Երբ ԵԱՏՄ 4 երկրի ղեկավարները մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովում որոշում էին կայացնում կոչ հղել Հայաստանին՝ շուտափույթ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ, դժվար թե ենթադրեին, որ այդ կոչը կարող է խթանել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը։ Սակայն իրականությունն այն է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը օգոստոսի 24-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԵՄ անդամության հայտ ներկայացնելու գործընթացի հնարավոր մեկնարկի մասին՝ հղում անելով նաև ԵԱՏՄ գագաթնաժողովում ընդունված հայտարարությանը։
Ըստ էության, Հայաստանի կողմից 2025թ․ ընդունված ԵՄ անդամության գործընթաց սկսելու մասին օրենքը որևէ շտապողականություն, ժամանակային սահմաններ, պարտադիր բնույթ ունեցող գործողությունների հերթագայություն չէր սահմանում։ Այն ընդհանուր գաղափարներ և ուղղվածություն ենթադրող իրավական ակտ է։ Կարելի է նկատել, որ անցնող 1.5 տարվա ընթացքում, թեև Հայաստանը էական աշխատանքներ է իրականացրել ՀՀ-ԵՄ կապի ամրապնդման և համագործակցության խորացման ուղղությամբ, սակայն ԵՄ անդամակցության բուն մեխանիզմներին դրանք հիմնականում առնչություն չեն ունեցել։ Եվ ահա, Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին, ԵԱՏՄ կողմից նման հայտարարության ընդունումը փոխում է խաղի տրամաբանությունը։
Կարելի՞ է ենթադրել, որ հայտարարությունն ընդամենը առիթ էր, և Հայաստանի իշխանություններն, իրականում, մինչ այդ էլ ցանկանում էին սկսել գործընթացը։ Անշուշտ, նման ենթադրությունն ունի գոյության իրավունք։ Սակայն նույն հավանականությամբ կարելի է կարծել, որ Ռուսաստանի կողմից հանրաքվե անցկացնելու անթիվ պահանջներն ու ԵԱՏՄ գործընկերների հետ ընդունված հայտարարությունը կատալիզատորի դեր կատարեցին։ Փաստ է, որ հերթական անգամ Ռուսաստանի գործողությունները վնասում են իրենց իսկ շահերին, տեղի է ունենում հենց Ռուսաստանի ազդեցության նվազման արագացում։
Ընդամենը 5-6 ամսվա ընթացքում, Հայաստանից գյուղմթերքի, կաթնամթերքի, ծաղկի և մի շարք այլ ապրանքների ներմուծման սահմանափակումների հետևանքով, տեղի ունեցավ տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացի խթանում, որի արդյունքում հայ տնտեսվարողները սկսեցին աշխատել այլ՝ մինչ այդ չյուրացված շուկաներում, իսկ Եվրամիությունն էլ, իր հերթին, որոշ առավելություններ տվեց հայկական արտադրանքի արտահանմանը։ Սա հակոտնյա էր Ռուսաստանի սպասումներին և կանխատեսումներին։
Մեկ այլ դեպքում, ճնշելով և Հայաստանից պահանջելով արագ հանրաքվե անցկացնել, Ռուսաստանը հերթական դիրքերն է կորցնում՝ փաստացի արագացնելով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը։ Այս անգամ, սակայն, հարվածի տակ են դրվում ոչ միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, որոնք առանց այդ էլ արդեն հեռու են «ռազմավարական դաշնակցության» մակարդակից, այլ ԵԱՏՄ գործունեությունն ընդհանրապես։ Ի վերջո, եթե Հայաստանը լքում է Եվրասիական տնտեսական միությունը, դա կարելի է համարել այդ կառույցի վերջի սկիզբը։ Կարելի է կանխատեսել, որ ոչ հեռավոր ապագայում ԵԱՏՄ կոչվող տնտեսական էքսպանսիոն նախագծում կմնան միայն պուտինյան Ռուսաստանն ու նրա կցորդ Բելառուսը, այն էլ միայն այն դեպքում, եթե Բելառուսի բռնապետ Լուկաշենկոն դեռ իշխանությունը կորցրած չլինի։