Ռուսաստանում և Իրանում պատերազմ է, Հայաստանում՝ խաղաղություն

հեղ․ Armenian Council

Մոտ 200 տարի առաջ մեր տարածաշրջանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունը, որի արդյունքում մի քանի դար անընդմեջ թուրք-պարսկական հեգեմոնիան վերափոխվեց ռուս-թուրք-պարսկական պատերազմների, բազում արհավիրքներ է բերել հայ ժողովրդին։ Մեր նախնիները մասնակցել են այդ 200 տարվա ընթացքում տեղի ունեցած անխտիր բոլոր պատերազմներին՝ կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի, կամ Պարսկաստանի զինված ուժերի կազմում։ Ավելին, այս երեք երկրների բոլոր այլ կոնֆլիկտներին ևս բուն Հայաստանում բնակվող հայերի շրջանում զորահավաք է եղել, լիներ դա հույն-թուրքական, ռուս-ճապոնական կամ մեզ հետ կապ չունեցող ցանկացած այլ պատերազմ։ Միայն 2 դեպքում՝ 1918-1920թթ․ և ղարաբաղյան պատերազմներում է այնպես ստացվել, որ հայ զինվորը կռվել է Հայաստանի շահերի համար։ Սակայն տարածաշրջանային բոլոր փոթորիկները մեզ համար անխուսափելիորեն եղել են կործանարար։  

2026 թվականը առանձնահատուկ է այս առումով։ Արդեն 5-րդ տարին շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, իսկ փետրվարի 28-ից պատերազմ է նաև հարևան Իրանում։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը ապրում է իր բացառիկ խաղաղ ժամանակաշրջաններից մեկը։ Հայաստանում զորահավաք չի եղել, Հայաստանի քաղաքացիները չեն մասնակցում ռազմական գործողությունների, իսկ պետությունը բնականոն զարգանում է։ Ավելին, բազմաթիվ գործընթացներ ենթադրում են, որ մոտ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացման մեկնարկը, ինչը նշանակում է, որ ներկա պայմաններում մեր երկիրը կարող է դառնալ Արևելք-Արևմուտք կապի ամենաանվտանգ և հուսալի հանգույցը։ Նման իրավիճակի առաջին դրսևորումն արդեն կա․ օդային փոխադրումների առյուծի բաժինը տեղի է ունենում մեր տարածաշրջանով, ինչը, մասնավորապես, հարստացնում է Հայաստանի պետական բյուջեն օրական մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլարով։  

Նման բացառիկ հնարավորության համար թանկ գին է վճարվել։ Արցախի հայությունը ենթարկվել է էթնիկ զտման, Հայաստանը հիբրիդային հարձակումների թիրախում է, իսկ հայ հասարակությունը դեռ սգում է 44-օրյա պատերազմի հետևանքները։ Սակայն խաղաղությունը երբեք անվճար չի լինում, և ծանր գին վճարելուց հետո եկել է արդյունքները քաղելու ժամանակը։ 

Բայց, արի ու տես, որ քաղաքական դաշտի մի շարք դերակատարներ ոչ մի կերպ չեն համակերպվում Հայաստանի՝ պատերազմներից անմասն մնալու հետ։ Կան քաղաքական գործիչներ, ովքեր կոչ են անում հստակ դիրքորոշում հայտնել այս կամ այն կողմի օգտին, ավելի «խիզախներն»՝ անգամ առաջարկում են անձամբ մասնակցել պատերազմներին։ Առաջին հերթին անտրամաբանական այս վարքագիծն ունի պարզ բացատրություն։ 

Հայաստանում առաջին անգամ ժողովրդավարությունը զերծ է ածանցներից, ինչը նշանակում է, որ հասարակության մեծամասնությունը կարողանում է իր կամքը պարտադրել կայացվող որոշումներում։ Սա նեղ անձնական կամ այլ երկրների շահեր հետապնդող գործիչներին հնարավորություն չի տալիս իշխանության հասնել կամ ազդել կայացվող որոշումների վրա։ Նրանց անհրաժեշտ է քաոս և անորոշություն, որտեղ իրենք կփորձեն «ինչ-որ բան փախցնել»։ Պատահական չէ, որ ամիսներ առաջ նրանցից ոմանք հիացմունքով էին արտահայտվում ռուս լրագրողներից մեկի՝ Հայաստանում «հատուկ ռազմական օպերացիա» անցկացնելու կոչի վերաբերյալ։ Այսօր էլ, հավանաբար, անհամբեր սպասում են, թե երբ պիտի Իրանում պայթող հրթիռներից մի քանիսը հասնեն Հայաստան։ «Ախորժակիդ քացախ», ինչպես ասում է իմաստուն հայ ժողովուրդը, որն այս պայմաններում էլ շարունակում է կերտել խաղաղ ու անվտանգ պետություն՝ զերծ պատեհապաշտներից և այլ երկրների գործակալներից։ 

Ռոբերտ Ղևոնդյան 

Ընթերցեք նաև