TRIPP-ի շրջանակային փաստաթղթի լուծումները՝ որպես տարածաշրջանային ինտեգրացիայի նախադեպ 

հեղ․ Armenian Council

2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրեցին TRIPP-ի պարամետրերին վերաբերող շրջանակային փաստաթուղթ, որը ուրվագծեց, թե գործնականում ինչ տեսք կունենա TRIPP-ը, և որոնք են Հայաստանի ու Միացյալ Նահանգների պատկերացումները, նպատակներն ու շահերը այս նախագծում։ Թեպետ շրջանակային փաստաթուղթը իրավական պարտադիր ուժ չունի, այնուամենայնիվ, արդեն այս փուլում այն հնարավորություն է տալիս պատկերացնել, թե, քաղաքական և տեխնիկական առումներով, 2025թ․ օգոստոսի վաշինգտոնյան համաձայնությունները ինչպես են գործնականում իրականացվելու։ 

Հատկապես կարելի է առանձնացնել հայկական կողմի քաղաքական նպատակների երկու խումբ։ Դրանցից մեկը կապված է երկրի ապաշրջափակման և տարածաշրջանային ու միջազգային հաղորդակցային նախագծերին դրա ներգրավման հետ, երկրորդը՝ հայկական շահերի պաշտպանության և ճանապարհի նկատմամբ ինքնիշխանության ապահովման հետ։ Առաջին խմբին է վերաբերում նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդումը։ Քաղաքական այս նպատակների ամրագրումը կարևոր ձեռքբերում էր հայկական կողմի համար՝ հատկապես նկատի ունենալով հարցի շուրջ զարգացող նախկին քաղաքական խոսույթները և հնարավոր լուծումները (այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում): 

Ամերիկյան կողմի համար քաղաքական բաղադրիչը նշանակում է տարածաշրջանային ազդեցության ուժեղացում, ինչպես նաև՝ հետաքրքրություն հաղորդակցությունների զարգացման նկատմամբ, Կենտրոնական Ասիա – Ադրբեջան – Հայաստան – Թուրքիա – Արևմուտք ուղղությամբ։ Վերջինս արտացոլված է ինչպես փաստաթղթի նախաբանում, որտեղ TRIPP-ը նշվում է որպես Տրանսկասպյան երթուղու (Միջին միջանցքի) զարգացման կարևոր օղակ, այնպես էլ՝ ԱՄՆ-ի օգուտներին նվիրված կետում, որտեղ նշվում է TRIPP-ի ծառայեցումը հումքի, հազվագյուտ հանքանյութերի և հազվագյուտ հողային մետաղների փոխադրման  նպատակների համար։ 

Հարկ է նկատել, որ Չինաստանի հետ (աշխարհում հազվագյուտ հողային մետաղների խոշորագույն արտադրող) մրցակցությունը հազվագյուտ հանքանյութերի և հազվագյուտ հողային մետաղների հասանելիության համար հանդիսանում է ԱՄՆ նոր վարչակազմի առաջնահերթություններից մեկը։ Դա արտահայտվում է ինչպես Ղազախստանի հետ քաղաքական հարաբերությունների ակտիվացմամբ (որտեղ կան հազվագյուտ մետաղների խոշոր պաշարներ և հանքավայրեր), այնպես էլ՝ Գրենլանդիայի հարցում դրսևորվող ակտիվությամբ, որի պաշարները գնահատվում են աշխարհում երկրորդը Չինաստանից հետո։ Սրանով տարբեր տարածաշրջաններում ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականության մեջ կարելի է տեսնել որոշակի տրամաբանական հետևողականություն: 

Լրացուցիչ փաստարկ նրա օգտին, որ ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է ոչ միայն նեղ՝ հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում, այլ նաև՝ որպես Կենտրոնական Ասիայից ռեսուրսների տեղափոխման կարևոր տարր Հայաստանի և Ադրբեջանի միջոցով, կարելի է համարել նաև Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» հիմնադրման արարողությանը Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնորդների հրավիրվելը։ 

Նույն համատեքստում կարևոր է, որ թեև ԱՄՆ նոր վարչակազմը ցույց է տալիս Ռուսաստանի հետ դիմակայության ավելի փոքր հակվածություն և, նույնիսկ, ձգտում է վերջինիս հետ աշխարհաքաղաքական համաձայնության հասնել, ներառյալ՝ Ուկրաինայի շուրջ գործարքը և այդ հարցում եվրոպացի դաշնակիցների հետ հակասությունները, այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմի կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ ձևավորվող հարաբերությունների տրամաբանությունը (TRIPP, 5+ ձևաչափ, Ղազախստանի միանալը Աբրահամյան համաձայնություններին և այլն) արտացոլում է ԱՄՆ-ի ավելի երկարաժամկետ և մասշտաբային ռազմավարությունը։ Այն նաև անխուսափելիորեն հանգեցնում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության թուլացմանն ու Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական մրցակցության ուժեղացմանը, եթե նույնիսկ դա չի հանդիսանում նշված վարչակազմի ուղղակի նպատակը: 

Ռուսական կողմից առայժմ նկատելի են միայն վերջին շրջանում ինտենսիվ դարձած ոչ պաշտոնական քարոզչական հարձակումները և սպառնալիքները, որոնք, հայտնի քարոզիչների շուրթերով, ուղղվում են հետխորհրդային պետություններին և կայանում են հետխորհրդային երկրների «սահմանափակ ինքնիշխանության» թեզի և նրանց ուղղված ռազմական սպառնալիքների մեջ։ 

TRIPP-ի շրջանակում գործնական և տեխնիկական լուծումներ Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան։ Հրապարակված փաստաթուղթը պարունակում է կարևոր կետեր առ այն, թե ինչպիսի գործնական և տեխնիկական լուծումներ կարող են լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների ամենագլխավոր և խնդրահարույց հարցի շուրջ (Ղարաբաղի հարցի փաստացի փակվելուց հետո)։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Հայաստանի տարածքով իրականացվող տարանցմանը, որը վերջին տարիների միջպետական լարվածության հիմնական առարկան է և ադրբեջանական քաղաքական խոսույթում ստացել է խնդրահարույց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ 

Մինչ երկրների առաջնորդների հանդիպումները Աբու Դաբիում (հուլիս, 2025) և Վաշինգտոնում (օգոստոս, 2025), ադրբեջանական կողմի պահանջները հանգում էին արտոնյալ մուտքի տրամադրմանը (արտատարածքային կապ կամ այնպիսի լուծումներ, որոնք ինքնիշխանությունն ու անվտանգության գործառույթները, որպես Հայաստանի անբաժանելի հատկանիշներ, փոխանցում էին երրորդ կողմին), առանց հայկական կողմի համար փոխադարձ պարտավորությունների կամ շահերի։ Այդ պահանջների տրամաբանությունը համապատասխանում էր zero sum game-ի դասական մոդելին։ 

Վաշինգտոնյան համաձայնագիրը և շրջանակային փաստաթուղթը ամրագրեցին մի շարք կարևոր սկզբունքներ, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ լուծումներ գտնել քաղաքական և աշխարհագրական առումով բարդ հարցի շուրջ՝ կապված հակամարտության ժառանգության և Հարավային Կովկասի հատուկ քաղաքական աշխարհագրության հետ (Նախիջևանի էքսկլավի գոյությունը, որի տարածքով անցնում է նաև Հայաստանի հիմնական մասը Սյունիքի հարավի հետ կապող ավելի հարմար ճանապարհը)։ 

Այս լուծումները կարելի է ամփոփել երեք հիմնական կետով․ 

  1. Ճանապարհի նկատմամբ ինքնիշխանության հարցը։ 
  1. Անվտանգության գործառույթները։ 
  1. Մաքսային և այլ սահմանային ընթացակարգերը։ 

TRIPP հաղորդակցությունների նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության հարցը փաստաթղթում բազմիցս շեշտվում է տարբեր համատեքստերում՝ շահարկումների կամ արտատարածքային միջանցքի մասին խոսակցությունների համար չթողնելով որևէ տեղ։ 

Անվտանգության գործառույթների իրականացումը, ներառյալ՝ ՀՀ համապատասխան ուժային և իրավապահ բոլոր կառույցների մուտքի իրավունքը ամբողջ TRIPP երթուղու երկայնքով, հանդիսանում է երկրորդ կարևոր կետը, որը ամրապնդում է ինքնիշխանության և հայկական իրավազորության սկզբունքը։  
Այս հարցում, մեր կարծիքով, խնդրահարույց է օտար ուժային կառույցների ներկայությունը նշված գոտում, մասնավորապես, ռուս սահմանապահների ներկայությունը TRIPP երթուղու երկայնքով, հատկապես՝ երկաթուղային հատվածներում, որոնք գրեթե ամբողջությամբ անցնում են սահմանային գոտու ներսով՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի անմիջական պատասխանատվության տարածքում։ Բացի աշխարհաքաղաքական հակասություններից և ռիսկերից, նման հակասությունները փաստաթղթում ամրագրված կարևոր սկզբունքի՝ հայկական իրավապահ և ուժային մարմինների իրավազորության և գետնի վրա նույն տարածքում այլ երկրի ուժային մարմինների առկայության հակասություն են առաջացնում: Բացի դրանից, նշված փաստը այլ անցանկալի միջադեպերի և դեպքերի առիթ է հանդիսանում, որոնցից մեկին վերջերս էինք անդրադարձել1

Ինքնիշխանության և հայկական իրավազորության գերակայության սկզբունքը պահպանվում է նաև մաքսային և այլ սահմանային ընթացակարգերի հարցում։ Փաստաթուղթը ամրագրում է այն սկզբունքներն ու լուծումները, որոնք հայկական կողմը առաջարկել էր դեռևս 2022 թվականին՝ Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան տարանցման հարցում, front office և back office մոդելով (միջազգային ընկերության ներգրավմամբ՝ որպես front office ծառայություններ մատուցող․ փաստաթղթերի ստուգում, տեղեկատվության տրամադրում, վճարների հավաքագրում և այլն, այսինքն, «մարդ-մարդ» շփման մակարդակում)։ Այս բաժնում կարևոր է ընդգծել նաև շրջանակային փաստաթղթում սահմանը հատողների տեսակից և խմբից կախված լուծումների տարբերակման կետը, որը ամրագրված է Հայաստանի պարտավորությունների բաժնում․ 

«Մշակել տարբերակված ընթացակարգեր անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների համար, ներառյալ՝ հաղորդակցությունները Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկու ուղղություններով, Հայաստանի բոլոր օրենքների, նորմատիվ ակտերի և միջազգային համաձայնագրերի հիման վրա և միջազգային չափանիշներին համապատասխան»։ 

Սա նշանակում է, որ Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարանցման կարգավորումը (թե՛ ապրանքի, թե՛ մարդկանց համար) և միջազգային տարանցման կարգավորումը պետք է տարբերակված լինեն, այսինքն, չլինեն նույնը։ 

Փաստաթղթի՝ գործնական առումով կարևոր մասը վերջին հատվածն է, որտեղ շրջանակային փաստաթուղթը ամրագրում է սահմանը հատելու ընթացակարգերը պարզեցնող և արագացնող սկզբունքները, ինչը հատկապես կարևոր է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի համատեքստում և կարող է ապահովել նաև հայկական կողմի փոխադարձ առավելությունները Նախիջևանի տարածքով տարանցման դեպքում։ 

Սահմանի հատումը հեշտացնող տեխնիկական լուծումների շարքում նշվում են․ 

  • նախնական մաքսային ձևակերպումը, 
  • փաստաթղթաշրջանառության թվայնացումը, 
  • «մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը, 
  • տեխնոլոգիապես աջակցվող ռիսկերի գնահատումը, 
  • հարևան պետությունների հետ համակարգումը։ 

Վերջին կետը նշանակում է, որ հայկական և ադրբեջանական կողմերը պետք է մշակեն օպերատիվ կապի և համագործակցության միջոցներ և մեխանիզմներ այս ոլորտում, այդ թվում՝ տվյալների փոխանակում, ինչը թույլ կտա առավելագույնս արագացնել և պարզեցնել սահմանը հատելու գործընթացը։ Կարծում ենք, որ հայկական կողմը արդեն այս փուլում պետք է ադրբեջանական կողմի հետ մշակի տեխնիկական և այլ լուծումներ, որոնք հնարավորություն կտան գնահատել մյուս կողմի կարիքներն ու պատկերացումներն այս հարցում՝ միաժամանակ թույլ տալով հայկական կողմին սահմանել իր համար փոխադարձ շահերի շրջանակը ադրբեջանական տարածքով տարանցման հարցում։ 

Ճկուն լուծումների և փոխադարձ շահերի հաշվառման պատրաստակամությունը այս մոդելում թույլ կտա զգալիորեն հեշտացնել հաղորդակցությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի միջև, ինչպես նաև նույնատիպ տարանցումը Նախիջևանի տարածքով դարձնել արագ և արդյունավետ հայկական կողմի համար։ 

TRIPP նախագծի լուծումները՝ որպես նախադեպ։ Ինչպես նշել եմ Նախիջևանի դերի վերաբերյալ իմ հոդվածներից մեկում, այս տարածքի ապաշրջափակումը Հայաստանի և Ադրբեջանի ներպետական ու միջազգային կապերի համար կարող է էապես բարձրացնել ամբողջ տարածաշրջանի հաղորդակցային հնարավորությունները։ 

Ադրբեջանի պահանջը՝ տվյալ տարածք անխոչընդոտ մուտքի վերաբերյալ, որը հանդիսանում էր ծանր հակամարտության, բարդ քաղաքական աշխարհագրության և հայկական կողմի նկատմամբ անվստահության ժառանգություն, ԱՄՆ-ի ներգրավմամբ և TRIPP համաձայնագրի ի հայտ գալով վերածվել է նախադեպի և մոդելի։ Այստեղ միջազգային իրավունքի և պետական իրավազորության գերակայության սկզբունքների պահպանումը՝ տարածաշրջանային կապերն ու հաղորդակցությունները պարզեցնելու և արագացնելու նպատակով, համադրվում է ժամանակակից և արդյունավետ տեխնիկական լուծումների հնարավորությունների հետ։ 

Կողմերի միջև մշտական շփումների անհրաժեշտությունը և այս լուծումներում փոխադարձ շահերի հաշվառումը կարող են ստեղծել աշխատող ինստիտուցիոնալ հարթակ, որի շրջանակում կփորձարկվի ապագա տարածաշրջանային ինտեգրման մոդելը՝ Հայաստան–Վրաստան–Ադրբեջան ձևաչափով։ TRIPP-ի շրջանակում գործնականում կիրառվող լուծումները կարող են հետագայում կիրառվել նաև Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի, ինչպես նաև՝ Վրաստանի և Ադրբեջանի սահմանային այլ հատվածներում և անցակետերում։ Եթե եռակողմ ձևաչափով այդ լուծումները չիրականացվեն մոտ ապագայում, կարևոր է, որ դրա առանձին տարրեր գործարկվեն նաև երկրների միջև զարգացող երկկողմ ձևաչափով:  

Կարծում ենք, որ կողմերի միջև կառուցողական և պրագմատիկ քաղաքականության տրամաբանության պարագայում տարածաշրջանային ամենախնդրահարույց թեմաներից մեկի (հայկական կողմի համար դեռևս խնդրահարույց հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմամբ) վերափոխումը տարածաշրջանային ինտեգրման մոդելների մշակման աղբյուր և փորձադաշտ կարող է դառնալ, միաժամանակ դառնալով նաև կարևոր խորհրդանշական քայլ ամբողջ Հարավային Կովկասի վերափոխման ճանապարհին։ 

Ընթերցեք նաև