2008 թիվը հայոց նորագույն պատմության մեջ տխրությամբ կհիշվի ոչ միայն մարտի 1-ի ոճրագործության պատճառով։ Նույն թվականին ՀՀ այդ ժամանակվա իշխանությունները կատարեցին հայ մարդու արժանապատվությունը ոտնահարող մեկ այլ գործարք՝ ստորագրելով Հայաստանի երկաթուղին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կոնցեսիոն կառավարմանը հանձնելու պայմանագիրը։
Թեև անցնող 18 տարում այդ խայտառակ պայմանագիրն ինքնին ենթակառուցվածքային և տնտեսական առավելություններ չէր ենթադրում Հայաստանի համար, սակայն ՀԿԵ կողմից անփույթ կառավարումն ու բազմաթիվ պայմանագրային պարտավորությունների խախտումը հանգեցրել են աղետալի վիճակի։ Ավելին, նոր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային քաղաքական իրավիճակում ՀԿԵ կառավարումը դարձել է Հայաստանի առաջընթացն արգելակող առանցքային գործոն։ Ընդ որում, բացասական ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն տեխնիկական-տեխնոլոգիական բաղադրիչի բարոյական և ֆիզիկական անլուծելի խնդիրներով, այլև՝ քաղաքական համատեքստով։
Զարմանալի չէ, որ ՀՀ կողմից երկաթուղու 3 հատվածների վերականգնման նպատակով ռուսական ընկերությանը գրավոր դիմելուց հետո վարչապետ Փաշինյանը խոսեց կոնցեսիան վերավաճառելու մասին։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե ՀԿԵ-ն վերականգնի Երասխ-Ադրբեջան, Իջևան-Ադրբեջան և Գյումրի-Թուրքիա հատվածները, Հայաստանը, միևնույն է, ի վիճակի չի լինելու ապահովել իր տարածքով երկաթուղային տարանցում՝ ոչ միայն ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի, այլև՝ Ռուսաստանի շուրջ քաղաքական իրավիճակի պատճառով։
Թեև ՌԴ պատասխանատուներն այս առաջարկի նկատմամբ խիստ բացասական արտահայտվեցին, բայց մի շարք օբյեկտիվ պատճառներ գալիս են ենթադրելու, որ վաճառքը հնարավոր է։ Այսպես, նախ, ստեղծված իրավիճակում Հայաստանը շարունակելու է պնդել կարճ ժամանակում մեծ ներդրումներ անելու անհրաժեշտությունը, առավել ևս, որ, ըստ գործող պայմանավորվածությունների, սահմանների ապաշրջափակման դեպքում ՀԿԵ-ն պարտավոր է կատարել 1 միլիարդ ԱՄՆ դոլարը գերազանցող ներդրումներ։ Շատ մեծ հավանականությամբ՝ ռուսական ընկերությունը ներկայումս չունի նման ներդրումների հնարավորություն։
Բացի այդ, ՀԿԵ վերադաս «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մեծ ֆինանսական խնդիրներ ունի, որոնց մեղմացման նպատակով վաճառքի է հանել իրեն պատկանող մի շարք կառույցներ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ «Ռուսական երկաթուղիները» չի կարողանում անգամ սպասարկել Ռուսաստանի երկաթուղային կարիքները։ Հետևաբար, խոշոր ֆինանսական հոսքը կարող է շահագրգռել ռուսական ընկերությանը։
Կա նաև երրորդ գործոնը, որը կարող է ազդեցություն ունենալ կոնցեսիոն կառավարումը վաճառելու որոշման վրա։ Դա 2008թ․ կնքված պայմանագրի մի շարք դրույթներ խախտելու հիմքով պայմանագիրը դատական կարգով խզելու՝ Հայաստանի հնարավորությունն է։ Այլ կերպ ասած, եթե ռուսական ընկերությունը հրաժարվի վաճառել կոնցեսիոն կառավարումը, Հայաստանը կարող է հարցը լուծել նաև կոնֆրոնտացիոն ճանապարհով։
Ընդհանուր առմամբ, Հայաստանն այժմ այնպիսի իրավիճակում է, որ հետագա զարգացում ապահովել հնարավոր է բացառապես ՀԿԵ կառավարումը դադարեցնելու դեպքում։ Թեև էական նշանակություն ունի, թե երբ և ինչ գնով Հայաստանի երկաթուղին նորից կկոչվի «հայկական», սակայն կենսական կարևորություն ունեցող հարցն անհրաժեշտ է լուծել բոլոր դեպքերում։