Որոշ դիտարկումներ վերջին նախընտրական  սոցհարցումների վերաբերյալ 

հեղ․ Armenian Council

Ներածություն 

Վերջերս հրապարակվել են Միջազգային հանրապետական ինստիտուտիi (IRI) և Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնիii (EVN Report) կողմից իրարից անկախ իրականացված երկու սոցհարցում։ Այս աշխատանքում կանդրադառնանք դրանց և կփորձենք վերլուծել հրապարակված արդյունքները, հատկապես, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ 

Մինչ վերլուծության անցնելը կարևոր է մի քանի դիտարկում անել հարցումների մեթոդաբանության վերաբերյալ և հասկանալ, թե ինչն է կարևոր արդյունքները մեկնաբանելու տեսանկյունից։  

Միջազգային հանրապետական ինստիտուտի (այսուհետ՝ ՄՀԻ) հարցումներն անցկացվել են փետրվարի սկզբին՝ հեռախոսազրույցներով։ Մասնակցության ցուցանիշը 22% է։ Իհարկե, այդ 22%-ի արդյունքները, սխալմունքի սահմաններում, ներկայացուցչական է, սակայն չարձագանքած 78%-ը վերլուծության համար է էական։ Չմասնակցածների զգալի թիվը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել՝ որպես ընտրական վարքի, հեռախոսային հարցումների ձևաչափի, դիրքորոշման բացակայության, հարցումների և քաղաքական դիսկուրսի նկատմամբ անվստահության, անգամ՝ «լուռ մեծամասնության» առկայության պատճառ։ 

«Լուռ մեծամասնությունը» տերմին է, որն արտացոլում է մեծ խմբով մարդանց դիրքորոշումն ու ընկալումները, որոնք համակարգված և հանրային կերպով չեն արտահայտվում, սոցհարցումներում չեն երևումiii։ Դրա առկայությունն էականորեն բարդացնում է հանրային կարծիքի, այդ թվում՝ նախընտրական հարցումների արդյունքների գնահատումը։ Սակայն դրա առկայության մասին վստահաբար պնդելը ևս դժվար է, քանի որ այն, օրինակ, կարող է արտահայտվել նաև ընտրությունների արդյունքների հիման վրա՝ անուղղակի համեմատական վերլուծությամբ (սոցհարցումների պատկերի համեմատությունն ընտրությունների արդյունքի հետ) կամ այլ հետազոտությունների միջոցով (որակական՝ ֆոկուս խմբային հարցազրույցներ և այլն)։ 

Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնի (այսուհետ՝ ԵՎՆ) հարցման մեթոդաբանությունը փոքր-ինչ տարբերվում է, ինչը երկու հարցման արդյունքների համադրումն առավել արժեքավոր է դարձնում։ ԵՎՆ-ի հարցումները նույնպես անցկացվել են հեռախոսազրույցների միջոցով՝ փետրվար ամսին։ Հարցվածների թիվը շուրջ երկու անգամ պակաս է ՄՀԻ-ի հարցվածներից, չմասնակցածների մասին որևէ նշում ԵՎՆ-ի հարցման մեջ առկա չէ։ ԵՎՆ-ի հարցման արդյունքների վերլուծությունն արժեքավոր է նրանով, որ փորձում է պատասխան տալ և ենթադրություններ կառուցել «լուռ մեծամասնության» խնդրի շուրջ, իսկ ՄՀԻ հարցման զգալի առավելությունը ժամանակային դինամիկայով համեմատություններ անցկացնելու հնարավորության մեջ է։ ԵՎՆ-ի հետազոտությունը փորձում է նաև որոշակիորեն կանխատեսել չկողմնորոշված կամ հարցերին պատասխանել չցանկացածների նախապատվությունները։ 

Արդյունքների վերլուծություն 

Նախորդող աշխատանքներից մեկում փորձել ենք ԱԺ գալիք ընտրությունների վերաբերյալ որոշ կանխատեսումներ կատարելiv, և վերոնշյալ հարցումների արդյունքները կփորձենք նաև այդ կանխատեսումների համատեքստում դիտարկել։ 

Ընտրությունների մասնակցության վերաբերյալ 

ՄՀԻ կողմից հարցվածների 68%-ը պատասխանել է, որ մասնակցել է 2021 թվականի ԱԺ ընտրություններին, 31%-ը նշել է, որ չի մասնակցել։ Այս հարցը վեր է հանում մի շարք խնդիրներ և անհամապատասխանություններ, որոնք անհրաժեշտ է վերլուծել։ 2021 թվականի ԱԺ ընտրություններին պաշտոնական տվյալներով մասնակցել է ընտրողների շուրջ 49.3%-ը։ Ի՞նչ կարող է նշանակել այս մեծ անհամապատասխանությունը, երբ հարցվածների և իրականության ցուցանիշները էականորեն տարբերվում են՝ նույնիսկ սխալի +/-2.5% շրջակայքը հաշվի առնելով։ 

Հնարավոր տարբերակներից են, որ հարցվածները միտումնավոր ճիշտ չեն պատասխանել կամ պարզապես մոռացել են մասնակցած չլինելու փաստը։ Մեկ այլ տարբերակ է, որ հարցումը սխալ է մշակված և ներկայացուցչական չէ, և եթե հենց 78% հարցմանը չմասնակցածները վերոնշյալ պատկերը փոխեին, դա փաստարկ է հարցման թերի լինելու մասով։ Եվս մի տարբերակ, որն ամենահավանականն ու արժանահավատն է թվում, որ իրականում Հայաստանում ընտրությունների մասնակցության տոկոսն էականորեն ավելի բարձր է, քան՝ պաշտոնական թվերով, և դա պայմանավորված է Հայաստանում իրական ընտրողների շատ ավելի ցածր թվով։ Այստեղ կարելի է նշել, որ, բացի նախորդող փաստարկից, հարցվածների՝ իրականությանը չհամապատասխանող պատասխանը և հարցման սխալմունքի որոշակիորեն բարձր շրջակայքը նույնպես տեղ ունեն։ Ամփոփելով այս խնդիրը, պետք է նաև նշել, որ ընտրություններին բարձր տոկոսային մասնակցության կանխատեսումը հավելյալ կողմ փաստարկով ավելի է ամրապնդվում։ 

Հատկանշական է, որ ՄՀԻ այն հարցմանը, թե որքանով է հավանական ԱԺ ընտրություններին ձեր մասնակցությունը, 68%-ը նշել է՝ «շատ հավանական», 16%-ը՝ «ավելի շուտ հավանական» (ընդհանուր՝ 84%)։ Հետաքրքիր է, որ այս ցուցանիշը համադրելի է ԵՎՆ-ի հարցման՝ մասնակցության մտադրություն ունեցողների 82% ցուցանիշի հետ։ Վերջինիս ուսումնասիրության մեջ նշվում է նաև, որ մասնակցության ցուցանիշը հարցման արդյունքից ցածր լինելու դեպքում մեծանում է հարցման արդյունքում իշխանության հանդեպ նախապատվությունը (իշխանության շանսերը)։ Ցածր մասնակցության հիմնականում հակված են երիտասարդները։  

Հանրային քաղաքական նախընտրությունների վերաբերյալ 

Համաձայն ԵՎՆ հարցման, 35%-ը կարծում է՝ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, 38%-ը՝ սխալ։ ՄՀԻ հարցման համաձայն, 47%-ը կարծում է՝ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, սխալ՝ 41%-ը։ Հատկանշական է, որ ՄՀԻ նախորդ՝ 2025թ․ հունիսի հարցումից հետո տրամադրությունների էական փոփոխություն է եղել, ճիշտ և սխալ ուղղությամբ շարժվելու ընկալումների -11% տարբերությունը դարձել է +6%:  

Ընտրություններին այս ընկալումների փոփոխությունը և դինամիկայի հետագա պահպանումն ի նպաստ են լինելու գործող իշխանությունների հավակնություններին։ ԵՎՆ հարցման չկողմնորոշված ընտրողների 29%-ը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում, 26%-ը՝ ճիշտ։ 

ՄՀԻ տվյալներով, հարցվածների 24%-ը ԱԺ ընտրություններին կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 9%՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության (Սամվել Կարապետյան)։ Հաջորդ երկու նշանակալից ձայն ստացածները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքն են (3-ական տոկոս)։ Կարևոր է նշել, որ դաշինքով հանդես գալու պարագայում և, հանրային կարծիքի ուսումնասիրությամբ, նման ցածր մակարդակի վրա լինելու դեպքում, «Հայաստան» դաշինքը կարող է չհաղթահարել դաշինքների համար 8%-անոց շեմը և չանցնել խորհրդարան1։ ՄՀԻ հարցմամբ՝ 30%-ը չկողմնորոշվածներն են։ ԵՎՆ հարցման տվյալները շատ նման են վերոնշյալ պատկերին՝ լինելով սխալի շրջակայքում, միակ էական տարբերությունը «Բարգավաճ Հայաստանի» 6%-ն է, որը նույնպես հեռու չէ սխալի միջակայքից։  

Միակ առանձնացող ժողովրդագրական օրինաչափությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 56-ից բարձր տարիք ունեցող կողմնակիցների գերակշռումն է։ Մնացած ուժերի դեպքում սեռատարիքային և աշխարհագրական բաշխվածությունը հավասար է։ Իշխող ուժի աջակիցները նաև աշխարհագրական օրինաչափությամբ են առանձնանում․ Երևանում՝ զգալի քիչ (15%), այլ քաղաքային (25%) և գյուղական բնակավայրերում (31%)՝ շատ։ Այդուամենայնիվ, ՄՀԻ հարցմամբ Երևանում ՔՊ 15% աջակցությունը մնացած ուժերի համեմատ հարաբերականորեն ամենաբարձրն է։ Հաջորդող «Ուժեղ Հայաստանը» Երևանում 10% աջակցություն ունի։  

Վերոնկարագրյալի վրա պետք է հատկապես ուշադրություն դարձնել քարոզչական թեզերի համատեքստում։ «Ուժեղ Հայաստանի» ամենատարածված ծրագրային թեզը 300 հզ. նոր աշխատատեղերն են։ Վիճակագրական տվյալներով, աշխատատեղերի զգալի պահանջարկը մարզերում էv։ Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, մարզերում իշխանության աջակիցներն էականորեն ավելի շատ են։ Հետևաբար, ներկայումս իր հավակնություններով գլխավոր ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ  Հայաստանը», կամ սխալ քաղաքական հաշվարկ է արել՝ փորձելով մտնել այն ընտրազանգված, որտեղ իշխանության դիրքերն ավելի ամուր են, կամ էլ դա հատուկ մարտավարական մոտեցում է։ Ամեն դեպքում, այդ մոտեցման արդյունավետությունը ցույց կտան քարոզարշավն ու ընտրությունները։  

Կարևոր է նաև նշել, որ չկողմնորոշվածների խումբը ավելի շատ երիտասարդներն են՝ առանց որևէ աշխարհագրական բաշխման օրինաչափության։ 

Եզրակացություն 

Ամփոփելով աշխատանքը, պետք է ուշադրությունը սևեռել հետևյալին։ Հարցման արդյունքները, չնայած՝ նախնական են և վաղ ընտրությունների համար, որոշակի պատկեր ուրվագծում են։ 

Ընտրությունների նկատմամբ առկա է հետաքրքրություն և մասնակցության հակվածություն՝ չնայած հանրային դիսկուրսում տարածվող հակառակ նարատիվների։ Հիմնական չհետաքրքրված և չկողմնորոշված խումբը երիտասարդներն են (18-35 տարեկան)։ Ընդհանուր առմամբ, հանրային կարծիքի դինամիկան գործող իշխանությունների օգտին է, որոնք իրենց քարոզչությունը կառուցելու են այդ օրինաչափությունը պահպանելու և ուժեղացնելու վրա։ Քարոզարշավը, բնականաբար, այլ ուժերի ևս հնարավորություն կտա բարձրացնել իրենց վարկանիշը՝ փորձելով ներգրավել չկողմնորոշված ընտրողների, կամ էլ այլ ուժերի ընտրազանգվածից հատվածներ «պոկել»։ Ինչպես «Ուժեղ Հայաստանի» օրինակից կարող ենք նկատել, վերջին մոտեցումը բավական իրատեսական է։ Նկատելի է նաև, որ «Հայաստան» դաշինքի ընտրողների մի ստվար մաս ևս «վերագրավվել է», իսկ թե առավելապես որ ուժերի կողմից, ցույց կտան հետագա հարցումներն ու ընտրությունները։ 

Իշխանության վարկանիշի դրական դինամիկան ծավալեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընտրությունների արդյունքում ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն ունենալու հեռանկարի դիսկուրսը։ Այս հեռանկարը քիչ հավանական է: Իսկ թե ինչու, այլ հարցերի հետ կանդրադառնանք կանխատեսումների հաջորդ շարքում։ 

Տիգրան Մուղնեցյան 

Ընթերցեք նաև