Հայկական խորհուրդ
«Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունն իրականացնում է խորացված փորձագիտական հետազոտություններ ու վերլուծություններ, տրամադրում քաղաքական, անվտանգային և հասարակական կյանքի տարբեր բնագավառներին առնչվող խորհրդատվություններ։
Կենտրոնը հիմնադրվել է 2022 թվականի հունվարին՝ պատմաբան և քաղաքագետ Արեգ Քոչինյանի կողմից։
Խորհուրդը պարբերաբար կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ հարցազրույցներ, մամլո ասուլիսներ, դասընթացներ, դասախոսություններ, փորձագիտական հանդիպումներ։ Կազմակերպությունն իրականացնում է նաև կրթական, հրապարակախոսական, վերլուծական, հետազոտական նախագծեր, հրապարակում, հրատարակում և տարածում է գիտական, վերլուծական, տեղեկատվական բնույթի նյութեր:
Խորհրդի առաքելությունն է՝ սերմանել և ջատագովել հասարակության ռացիոնալ մտածողության ձևավորումը։
Խորհրդի նպատակն է՝ ապահովել Հայաստանի, տարածաշրջանի և ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացների շուրջ ծավալվող քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական և այլ հարցերի քննությունը, վերլուծությունը, սպառնալիքների գնահատումը և քաղաքական կանխատեսումները, հակագործողությունների մշակումը, դրանց վերջնարդյունքների կանխատեսումը և այդ ամենի հանրայնացումը՝ ապացույցների վրա հիմնված ամփոփումների և առաջարկների տեսքով։
Խորհրդի կարգախոսն է՝ «Ժողովրդավարություն, կայուն զարգացում, անվտանգություն»
«Հայկական խորհուրդ»-ն առաջնորդվում է ժողովրդավարական արժեքներով, իրավահավասարության և մարդու իրավունքների ջատագովությամբ։ Դեմ է պատերազմներին, մարդկության կամ բնության դեմ հանցագործություններին, բիրտ ուժի կիրառմանը։
Խորհրդի առանցքային ծրագրերն ու նախաձեռնությունները․
- «Խթանելով ժողովրդավարական հաստատութենականացումը» ծրագիրը
«Խթանելով ժողովրդավարական հաստատութենականացումը» դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ու կայացնել ժողովրդավարական ինստիտուտներն ու կառույցները Հայաստանում, զարգացնել և ընդլայնել հանրային քննարկումներն ու մասնագիտական հանդիպումները, երկխոսություն ստեղծել քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և որոշում կայացնողների միջև։
Ծրագիրը նպաստում է ժողովրդավարական դիմադրողականության բարձրացմանը՝ խթանելով փորձագիտական վերլուծությունը, հանրային իրազեկումն ու ներգրավվածությունը, ինչպես նաև՝ կառուցողական երկխոսությունը որոշում կայացնողների հետ։
Հասանելի ձևաչափերի և նպատակային իրազեկումների միջոցով այս նախագիծը կխրախուսի քաղաքացիների ակտիվ մասնակցությունը և կնպաստի գիտելիքի վրա հիմնված քաղաքականության մշակմանը։
- Տարածաշրջանային խաղաղաշինության գործընթացներ
«Հայկական խորհրդի» անդամներն ու փորձագետներն ակտիվորեն ներգրավված են նաև տարածաշրջանային խաղաղաշինությանն ուղղված նախաձեռնություններում, այդ թվում՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական փորձագիտական երկխոսություններում։ 2025 թվականից «Հայկական խորհրդի» ղեկավարը և երկու փորձագետներ ներգրավված են հայ-ադրբեջանական «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքներում։
- «Դիլեմա» հեռուստահաղորդումը
2023 թվականից խորհուրդը ներկայացնում է «Դիլեմա» հաղորդաշարը, որը հեռարձակվում է «Բուն TV»-ի եթերում։
- «Կառուցելով ավելի դիմադրունակ ժողովրդավարություն» ծրագիրը
Այս ծրագիրը նպատակ ուներ զարգացնել ժողովրդավարական համակարգերի դիմադրունակությունը՝ խթանելով ինքնիշխան ընտրության հնարավորություններ։
- «Ժողովրդավարական անվտանգություն» առցանց պարբերականը
Այս նախաձեռնությունը ապահովում է վերլուծական հարթակ՝ ներգրավելով առաջատար փորձագետների և ներկայացնելով փաստահեն վերլուծություններ անվտանգային մարտահրավերների, աշխարհաքաղաքական զարգացումների և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։
Այս նախաձեռնությունների իրականացմամբ և շարունակաբար ընդլայնվող իր վերլուծական ու հանրային գործունեությամբ «Հայկական խորհուրդ»-ը ձևավորել է մեծ ազդեցություն և ձեռք բերել դրական համբավ ոչ միայն Հայաստանի քաղաքացիական հասարակության շրջանում, այլև՝ միջազգային ասպարեզում:
