Վերջին օրերին ակտիվացել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ քննարկումները։ Սեպտեմբերի 2-ին՝ Բիշքեկում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից ժամեր անց տված մամուլի ասուլիսում, ՌԴ նախագահը հայտարարեց, որ եթե Հայաստանը համարում է, որ ռուսաստանյան ռազմաբազան իրեն պետք չէ, հենց վաղը կարող են հեռանալ։ Պուտինը միաժամանակ ընդգծեց Մոսկվայի պատրաստակամությունը՝ պահպանել ռազմական ներկայությունը, եթե հայ ժողովուրդն այդպիսի ցանկություն ունենա։
Հայկական կողմի արձագանքը չուշացավ։ Բրիֆինգի ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ նման քննարկում չի եղել, և այս ընթացքում հայկական կողմը ոչ մի անգամ ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չի բարձրացրել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, հայկական կողմը չի առարկի, բայց եթե մնալու ցանկություն հայտնեն, պատրաստ են դա էլ քննարկել։ Ըստ նրա՝ Հայաստանը 102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չի համարում։
Ռազմաբազայի ձևավորումը և իրավական հիմքերը
Գյումրիում՝ դեռ սովետական շրջանում, տեղակայված էր 127-րդ մոտոհրաձգային դիվիզիան։ ԽՍՀՄ փլուզման պահին այն շարունակում էր մնալ Հայաստանում՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի կազմում, սակայն՝ անորոշ կարգավիճակով։ 1994թ․ 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա ձևավորվեց Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան։ 1995թ․ մարտին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը , որով կարգավորվեց դրա իրավական կարգավիճակը։
Պայմանագրի ժամկետը 25 տարի էր։ Դրա 3-րդ հոդվածի համաձայն՝ ռազմաբազան նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանագծի երկայնքով պատասխանատու էր Հայաստանի անվտանգության ապահովման համար։ Խոսքը Թուրքիայի և Իրանի սահմանների մասին էր։
Պայմանագրի 19-րդ հոդվածը սահմանում էր, որ ռուսական ռազմաբազայի ֆինանսավորումն իրականացնում է Ռուսաստանը, բայց Հայաստանը կրում է բազայի պահման ծախսերի մի մասը։ Իսկ ռուսական ռազմական ստորաբաժանումների տեղակայման համար օգտագործվող տարածքները տրամադրվում էին առանց վարձավճարի։
2010թ․ օգոստոսի 20-ին Երևանում ստորագրվեց թիվ 5 արձանագրությունը , որով փոփոխություններ արվեցին 1995թ․ պայմանագրում։ Առանցքային փոփոխությունը պայմանագրի 3-րդ հոդվածի նոր խմբագրությունն էր։ Եթե մինչ այդ խոսքը «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանագծի երկայնքով» Հայաստանի անվտանգության ապահովման մասին էր, ապա 2010թ․ նոր ձևակերպմամբ այդ աշխարհագրական սահմանափակումը վերացավ։ Ռազմաբազայի պայմանագրային անվտանգության պատասխանատվությունն ընդլայնվեց, և ամրագրվեց, որ ռուսական ռազմաբազան, բացի Ռուսաստանի շահերի պաշտպանության գործառույթը, Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի անվտանգությունը։
Մյուս փոփոխությամբ պայմանագրի գործողության ժամկետը 25 տարուց դառավ 49 տարի, և Ռուսաստանի ռազմական ներկայության ժամկետը երկարաձգվեց մինչև 2044 թվականը։ Ռուսաստանն, իր հերթին, պարտավորվեց աջակցել Հայաստանին ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով ապահովելու հարցում։
Ու՞մ է իրականում պետք ռազմաբազան
Տասնամյակներ շարունակ Գյումրիի 102-րդ ռազմաբազան ընդունված էր համարել հայ-ռուսական ռազմավարական դաշինքի խորհրդանիշ, Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ։ Սակայն 2020 թվականից հետո տեղի ունեցած զարգացումներն էապես փոխեցին դրա նկատմամբ Հայաստանի հասարակական և քաղաքական ընկալումները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 2021թ․ գարնանը և 2022թ․ աշնանը Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման դեպքերին։ ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին Հայաստանի դիմումները մնացին անարձագանք, ռուս պաշտոնյաները հայտարարեցին, որ չգիտեն, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանը, քանի որ այն սահմանազատված չէ, 102-րդ ռազմաբազայում որևէ զորաշարժ տեղի չունեցավ, հայ-ռուսական միասնական ՀՕՊ համակարգը չգործեց, երբ ռմբակոծվում էին Հայաստանի սահմանամերձ քաղաքները, իսկ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայված ռուս սահմանապահները հարձակումից ժամեր առաջ լքել էին իրենց հենակետերը։
Այս զարգացումները կարևոր նշանակություն ունեցան Հայաստանի անվտանգության ճարտարապետության շուրջ քննարկումների համար։ Մասնավորապես, հարցականի տակ դրվեց, թե որքանով է ռուսական ռազմական ներկայությունը գործնականում համապատասխանում Հայաստանի անվտանգության ապահովման այն գործառույթին, որը ամրագրված է ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրով։
Հատկանշական է, որ որոշ շրջանակներ 102-րդ բազան դեռ ներկայացնում են որպես Թուրքիային զսպող գործոն։ Թեև Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ ռազմական ուժի կիրառման սցենարն այսօր իրատեսական չէ, նույնիսկ նման ծայրահեղ իրավիճակի դեպքում միամտություն կլինի կարծել, թե ռուսական կողմը կմիջամտի։ Ադրբեջանի ագրեսիայի պարագայում ռուսական ուժերի անգործությունն արդեն իսկ ցույց է տվել, որ նրանց ներկայությունն ինքնին չի երաշխավորում Հայաստանի ռազմական պաշտպանությունը, իսկ Թուրքիայի ռազմական կարողություններն ու ռուս-թուրքական ռազմավարական հարաբերությունները լրացուցիչ սահմանափակում են այդ գործոնի զսպող նշանակությունը:
Հաշվի առնելով այս ամենը՝ բավական կարևոր է սթափ գնահատել Հայաստանի անվտանգության ապահովման համակարգը, տարածաշրջանում տեղի ունեցած վերադասավորումները և չունենալ չափազանցված ակնկալիքներ տարբեր դերակատարներից՝ հետագայում նոր հիասթափություններ չապրելու համար։
Ուստի, պաշտոնական Երևանի՝ ռազմաբազայի հետ կապված գնահատականը կարելի է դիտարկել որպես Հայաստանի անվտանգության քաղաքականության փոփոխվող առաջնահերթությունների արտացոլում, այն է՝ դրա ներկայությունը կենսական անհրաժեշտություն չէ։ Միևնույն ժամանակ, չպետք է անտեսել այն հանգամանքը, որ, չնայած ռուսական կողմի հայտարարություններին, այն բավական կարևոր ռազմաքաղաքական դերակատարում ունի հենց Մոսկվայի համար և փաստացի վերջին ռազմական հենակետն է մնացել Հարավային Կովկասում։ Այն Ռուսաստանին հնարավորություն է տալիս ունենալ ռազմական ներկայություն և արագ արձագանքման կարողություն տարածաշրջանում:
Այս դեպքում հարց է առաջանում՝ եթե Ռուսաստանի համար ռազմաբազան այդքան կարևոր է, ինչու՞ է Պուտինը հայտարարում թեկուզ հենց վաղը հեռանալու պատրաստակամության մասին։ Դա կարելի է բացատրել 2 գործոնով: Նախ, Ռուսաստանում դեռ չեն հասցրել մարսել հանրային ընկալումների այն խորքային փոփոխությունները, որոնք վերջին տարիներին տեղի են ունեցել Հայաստանում: Մոսկվայում շարունակում են առաջնորդվել հին մոտեցումներով, այդ թվում՝ այն ստերեոտիպով, թե 102-րդ ռազմաբազան Հայաստանում ընկալվում է որպես անվտանգության առանցքային բաղադրիչ և այն կարելի օգտագործել որպես շանտաժի գործիք։
Երկրորդ, նման հայտարարությունը Մոսկվայում սպասվող առաջիկա բանակցություններին ընդառաջ արված դիվանագիտական քայլ է: Ռուսական կողմը քաջ գիտակցում է, որ Հայաստանի դեմ քաղաքական և տնտեսական ճնշման իր լծակներին հակազդելու համար հայկական կողմը փորձելու է օգտագործել իր խաղաքարտերը, և դրանցից մեկը ռազմաբազայի հետագա ներկայության պայմանների կամ դրա դիմաց փոխհատուցման հարցն է: Գիտակցելով այդ ամենը՝ ռուսական կողմը փորձում է նախապես արժեզրկել «ռազմաբազայի խաղաքարտը», որպեսզի այն բանակցությունների ժամանակ իր դեմ չօգտագործվի։
Ամփոփում
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ տարածաշրջանում ձևավորվել են նոր իրողություններ, իսկ Հայաստանի անվտանգության համակարգը վերափոխման փուլում է, որի առանցքում նոր որակի, վերազինվող ու պրոֆեսիոնալ զինված ուժերն են, ոչ թե «դրսից եկող փրկիչները»: Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, դրանք թևակոխել են վերափոխման փուլ, և Հայաստանում ռուսական ռազմական ներկայության հարցն անխուսափելիորեն լինելու է հարաբերությունների նոր մոդելի կառուցման գործընթացում սակարկման կարևոր բաղադրիչ:
https://uic.am/wp-content/uploads/2015/01/paym-razmabaza-1995.pdf
https://rus.azatutyun.am/a/2143248.html
Նարեկ Մինասյան
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հոդվածում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։