ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այցը Ռուսաստանի Դաշնություն մեծ արձագանք ունեցավ երկու երկրներում։
Նախ, ԱԳ նախարար Լավրովը Սիմոնյանի հետ հանդիպման բաց մասում մի շարք հարցերի վերաբերյալ մտահոգություններ հայտնեց։ Այդ հարցերից որոշներն ուղղակիորեն իրենց մեջ պատասխաններ էին պարունակում։ Մասնավորապես, Լավրովը զարմանք հայտնեց առ այն, թե Հայաստանում կարծիք կա Ռուսաստանի կողմից հիբրիդային գործողությունների իրականացման մասին։ Սակայն նույն խոսքի մեկ այլ հատվածում Լավրովը կրկին հիշատակեց «ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը» համատեղելու անհնարինության մասին։ Այս հիշատակումն ինքնին հիբրիդային սպառնալիք է՝ նախազգուշացում Հայաստանին՝ ԵՄ հետ չափից ավելի մերձեցման դեպքում ԵՏՄ-ից ստացվող օգուտներից զրկվելու վերաբերյալ։
Ապա, ՌԴ ԱԳ նախարարը խոսեց ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ հիշատակելով «ռուս սահմանապահների ներկայությունը» ՀՀ սահմաններին, ինչը նա անվանեց «Երևանի ներկայիս պարտավորություններ»։ Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանն է անկախությունից հետո խնդրել որոշ ժամանակով այդ պարտականությունն ստանձնել, ինչի դիմաց վճարում է, այն էլ՝ բավականին թանկ։ Ավելին, ՀՀ պատասխանատուներն արդեն հայտարարել են, որ, Հայաստանի կարողությունների զարգացմանը զուգահեռ, ռուս սահմանապահները փոխարինվելու են Հայաստանի համապատասխան ծառայությունների աշխատակիցներով։
Հետաքրքիր ստացվեց նաև Ալեն Սիմոնյանի և ՌԴ Պետդումայի նախագահ Մատվիենկոյի համատեղ ասուլիսը։ Ռուս լրագրողները նախապես պատրաստվել էին և ակնհայտ սադրիչ հարցեր սկսեցին տեղալ, որոնք հիմնականում վերաբերում էին ՀՀ ներքին քաղաքական և իրավական հարցերին։ Տպավորությունն այնպիսին էր, որ Սիմոնյանը պատասխանում է ոչ թե ռուսական մեդիայի, այլ՝ Հայաստանում իրենց ընդդիմադիր դաշտում պատկերացնող ռուսամետ քաղաքական ուժերի կողմից ստեղծված ու ֆինանսավորվող լրատվամիջոցների հարցերին։
Հայաստանի՝ երբեմնի վասալային կախվածությունը Ռուսաստանից անցյալում է։ Այս իրողության առհավատչյան բարձր մակարդակի հանդիպումներում ՀՀ պաշտոնյաների խոսույթն է, որն այլևս չի սահմանափակվում ռուս գործընկերների մտահոգությունների վերաբերյալ արդարացումներով, այլև, դիվանագիտական էթիկայի ու նորմերի սահմաններում, սեփական մտահոգություններն ու հարցերն է պարունակում մյուս կողմի գործողությունների վերաբերյալ։
Հայաստանում Ռուսաստանի հիբրիդային ազդեցության հնարավորությունների սահմանափակմանն ուղղված քայլերը չպետք է ներառեն միայն տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և նմանատիպ ոլորտներ, այլ պիտի ենթադրեն նաև պաշտոնական խոսույթում հավասարարժեք միավորների գործածում, ինչն անհրաժեշտ է, առաջին հերթին, սուբյեկտայնության բարձրացման համար։ Տարիներ շարունակ լինելով միայն ՌԴ շահերի մատակարարը տարածաշրջանում և աշխարհում՝ Հայաստանն այսօր ստիպված է նորովի ձևավորել արտաքին քաղաքական հարաբերությունների հիմքերը, թեև այդ ճանապարհը բազմաթիվ ստորջրյա խութեր և դժվարություններ է պարունակում։ Սակայն պետական շահերի սպասարկումը երբեմն ենթադրում է նաև ռիսկային գործողություններ, ինչքան էլ մեր՝ արդեն նախկին, «գաղութատերերի» մոտ զարմանք կամ հիասթափություն առաջանա։