Փետրվարի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իրանի շուրջ զարգացող ռազմական գործողությունների պատճառով հետաձգվում են Ադրբեջանի հիմնական մասը Բիլյասուվարի անցակետով Նախիջևանի հետ կապող մի շարք ուղևորատար ավտոբուսային ուղերթներ։ Իրանի շուրջ ռազմական գործողությունների երկարաձգումը (օրինակ, ըստ Դ. Թրամփի հայտարարության, 4–5 շաբաթ) կարող է վերաճել երկարատև լոգիստիկ ճգնաժամի Նախիջևանի համար:
Ստեղծված իրավիճակում Հայաստանը կարող է Ադրբեջանին առաջարկել հումանիտար տրանզիտ դեպի Նախիջևան՝ իր տարածքով ուղևորափոխադրումների, պարենային և առաջնային անհրաժեշտության մատակարարումների համար։ Գործնական առումով, տրանսպորտային միջոցները կարող են հավաքվել հայ-ադրբեջանական սահմանային հատվածում և պարեկային ուղեկցությամբ շարունակել երթևեկությունը դեպի Նախիջևան։
Հնարավոր են երեք հիմնական լուծումներ.
1) Լաչին–Տեղ–Անգեղակոթ–Բիչենեկ–Նախիջևան ուղով (խորհրդային տարիներին՝ Նախիջևանը Ադրբեջանին կապող հիմնական A 317 մայրուղին)։ Այս ճանապարհի՝ մոտ 85 կմ հատվածից վերջին 13 կմ-ը (Շաղատ–Բիչենեկի լեռնանցք) գրունտային է և պահանջում է հողային աշխատանքներ, ասֆալտապատում, սահմանային հատվածում՝ ականազերծում։
Մնացած երկու տարբերակն ավելի երկար են, սակայն Երասխ-Սադարակ մայրուղու միջդիրքային կարճ հատվածի (մոտ 400 մ) մաքրումից հետո (հողապատնեշներ, ականազերծում․ մի քանի օրվա աշխատանք) կիրառելի են.
2) Սոթք – Սելիմի լեռնանցք – Երասխ – Նախիջևան
3) Ղազախ – Իջևան – Սևան – Երևան – Երասխ – Նախիջևան (կամ տարբերակ՝ Ղազախ – Իջևան – Սևան – Սելիմի լեռնանցք – Երասխ – Նախիջևան)
Այս ուղիները կարող են դիտարկվել որպես ժամանակավոր «ճգնաժամային միջոց»՝ կոնկրետ հումանիտար նպատակով, թեև կարող են նպաստել նաև Ադրբեջանից դեպի Նախիջևան և Թուրքիա տրանզիտի բացմանը, ինչպես նախկինում առաջարկել էր հայկական կողմը:
Երասխ-Սադարակ հատվածում կարևոր է նաև երկաթուղու վնասված փոքր հատվածի վերականգնումը, ինչը հնարավորություն կտա գործարկել Բաքու-Նախիջևան երկաթուղագիծը հյուսիսային ուղղությամբ (Երասխ-Գյումրի-Թբիլիսի-Բաքու):