«Խաղաղության կամուրջ» նախաձեռնություն

հեղ․ Armenian Council

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը «Հայկական խորհրդի» կողմից իրականացվող շարունակական ծրագիր է, որի նպատակն է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների, փորձագիտական համայնքների և մեդիայի միջև կառուցողական երկխոսության զարգացմանը՝ որպես խաղաղության գործընթացի կարևոր բաղադրիչ։


Ծրագրի շրջանակում իրականացվում են երկկողմ հանդիպումներ, աշխատանքային այցեր, կլոր սեղան-քննարկումներ և համատեղ նախաձեռնություններ, որոնք ուղղված են փոխըմբռնման խորացմանը, վստահության ամրապնդմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։


2025թ. հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական կառույցների աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական երկկողմ կլոր սեղան-քննարկում։ Այն դարձավ երկու երկրների քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների առաջին հանդիպումը այս ձևաչափով՝ իրականացված 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրի շրջանակում։ Քննարկումների ընթացքում անդրադարձ արվեց խաղաղ գործընթացի հեռանկարներին, հումանիտար հարցերին, տնտեսական և լոգիստիկ հնարավորություններին, ինչպես նաև՝ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Այցի շրջանակում մասնակիցները հանդիպեցին նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։


Ծրագրի շարունակության շրջանակում 2025թ. նոյեմբերի 21-22-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներքո Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը աշխատանքային այց կատարեց Ադրբեջան։ Հայկական կողմից նախաձեռնությանը մասնակցեցին Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը, որոնք հանդիպումներ ունեցան ադրբեջանցի գործընկերների՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։


Այցի ընթացքում քննարկվեցին հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը, դրա դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, ինչպես նաև՝ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց խաղաղության գործընթացին առնչվող այն թեմաներին, որոնք հուզում են երկու երկրների հասարակություններին։
Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել համագործակցությունը մեդիա ոլորտում, հաստատել փորձագիտական խմբերի միջև ուղիղ կապեր և ապահովել քաղաքացիական հասարակությունների շարունակական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում։ Համաձայնություն ձեռք բերվեց նաև շարունակել աշխատանքային շփումները և նախաձեռնության շրջանակում պլանավորել հետագա փոխադարձ այցեր Հայաստան և Ադրբեջան։


Այցի շրջանակում նախաձեռնության անդամները հանդիպում ունեցան նաև Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը խաղաղության օրակարգի ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև պատասխաններ տրվեցին նախաձեռնության ներկայացուցիչների հարցերին։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունն ունի շարունակական բնույթ և նախատեսում է երկխոսության ինստիտուցիոնալացում, համատեղ նախաձեռնությունների ընդլայնում և խաղաղությանն ուղղված քաղաքացիական մասնակցության խորացում՝ որպես տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևոր գործիք։

Ընթերցեք նաև