Միջազգային հարաբերությունների համակարգում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ձևավորված դաշինքը հաճախ ներկայացվում է որպես էթնո-մշակութային և քաղաքական միասնության անխաթար մոդել, որի պաշտոնական կարգախոսը դեռ 1990-ական թվականներից դարձել է «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը։ Այնուամենայնիվ, տարածաշրջանային անվտանգության համակարգի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս երկկողմ առանցքը, ռազմավարական առումով լինելով ամուր, զերծ չէ մարտավարական տարաձայնություններից և թաքնված լարվածությունից։
թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին երկու երկրի հանրային ու հաղորդակցային տիրույթում նկատելի դարձած դժգոհությունները՝ կապված Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում հիջաբի (գլխաշորի) կրման սահմանափակումների և մուսուլմանների իրավունքների հետ, ընդամենը մակերեսային դրսևորումներ են։ Կրոնական-արժեքային այս դիսկուրսի տակ թաքնված են ավելի խորքային աշխարհաքաղաքական հակասություններ, որոնց ակունքները հասնում են մինչև 1990-ականների սկիզբ։
Դաշնակցային հարաբերությունների պատմական ճգնաժամերը․ Էլչիբեյից մինչև գյուլենականներ։ Թուրք-ադրբեջանական հարաբերությունների պատմական դինամիկան վկայում է, որ միշտ չէ, որ Անկարայի և Բաքվի ազգային-պետական շահերը լիովին համընկել են․
- Աբուլֆազ Էլչիբեյի կառավարման շրջան (1992–93թթ․)․ Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի ընդգծված պանթյուրքիստական քաղաքականությունը և Անկարայի հետ առավելագույն մերձեցման կուրսը բախվեց աշխարհաքաղաքական իրականությանը։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի կառավարությունը, խուսափելով Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից, չտրամադրեց Բաքվի ակնկալած ուղղակի ռազմական աջակցությունը։ Այս հանգամանքը ցույց տվեց, որ Անկարայի համար, առնվազն այդ ժամանակաշրջանում, տարածաշրջանային ուժային հավասարակշռությունն ու սեփական անվտանգությունն ավելի առաջնային են, քան էթնիկ-եղբայրական պարտավորությունները։
- 2009թ․ ցյուրիխյան արձանագրությունները․ Երկկողմ հարաբերություններում հերթական դիվանագիտական ճգնաժամը բռնկվեց 2009 թվականին, երբ Թուրքիան և Հայաստանը ստորագրեցին հարաբերությունների կարգավորման ցյուրիխյան արձանագրությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմն այս քայլը դիտարկեց որպես ռազմավարական դավաճանություն, քանի որ Անկարան փորձում էր բացել հայ-թուրքական սահմանը՝ առանց արցախյան հարցում Բաքվի պահանջները բավարարելու։ Ի պատասխան՝ Բաքուն սպառնաց բարձրացնել Թուրքիային մատակարարվող բնական գազի սակագները և այլընտրանքային էներգետիկ երթուղիներ փնտրել, ինչի արդյունքում Անկարան ստիպված եղավ նահանջել և, նաև այդ պատճառով, սառեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը։
- Գյուլենական (FETÖ) ցանցերի շուրջ տարաձայնությունները․ 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվից պահանջեց արմատախիլ անել Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապված կրթական և հաղորդակցային ռեսուրսները, իսկ ավելի վաղ ադրբեջանական մամուլը գրում էր, որ Էրդողանն Ալիևի առջև պայման է դրել՝ «կամ ես, կամ Գյուլենը»։ Սկզբնական շրջանում ադրբեջանական իշխանությունները զգուշավորություն և դանդաղկոտություն էին ցուցաբերում, քանի որ գյուլենական կառույցները խորապես ներգրավված էին երկրի վերնախավի կրթման և պետական ապարատի ձևավորման գործում։ Միայն Անկարայի կողմից կիրառված ուղիղ քաղաքական ճնշման արդյունքում Բաքուն փակեց «Կովկաս» համալսարանը, ANS TV-ն և արտահանձնեց կասկածյալներին։
2026 թ․ հիջաբային դիսկուրսը և աշխարհաքաղաքական հակասությունները։ 2026թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կառավարության ընդունած թ․ 309 որոշումից հետո, որով հանրակրթական դպրոցներում սահմանափակվեց հիջաբի կրումը, թուրքական կրոնական-հասարակական շրջանակները սուր քննադատության ենթարկեցին Բաքվին, իսկ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև տեղի ունեցան բողոքի ակցիաներ։ Սակայն այս կրոնական-արժեքային վեճի ետևում ընկած են մի շարք խորքային ռազմավարական տարաձայնություններ․
- Իսրայելի գործոնը․ Անկարան և Բաքուն վարում են տրամագծորեն հակառակ քաղաքականություն Իսրայելի նկատմամբ։ Մինչ Թուրքիան որդեգրել է կոշտ հակաիսրայելական դիրքորոշում՝ ձգտելով ստանձնել իսլամական աշխարհի առաջնորդի դերը, Ադրբեջանը Թել Ավիվի հետ պահպանում է խոր ռազմավարական, ռազմատեխնիկական և էներգետիկ դաշինք (այդ թվում՝ SOCAR-ի միջոցով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով նավթի մատակարարումը Իսրայելին)։ Անկարայի համար ռազմավարական մտահոգություն է ներկայացնում Ադրբեջանի տարածքով Իսրայելի ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում։
- Հյուսիսային Կիպրոսի ճանաչման խնդիրը․ Անկարան տարիներ շարունակ Բաքվից անուղղակիորեն պահանջում է պաշտոնապես ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը։ Սակայն Ադրբեջանը ձեռնպահ է մնում այդ քայլից՝ մտահոգվելով, որ չճանաչված տարածքի դիվանագիտական ճանաչումը կարող է հարվածել սեփական տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային-իրավական դիրքորոշմանը:
- Հայ-թուրքական երկխոսության վերահսկողությունը․ Բաքվում մշտապես առկա է ներքին մտավախություն, որ Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է առաջ անցնել հայ-ադրբեջանական բանակցություններից։ Ադրբեջանական կողմն զգուշանում է, որ Թուրքիան, ձգտելով բարելավել իր դիրքերն Արևմուտքի հետ հարաբերություններում, կարող է բացել հայ-թուրքական սահմանը կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել նախքան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։
Մարտավարական փոփոխություններ՝ անփոփոխ ռազմավարության պայմաններում։ Անկարա–Բաքու հարաբերությունների պատմական և ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը ոչ թե բացարձակ միասնության, այլ ճկուն ռազմավարական դաշինքի մոդել է։
Տարածաշրջանային իրողությունների, արտաքին ճնշումների կամ ներքին քաղաքական կարիքների ազդեցության տակ երկու երկրները կարող են փոխել իրենց մարտավարությունը՝ դիմելով հանրային վեճերի, կրոնական դիսկուրսի շահարկման կամ դիվանագիտական ճնշումների։ Սակայն նրանց երկարաժամկետ ռազմավարական նպատակները՝ Հարավային Կովկասում թյուրքական ազդեցության գերակայության ապահովումը, տարանցիկ-էներգետիկ միջանցքների վերահսկումը և տարածաշրջանային ուժային հավասարակշռության պահպանումը, մնում են անփոփոխ։ Այսպիսով, ընթացիկ «հիջաբային» կամ դիվանագիտական տարաձայնությունները ոչ թե քանդում են թուրք-ադրբեջանական առանցքը, այլ ցույց տալիս դրա ներսում ընթացող շահերի մշտական վերաբաշխման ու պայքարի բարդ գործընթացները, երբեմն նաև թույլ տալով տեսնել այն խոցելի կողմերը, որոնք եղել են և կան երկու պետությունների հարաբերություններում։
Դիանա Կարապետյան
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։
Օգտագործված աղբյուրներ
- Azerbaijan and Turkey spar over hijab ban https://eurasianet.org/azerbaijan-and-turkey-spar-over-hijab-ban
- Turkey and Azerbaijan: An alliance tested by diplomacy and FETÖ crackdown https://eurasianet.org/turkey-azerbaijan-alliance-gulen
- The Limits of the Turkish-Azerbaijani Alliance https://carnegieendowment.org/research/2010/05/turkey-and-azerbaijan-between-brotherhood-and-state-interests
- Protests in Istanbul over Azerbaijan school hijab restrictions https://oc-media.org/protests-in-istanbul-over-azerbaijan-school-hijab-restrictions/
- Azerbaijan threatens Turkey gas deal over Armenia talks https://www.reuters.com/article/world/azerbaijan-threatens-turkey-gas-deal-over-armenia-talks-idUSTRE5A93KV/