իշխանությունների հաղթանակին։ Ընտրական տեղամասերի արդյունքների վերլուծությունն՝ ըստ համապատասխան համայնքի տեղամասերի, ցույց է տալիս, որ ՔՊ-ն քվեների մեծամասնություն է ստացել երկու խոշորացված համայնքում։ Ավելին, չխորոշացված համայնքում, չնայած ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի հետ գրեթե հավասար արդյունքներին, դատելով «Հանրապետություն» կուսակցության՝ թե՛ բանավեճին, թե՛ այլ առիթներով հնչեցրած դիրքորոշմանը, ՔՊ-ն կարող էր համայնքային կառավարումը կոալիցիոն ֆորմատով ստանձնել։ Ամենաշատ շահողը «Մայր Հայաստանն» էր, որ Վաղարշապատում իր մանդատները բացառապես ստացավ Խոյ համայնքում հավաքած քվեների արդյունքում։ Սակայն պետք է նկատել, որ համայնքների խոշորացումը ՔՊ-ին հնարավորություն է տվել ներկայանալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությամբ, ինչը միավորման բացակայության դեպքում հնարավոր չէր լինի։ Դրանից ելնելով, այլ թեկնածուի դեպքում դժվար է գնահատել, թե ինչ արդյունքներ կունենային ՏԻՄ ընտրությունները։ Բացի այդ, համայնքների չմիավորվելու դեպքում ավագանու կազմը ևս փոքր կլիներ, ինչը մանդատների բաշխման վրա նույնպես ազդեցություն կունենար։
Հետևաբար, կարելի է նշել, որ համայնքների խոշորացումը որոշակիորեն նպաստել է իշխանության գրանցած արդյունքին և համայնքային կառավարումը միանձնյա ստանձնելուն, սակայն միանշանակ չէ, որ չխոշորացման դեպքում իշխանությունը դատապարտված էր պարտության կամ Գյումրիի սցենարին։
Տիգրան Մուղնեցյան
_______________________________________________________________________________________________________________________________
i https://www.azatutyun.am/a/incho-u-e-diana-gasparyany-toghnoum-pashtony-kp-its-hrazharakani-patcharnerits-chen-khosoum/33416010.html
ii https://www.hetq.am/hy/article/175639
iii https://www.hetq.am/hy/article/175645
iv https://www.e-draft.am/projects/8718/justification
v https://council.am/entry/6009/2026-tvakani-yntrutyunneri-hastatvac-xaxi-kanonnery/
vi https://www.facebook.com/photo?fbid=1168099452086508&set=a.529839559245837
vii https://hcav.am/ind-obs-28-10-2025/ viii https://hetq.am/hy/article/178003
ix https://www.azatutyun.am/a/33594011.html
x https://www.azatutyun.am/a/kalanavorvel-e-amenayn-hayots-katoghikosi-eghbayry/33580195.html
xi https://council.am/entry/7121/gyumri-hamaynqum-avaganu-artahert-yntrutyunneri-ampop/
