ՆԱԽԱԲԱՆ
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկիզբ են առել դեռևս 1992 թվականին, երբ Հայաստանը դարձավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի անդամ: Երկկողմ գործակցությունը զարգացել է «Գործընկերություն հանուն խաղաղության» (Partnership for Peace) ծրագրի, ինչպես նաև՝ «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի (Individual Partnership Action Plan) շրջանակում, հիմնականում կենտրոնանալով քաղաքական և անվտանգության երկխոսության, պաշտպանական բարեփոխումների և զինված ուժերի մասնագիտական պատրաստության վրա։
Հայաստանը երբեք չի հետապնդել Հյուսիսատլանտյան դաշինք կազմակերպությանն անդամակցելու որևէ նպատակ: Այսօր ևս քաղաքական և հանրային շրջանակներում նման պահանջ կամ քննարկումներ չկան: Չնայած այդ ամենին՝ վերջին տարիներին հայաստանյան, տարածաշրջանային և միջազգային զարգացումները նպաստավոր հող են ստեղծել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման համար: Սույն հոդվածը ներկայացնում է հարաբերությունների վերանայման հիմքերը, ինչպես նաև՝ գործակցության առավել սերտացման համար առանձնացնում մի շարք ուղղություններ:
Հայաստան-ՆԱՏՕ. գործակցության վերանայման հիմքերը
Հայաստան–ՆԱՏՕ հարաբերությունների վերանայումը բխում է նոր աշխարհաքաղաքական իրողություններից, անվտանգության սպառնալիքների բազմազանությունից և տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունից։ Ավելին, դրա համար առկա են առավել քան բավարար հիմքեր:
- Տարածաշրջանային նոր իրողություններ
Վերջին տարիներին տարածաշրջանային և գլոբալ զարգացումների արդյունքում ստեղծվել են նոր իրողություններ: 2020 թվականի աշնանային պատերազմի և 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման հետևանքով տարածաշրջանում սկսվել է նոր ստատուս քվոյի ձևավորման գործընթաց՝ հայկական կողմին դրդելով վերանայել իր անվտանգության ճարտարապետությունը: 2021-2022 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ Ադրբեջանի հարձակումներն ավելի ընդգծեցին դրա անհրաժեշտությունը: ՀԱՊԿ-ի կողմից իր դիմումներին պատշաճ արձագանք չստանալով՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը դաշինքի աշխատանքներին, չի մասնակցում քվեարկություններին, կառույցի զորավարժություններին, չի վճարում անդամավճարները և չի նշանակել կառույցում մշտական ներկայացուցիչi:
Տարածաշրջանի վրա իրենց ազդեցությունն են թողել նաև միջազգային զարգացումները: 2022 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած լայնածավալ հարձակման հետևանքով Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը համեմատաբար թուլացել է, ինչն արտահայտվում է ինչպես Երևանի, այնպես էլ՝ Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում:
2025 թվականի հունիսին իսրայելա-իրանական 12-օրյա պատերազմը ոչ միայն զգալի վնասներ է հասցրել Իրանի պաշտպանական կարողություններին, այլև թուլացրել է Թեհրանի դիրքերը և ազդեցությունը հարևան տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում:
Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին նկատելի է տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության աճը, որի վառ դրսևորումը դարձան օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և ձեռք բերված պայմանավորվածությունները ii:
Նոր թափ է ստացել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը, որի կարևոր հանգրվան դարձան «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումըiii և խաղաղության հռչակագրի ընդունումըiv:
Առաջընթաց է ուրվագծվում նաև Հայաստան-Թուրքիա, ՆԱՏՕ հարաբերությունների կարգավորման գործընթացում. 2022 թվականի պայմանավորվածությունների կյանքի կոչման հեռանկարներն ավելի իրատեսական են դառնումv:
Տարածաշրջանային այս վերադասավորումները նպաստավոր հող են ստեղծում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման համար՝ ընդգծելով նաև գործակցության ներկայիս գործիքակազմի անհամապատասխանությունը նոր հնարավորությունների իրացման և մարտահրավերների հակազդման հարցում:
Հարաբերությունների վերանայումը կնպաստի նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի համագործակցության հավասարակշռմանը: Ներկայումս, տարածաշրջանի կտրվածքով, Հայաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությունն ամենացածր մակարդակի վրա է: Վրաստանն ունի ամենասերտ հարաբերությունները և հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու երկիր, իսկ 2014 թվականից ունի ընդլայնված հնարավորություններով գործընկերոջ (Enhanced Opportunities Partner) կարգավիճակ: Ադրբեջանը, թեև, Հայաստանի պես, դաշինքի գործընկերոջ կարգավիճակ ունի, սակայն դաշնակից Թուրքիայի շնորհիվ զգալի առաջընթաց է գրանցել զինված ուժերի բարեփոխումների և թուրքական մոդելի (փաստացի՝ ՆԱՏՕ-ի ստանդարտների) անցնելու հարցում:
- Հայաստանի դիվերսիֆիկացման քաղաքականություն
2020 թվականից հետո բախվելով աննախադեպ անվտանգային խնդիրների՝ Հայաստանն, իր դիմակայունությունն ամրապնդելու և մեկ կենտրոնից կախվածությունը թուլացնելու նպատակով, որդեգրել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղի: 2022 թվականի վերջից պաշտոնական Երևանին հաջողվել է ռազմատեխնիկական զարգացող գործակցություն հաստատել Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ:
Զգալի առաջընթաց կա նաև արտաքին քաղաքական հարաբերությունների բազմազանեցման և խորացման գործընթացում: Հայաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել Վրաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի հետ: Ռազմավարական գործընկերության անցման պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանի և Միացյալ Թագավորության հետ, համապատասխան փաստաթուղթ է մշակվում Ֆրանսիայի հետ:
Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները ևս զգալի թափ են ստացել, ինչի մասին են վկայում Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և նրա մանդատի երկարաձգումը, Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, գործակցության նոր օրակարգի մշակումը, ինչպես նաև՝ ՀՀ ԱԺ կողմից ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը:
Արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններով գործադրվող ջանքերի ֆոնին ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում դեռևս շոշափելի փոփոխություններ չկան, ինչը, սակայն, կարող է դառնալ դիվերսիֆիկացման քաղաքականության կարևոր բաղադրիչ:
- Բարեփոխումների օրակարգ
Վերջին տարիների զարգացումները Հայաստանում ամրապնդել են զինված ուժերի վերափոխման անհրաժեշտության ընկալումը: Պաշտպանական ոլորտում համագործակցության բազմազանեցմանը զուգահեռ, 2024թ. նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակեց զինված ուժերի բարեփոխումների գործընթացը նկարագրող առաջին պաշտոնական փաստաթուղթը՝ բանակի կերպափոխման հայեցակարգըvi: Դրա իրականացումը նախատեսված է 2024-35 թվականներին: Հայեցակարգը նախատեսում է անցում արհեստավարժ բանակի, արհեստավարժ սերժանտական համակարգի ստեղծում, տարածքային պաշտպանության համակարգի և ակտիվ պահեստազորի ձևավորում, պետական սահմանի պահպանության համակարգի կատարելագործում, մարտավարական և ռազմավարական կերպափոխում, բանակի հեղինակության և կրթության դերի կարևորում, ռազմական կրթության կերպափոխում և այլն: Պաշտպանական բարեփոխումների հարցում հայկական կողմը համագործակցում է առանձին երկրների հետ, սակայն այդ գործակցությունն ունի խիստ սահմանափակ բնույթ: Ավելին, Արևելյան Եվրոպայի երկրների պաշտպանական բարեփոխումների փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ չի եղել որևէ երկիր, որն ինքնուրույն՝ առանց արտաքին աջակցության, կարողանա դրանք հաջողությամբ իրականացնել:
Հայաստանի դեպքում ևս, նախանշված նպատակների կյանքի կոչման համար բավական կարևոր է համակարգային աջակցություն ստանալ գործընկեր երկրներից և կառույցներից: Այս առումով ՆԱՏՕ-ն կարող է ունենալ բավական կարևոր դերակատարում՝ մի կողմից հաշվի առնելով կառույցում կուտակված փորձը, մյուս կողմից` նրա հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին:
Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վերանայման առաջարկ
Հաշվի առնելով վերոնշյալ փոփոխությունները՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերանայումն արդեն հասունացած գործընթաց է: Ավելին, այն կարող է նպաստել Հայաստանի ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացին, ուժեղացնել կիբերանվտանգության, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի և ճգնաժամային կառավարման ոլորտներում կարողությունները:
Երկկողմ գործակցության ամրապնդման համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել նաև մի շարք գործոններ, ինչպիսիք են տարածաշրջանային որոշ երկրների, օրինակ, Ռուսաստանի և Իրանի բարդ հարաբերությունները դաշինքի հետ, կառույցում Թուրքիայի առանցքային դերակատարումը և Ադրբեջանի հետ նրա դաշնակցային հարաբերությունները: Դաշինքի հետ հարաբերությունների վերանայման հարցում Հայաստանը պետք է որդեգրի «համագործակցության խորացում՝ առանց նոր մարտահրավերների ստեղծման» բանաձևը՝ առկա հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ պարբերաբար քննարկումներ անցկացնելով նաև դաշինքի գործընկերների հետ:
ՆԱՏՕ-յի հետ հարաբերությունների խորացման համար Հայաստանը կարող է օգտվել կառույցի գործընկեր երկրների համար հասանելի մի շարք ծրագրերից և նախաձեռնություններից: Անդրադառնանք մի շարք ուղղությունների:
- ԱՀԳԾ-ի հաստատում
2023 թվականից Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև բանակցություններ են ընթանում «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի փոխարեն համագործակցության նոր՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագրի (Individually Tailored Partnership Programme) հաստատման վերաբերյալ: ԱԳԳԾ-ին փոխարինող այս նոր ծրագիրը հաստատվել է 2021-ին, և դաշինքի անդամ չհանդիսացող մի շարք երկրներ դաշինքի հետ արդեն գործակցում են դրա շրջանակում:
Ի տարբերություն երկամյա պլանավորում ունեցող ԱԳԳԾ-ի՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագրերն ունեն քառամյա պլանավորում և ապահովում են առավել համապարփակ, երկարաժամկետ և միասնական ծրագիր՝ ներառելով ավելի շատ ոլորտներ:
Դաշինքի ներսում այժմ քննարկումներ են ընթանում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին ԱՀԳԾ-ի տրամադրման վերաբերյալ, սակայն երկու դեպքում էլ առանձին անդամներ ունեն վերապահումներ, ինչը հնարավորություն չի տալիս հասնել վերջնական կոնսենսուսի:
Հայկական կողմն այս ուղղությամբ պետք է ակտիվացնի ջանքերը դաշինքի անդամ բոլոր երկրների հետ շփումներում՝ չբացառելով նաև Ադրբեջանի հետ իրավիճակային համագործակցության հնարավորությունը:
- Հայաստանի դիմակայունության ամրապնդում
Հաշվի առնելով անվտանգության փոփոխվող միջավայրը, հին և նոր մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը, երկրի դիմակայունության ամրապնդումը շարունակում է մնալ առաջնահերթ խնդիր: Այս ոլորտում, սեփական կարողությունների օբյեկտիվ գնահատման և արդյունավետ բարեփոխումների իրականացման տեսանկյունից, բավական օգտակար կարող է լինել ՆԱՏՕ-ի «Դիմակայունության հիմնարար չափորոշիչներով»vii (Resilience Baseline) առաջնորդվելու որոշումը: 2021 թվականին հաստատված չափորոշիչների այս համակարգը կոչված է գնահատելու և ամրապնդելու անդամ և գործընկեր երկրների դիմակայունությունը: Գնահատումն իրականացվում է 7 հիմնական ցուցիչի հիման վրա, որոնք վերաբերում են ճգնաժամային կամ պատերազմական իրավիճակներում պետության և հասարակության կենսագործունեության ու պաշտպանության համար կենսական ոլորտներին։ ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրներից «Դիմակայունության հիմնարար չափորոշիչներն» արդեն որդեգրել են Շվեյցարիան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը և Իռլանդիան:
Հայաստանի կողմից ՆԱՏՕ-ի Resilience Baseline–ի որդեգրումը և ապագա ԱԳՀԾ-ում դրանց ներառումը կնպաստի պետական և հասարակական դիմակայունության ամրապնդմանը, անվտանգության բարձրացմանը ոչ միայն ռազմական, այլև՝ քաղաքացիական ոլորտներում:
- Գործակցության խորացում պաշտպանության ոլորտում
Հայաստանը 2000-ականներից ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է հիմնականում խաղաղապահության ոլորտում: Հայ խաղաղապահները մասնակցել են Աֆղանստանում և Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելություններին և շարունակում են իրենց ներգրավվածությունը Կոսովոյի առաքելությանը (2024-ին թվակաքանակն ավելացվեց մինչև 57-ի):
Երկկողմ գործակցության խորացման համար նպատակահարմար է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ամրապնդել «Պաշտպանական կարողությունների զարգացման» (Defence Capacity Building) գործիքի շրջանակում։ Դրա միջոցով տարատեսակ աջակցություն է տրամադրվում դաշինքի անդամ չհանդիսացող Վրաստանին, Մոլդովային, Իրաքին, Թունիսին և այլ երկրների:
Հայաստանի համար այն կարող է ծառայել որպես կարևոր հարթակ՝ պաշտպանական ինստիտուտների արդյունավետության բարձրացման, կրթական և ուսումնական համակարգերի արդիականացման, կառավարման թափանցիկության բարձրացման, ինչպես նաև՝ ուժային կառույցները միջազգայնորեն ընդունված չափանիշներին համահունչ դարձնելու ուղղությամբ։
Այս ոլորտում Հայաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ գործողությունները պետք է կենտրոնանան ոչ միայն տեխնիկական ու փորձագիտական աջակցության, այլև՝ մարդկային կապիտալի զարգացման վրա, ապահովելով երկարաժամկետ կայունություն և պաշտպանական համակարգի դիմակայունություն։
- Համագործակցության խորացում գերազանցության կենտրոնների հետ
ՆԱՏՕ-ի գերազանցության կենտրոններըviii (Centres of Excellence) միջազգային մասնագիտացված կազմակերպություններ են, որոնք կենտրոնանում են հատուկ ոլորտներում հետազոտությունների, պատրաստության, դոկտրինների մշակման և կրթության վրա։ Դրանք ՆԱՏՕ-ի պաշտոնական հրամանատարական կառուցվածքի մաս չեն, սակայն աջակցում են ՆԱՏՕ-ի գործողություններին՝ տրամադրելով գիտելիք, ուսուցում և կիսելով լավագույն փորձը։ Յուրաքանչյուր գերազանցության կենտրոն կենտրոնացած է հստակ ոլորտի վրա: Օրինակ, Էստոնիայում գործում է կիբեր-անվտանգության, Լիտվայում՝ էներգետիկ անվտանգության, Ֆինլանդիայում՝ հիբրիդային սպառնալիքների, Լատվիայում՝ ռազմավարական հաղորդակցության, Սլովենիայում՝ լեռնային մարտերի հարցերով գերազանցության կենտրոնը, և այլն:
Գերազանցության կենտրոնները բաց են դաշինքի գործընկեր երկրների հետ համագործակցության համար: Վերջիններս կարող են տրամադրել անձնակազմ, մասնագետներ, մասնակցել պատրաստությանը, վարժանքներին և հետազոտություններին։
Գերազանցության կենտրոնների հետ գործակցության շնորհիվ հայկական կողմը կարող է ստանալ անհրաժեշտ փորձ ու գիտելիքներ, ինչպես նաև՝ առանձին ոլորտներում ավելի մոտենալ ՆԱՏՕ-ի չափանիշներին:
Ամփոփում
Ամփոփելով վերոնշյալը՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերանայումն այլևս ոչ թե ընտրություն է, այլ՝ անհրաժեշտություն։ Տարածաշրջանային վերադասավորումների, ՀԱՊԿ-ի անգործության և պաշտպանական բարեփոխումների օրակարգի պայմաններում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը կարող է դառնալ Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացման առանցքային բաղադրիչ։ ՆԱՏՕ-ի գործընկերության ներկայիս գործիքակազմը հնարավորություն է տալիս երկրի պաշտպանական ու քաղաքացիական կարողությունները հասցնել միջազգային ստանդարտների՝ զերծ մնալով դաշնակցային պարտավորություններ ստանձնելուց:
Նարեկ Մինասյան
