Խաղաղության երաշխիքներ. Սխալ հարցադրման հետքերևով

հեղ․ Armenian Council

Հայաստանում նախընտրական պայքարն արդեն ընթացքի մեջ է: Առավել քան բնական է, որ այդ քաղաքական քննարկումների առանցքային հարցերից մեկն է դարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Այս համատեքստում, քաղաքական և փորձագիտական դաշտում ակտիվ բանավեճ է ծավալվել խաղաղության երաշխիքների կամ երաշխավորված խաղաղության վերաբերյալ:  

Պահանջվում են երաշխիքներ 

Հատկանշական է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում միջազգային երաշխիքների հարցը նոր չէ: Դեռ 2022 թվականին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկին զուգահեռ, Հայաստանի կառավարությունը ևս քանիցս բարձրացրել է «խաղաղության պայմանագրի միջազգային աջակցության», «միջազգային լեգիտիմության», և «միջազգային երաշխավորի կամ երաշխավորների» անհրաժեշտության հարցը:i Այս շրջանում բանակցություններն ընթանում էին Եվրամիության, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ֆասիլիտացիայով, իսկ Լեռնային Ղարաբաղը դեռ չէր հայաթափվել:   

Ռուս խաղաղապահների անգործության պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումից և տեղի ունեցածին միջազգային ոչ պատշաճ արձագանքից հետո պաշտոնական Երևանը վերանայեց իր մոտեցումները: «Միջազգային երաշխավորների» գաղափարը համարվեց ոչ իրատեսական, իսկ բանակցային գործընթացը դարձավ երկկողմ: 

Այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պնդում է, որ խաղաղությունն արդեն հաստատված է, և այն ինստիտուցիոնալացման փուլում է: Միևնույն ժամանակ նշվում է, որ խաղաղության կայունությունը պայմանավորված է ոչ թե արտաքին երաշխիքներով, այլ՝ կողմերի միջև փոխշահավետ համակարգի ստեղծմամբ։ 

Ընտրությունների անցողիկ շեմն (ըստ IRI-ի հարցումների) հաղթահարող հիմնական ընդդիմադիր ուժերն, իրենց հերթին, պնդում են, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը չպետք է լինի միայն թղթի վրա, և անհրաժեշտ են «միջազգային երաշխավորներ», «անվտանգության երաշխիքներ» կամ «երաշխավորված խաղաղության»:  

Մի քանի մեջբերում: 

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագիրը «փուչիկ է»․ «Խաղաղությունը կախված չէ Նիկոլ Փաշինյանից, ՔՊ-ականներից, Ռոբերտ Քոչարյանից, Թրամփից կամ մեկ ուրիշից։ Երաշխավորված խաղաղություն՝ նշանակում է միջազգային մեխանիզմների կիրառում, Ալիևի կամքից դուրս»,- հայտարարել է Քոչարյանը։ii 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ փաստաթուղթը որևէ արժեք չի ունենա, եթե չկա մեկից ավել երաշխավոր․ «Մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա մեկից ավել երաշխավոր: Մեկից ավել երաշխավոր ունենալը երկարաժամկետ խաղաղության միակ լուրջ գրավականն է: Թուղթը բավական փոփոխական մեծություն է թուրքերի հետ բանակցությունների ժամանակ, իսկ երաշխավորները հաստատուն են»,-ասել է Կարապետյանը։iii 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝ խաղաղությունը չի կարող ձևական լինել․ «Բոլոր նախադրյալները կան պետք է պայմանավորվել 3-5 հզոր պետության հետ։ Պետք է կապ, ծանոթություն, հարաբերություն, որ լինի երաշխավորված խաղաղություն, որ մեր տարածքներով ճանճ էլ չանցնի»,- ընդգծել է Ծառուկյանը:iv 

Հատկանշական է, որ «միջազգային երաշխիքների» թեզը նրանք ներկայացնում են առանց մանրամասների: Մինչ օրս չի ներկայացվել նաև դրանց հասնելու որևէ «ճանապարհային քարտեզ», իսկ երաշխիքների իրատեսականությունը քաղաքական գործիչները հիմնավորում են միայն սեփական «բանակցային հմտություններով»:   

Երաշխիքների իրատեսականության խնդիրը 

Բնավ չցանկանալով ներքաշվել նախընտրական բանավեճի մեջ՝  անդրադառնանք «միջազգային երաշխավորների» թեմային, հաշվի առնելով խաղաղության գործընթացը սթափ գնահատելու հրամայականը: Անշուշտ, անվիճելի է, որ տարբեր ճգնաժամերի և հակամարտությունների դեպքում (Կիպրոս, Բոսնիա և Հերցեգովինա, Կորեական թերակղզի և այլն) միջազգային երաշխիքներն ունեցել են կարևոր դերակատարում իրավիճակի կայունացման, վստահության կառուցման, իրավական վերահսկողության և պարտավորությունների իրականացման խթանման տեսանկյունից: Դրանց զուգահեռ, քիչ չեն նաև միջազգային երաշխիքների ձախողված դեպքերը (Սրեբրենիցա, Սիրիա և այլն): Ամենավառ դրսևորումներից է 1994 թվականի Բուդապեշտի հուշագիրը, որով Ուկրաինան հրաժարվեց  իր միջուկային զենքից, իսկ փոխարենը Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը հավաստիացրին, որ  կհարգեն դրա տարածքային ամբողջականությունն ու ուժ չեն կիրառի։ Սակայն 20 տարի անց անվտանգության հավաստիացում տված Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, իսկ պատերազմը շարունակվում է մինչ օրս:   

Խաղաղությանը և անվտանգությանը վերաբերող ցանկացած պայմանավորվածություն չի գործում վակուումում․ այն կախված է միջազգային հարաբերությունների դինամիկայից և ուժերի բալանսից։ Հետևաբար, հարցերի հարցը ոչ թե «միջազգային երաշխիքների» լավ կամ վատ լինելն է, այլ՝ դրանց իրատեսականությունը ներկայիս իրողությունների պայմաններում։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխիքների մասին քննարկումներում անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի հանգամանք:  

  • Միջազգային համակարգի էրոզիա 

Երկրորդ աշխարահամարտից հետո ձևավորված աշխարհակարգը, որը հիմնված էր միջազգային իրավունքի և սկզբունքների վրա, մեր աչքերի առջև փլուզվում է, իսկ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը դեռ տեսանելի չէ: Վերջին տարիներին այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը, բազմիցս խախտվել են՝ չբախվելով արդյունավետ հավաքական պատասխանի (Հայաստան, Ուկրաինա, Սիրիա, Լիբանան, Իրան և այլն): Միջազգային իրավունքն իր տեղը զիջել է ուժին, իսկ միջազգային նորմերը պարզապես անտեսվում են, շատ հաճախ՝ անհետևանք: Նման պայմաններում խաղաղության միջազգային երաշխիքներին ապավինելը կարող է ունենալ խիստ սահմանափակ արդյունավետություն:   

  • Մանրակրկիտ տեսլականի անհրաժեշտություն 

Խաղաղության երաշխիքների մասին բարձրաձայնող ուժերը պետք է ներկայացնեն հստակ ծրագրեր, թե ինչպես են պատկերացնում այդ երաշխիքները և դրանց հասնելու ճանապարհը: Թղթի փոխարեն «երկաթբետոնե» երաշխիքներ պահանջող ուժերը պետք է առնվազն ունենան հետևյալ հարցերի պատասխանները. 

— Ի՞նչ մանդատով է գործելու երաշխավորը եռակողմ համաձայնագրո՞վ, թե՞ միջազգային կառույցի շրջանակում: 

— Որքա՞ն ժամանակով է նախատեսվում երաշխավորի ներգրավվածությունը: 

— Արդյոք այն ունենալու է մշտադիտարկման մեխանիզմներ (արբանյակային, տեխնիկական կամ գետնի վրա առաքելություն): 

— Ինչպիսի՞ն կլինի գետնի վրա ներկայությունը՝ դիտորդակա՞ն, թե՞ խաղաղապահ 

— Ինչպե՞ս է ապահովվելու երաշխավորի չեզոքությունը: 

— Ի՞նչ է նախատեսվում համաձայնագրի խախտման դեպքում՝ նախազգուշացո՞ւմ, պատժամիջոցնե՞ր, թե՞ ուժի կիրառում: 

— Ի՞նչ լծակներ (քաղաքական ճնշում, տնտեսական միջոցներ, ռազմական բաղադրիչ) պետք է ունենա երաշխավորը խախտող կողմին ինչ-որ բան պարտադրելու համար:  

— Ո՞ր մարմինն է արձանագրելու խախտումները և ի՞նչ ընթացակարգով: 

— Լինելու՞ են արագ արձագանքման մեխանիզմներ էսկալացիայի դեպքում: 

— Ի՞նչ է նախատեսվում, եթե երաշխավորը չի կատարում իր պարտավորությունները: 

— Մի քանի երաշխավորի դեպքում ինչպե՞ս է բաշխվելու պատասխանատվությունը: 

 — Ինչպե՞ս է կապվելու այս մեխանիզմը ավելի լայն տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության հետ: 

Այս շարքը կարելի է շարունակել: Ցանկալի է՝ նախընտրական պայքարի ընթացքում Հայաստանի ընտրողներն ստանան այս հարցերի պատասխանները, հակառակ դեպքում երաշխիքների մասին հայտարարությունները չեն տարբերվի ունկնհաճո պոպուլիզմից: 

  • Երաշխավորի անորոշություն 

Խաղաղության երաշխիքների մասին քննարկումներում հաճախ են նշվում այնպիսի ուժային կենտրոններ, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ը և, անգամ, Չինաստանը: Ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում մի քանի երաշխավորի ներգրավումն, անգամ՝ տեսականորեն, բարդ է պատկերացնել: Նույնիսկ նման պարագայում մեծ է հավանականությունը, որ գործելաոճի առումով կունենանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության պատմության կրկնությունը, երբ, օրինակ, համանախագահող երկրները խուսափում էին հասցեական հայտարարություններից, շատ հաճախ առաջնորդվում էին սեփական շահերով, իսկ ինչ-որ պահից նրանց միջև հակասությունները պարալիզացնում էին ձևաչափը և անհնար դարձնում համատեղ գործունեությունը: 

Վերջին երկու տարվա ընթացքում, բացի Ռուսաստանից, որևէ այլ երկիր հրապարակային պատրաստակամություն չի հայտնել հստակ դերակատարում ստանձնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում: Մոսկվայի համար տասնամյակներ շարունակ ղարաբաղյան հակամարտությունը եղել է տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու և շահերն առաջ մղելու արդյունավետ գործիք: Ուստի, ընթացիկ խաղաղության գործընթացում որևէ դերակատարման ստանձնումը կարող է նպաստել տարածաշրջանում Ռուսաստանի խաթարված դիրքերի վերականգնմանը:  

Խիստ վիճելի է Մոսկվայի՝ անաչառ երաշխավոր լինելու հարցը: Առնվազն վերջին տարիների զարգացումները ցույց են տվել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընտրության դեպքում ռուսական կողմը նախապատվությունը տալիս է Բաքվին, ինչը պայմանավորված է Ռուսաստանի համար Ադրբեջանի տնտեսական և աշխարհաքաղաքական մեծ կարևորությամբ:   

  • Կոնսենուսի անհրաժեշտություն 

Երաշխավորների թեմայով Հայաստանում ծավալվող քննարկումներից հաճախ տպավորություն է ստեղծվում, թե այդ հարցը կախված է միայն հայկական կողմի քաղաքական կամքից: Լիովին անտեսվում է Ադրբեջանի գործոնը:  

Խաղաղության պայմանագիրը երկկողմ փաստաթուղթ է: Եթե կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, չցանկանա որևէ արտաքին վերահսկողություն կամ ներգրավվածություն, դա պարզապես չի կարող դառնալ իրականություն:  

Ադրբեջանի՝ վերջին տարիների արտաքին քաղաքականությունից և բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ խոսույթից կարելի է եզրահանգել, որ Բաքուն կտրականապես դեմ է որևէ երրորդ երկրի ներգրավմանը: Հաշվի առնելով այս ամենը՝ կա նաև ռիսկ, որ եթե հունիսի 7-ից հետո հայկական կողմը փորձի բարձրացնել միջազգային երաշխավորների հարցը, Ադրբեջանը դա կարող է մեկնաբանել որպես ձեռք բերված պայմանավորվածությունների վերանայման փորձ և խաղաղության գործընթացի տորպեդահարում՝ դրանցից բխող հետևանքներով:   

Ամփոփում 

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ ներկայիս աշխարհակարգում «միջազգային երաշխիքների» ինստիտուտը գրեթե չի աշխատում իր դասական իմաստով։ Ավելի իրատեսական է խոսել վստահության կառուցման մեխանիզմների, մշտադիտարկման և կողմերի միջև ուղղակի պարտավորությունների մասին, քան արտաքին ուժի կողմից երաշխավորված խաղաղության։ 

Նարեկ Մինասյան 

Ընթերցեք նաև