Նախաբան
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողությունները շարունակվում են: Օդային և հրթիռային հարվածներ են հասցվում Իրանի ռազմավարական, այդ թվում՝ միջուկային օբյեկտներին, ռազմական ենթակառուցվածքներին, կառավարական շենքերին և ռազմաքաղաքական ղեկավարությանը: Մարտական գործողությունների առաջին օրը զոհվել է նաև Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Ի պատասխան՝ իրանական կողմը հարվածներ է հասցնում ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին:
Առայժմ պատերազմի դադարեցման միտումներ չեն նկատվում, իսկ ճգնաժամը զարգանում է բացասական սցենարով. հարվածներն ինտենսիվանում են, իսկ ռազմական գործողությունների աշխարհագրությունը՝ ընդլայնվում: Իրանն արդեն հարվածներ է հասցրել տարածաշրջանի 10 երկրի՝ Իրաք, Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քուվեյթ, ԱՄԷ, Օման, Հորդանան, Սիրիա, Լիբանան, Կիպրոս: Հատկանշական է, որ այդ հարվածները չեն սահմանափակվում միայն ամերիկյան ռազմական օբյեկտներով, թիրախավորվում են ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները, տարածաշրջանի երկրների ռազմավարական և էներգետիկ ենթակառուցվածքները, անգամ՝ քաղաքացիական օբյեկտները: Չճշտված և հակասական տեղեկություններ կան առ այն, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մասամբ փակել է նաև Հորմուզի նեղուցը («թշնամի երկրների նավերի և ռազմանավերի համար»), որով աշխարհը Պարսից ծոցի երկրներից ստանում է նավթի և հեղուկ գազի ամբողջ ծավալի 20%-ը։ Ի համերաշխություն Իրանի, տարածաշրջանային մի շարք շիա խմբավորումներ և պրոքսի ուժեր նույնպես ակտիվացել են՝ թիրախավորելով Իսրայելը և ամերիկյան օբյեկտները:
Հայաստանի ռիսկերը
Թե որքան կշարունակվեն ռազմական գործողությունները և ինչ փոփոխությունների կհանգեցնեն Իրանում ու տարածաշրջանում, բարդ է հաշվարկել, սակայն միանշանակ է, որ Մերձավոր Արևելքն այլևս չի լինի նախկինը: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը մի շարք մարտահրավերներ ու ռիսկեր է ստեղծում նաև Իրանին սահմանակից Հայաստանի համար: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:
Անվտանգային ռիսկեր
Իրանի շուրջ զարգացումներում Հայաստանը որդեգրել է չեզոք դիրքավորում: Ավելին, հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ իր տարածքը երբեք չի օգտագործվի հարևան Իրանի դեմ թշնամական գործողությունների համար: Այս մոտեցման վերահաստատմանն էր, թերևս, ուղղված փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի այցը Իրան, երբ դեռ ռազմական գործողությունները չէին սկսվել, սակայն պատերազմի վտանգն օդում էր:
Կարևոր հանգամանք է նաև այն, որ Հայաստանում չկան ամերիկյան կամ իսրայելական ռազմական ենթակառուցվածքներ, որոնք Իրանի կողմից կարող են դիտարկվել որպես լեգիտիմ ռազմական թիրախներ:
Չնայած այս ամենին՝ նման լայնածավալ ռազմական գործողությունների և հարվածների ինտենսիվության պարագայում մշտապես առկա են ռազմական ռիսկեր անգամ չեզոք հարևան երկրների համար: Դրանք կարող են պայմանավորված լինել, օրինակ, ԱԹՍ-ների կամ հրթիռների կառավարման համակարգերի խափանումներով կամ պարզապես ռազմական սխալ հաշվարկներով: Օրինակ, Թուրքիան, որը նույնպես չեզոք դիրքորոշում է որդեգրել և ամեն կերպ հանդես է գալիս ճգնաժամի շուտափույթ կարգավորման օգտին, մարտի 4-ին հայտարարեց իրանական հրթիռի խոցման մասին, որը երկրի սահմաններին էր մոտենում Իրաքի և Սիրիայի տարածքով: Որպես նման մեկ այլ օրինակ կարող են դիտարկվել մարտի 5-ին Նախիջևանի օդանավակայանին իրանական 2 ԱԹՍ-ների հարվածները:
Ծայրահեղ բացասական սցենարի դեպքում, որպես հնարավոր մարտահրավեր, կարելի է դիտարկել նաև Իրանի միջուկային օբյեկտների խոցման դեպքում ռադիոակտիվ արտանետումների հավանականությունը, ինչը վտանգներ կստեղծի ամբողջ տարածաշրջանի համար:
Տնտեսական ռիսկեր
Իրանի հետ առևտրատնտեսական կապերը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի կառուցվածքում մեծ բաժին չեն կազմում, սակայն վերջին տարիներին դինամիկ աճ են գրանցում։ 2025թ. տվյալներով երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 768 մլն դոլարը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4,2%-ով։ Միևնույն ժամանակ, Իրանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրում ավելացել է՝ 2024 թվականի 2,4%-ից 2025-ին հասնելով 3,6%-ի։
Ուշագրավ է առևտրի կառուցվածքը, քանի որ Հայաստանն Իրանից ավելի շատ ներմուծում է (հիմնականում՝ գազ, շինանյութ, սննդամթերք, պարենային ապրանքներ, նավթաքիմիական արտադրանք), քան՝ արտահանում (էլեկտրաէներգիա, ալյումինե փայլաթիթեղ, պղնձի և այլ մետաղների կիսաֆաբրիկատներ, պահածոներ)։ 2025 թվականին առևտրային բացասական սալդոն կազմել է շուրջ 600 միլիոն դոլար՝ 2024-ի 532 միլիոնի համեմատ։
Ռազմական գործողությունների շարունակությունը կարող է խնդիրներ ստեղծել երկկողմ առևտրի, մասնավորապես, իրանական ապրանքների մատակարարումների համար: Իրանական կառավարությունն արդեն որոշում է կայացրել երկրից սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արգելքի մասին: Չի բացառվում, որ արգելված ապրանքատեսակների ցանկը մեծանա: Իրանում էներգետիկ ենթակառուցվածքների վնասումը կարող է վտանգվել նաև Հայաստանի և Իրանի միջև 2009 թվականից գործող և մինչև 2030 թվականը երկարաձգված «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային սխեման։ Դրա շրջանակում յուրաքանչյուր 1 մ³ իրանական գազի դիմաց հայկական կողմը փոխանցում է 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ 2024 թվականի տվյալներով Հայաստան է ներկրվել ավելի քան 440 միլիոն մ³ իրանական գազ։
Իրանի հետ առևտրի և մատակարարման շղթաների խաթարումը կարող է Հայաստանում առաջացնել գնաճ և որոշ ապրանքների պակաս ներքին շուկայում։
Լոգիստիկ ռիսկեր
Իրանում ստեղծված իրավիճակն ազդում է նաև այդ երկրով տարանցման հնարավորությունների վրա: Ադրբեջանի և Թուրքիայի սահմանների փակումից ի վեր Իրանը և Վրաստանը Հայաստանի համար ապահովել են «կյանքի ճանապարհն» արտաքին աշխարհի հետ: Այսօր Հայաստանի արտաքին առևտրի՝ մինչև 25%-ն անցնում է հենց Իրանի տարածքով։
Իրանում և տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով տարանցիկ երթուղիներն արդեն խախտվել են, իսկ Հայաստան-Իրան սահմանային անցակետի աշխատանքում գրանցվել են խնդիրներ: Ճգնաժամի երկարաձգումն իր հետևանքները կթողնի նաև Հայաստանի արտաքին առևտրի վրա:
Ուշագրավ է նաև, որ Հնդկաստանից ձեռք բերված զենք-զինամթերքը ևս հիմնականում Հայաստան է տեղափոխվում Իրանի տարածքով, ինչը կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ՝ դրանից բխող բարդություններով:
Միգրացիոն ռիսկեր
Իրանում շարունակվող պատերազմի ֆոնին Հայաստանի համար մեկ այլ հնարավոր մարտահրավեր կարող է դառնալ զանգվածային միգրացիոն հոսքը: Իրանից Հայաստան մուտքերի ու ելքերի պատկերը դեռևս մեծ շեղումներ չի տվել: Սակայն Իրանում իրավիճակի սրման և սոցիալ-տնտեսական խնդիրների ահագնացման դեպքում միգրացիոն ռիսկերը կարող են մեծանալ: Զանգվածային հոսքերը կստեղծեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն Հայաստանի տնտեսության, բնակարանային շուկայի և հանրային ծառայությունների համակարգի վրա, ինչպես նաև հանգեցնել սոցիալական լարվածության։ Նմանատիպ իրավիճակ արդեն իսկ նկատվել է 2022թ․ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, երբ Ռուսաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ տեղափոխվեցին Հայաստան։
Միգրացիոն հոսքի շրջանակում հատկապես ռիսկային կարող է դառնալ Իրանի թյուրքախոս քաղաքացիների ստվար խմբերի՝ Սյունիք տեղափոխման սցենարը: Դա բավական զգայուն կարող է ընկալվել Հայաստանում՝ ստեղծելով նաև անվտանգային սպառնալիքներ:
Դիվանագիտական հավասարակշռության խնդիր
Հայաստանը ներկայումս գտնվում է շատ զգայուն դիվանագիտական իրավիճակում։ Պաշտոնական Երևանը մինչ այժմ դրսևորել է հավասարակշռված դիրքորոշում և խոսույթ: Սակայն հակամարտության երկարաձգման դեպքում Հայաստանի մանևրելու հնարավորությունները կարող են կրճատվել, իսկ կողմնորոշման պահանջը՝ կոշտանալ:
Ռիսկեր հայկական համայնքների համար
ԱՄՆ գործողությունները, Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները, ինչպես նաև ռազմագործողությունների աշխարհագրության ընդլայնումը անվտանգային ռիսկեր են ստեղծում Իրանի, Իսրայելի, ինչպես նաև՝ տարածաշրջանի երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների համար: Ռազմական գործողությունների դեպքում կարող է առաջանալ տարածաշրջանի երկրներից հայերի տարհանման խնդիր:
Իրավիճակի կայունացման պարագայում էլ մեծ է հավանականությունը, որ հայկական համայնքներից սկսվի արտագաղթ ոչ միայն Հայաստան, այլև՝ երրորդ երկրներ:
Ռազմական գործողություններն ուղղակի ռիսկեր են ստեղծում նաև Մերձավոր Արևելքում հայկական պատմամշակութային դարավոր ժառանգության համար:
Ամփոփում
Այսպիսով, Իրանի շուրջ ստեղծված ռազմական ճգնաժամը, անկախ դրա վերջնարդյունքից, արդեն իսկ բազմաշերտ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի համար։ Իրավիճակի զարգացմանը զուգահեռ, դրանք կարող են մեղմվել կամ ուժգնանալ:
Այս պայմաններում Հայաստանի համար առաջնահերթ է պահպանել առավելագույն զգուշավոր և հավասարակշռված քաղաքականություն, միաժամանակ պատրաստ լինել՝ հնարավոր անվտանգային, տնտեսական և հումանիտար զարգացումներին արագ արձագանքելու։
Նարեկ Մինասյան